Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Հայաստան
Հիմնադրված1943
տնօրենՆաիրա Այվազյան
Կայքphysiol.sci.am

Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը հիմնադրվել է 1943 թվականին ՀԽՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ։ 1959 թվականից այն կրում է ակադեմիկոս Լևոն Աբգարի Օրբելու անունը։ Ինստիտուտի ձևավորման համար հիմք է հանդիսանում Հայաստանի մի քանի ԲՈՒՀ-երում և Պետական համալսարանում աշխատող գիտնականների ֆիզիոլոգիական ձեռքբերումները։

Լևոն Օրբելու հուշարձանը համանուն ֆիզիոլոգիայի ինստիտուտի շենքի առջև

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Աբգարի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է՝ նյարդային համակարգի ինտեգրատիվ պլաստիկական հատկությունների, շարժողական և վեգետատիվ ֆունկցիաների կենտրոնական կազմակերպման մեխանիզմների ուսումնասիրությունը, ստացված արդյունքների հիման վրա գործնական առաջադրանքների մշակումը։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններ են կատարվում նվիրված՝

  • ուղեղի և ուղեղաբնի շարժողական կառույցների ֆունկցիոնալ կազմակերպման ու պլաստիկության մեխանիզմների բացահայտմանը
  • օրգանիզմի վեգետատիվ ֆունկցիաների կարգավորման մեխանիզմներում ուղեղի խորանիստ կառույցների դերի ուսումնասիրությանը
  • կենտրոնական նյարդային համակարգի ձևաբանաֆունկցիոնալ կազմակերպման ու վերականգնման պլաստիկության մեխանիզմների պարզաբանմանը
  • սուր ու քրոնիկ ոչ յուրահատուկ նյարդա-դեգեներացիայի և կենսակարգավորիչներով ազդելու պայմաններում
  • հարթ մկանային հյուսվածքում, մասնավորապես միզածորանում առաջացող ինքնաբուխ (պեյսմեկերային) ակտիվության ծագման ու կարգավորման նուրբ մեխանիզմների բացահայտմանը
  • նյարդային և անոթային գոյացությունների բջջային կառույցների ձևաբանա-ֆունկցիոնալ առանձնահատկությունների հյուսվածքա-քիմիական ուսումնասիրությանը
  • մաթեմատիկական մոդելների կիրառմամբ նյարդային համակարգի սինապսային պլաստիկության հարցերի հետազոտմանը
  • մարդու ուղեղի գործունեության կարգավորման կենսառիթմային մեխանիզմների առանձնահատկությունների ուսումնասիրությանը
  • վնասված նյարդային համակարգի պլաստիկության նյարդա-ֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրությանն ու դրա հիման վրա վերականգնողական մեթոդների մշակմանը
  • օրգանիզմի ջերմային հոմեոստազի կենտրոնական և ծայրամասային մեխանիզմների և հարմարողականության հարցերի բացահայտմանը
  • նյարդային համակարգի վրա կենդանական թույների ազդեցության նյարդա-քիմիական մեխանիզմների ուսումնասիրության և ստանդարտիզացման հարցերին

