Փիթ Սամփրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթ Սամփրաս
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնակվելու վայրԲել Ամիր
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 12, 1971 (52 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ
Հասակ185 սմ
Քաշ77 կգ
Կարիերայի սկիզբ1988 թվական
Կարիերայի ավարտ2003 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
ՄարզիչՊիտեր Ֆիշեր (? -1989)
Թիմ Գուլիկսոն (1992-1995)
Պոլ Անակոն (1995-2001)
Խոսե Հիգուերաս (2002)
Պոլ Անակոն (2002)
Պարգևավճար, USD43 280 489
Մենախաղ
Խաղեր Հ/Պ762–222[1]
Ամենաբարձր վարկանիշ1 (1993 թվականի ապրիլի 12)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (1994, 1997)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (1996)
ՈւիմբլդոնՀաղթանակ (1993-95, 1997-2000)
ԱՄՆՀաղթանակ (1990, 1993, 1995-96, 2002)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ64–70[1]
Ամենաբարձր վարկանիշ27 (1990 թվականի փետրվարի 12)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա2 շրջան (1989)
Ֆրանսիա2 շրջան (1989)
Ուիմբլդոն3 շրջան (1989)
ԱՄՆ1 շրջան (1988, 1989, 1990)
petesampras.com
Ավարտել է կարիերան

Պետրոս «Փիթ» Սամփրաս[2] (անգլ.՝ Petros "Pete" Sampras, հուն․՝ Πιτ Σάμπρας, օգոստոսի 12, 1971(1971-08-12)[3][4], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3], ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ և աշխարհի թիվ մեկ ռակետ, համարվում է թենիսի պատմության մեջ ամենաականավոր թենիսիստներից մեկը[5][6]։ Նա պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1988 թվականին և ավարտել 2002 թվականին, US Open մրցաշարում, որում նա հաղթանակ է տանում՝ եզրափակիչում հաղթելով Անդրե Աղասիին։ Նա հատկապես հայտնի էր իր ճշգրիտ մատուցումներով և արժանացել է «Ատրճանակ Փիթ» մականունին։

Սամփրասը դառնում է առաջին թենիսիստը, ով գերազանցում է Ռոյ Էմերսոնի ռեկորդը, ով «Բաց դարաշրջանում» հաղթանակ էր տարել Մեծ Սաղավարտի 12 մրցաշարերում և ավարտում է ելույթները 14 տիտղոս արդյունքով (յոթ տիտղոս Ուիմբլդոնի մրցաշարում, հինգ՝ US Open, երկու՝ Australian Open ), չնայած դա արդեն ռեկորդ չէ։ Մինչ այժմ նա պահպանում է ATP մրցաշրջանի վերջին թիվ 1 ռակետի վեց վարկանիշային ռեկորդը, որին նա արժանացել է 1993 թվականից 1998 թվականն անընդմեջ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամփրասը ծնվել է Վաշինգտոնում, նա եղել է Սեմի և Ջորջիա Սամփրասների ընտանիքի երրորդ երեխան։ Նրա մայրը գաղթել էր Սպարտայից Հունաստան, իսկ հայրը ծնվել էր ԱՄՆ-ում՝ հույն հորից և հրեա մորից[7][8]։ Նա կիրակի օրերը կանոնավորապես հաճախում էր հունական ուղղափառ եկեղեցի[9]։ Վաղ տարիքից Սամփրասը ցուցաբերում էր ականավոր մարզական ունակություններ։ 3 տարեկան հասակում Սամփրասը տան նկուղում հայտնաբերում է թենիսի ռակետ և ժամեր շարունակ անց էր կացնում գնդակը պատին հարվածելով։

1978 թվականին Սամփրասների ընտանիքը տեղափոխվում է Պալոս Վերդես, Կալիֆորնիա և տաք կլիման 7-ամյա Փիթին թույլ է տալիս ավելի շատ զբաղվել թենիսով։ Ամենասկզբից նրա կուռքը եղել է Ռոդ Լեյվերը և 11 տարեկան հասակում նա հանդիպում և խաղում է նրա հետ[10]։ Սամփրասների ընտանիքը անդամակցում է Jack Kramer ակումբին և հենց այստեղ Փիթի տաղանդը ակնառու է դառնում։ Նրան նկատում է Պիտեր Ֆիշերը և դառնում է Փիթի մարզիչը մինչև 1989 թվականը[10][11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1990 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամփրասը պրոֆեսիոնալ կարիերան սկսում է 1988 թվականին, 16 տարեկան հասակում և տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 97-րդ հորիզանականում, տարին 893-րդ հորիզանականից սկսելով[12]։ Նրա առաջին պրոֆեսիոնալ խաղը կայանում է փետրվարին Ֆիլադելֆիայի Ebel U.S. Pro Indoor մրցաշարում Սեմի Ջիամալվա-կրտսերի դեմ, որում նա պարտություն է կրում։ Այնուամենայնիվ, մեկ շաբաթ անց, Մայամիի Lipton International Players Championships մրցաշարում Սամփրասը հաղթանակ է տանում Թոփ-40-ի երկու խաղացողների նկատմամբ և պարտություն է կրում աշխարհի թիվ 18 ռակետ Էմիլիո Սանչեսից։ Նա վեց ամբվա ընթացքում հաղթանակ չի կարողանում տանել Թոփ-40-ի խաղացողների նկատմամբ, մինչ հաղթում է թիվ 39 ռակետ Միխաիլ Սհապերսին US Open-ին նախորդող Նյու Յորքի ATP Rye Brook մրցաշարում։ Մեծ Սաղավարտի մենախաղի իր առաջին մրցախաղում Սամփրասը պարտվում է թիվ 69 ռակետ Հայմե Իզագային Պերուից, առաջին շրջանում։ Սամփրասը չի կարողանում քառորդ եզրափակիչից առաջ անցնել իր հաջորդ երեք մրցաշարերում, չնայած իր հաշվին հաղթանակներ է գրանցում թիվ 79 ռակետ Ջիմ Կուրիեի և թիվ 8 ռակետ Թիմ Մայոտի նկատմամբ[13]։

Հաջորդ տարի Սամփրասը տարվա վերջին բարելավում է իր վարկանիշը մինչև 81-րդ հորզոնականը[14]։ Նա 1989 թվականի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտություն է կրում Քրիստիան Սակեանուից և Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում Թոդ Վուդբրիջից։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր առաջին հաղթանակը նա տոնում է Ֆրանսիայի բաց առաջնությունում, սակայն երկրորդ շրջանում պրատվում է մրցաշարի ապագա հաղթող 17-ամյա Մայքլ Չանգին։ ԱՄՆ բաց առաջնությունում Սամփրասը երկրորդ շրջանում հաղթում է մրցաշարի գործող չեմպիոն և հինգերորդ «դասակարգված» Մաթս Վիլանդերին և չորրորդ շրջանում պարտություն է կրում թիվ 13-րդ ռակետ Ջեյ Բերգերին։ Տարվա վերջին Սամփրասը պարտություն է կրում չորս մրցաշարերի առաջին շրջաններում[15]։

