Jump to content

Լևոն Օրբելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օրբելի Լևոնից)
Լևոն Օրբելի
Ծնվել էհունիսի 25 (հուլիսի 7), 1882[1]
Ծաղկաձոր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 9, 1958(1958-12-09)[2][1] (76 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Փորձարարական բժշկության ինստիտուտ[1], Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա, Բեստուժևյան դասընթացներ, Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարան, Saint Petersburg State Chemical-Pharmaceutical University?, Դորպատի կայսերական համալսարան, Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան բնագիտության ինստիտուտ[1], Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան[1], Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[1], Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ[1] և I. M. Sechenov Institute of Evolutionary Physiology and Biochemistry?[1]
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ազգային բժշկական ակադեմիա, ՀՀ ԳԱԱ և ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹիֆլիսի արական 3-րդ գիմնազիա (1899) և Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա (1904)[1]
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3][4]
Եղել է գիտական ղեկավարԿոնստանտին Սեդով, Աննա Տոնկիխ և Լև Լեյբսոն
Հայտնի աշակերտներԱրարատ Ալեքսանյան, Լև Լեյբսոն, Յուրի Նատոչին և Վիկտոր Գովարդովսկի
Ինչով է հայտնիԷվոլյուցիոն բնախոսության հիմնադիր
Պարգևներ
Երեխա(ներ)Մարիա Օրբելի
ՀայրԱբգար Օրբելի
ՄայրՎարվառա Արղության-Երկայնաբազուկ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Leon Orbeli Վիքիպահեստում

Լևոն Աբգարի Օրբելին (ռուս.՝ Леон (Левон) Абгарович Орбели, հունիսի 25 (հուլիսի 7), 1882[1], Ծաղկաձոր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 9, 1958(1958-12-09)[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է։ ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀԽՍՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբգար Օրբելին կնոջ՝ Վառվառա Արղության Երկայնաբազուկի հետ, 03.09.1879թ․

Ծնվել է 1822 թվականի հունիսի 25-ին (հին տոմարով) Դարաչիչակում։ Հովսեփ Օրբելու և Ռուբեն Օրբելու եղբայրը։ Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (19041907-20 թթ-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում։ 1909-11 թթ-ին գործուղվել է արտասահման, աշխատել Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում։ 1918-57-ին ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, 1920-31-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-50-ին՝ Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ, նույն ակադեմիայի պետ (1943-50), ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1936-50), ԽՍՀՄ ԲԳԱ Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի տնօրեն (1939-50), ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1939-48), փոխնախագահ (1942-46)։ 1956 թ-ին կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Օրբելին Իվան Պավլովի մերձավորագույն աշակերտն ու աշխատակիցն էր, և նրա մահից (1937) հետո եղել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահը։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Օրբելու կիսանդրին Երևանում

Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Զարգացնելով բարձրագույն նյարդային գործունեության մասին Պավլովի ուսմունքը, նա ցույց տվեց, որ պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը։ Նույն էվոլյուցիոն մոտեցումը նկատվում է նաև նրա՝ մարդու, առանձնապես՝ երեխաների, բարձրագույն նյարդային գործունեությանը վերաբերող աշխատանքներում։ Ֆունկցիաների համադասեցման մասին Օրբելու ստեղծած ուսմունքից էլ սկիզբ են առել հետագայում նրա ստեղծած գիտական ուղղությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառներում։

Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օրբելին նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ։ 1930-ական թվականներից Օրբելին լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք անմիջականորեն կապվում էին ոչ միայն տեսական, այլև գործնական, այդ թվում նաև ռազմական, խնդիրների հետ։

Օրբելին հիմնավորել է ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը, բազմաթիվ կարևոր ընդհանրացումներ կատարել բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառում։ Նրա ղեկավարությամբ հիմնարար հետազոտություններ են կատարվել զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության պրոցեսների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում ևն։ [փա՞ստ]

Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նա կարևոր ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում։ Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը։

Օրբելի-Գինեցինսկու ֆենոմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրբելի-Գինեցինսկու ֆենոմենը 1923 թ-ին նկարագրվել է Լևոն Օրբելիի և Ա. Գինեցինսկու կողմից, և այն է, որ կմախքային մկանի եկրարատև կծկումներից առաջացած հոգնածությունը գորտի մոտ հնարավոր է վերականգնել սիմպաթիկ նյարդաթելի գրգռումով։ Ֆենոմենի հայտնաբերմամբ ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցողական ֆունկցիայի մասին։ Պավլովը գտնում էր, որ Օրբելու տվյալները լուծում են սնուցողական նյարդավորման մասին եղած հարյուրամյա հանելուկը։ Լևոն Օրբելին գտնում էր, որ սիմպաթիկ նյարդավորումը կմախքային մկանների վրա կարող է ունենալ այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունի ներքին օրգանների հարթ մկանների և սրտամկանի վրա։ Նշված ազդեցության մեջ առանձնացվում է հարմարվողական ազդեցությունը և սիմպաթիկ նյարդերի սնուցողական ֆունկցիան։ Վերջինս առնչվում է հյուսվածքի ֆիզիկա-քիմիական վիճակի և նրա նյութափոխանակության դինամիկ փոփոխությունների հետ։ Սիմպաթիկ նյարդը գրգռելիս անուղղակի դրդումից հյուծված կմախքային մկանի ֆունկցիան նորմալանում է, բարձրանում է գրգռականությունը և կծկողունակությունը, մեծանում մկանային կծկումների ուժը։ Պարզված է, որ Օրբելի-Գինեցինսկու երևույթի հիմքում ընկած է հումորալ կարգավորման մեխանիզմը՝ կապված անոթաշարժիչ նյարդերից կատեխոլամինների արտազատման հետ, որն ի հայտ է գալիս սիմպաթիկ նյարդը գրգռելիս։

Պարգևատրություններն ու միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրբելին եղել է Փարիզի կենսաբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ։ Պարգևատրվել է Պավլովի անվան (1937) և ԽՍՀՄ պետական (1941) մրցանակներով, Մեչնիկովի անվան ոսկե մեդալով (1946), ինչպես նաև Լենինի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Ընտիր էջեր էվոլյուցիոն ֆիզիոլոգիայից”, Երևան, 1967 թ.;
  • Դասախոսություններ նյարդային համակարգության ֆիզիոլոգիայից, Երևան, 1971 թ.;
  • Բարձրագույն նյարդային գործունեության հարցեր, Երևան, 1982 թ.;
  • Избранные труды, тт. 1-5, М.-Л., 1961-68[6]:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шилинис Ю. А., Л. А. Орбели (1882-1958), М., 1967;
  • Карамян А. И., Академик Леон Абгарович Орбели и его научное наследие, «Успехи физиологических наук», тт. 3, 4, 1972;
  • Карапетян С. К., Л. А. Орбели. Жизнь и научная деятельность, Е., 1973;
  • Лейбсон Л. Г., Леон Абгарович Орбели, Л., 1973;
  • Л. А. Орбели в воспоминаниях современников, Л., 1983.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 583.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Орбели Леон Абгарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. CONOR.Sl
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լևոն Օրբելի». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Օրբելի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Օրբելի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Օրբելի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 583