Գիտահետազոտական լաբորատորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբորատորիա Լաբորատորիայի վարիչ Հետազոտությունների ոլորտը
Կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիա Լևոն Մանվելյան Ուղեղի շարժիչ կառույցների ֆունկցիոնալ կազմավերլուծության և պլաստիկության մեխանիզմների ուսումնասիրություն։
Կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների փոխհատուցման ֆիզիոլոգիա Ջոն Սարգսյան Կենտրոնական և ծայրամասային ծագման զանազան սպեցիֆիկ (Ալզհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ) և ոչ սպեցիֆիկ (տրավմաներ, ինտոքսիկացիաներ) նյարդադեգեներատիվ պատոլոգիաների ժամանակ նյարդային համակարգի սինապտիկ պլաստիկությունը էնդոգեն և էգզոգեն կենսամոդուլյատորների ազդեցության պայմաններում։
Վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիա Լաուրա Ներսիսյան Վեգետատիվ ֆունկցիաների նեյրոնային կազմակերպման կենտրոնական կարգավորման մեխանիզմները։ Վիսցերալ համակարգի կեղևային և ենթակեղևային ամբողջականացման մեխանիզմները։
Հարթ մկանների ֆիզիոլոգիա Քնարիկ Ղազարյան Հետազոտությունների նպատակն է պարզել հարթ մկանային հյուսվածքի, մասնավորապես՝ միզածորանի և արգանդի, ինքնաբուխ էլեկտրական ակտիվությունների բնույթը։ Այս օրգաններում ցույց է տրված հիմնական ակտիվ պեյսմեկերներից բացի լանենտ ռիթմավարների առկայությունը։ Ուսումնասիրվում են նաև տարբեր շրջանների ակտիվությունների կոորդինացման մեխանիզմները, որոնք ապահովում են ամբողջ օրգանի պերիստալտիկ գործունեությունը։
Թունաբանական հետազոտություն Նաիրա Այվազյան Կենդանական և բուսական սպիտակուցների կառուցվածքա-ֆունկցիոնալ փոփոխությունների մեխանիզմների ուսումնասիրությունները նոր դեղորայքների մշակման համար։
Զգայաշարժիչ ինտեգրացիա Վաղինակ Սարգսյան 1. ԿՆՀ պլաստիկության խնդիրները։ Տարբեր ոչ սպեցի‎‎‎‎‎‎ֆիկ (վեստիբուլակին վնասվածք) և սպեցի‎‎‎‎ֆիկ (Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններ) նեյրոդեգեներատիվ խանգարումների էլեկտրա‎ ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, նեյրոհիստոքիմիական և մոլեկուլային մեխանիզմները։ Տարբեր նեյրոպաշտպանիչ կենսամոդուլյատորների սինապսային մեխանիզմները։ 2. Սպորտի ‎ֆիզիոլոգիա։ Հետազոտություններ ուղղված վարժությունների ‎‎‎ֆիզիոլոգիայի մեթոդներին և ֆիզիկական կրթությանը, ինչպես նաև համակարգված մոտեցումներին ու ինտեգրված ծրագրերին։
Հյուսվածքաքիմիա և էլեկտրոնային մանրադիտակում Տիգրան Ղևոնդյան Նոր մեթոդների մշակում, որոնք լայն հնարավորություն կընձեռնեն ուղեղի և օրգանիզմի այլ հյուսվածքների բջջային կառույցների հիստոքիմիական և մորֆոֆունկցիոնալ վիճակների ուսումնասիրման համար նորմայի և պաթոլոգիայի պայմաններում։
Նեյրոնային ցանցերի մաթեմատիկական մոդելավորում Հովհաննես Մկրտչյան Սինապսի պլաստիկության կարճա- և երկարատև ձևերի ուսումնասիրությանը նվիրված համակարգչային մոդելների մշակում։ Ուղեղի տարբեր կառուցվածքների նեյրոնային ցանցերի հետազոտում սինապտիկ փոխանցման դինամիկ մոդելի հիման վրա։
Մարդու հոգեֆիզիոլոգիա Ալեքսանդր Խաչունց Մարդու գլխուղեղի ֆունկցիոնալ ակտիվության կարճատև տիրույթի տատանումների ուսումնասիրություն։
Ինտեգրատիվ կենսաբանություն Ռաֆիկ Սարգսյան Գործունեության հիմնական ուղղվածությունը կապված է կենսաբանական համակարգերի ինտեգրատիվ վիճակի գնահատման այլընտրանքային մեթոդների ոլորման հետ։ Ներկայումս մշակված է «Բիոսկոպ» համալիր սարքը, որը թույլ է տալիս ոչ շփումային ձևով հետազոտել արթուն օրգանիզմի ամբողջական վիճակի վրա տարբեր մոդալությամբ արտաքին գործոնների ազդեցության ուղղվածությունը։
Կենդանական թույների պուրիֆիկացիա և ստանդարտիզացիա Արմեն Ոսկանյան ԿՆՀ և ՍԱՀ վրա կենդանական թույների ‎ազդեցության մեխանիզմների հետազոտությունը, հեմոռագիկ թույների դեմ հակատոքսիկ ոչ սպեցիֆիկ պրեպարատների և կոմբինացված, տոքսիկ հատկությունները թուլացրած, պատրաստուկների մշակումը բուժական նպատակներով կենդանական թույների սերտիֆիկացում և հրատապ տեստավորման նոր եղանակների մշակում։
Իմունոլոգիա և հյուսվածքային ճարտարագիտություն Զարուհի Կարաբեկյան օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար այլընտրանք հանդիսացող հյուսվածքների ստացմանն ուղղված փորձարարական աշխատանքներ, իմունոլոգիական հետազոտություններ։
Նյարդաներզատչական փոխհարաբերություններ Վերգինե Չավուշյան-Պապյան Նյարդադեգեներատիվ հիվանդությունների ժամանակ էնդոկրին համակարգի գեր- և թերֆունկցիաների և զանազան ֆիզիկական և քիմիական (կենդանական և բուսական ծագման) գործոնների ազդեցության պայմաններում նյարդային համակարգի պլաստիկությունը։