Սամփրասը 1990 թվականն ավարտում է դասակարգման աղյուսակի 5-րդ հորիզոնականում, տարին սկսելով 61-րդ հորիզոնականից, Ավստրալիայի բաց առաջնության նախաշեմին[16]։ Սիդնեյի մրցաշարում նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Մաթս Վիլանդերին։ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում նա հաղթանակ է տանում թիվ 12 ռակետ Թիմ Մայոտի նկատմամբ՝ 7-6,6-7,4-6,7-5,12-10 և չորրորդ շրջանում չորս սեթում պարտվում է թիվ 13 ռակետ Յանիկ Նոային՝ 3-6,4-6,6-3,2-6։ Նրա առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը կայանում է փետրվարին, Ֆիլադելֆիայի Ebel U.S. Pro Indoor մրցաշարում, որտեղ նա հաղթանակներ է տանում թիվ 6 ռակետ Անդրե Աղասիի, թիվ 8 ռակետ Թիմ Մայոտի և եզրափակիչում թիվ 18 ռակետ Անդրես Գոմեսի նկատմամբ։ Այդ տիտղոսը նրան հնարավորություն է տալիս դասակարգման աղյուսակում առաջին անգամ մտնել Թոփ-20։

Սամփրասը չի մասնակցում 1990 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությանը և կրկին պարտություն է կրում Ոիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում, այս անգամ Խրիստո վան Ռենսբուրգին- 6-7,5-7,6-7։ Սամփրասը յոթ շաբաթ շարունակ խաղում է մրցաշրջանի հյուսիս-ամերիկյան փուլում։ Նա Canadian Open-ի քառորդ եզրափակիչում հաղթում է Ջոն Մաքինրոյին, սակայն, այնուհետև, կիսաեզրափակիչում պարտվում է Մայքլ Չանգին։ Բացի այդ, նա հասնում է մինչև Լոս Անջելեսի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է թիվ 2 ռակետ Ստեֆան Էդբերգին։ Հաջորդ երեք մրցաշարերում նա պարտություն է կրում քառորդ եզրափակիչներում, պարտվելով Չանգին, Ռիչի Ռենեբերգին և Գորան Իվանիշևիչին։

Սեպտեմբերին Սամփրասը տիրում է Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր առաջին տիտղոսին, հաղթանակ տանելով ԱՄՆ բաց առաջնությունում։ Հաղթանակի ճանապարհին նա չորրորդ շրջանում հաղթում է թիվ6 ռակետ Թոմաս Մուստերին՝ 6-7,7-6,6-4,6-3 և քառորդ եզրափակիչում հինգ սեթում թիվ 3 ռակետ Իվան Լենդլին՝ 6-4,7-6,3-6,4-6,6-2, ընդհատելով Լենդլի ութ տարի անընդմեջ մրցաշարի եզրափակիչին մասնակցելու շարքը։ Կիսաեզրափակիչում նա հաղթանակ է տանում թիվ 20 ռակետ Ջոն Մաքինրոյի նկատմամբ՝ 6-2,6-4,3-6,6-3 և եզրափակիչում թիվ 4 ռակետ Անդրե Աղասիին՝ 6-4,6-3,6-2։ Սամփրասը Աղասիին հաղթում է երեք սեթում և դառնում ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի ամենաերիտասարդ հաղթողը՝ 19 տարեկան և 28 օրական[17]։ Նա մասնակցում է ևս հինգ մրցաշարերի և հաղթանակ է տանում Մեծ Սաղավարտի Գավաթում[18]։

1991-1992 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթ Սամփրասը 1992 թվականի օգոստոսի 12-ին Ցինցինատիի մրցաշարում

1991 թվականին Սամփրասը տիրում է կարիերայում «Մասթերս Գավաթի» հինգ տիտղոսներից առաջինին։ US Open մրցաշարում Սամփրասը չի կարողանում պաշտպանել տիտղոսը և պարտություն է կրում քառորդ եզրափակիչում, Ջիմ Կուրիեից և վիճաբանություններ է առաջացնում, հայտարարելով, որ իր վրա այլևս ճնշում չի զգում՝ տիտղոսը պաշտպանելու համար։

1992 թվականին Սամփրասը հասնում է Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ՝ առաջինը երեք հաջորդական տարիների ընթացքում և Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ ԱՄՆ բաց առաջնությունում նա հասնում է եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում Ստեֆան Էդբերգից՝ 6-3, 4-6, 6-7(5-7), 2-6։ Սամփրասը հետագայում հայտարարում է, որ մրցաշարի եզրափակիչում նրա կրած պարտությունը «արթնացման ազդանշան է» հանդիսանում և նրան հարկավոր է պարզել, թե ինչպես դառնալ աշխարհում թիվ 1[19]։ Նա ԱՄՆ հավաքականի կազմում, Ջոն Մաքինրոյի հետ զուգախաղում, հաղթանակ են տանում Դևիսի Գավաթում, որը կրկնում են 1995 թվականին։

1992 թվականին նա մասնակցություն է ունենում Օլիմպիական խաղերին։ Մրցաշարն անց էր կացվում գրունտային ծածկույթի վրա, որը նրա համար համարվում է ամենավատ ծածկույթը։ Այնուամենայնիվ, նա հասնում է մինչև երրորդ շրջան, որտեղ պարտություն է կրում ռուսաստանցի Անդրեյ Չերկասովից՝ 7-6(9-7), 6-1, 5-7, 0-6, 3-6։

1993-1996 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Սամփրասը հասնում է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է Ստեֆան Էդբերգին։ Ապրիլին Սամփրասը առաջին անգամ բարձրանում է դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնական։ Դասակարգման աղյուսակի գագաթնեկետին նրա վերելքը վիճաբանություններ է առաջացնում, քանի որ վերջին ժամանակներս նա ոչ մի տիտղոս չէր նվաճել Մեծ Սաղավարտի մրցաշարերում[20], սակայն նա արդարացնում է վարկանիշը երեք ամիս անց, Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա շահում է այդ մրցաշարում իր առաջին տիտղոսը, եզրափակիչում առավելության հասնելով թիվ մեկ ռակետ Ջիմ Կուրիեի նկատմամբ՝ 7-6(7-3), 7-6(8-6), 3-6, 6-3։ Դրան հետևում է ԱՄՆ բաց առաջնությունում նրա երկրորդ տիտղոսը։ Նա տարին ավարտում է աշխարհի թիվ 1 ռակետ և սահմանում ATP Tour-ի նոր ռեկորդ, դառնալով առաջին թենիսիտը, ով մրցաշրջանի ընթացքում կարողանում է շահել 1000 էյս։

