Լևոն Գևորգի Մանվելյանը ծնվել է 1864 թ. դեկտեմբերի 3-ինՆերքին Ագուլիսում, հարուստ վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Րաֆֆուն։ Այնուհետև սովորել և ավարտել է Թիֆլիսի գիմնազիան։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետում, ավարտելով այն 1889 թվականին։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, պաշտոնավարել Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունում։ Մանվելյանի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, 1899-1907 թթ.), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ։ Մանվելյանը հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողն է («Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր», «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք», հրատարակված 1940 թվականին)։ Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական-հոգեբանական դրամայի զարգացման գործում («Նկարիչ Թաշճյան», «Դոկտոր Երվանդ Բոշայան», «Վերածնվածը», «Մագդա»)։ 1892 թվականին լույս է տեսել «Տիգրանուհի» պատմա-դիցաբանական ողբերգությունը։ «Խորտակված կյանք» վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը։ Մանվելյանն զբաղվել է թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» (1909-1912 թթ.) աշխատությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 241)։