Ինստիտուտն ունի 12 լաբորատորիա, որտեղ հիմնականում զբաղվում են կենտրոնական նյարդային համակարգի, հատկապես ուղեղիկի և ուղեղաբնի շարժողական կորիզների մորփո-ֆունկցիոնալ հարցերի ուսումնասիրությամբ։ Կենտրոնական նեյրոնների սինապսային ռեակցիաների հետազոտության հիման վրա կազմված են ուղեղիկի արտատար (էֆերենտ) համակարգերի նեյրոնային սխեմաները, պարզված է ուղեղիկի կապը կեղևի, ենթակեղևային գոյացությունների, ուղեղաբնի շարժողական կառուցվածքների հետ։ Նեյրոնային ուղիների մաթեմատիկական մոդելավորման միջոցով կատարելագործվել են նյարդային համակարգում կենսաէլեկտրական պրոցեսների թվային սպեկտրային վերլուծության ալգորիթմները և մեթոդները։ Մշակվել են նեյրոնային և սինապսային հաղորդման որոշ մոդելներ։ Վեգետատիվ նյարդային համակարգի բնագավառում ուսումնասիրվել են նյարդային համակարգի բարձրագույն վեգետատիվ բաժինների ֆունկցիոնալ կազմակերպման հարցերը։ Կատարվել է հարթ մկանունքի ավտոմատիզմի և ռիթմառաջացման մեխանիզմների ու նյարդահումորալ կարգավորման համեմատական-ֆիզիոլոգիական վերլուծություն։ Գյուղատնտեսական կենդանիների ֆիզիոլոգիայի բնագավառում հետազոտվել են գյուղատնտեսական թռչունների վերարտադրողական ֆունկցիայի նյարդահումորալ կարգավորման հարցերը։ Աշխատանքներ են տարվել հավերի բարձր արտադրողական ցեղերի ստացման և կատարելագործման ուղղությամբ։

Ինստիտուտը 3 տարին մեկ հրատարակում է «Ուղեղիկի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմությունը» և «Վեգետատիվ նյարդային համակարգի կենտրոնական և ծայրամասային մեխանիզմները» աշխատությունների ժողովածուները[1]։

Ինստիտուտին կից գործում են Հայաստանի ֆիզիոլոգիական ընկերությունը, ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության հայկական միավորումը (ԻԲՐՕ)։

Վիկտոր Ֆանարջյանի հուշատախտակը Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի պատին

Ինստիտուտում մշակվող «Բիոսկոպ» ապարատային համալիրով հնարավոր կլինի ճեպընթաց կերպով վերլուծել օրգանիզմի վրա տարբեր դեղանյութերի թողած ազդեցության առանձնահատկությունները, գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակի բացահայտմանն ուղղված համակարգչային մեթոդների կիրառումը հնարավորություն կտա նպաստել մի շարք հիվանդությունների ախտորոշմանը, կենդանական թույների ուսումնասիրման հիման վրա մշակվել է գյուրզայի թույնի ինքնության որոշման ճեպընթաց in vitro եղանակ։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի գիտական ղեկավարներ և տնօրեններ են եղել Խաչատուր Կոշտոյանցը, Գրիգոր Մուշեղյանը, էզրաս Հասրաթյանը, Ա․ Հովհաննիսյանը, Հրաչյա Բունիաթյանը, Արարատ Ալեքսանյանը, Սևադա Բակունցը, Վիկտոր Ֆանարջյանը, Լևոն Մանվելյանը, Քնարիկ Ղազարյանը, Նաիրա Այվազյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 12, Երևան, 1986.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]