Բացառությամբ 1996 թվականը, երբ նա քառորդ եզրափակիչում պարտություն է կրում Ռիչարդ Կրայչեկից՝ 5-7, 6-7(3-7), 4-6, Սամփրասը շարունակում է հաղթանակ տանել տասնամյակի մնացած մասի Ուիմբլդոնի մրցաշարերում, դառնալով ամենահաջողակ տղամարդկանց մենախաղի խաղացողը Ուիմբլդոնի պատմությանմ մեջ[21]։

Սամփրասը 1994 թվականին հաղթում է Ավստրալիայի բաց առաջնության երկու մրցաշարերից առաջինը, եզրափակիչում հաղթելով ամերիկացի Թոդ Մարտինին՝ 7-6(4), 6-4, 6-4։ 1995 թվականին Սամփրասը վերապրում է իր կարերայում ամենահուզական խաղերից մեկը, երբ Կուրիեի հատ խաղում էր քառորդ եզրափակիչի խաղը[22]։ Սամփրասի «վաղեմի մարզիչ և ընկեր» Թիմ Գուլիկսոնը առեղծվածային կերպով հիվանդանում է մրցաշարի ընթացքում և ստիպված է լինում վերադառնալ նահանգներ։ Հետագայում Գուլիկսոնին ախտորոշում են ուղեղի քաղցկեղ, որից նա մահանում է հաջորդ տարի։ Վշտացած Գուլիկսոնի հիվանդությամբ, Սամփրասը ակնհայտ լացով է անց կացնում մրցախաղը, սակայն կարողանում է հաղթանակ տանել։ Նա եզրափակիչում զիջում է Անդրե Աղասիին՝ 4-6, 6-1,7-6, 6-4։ Սամփրասի մարզիչ է դառնում Պոլ Անակոնը, այն բանից հետո, երբ Գուլիկսոնի հիվանդությունը անհնարին է դարձնում նրանց հետագա համատեղ աշխատանքը։

Սամփրասի համար լավագույն ծածկույթը, անկասկած, եղել են արագ խոտածածկ ծածկույթները[23]։ Նա նաև հայտնի էր իր բազմակողմանի խաղով և ուժեղ մրցակցային բնազդով։ Նա շահում է US Open-ի տիտղոսները 1995 և 1996 թվականներին, չնայած 1996 թվականին քառորդ եզրափակիչում Կորետխայի դեմ մրցախաղում 1-1 հաշվի ժամանակ որոշիչ սեթի թայ-բրեյքում սրտխառնությանը՝ ջրազրկման պատճառով։

Սամփրասի միակ իրական թուլությունը կորտում դանդաղ ծածկույթն է, որտեղ մարում է նրա գրոհող խաղը։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նրա լավագույն մրցելույթը տեղի է ունենում 1996 թվականին, երբ նա կիսաեզրափակիչ խաղում զիջում է մրցաշարի ապագա հաղթող ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովին՝ 7-6(7-4), 6-0, 6-2։

Չնայած Roland Garros-ում սահմանափակ հաջողությունների, Սամփրասը կարողացել է նշանակալից հաղթանակներ տանել գրունտային ծածկույթի վրա։ Նա հաթանակ է տարել 1992 թվականի Կինտցբուելի գրունտային մրցաշարում, եզրափակիչում հաղթանակ տանելով Ալբերտո Մանչինիի նկատմամբ։ Նա հաղթել է 1994 թվականի հեղինակավոր Հռոմի «Մասթերս» մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Բորիս Բեկկերի նկատմամբ և երկու մենախաղային խաղեր 1995 թվականի Դևիսի Գավաթի Մոսկվայում տեղի ունեցած եզրափակիչում, ռուսաստանցիներ Անդրեյ Չեեսնոկովի և Եվգենի Կաֆելնիկովի նկատմամբ։ Սամփրասը նաև հաղթանակ է տանում Ատլանտայի գրունտային մրցաշարում, որտեղ եզրափակիչում զենքերը վայր է դնում Ջեյսոն Ստոլտենբերգը։

1997 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամփրասը իր երկրորդ Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը նվաճում է հունվարին, եզրափակիչում առավելության հասնելով Կառլոս Մոյաի նկատմամբ՝ 6-2, 6-3, 6-3[24]։ Հուլիսին նա չորրմրդ անգամ հաղթում է Ուիմբլդոնի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով ֆրանսիացի Սեդրիկ Պիոլինին՝ 6-4, 6-2, 6-4[25]։ Սամփրասը նաև հաղթանակ է տանում Սան Խոսեի, Ֆիլադելֆիայի, Ցինցինատիի, Մյունխենի և Փարիզի մենախաղի մրցաշարերում և Հաննովերի ATP Tour World մրցաշարում։ Նա դառնում է միակ թենիսիստը, ով կարողանում է միևնույն տարում հաղթանակ տանել Մեծ Սաղավարտի գավաթում (Grand Slam Cup) և Մասթերս գավաթում (ATP Tour World Championships)։

Նա ուներ 10-1 ռեկորդ Թոփ-10-ակի հակաակորդների դեմ և անհաղթելի էր ութ մենախաղային եզրափակիչներում։ Նա աշխարհի թիվ 1 ռակետի տիտղոսը պահպանում էր տարվա ընթացքում և միանում է Ջիմի Քոնորսին (1974-1978), որպես միակ տղամարդ թենիսիստ, ով կարողացել է պահպանել թիվ 1 ռակետի կոչումը հինգ տարի շարունակ։ Նրա տարվա ընթացքում մրցանակային հիմնադրամը կազմւոմ է $ 6498211 և համարվում էր ամենաբարձրը ԱՄՆ-ում։

1998 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին թիվ 1 ռակետ Սամփրասին մարտահրավեր է նետում չիլիացի թենիսիստ Մարսելո Ռիոսը։ Սամփրասը չի կարողանում պաշտպանել Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը, քառորդ եզրափակիչում զիջելով Կարոլ Կուչերային՝ 4-6,2-6,7-6(7-5),3-6[26] և Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակ է տանում Գորան Իվանիշևիչի նկատմամբ միայն հինգսեթանոց համառ պայքարից հետո՝ 6-7(2-7), 7-6(11-9), 6-4, 3-6, 6-2։ Սամփրասը ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում հինգսեթանոց մրցախաղում, ըստ սեթերի 2-1 հաշվով հաղթելու պայմաններում, զիջում է մրցաշարի ապագա հաղթող Պատրիկ Ռաֆտերին՝ 7-6(10-8),4-6,6-2,4-6,3-6։ Նա ևս մեկ կիսաեզրափակիչում՝ Մասթերս Գավաթում, զիջում է մրցաշարի արդյունքում վերջնական հաղթող Ալեքս Կորետխային՝ 6-4,3-6,6-7(3-7)։ Այնուամենայնիվ, Սամփրասը տարին վեղերորդ անգամ անընդմեջ եզրափակում է թոփ-խաղացողի կարգավիճակում։

1999 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի մրցաշրջանը նույնպես հուսադրող չի սկսվում, քանի որ Սամփրասը չի մասնակցում Ավստրալիայի բաց առաջնությանը և չի հաջողվում տիտղոս նվաճել մրցաշրջանի առաջին կեսում։ Այնուամենայնիվ, նա այնուհետև 24 անպարտելի խաղերի շարք է անց կացնում, այդ թվում Stella Artois մրցաշարը, Ուիմբլդոնի մրցաշարը (Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում տիտղոսներով հավասարվելով Ռոյ Էմերսոնին), Լոս Անջելեսի և Ցինցինատիի մրցաշարերում։ Ուիմբլդոնի մրցաշարում 6-3, 6-4, 7-5 հաշվով Անդրե Աղասիի նկատմամբ հաղթանակը հաճախ հիշատակվում է որպես Սամփրասի մեծագույն ներկայացումներից մեկը (չնայած դրան, նա զիջում է թիվ 1 ռակետի կոչումը Աղասիին հաջորդ օրը, երբ ATP Tour-ի վարկանիշը թարմացվում է)։ Այդ հիանալի հեռանկարը ընդհատվում է, երբ նա ստիպված է լինում հրաժարվել հետագա պայքարից RCA մրցաշարում և US Open-ում՝ մեջքի միջողային ճողվածքի պատճառով։

Աղասին թիվ 1 ռակետի տիտղոսը պահպանում է մինչև մրցաշրջանի ավարտը, վերջ դնելով «վեց տարվա ընթացքում թիվ 1 ռակետի» Սամփրասի մենաշնորհին, սակայն Սամփրասը առողջանում է և կարողանում է հաղթել Աղասիին մրցաշրջան ավարտի Մասթերս Գավաթում, հինգերորդ և վերջին անգամ, ինչը Սամփրասին հնարավորություն է տալիս տեղ զբաղեցնել դասակարգման աղյուսակի երրորդ հորիզոնականում։

2000-2002 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի սկզբին Սամփրասը կարողանում է հասնել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ հինգ սեթում պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Անդրե Աղասիին՝ 4-6,6-3,7-6(7-0),6-7(5-7),1-6 և հաղթանակ է տանում Կի Բիսկեյնի Ericsson Open մրցաշարում՝ մարտին, երրորդ անգամ։ Այնուհետև նա շահում է 13-րդ և ռեկորդային տիտղոսը Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ Ուիմբլդոնի մրցաշարում, եզրափակիչում մրցակցելով նաև աջ սրունքի և մեջքի վնասվածքի հետ, հաղթանակ տանելով Պատրիկ Ռաֆտերի նկատմամբ՝ 6-7(10-12), 7-6(7-5), 6-4, 6-2։ Այդ հաղթանակը հանդիսանում էր ութերորդ հաղթանակը անընդմեջ Մեծ Սաղավարտի մրցաշարերում (սկսած 1993 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից), որը Բաց դարաշրջանի պատմության մեջ գերազանցում է Ռաֆայել Նադալը 2013 թվականին։ Այդ հաղթանակից հետո Սամփրասը չի կարողանում գոնե մեկ տիտղոս նվաճել երկու տարուց ավել ժամանակաշրջանում։

Սամփրասը պարտություններ է կրում 2000 և 2001 թվականների US Open-ի եզրափակիչներում, Մարատ Սաֆինին (4-6,3-6,3-6) և Լեյթոն Հյուիթին (6-7(4-7), 1-6, 1-6) համապատասխանաբար, որի արդյունքում շատերը սկսում են ենթադրել, որՍամփրասը այլևս երբեք չի կարող տիտղոս նվաճել։ 2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում Սամփրասը զիջում է 19-ամյա Ռոջեր Ֆեդերերին՝ 6-7 (7), 7-5, 4-6, 7-6 (2), 5-7, չորրորդ շրջանում, որով ընդհատվում է Սամփրասի 31 խաղից բաղկացած անպարտելի շարքը Ուիմբլդոնում։ Ֆեդերերը սկսում է իր արշավանքը դեպի Ուիմլդոնում Սամփրասի 7 հաղթանակի և Մեծ Սաղավարտի մրցաշարերում 14 հաղթանակի ռեկորդի գերազանցմանը։ 2001 թվականի US Open-ում Սամփրասը 1/8 եզրափակիչում առավելության է հասնում Պատրիկ Ռաֆտերի նկատմամբ՝ 6-3,6-2,6-7(5-7),6-4, քառորդ եզրափակիչում չորս սեթից բաղկացած թայ-բրեյքային մրցախաղում Անդրե Աղասիի՝ 6-7(7-9),7-6(7-2),7-6(7-2),7-6(7-5), իսկ կիսաեզրափակիչում Մարատ Սաֆինի՝ 6-3,7-6(7-5),6-3։ Եզրափակիչում Սամփրասը երեք սեթում ջախջախվում է Լեյթոն Հյուիթի կողմից[27]։

2002 թվականին Սամփրասը Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում պարտություն է կրում շվեյցարիացի Ջորջ Բասթիից։ Այդ պարտությունից հետո Սամփրասը իր նախկին մարզիչ Պոլ Անակոնին խնդրում է վերադառնալ և մարզել նրան ԱՄՆ բաց առաջնության համար[28]։ Սամփրասը ամառվա ընթացքում գտնվում էր վատ մարզավիճակում և Ցինցինատիի մրցաշարում պարտվում է թիվ 70 ռակետ Ուեյն Արտուրսին երկրորդ շրջանում, իսկ այնուհետև նաև Լոնգ Այլենդի մրցաշարի առաջին շրջանում թիվ 85 ռակետ Պոլ Անրի Մաթյոին։

US Open-ում Սամփրասը «դասակարգվում է» 17 համարի տակ։ Մարկ Ռուսեդսկին, ում նկատմամբ Սամփրասը երկար հինգ սեթանոց մրցախաղում առավելության է հասնում երրորդ շրջանում, ասում է, որ Սամփրասը «մեկ ու կես քայլ դանդաղ է» և կանխատեսում է, որ Սամփրասը պարտություն կկրի հաջորդ իսկ խաղում։ Սամփրասը, սակայն, այնուհետև հաղթում է երկու երիտասարդ աստղերի՝ Թոմի Հաասին, չորրորդ շրջանում և Էնդի Ռոդիկին, քառորդ եզրափակիչում։ Այնուհետև, նա կիսաեզրափակիչում հաղթում է նիդերլանդացի Շենգ Սհալկենին՝ 7-6(8-6), 7-6(7-4),6-2, որպեսզիք երրորդ անգամ անըթնդմեջ դուրս գա ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ և ութերորդ եզրափակիչ ընդհանրապես, հավասարվելով Իվան Լենդլին։ Եզրափակիչում նրա մրցակիցն է հանդիսանում Անդրե Աղասին, ում հետ նա հանդիպել էր 12 տարի առաջ Մեծ Սաղավարտի իր առաջին եզրափակիչում։ Երկու վետերանների միջև տեղի ունեցած չորս ժամանոց համառ պայքարից հետո Սամփրասը հաղթանակ է տանում 6-3, 6-4, 5-7, 6-4 հաշվով և Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում 14-րդ ռեկորդային հաղթանակը և կրկնում Ջիմի Քոնորսի ռեկորդային արդյունքը՝ ԱՄՆ բաց առաջնություններում մենախաղի հինգ հաղթանակ[29]։

Սամփրասը հետագա 12 ամիսների թնթացքում չի մասնակցում որևէ մրցաշարի, սակայն նա մինչ 2003 թվականի օգոստոսը՝ US Open-ից քիչ առաջ, պաշտոնապես չի հայտարարում պրոֆեսիոնալ թենիսից իր հեռանալու մասին[30]։ Նա որոշում է չպաշտպանել իր տիտղոսը, սակայն թոշակի անցնելու մասին նրա հայտարարությունը կազմակարպվում է այնպես, որ այն տեղի ունենա հատուկ արարողության ժամանակ, կազմակերպված հատուկ նրա համար բաց երկնքի տակ[30]։ Կարիերայի ավարտից հետո շատերը Սամփրասին համարում են բոլոր ժամանակների մեծագույն թենիսիտներից մեկը[31][32]։

Սամփրասը հաղթել է 64 մենախաղային մրցաշարերում (այդ թվում Մեծ Սաղավարտի 14 տիտղոս, «Մասթերս» շարքի 11 տիտղոս և 5 Մասթերս Գավաթի տիտղոս) և երկու տիտղոս զուգախաղում։ Նա թիվ 1 ռակետի տիտղոսին տիրել է ընդհանուր առմամբ 286 շաբաթ (երկրորդ ամենաերկար ժամանակահատվածը) և տարվա արդյունքներով թիվ 1 ռակետ է եղել ռեկորդային վեծ տարի անընդմեջ՝ 1993 թվականից մինչ 1998 թվականը։

Գործունեությունը կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթ Սամփրասը 2007 թվականին Չեմպիոնների գավաթի ժամանակ, Բոստոն

2006 թվականի ապրիլի 6-ին, կարիերայի ավարտից երեք ու կես տարի հետո, Սամփրասը կորտ է դուրբ գալիս և իր առաջին ընկերական խաղն է խաղում River Oaks-ում, Հյուսթոն, Տեխասի նահանգ, ընդդեմ 23-ամյա Ռոբի Ջինեպրիի։ Ջինեպրին հաթղանակ է տանում երկու սեթում։ Սամփրասը հետագայում հայտարարում է, որ նա մասնակցություն կունենա World Team Tennis մրցաշարում։

2007 թվականին սամփրասը հայտարարում է, որ նա կխաղա Չեմպիոնների մի քանի մրցաշարերում, ATP նախկին խաղացողների համար մրցաշարում[33]։ Սամփրասը հաղթանակ է տանում իր առաջին երկու մրցաշարերում, առավելության հասնելով Թոդ Մարտինի նկատմամբ երկու եզրափակիչներում (որոնցից մեկը իր մեջ ընդգրկում էր Սամփրասի ուղևորությունը դեպի իր նախահայրենիք՝ Հունաստան)[34]։ Բազմաթիվ դիտորդներ նշում են, որ չնայած մրցույթային մրցաշարերից երկարատև բացակայությանը, Սամփրասը, նախկինի պես, տիրապետում է բազմաթիվ նախկին ունակությունների։

2007 թվականի նոյեմբերի 20-ին Սամփրասը պարտվում է Ասիայում երեք ցուցադրական խաղերից առաջինում, Ռոջեր Ֆեդերերին, Սեուլում, Հարավային Կորեա[35]։ Երկու օր անց, Կուալա Լումպուրում, Սամփրասը կրկին պարտություն է կրում Ֆեդերերից երկու թայ-բրեյքում։ Այնուամենայնիվ, Սամփրասին հաջողվում է հաղթանակ տանել շարքի վերջին մրցախաղում, առավելության հասնելով երկու սեթում[36]։

2008 թվականի փետրվարի 18-ին, SAP Open1 մրցաշարի ընկերական հանդիպման ժամանակ, Սամփրասը հաղթում է մեկ այլ ակտիվ թենիսիստի՝ աշխարհի նաքկին թիվ 2 ռակետ Թոմի Հաասին։ Սամփրասը գերմանացու նկատմամբ հաղթանակ է տանում 43 րոպեի ընթացքում[37]։

2008 թվականի մարտի 10-ին Սամփրասը ևս մեկ ընկերական խաղ է անց կացնում թիվ 1 ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ, Նյու Յորքի Մեդիսոն Սքվեր Գարդենում։ Սամփրասը հերթական անգամ պարտություն է կրում երեք սեթում[38]։

2009 թվականին Սամփրասը հաթանակ է տանում Չեմպիոնների շարքի երկու մրցաշարում։ Նա Չեմպիոնների գավաթի եզրափակիչում Բոստոնում հաղթանակ է տանում Ջոն Մաքինրոյի նկատմամբ փետրվարին և մարտին Դել Մարում Չեմպիոնների գավաթի մրցաշարի եզրափակիչում Պատրիկ Ռաֆտերի նկատմամբ[39]։

Սամփրասը ներպկա է գտնվում 2009 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ խաղին Էնդի Ռոդիկի և Ռոջեր Ֆեդերերի միջև, որպեսզի ներկա գտնվի Ֆեդերերի կողմից 14 հիմնական մրցաշարերում իր ռեկորդի գերազանցմանը և Մեծ Սաղավարտի պատմության մեջ Ֆեդերերի ամենահաջողակ թենիսիստ հայտարարվելուն։ 14 հիմնական մրցաշարերում Սամփրասի հաղթանակների ռեկորդը գոյություն ունեցավ յոթ տարի շարունակ։

Հաջորդ տարի Ֆեդերերի, Անդրե Աղասիի և Ռաֆայել Նադալի հետ միասին նա մասնակցություն է ունենում ցուցադրական զուգախաղում Ինդիան Ուելսում, որպեսզի միջոցներ հավաքվեն Հայիթիի ազգաբնակչության համար, ովքեր տուժել էին ավերիչ երկրաշարժից։

2010 թվականի նոյեմբերին Սամփրասը հայտարարում է, որ իր մրցանակներից և հուշանվերներից շատերը գողացվել են Արևմտյան Լոս Անջելեսի հասարակական պահուստարանից[40]։ Գողացված իրերի մեջ էին մտնում Ավստրալիայի բաց առաջնությունում առաջին հաղթանակի մրցանակը[41], երկու Դևիսի Գավաթ, օլիմպիական օղակներ և տարվա վերջին վարկանիշի առաջատարի վեց մրցանակներ[42]։ Գողացված իրերից շատերը վերականգնվել են և վերադարձվել[43]։

2011 թվականի նոյեմբերի 17-ին Սամփրասը ընկերական խաղ է անց կացնում Միլոշ Ռաոնիչի հետ և պարտություն է կրում։

Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամփրասն ընդդեմ Աղասիի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամփրասը հաղթանակ է տարել Անդրե Աղասիի դեմ 34 հանդիպումներից 20-ում[44]։

1990 թվականի US Open-ը եղել է նրանց առաջին հանդիպումը Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում։ Աղասին համարվում էր մրցախաղի հավակնորդ. քանի որ նա համարվում էր աշխարհի թիվ 4 ռակետ, Սամփրասի թիվ 12-ի համեմատությամբ և այն պատճառով, որ Աղասին հաղթանակ էր տարել նրանց միջև կայացած վերջին մրցախաղում։ Այնուամենայնիվ, Աղասին եզրափակիչում պարտություն է կրում Սամփրասից երեք սեթում։

Մեծ Սաղավարտի շրջանակներում նրանց հաջորդ մրցախաղը կայանում է 1992 թվականին, Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նրանք հանդիպում են քառորդ եզրափակիչում։ Չնայած Սամփրասը բարձր դիրք էր գրավում վարկանիշային աղյուսակում, Աղասին հաղթանակ է տանում երեք սեթում։ Մեծ Սաղավարտի նրանց հերթական հանդիպումը կայանում է 1993 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում, որտեղ Աղասին հանդիսանում էր գործող չեմպիոն, իսկ Սամփրասը՝ նորաթուխ թիվ 1 ռակետ։ Սամփրասը առավելության է հասնում հինգ սեթում և շարունակում է պայքարը, որպեսզի տիրանա Ուիմբլդոնի մրցաշարի իր առաջին տիտղոսին։

Սամփրասի և Աղասիի մասնակցությամբ ԱՄՆ թենիսի հավաքականը հաղթանակ է տանում 1995 թվականի Դևիսի Գավաթի խաղարկությունում։ 1995 թվականին Սամփրաս-Աղասի մրցախաղերը տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության, Մասթերս գավաթի, Lipton International Players Championships մրցաշարի, Canadian Open մրցաշարի և US Open-ի եզրափակիչներում։ Սամփրասը հաղթանակ է տանում Մասթերս գավաթում և US Open-ում։

Սամփրասի և Աղասիի հաջորդ հանդիպումը Մեծ Սաղավարտի եզրափակիչում տեղի է ունենում 1999 թվականին Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ Սամփրասը հաղթանակ է տանում երեք սեթում։

2000 թվականին նրանք միմյանց հետ հանդիպում են ընդամենը մեկ անգամ։ Australian Open մրցաշարում թիվ 1 ռակետ Աղասին հինգ սեթում հաղթանակ է տանում թիվ 3 ռակետ Սամփրասի նկատմամբ։ Սամփրասը թիվ 1 ռակետի տիտղոսը զիջում է Աղասիին, երբ վնասվածքի պահճառով ստիպված է լինում դուրս գալ ԱՄՆ բաց առաջնության մրցաշարից, որում Աղասին հաթանակ է տանում։ Նրանք միմյանց հետ հանդիպում են նաև տարվա ամփոփիչ Մասթերս Գավաթի մրցաշարում, որտեղ Սամփրասը զիջում է խմբակային փուլում, սակայն հաղթանակ է տանում եզրափակիչում։

Նրանց միջև կայացած, հավանաբար, ամենահիշարժան հանդիպումը կայացել է 2001 թվականին ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Սամփրասը հաղթանակ է տանում 6-7, 7-6, 7-6, 7-6 հաշվով։ Խաղի տեսագրությունը հաճախ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, հատկապես US Open-ում անձրևի պատճառով դադարների ժամանակ։

2002 թվականի US Open-ի եզրափակիչը նրանց առաջին հանդիպումն էր ԱՄՆ-ում։ Մրցախաղը հիշարժան էր նրանով, որ եզրափակիչի ճանապարհին նրանք հաղթանակներ են տանում դասակարգման աղյուսակում իրենցից բարձր դիրք գրավող թենիսիստների հանդեպ։ Սամփրասը հաղթանակներ է տանում թիվ 3 Թոմի Հաասի՝ չորրորդ շրջանում, և ապագա թիվ 1 Էնդի Ռոդիկի՝ քառորդ եզրափակիչում, նկատմամբ։ Միևնույն ժամանակ Աղասին կիսաեզրափակիչում հաղթում է թիվ 1 Լեյթոն Հյուիթին։ Սամփրասը Աղասիին հաղթում է չորս սեթում։ Դա ATP հուրի մրցաշարերում Սամփրասի կարիերայում վերջին հանդիպումն էր[45]։

2010 թվականի օգոստոսին Սամփրասը ընկերական հանդիպում է անց կացնում Աղասիի հետ Coliseo Cubierto El Campin-ում, Բոգոտա, Կոլումբին։

Սամփրասն ընդդեմ Ռաֆտերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամփրասը հաղթանակ է տարել 16 խաղից 12-ում, որոնք նա խաղացել է Պատրիկ Ռաֆտերի հետ, ընդ որում նրանց առաջին ինը հանդիպումներից ութում[46]։ Նրանց մրցակցությունը, իրապես, սկսում է զարգանալ նրանից հատո, երբ Ռաֆտերը շփոթության մեջ է գցում թենիսային աշխարհը, հաղթանակ տանելով 1997 թվականի US Open-ում, մրցաշար, որը շատերը սպասում էին, որ կհաղթի Սամփրասը, ով հաղթել էր նախկին երկու մրցաշարում։ Ռաֆտերի հաղթանակը նրան տարվա արդյունքներով բերում է դասկարգման աղյուսակի թիվ 2 ռակետի տիտղոսը՝ անմիջապես թիվ 1 ռակետ Սամփրասից հետո։ Շատերը, այդ թվում նաև Մեծ Սաղավարտի մրցաշարերի յոթակի հաղթող Ջոն Մաքինրոյը, Ռաֆտերին համարում էին «մեկ Սաղավարտի հրաշք», քանի որ դա նրպա կարիերայում ընդամենը երկրորդ ATP տիտղոսն էր[47]։

1998 թվականին, երբ Ռաֆտերը հաղթում է Սամփրասին Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում, Սամփրասին, ով մինչ այդ հաղթանակ էր տարել 11 ATP մրցաշարերում, հարցնում են նրա և Ռաֆտերի միջև տարբերության մասին, հայտարարում է. «Տաս Մեծ Սաղավարտ», չենթադրելով, որ այդ հայտարարությունը նրան կարժենի եզրափակիչը։ Հանդիպման ավարտին Սամփրասը որոշ ժամանակ կանգնած է մնում ետին գծին, երբ հաղթանակած Ռաֆտերը սպասում էր նրան ցանցի մոտ, իսկ այնուհետև հրաժարվում է սեղմել մրցավարի ձեռքը[48]։ Ռաֆտերը շարունակում է հաղթարշավը և հաղթում է կանադական Մասթերսում և 1998 թվականի US Open-ում։

1998 թվականի US Open-ի նրանց հանդիպումը տեղի է ունենում կիսաեզրափակիչում, որտեղ Ռաֆտերը հաղթանակ է տանում հինգ սեթում։ Սամփրասի պարտությունը նրան զրկում է կրկնելու Ջիմի Քոնորսի ԱՄՆ բաց առաջնությունում հինգ հաղթանակի և Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում Ռոյ Էմերսոնի 12 հաղթանակի կրկնությունից։ Սամփրասը, որպես պարտության պատճառ, հայտարարում է ոտքի վնասվածքը,որին Ռաֆտերը պատասխանում է. «Նա իսկապես որոշ ծիծաղելի բաներ է ասում ոչ ճիշտ ժամանակին»։

Ռաֆտերի կողմից 1997 թվականի ԱՍՆ բաց առաջնության հաղթողի տիտղոսի հաջող պաշտպանությունից հետո, որը նա իրականացնում է 1998 թվականի եզրափակիչում Մարկ Ֆիլիպուսիսին հաղթելով, նրանհարցնում են Սամփրասի նախկին հայտարարության մասին, որում նա նշում էր, որ պետք է հաղթել ևս մեկ Մեծ Սաղավարտի մրցաշարում, որպեսզի համարվի ականավոր, Ռաֆտերը պատասխանում է. «Գուցե դուք նրան հարցնեք, թե դա այժմ է՞։ Ես հաղթել եմ Մեծ Սաղավարտի մրցաշարում։ Դա շատ, շատ հետաքրլիր է ինձ համար, հատկապես երբ ես կրկնում եմ այն»[49]։ Իր կողմից Սամփրասը Ռաֆտերի մասին ասում է. «Երբ ես տեսնում եմ, թե նա ինչպես է բռնում US Open-ի մրցանակը, դա ինձ զայրացնում է»[50]։

1999 թվականի մրցաշրջանի սկզբում երրորդ անգամ անընդմեջ Ռաֆտերին պարտվելուց հետո, Սամփրասը հաղթանակ է տանում հաջորդ չորս հանդիպումներում[51], ներառյալ 2000 թվականին Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում հաղթանակից (կիսաեզրափակիչում Աղասիի նկատմամբ Ռաֆտերի հաղթանակից հետո)։ Սամփրասը պարտվում է առաջին սեթի թայ-բրեյքում և հաղթում երկրորդ սեթի թայ-բրեյքում, իսկ այնուհետև նաև հաջորդ երկու սեթում և դառնում մրցաշարի հաղթող։ Այդ հաղթանակը Սամփրասի համար դառնում է 13-րդ տիտղոսը Մեծ Սաղավարտի մրցաշարերում և նա գերազանցում է Մեծ Սաղավարտի պատմության մեջ Ռոյ Էմերսոնի արդյունքը[52], մինչ Ռոջեր Ֆեդերերը գերազանցում է այն 2009 թվականին Ուիմբլդոնում հաղթանակից հետո։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթի ծնողները արմատներով Հունաստանից են։ Նրա ավագ քույր Սթելա Սամփրաս-Վեբստերը կանանց թենիսի մարզիչ է աշխատում Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում[53], իսկ կրտսեր քույրը՝ Մարիոնը, ուսուցչուհի է Լոս Անջելեսում։ Նրա ավագ եղբայր Գասը հանդիսանում էր ATP շրջանակներում Սքոթսդեյլի մրցաշարի տնօրեն, սակայն 2007 թվականին դառնում է Փիթի տնտեսական գործունեության ընկերության նաքագահ[54]

2000 թվականի սեպտեմբերի 30-ին Փիթը ամուսնանում է ամերիկյան դերասանուհի և նախկին Miss Teen USA Բրիջիթ Ուիլսոնի հետ[55]։ 2002 թվականի նոյեմբերի 21-ին ծնվում է նրանց որդին՝ Քրիստիան Չառլզ Սամփրասը[56]։ 2005 թվականի հուլիսի 29-ին զույգը նշում է իրենց երկրորդ որդու՝ Ռայան Նիկոլաոս Սամփրասի ծնունդը[57]։ Նրանք բնակվում են Կալիֆոռնիա նահանգի Շերվուդ լճի վրա[58]։

Սամփրասը ունի β-thalassemia հիվանդություն, գենետիկական գիծ, որը երբեմն առաջ է բերում թեթև անեմիա[59]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 Հ/Մ Հ/Պ %
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Australian Open 1 շրջան 4 շրջան 1/2 Հ Ե 3 շրջան Հ 1/4 1/2 4 շրջան 4 շրջան 2 / 11 45-9 83.33%
Roland Garros 2 շրջան 2 շրջան 1/4 1/4 1/4 1 շրջան 1/2 3 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 0 / 13 24-13 64.86%
Wimbledon 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1/2 Հ Հ Հ 1/4 Հ Հ Հ Հ 4 շրջան 2 շրջան 7 / 14 63-7 90%
US Open 1 շրջան 4 շրջան Հ 1/4 Ե Հ 4 շրջան Հ Հ 4 շրջան 1/2 Ե Ե Հ 5 / 14 71-9 88.75%
Հ/Պ 0-1 4-4 10-2 6-3 15-3 23-2 21-2 20-2 18-3 19-2 17-3 8-1 18-3 13-4 11-3 14 / 52 203-38 84.23%

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ATP տարվա խաղացող - 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998[60]։
  • ITF Աշխարհի չեմպիոն - 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998[61]։

Այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սամփրասը (1997-2000 թվականներին) հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի չորս հերթական մրցաշարերում, այդ ցուցանիշով զիջելով միայն Բորգին և Ֆեդերերին, որոնցից յուրաքանչյուրը իր հաշվին ունի հինգ հերթական տիտղոս։
  • Բաց Դարաշրջանում միայն Բորգը (1978-1981 թվականների Ֆրանսիայի առաջնություն և 1976-1980 թվականների Ուիմբլդոն), Սամփրասը (1997-2000 թվականների Ուիմբլդոն), Ֆեդերերը (2003-2007 թվականների Ուիմբլդոն և 2004-2008 թվականների ԱՄՆ առաջնություն) և Ռաֆայել Նադալը (2005-2008 թվականների և 2010-2014 թվականների Ֆրանսիայի առաջնություն) Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարում հաղթել են նվազագույնը չորս անգամ անընդմեջ։
  • Ռոզուոլը և Սամփրասը հանդիսանում են միակ տղամարդ թենսիսիտները, ովքեր Մեծ Սաղավարտի մրցաշարի մենախաղում հաղթել են ինչպես դեռահաս տարիքում՝ 20 տարեկան, այնպես էլ 30 տարեկան հասակում։
  • Սամփրասը Ուիմբլդոնի մենախաղի իր 42 հանդիպումներից 40-ում հաղթել է Կենտրոնական կորտում, իսկ 70 մենախաղային հանդիպումներից 63-ը նա խաղացել է All England Club կորտում։
  • Սամփրասը և Ֆեդերերը հանդիսանում են միակ տղամարդ թենիսիստները Բաց Դարաշրջանում, ովքեր նվազագույնը յոթ եզրափակիչներ են խաղացել Մեծ Սաղավարտի երկու տարբեր մրցաշարերում (Սամփրասը՝ 8 US Open և 7 Ոիմբլդոն, Ֆեդերերը՝ 7 US Open և 10 Ուիմբլդոն)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ATP վեբկայք
  2. "Petros Sampras" in the Paperback Oxford English Dictionary
  3. 3,0 3,1 3,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 637. — ISBN 978-0-942257-70-0
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. Tennis Magazine ranked Sampras the best player of the period 1965-2005.
  6. «Top 10 Men's Tennis Players of All Time». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «Sampras visits ancestral home for first time». MSNBC. Associated Press. 2008 թ․ մայիսի 15. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
  8. Higdon, David (1996 թ․ հոկտեմբերի 2). «Questions from the Net: Your Top Ten Questions to Pete Sampras». Tennisserver.com. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
  9. Srinivasan, Archana (2007). Biographies of Bio-Sporting Legends. Sura Books. էջ 80. ISBN 81-7478-644-9.
  10. 10,0 10,1 «The King of Swing. Pete Sampras». Petesampras.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 22-ին.
  11. Spadea, Vince; Dan Markowitz (2006). Break Point: The Secret Diary of a Pro Tennis Player. ECW Press. էջեր 36, 125. ISBN 1-55022-729-7.
  12. «Ranking History of Pete Sampras for 1988». ATP Official website. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. «1988 Player Activity for Pete Sampras». ATP Official website. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  14. «Ranking History of Pete Sampras for 1989». ATP Official website. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
  15. «1989 Player Activity for Pete Sampras». ATP Official website. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  16. «Ranking History of Pete Sampras for 1990». ATP Official website. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  17. Srinivasan, 2007, Bio-Sporting Legends, p. 83.
  18. «1990 Player Activity for Pete Sampras». ATP Official website. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  19. «Upon Hall of Fame Induction, Sampras Says a Loss Spurred Wins». The New York Times. Associated Press. 2007 թ․ հուլիսի 15. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
  20. Sampras, Pete; Peter Bodo (2008). A Champion's Mind: Lessons from a Life in Tennis. Crown Publishing Group. էջ 306. ISBN 0-307-38329-6. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  21. Most current Wimbledon Titles.
  22. Bud Collins (1995 թ․ հունվարի 26). «Old friends battle it out to the death». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  23. based on total wins per surface.
  24. White, Derrick (1997 թ․ հունվարի 27). «Tennis: Sampras barely breaks sweat». The Independent. London: Independent Print Limited. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  25. Roberts, John (1997 թ․ հուլիսի 7). «Tennis: Wimbledon '97 - Sparkling Sampras reigns supreme». The Independent. London: Independent Print Limited. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  26. «Sport: Tennis - Pistol Pete fired from Open». BBC News. British Broadcasting Corporation. 1998 թ․ հունվարի 27. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  27. «Aussie disarms Sampras serve, rolls to U.S. Open». Sports Illustrated. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  28. «U.S. Open - The day Pete Sampras' fire returned - ESPN». Espn.go.com. 2012 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  29. «Sampras wins first title in more than two years». Sports Illustrated. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  30. 30,0 30,1 Jim Litke (2003). «Sampras: '100 Percent Retired'». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  31. Raymond Lee (2007 թ․ սեպտեմբերի 14). «Greatest Player Of All Time: A Statistical Analysis». Tennis Week. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  32. «40 Greatest Players of the Tennis Era». Tennis magazine. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 14-ին.
  33. Ulmann, Howard (2007 թ․ փետրվարի 7). «Sampras 'to see how it goes' in Champions Series return». USA Today. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
  34. «Pete Sampras beats Todd Martin to win Athens seniors event». Associated Press. 2007 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
  35. «Federer beats Sampras in first of three exhibitions». Associated Press. 2007 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
  36. «Third time the charm as Sampras wins in straight sets». ESPN. 2007 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  37. «Sampras shows no mercy in beating Haas in exhibition». Associated Press. 2008 թ․ փետրվարի 19. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
  38. «Clash of the Tennis Titans». The Tennis Channel. 2008. Վերցված է 2008 թ․ փետրվարի 22-ին.
  39. «2009 EVENTS». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  40. «Pete Sampras' tennis trophies stolen». ESPN. 2010 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  41. «Pete Sampras tennis trophies stolen from storage depot». BBC News. 2010 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  42. Dwyre, Bill (2010 թ․ դեկտեմբերի 7). «One of tennis' ultimate winners, Pete Sampras, suffers a major loss». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  43. «Sampras' stolen trophies turn up at hospital - News | FOX Sports on MSN». Msn.foxsports.com. 2011 թ․ մարտի 22. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  44. «Sampras-Agassi Head-to-Head Matches». ATP Official website. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
  45. Muir, Allan. «Breaking news, real-time scores and daily analysis from Sports Illustrated - SI.com». Sportsillustrated.cnn.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  46. «Sampras-Rafter Career Head-To-Head». Atpworldtour.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  47. Holden, Kit (1998 թ․ օգոստոսի 28). «Tennis: Rafter learns the mind game». The Independent. London. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  48. Muir, Allan. «Breaking news, real-time scores and daily analysis from Sports Illustrated - SI.com». Sportsillustrated.cnn.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  49. Dillman, Lisa (1998 թ․ սեպտեմբերի 14). «Rafter Grandly Slams U.S. Open Criticism». Articles.latimes.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  50. Holden, Kit (1999 թ․ օգոստոսի 28). «Sampras slight raises stakes for 'Pat-trick'». The Independent. London. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  51. «Fired-up Sampras takes it to Rafter, faces Agassi next». CNN.
  52. «Sampras sets record with win against Rafter». CNN.
  53. Behniwal, Ajaybir (2007 թ․ մայիսի 2). «Women's tennis nets good draw through recent wins». The Daily Bruin. ASUCLA Student Media. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին.
  54. «Tennis Legend Pete Sampras Forms New Company - Pure Sports Management» (PDF). Press Release. 2007 թ․ մարտի 29. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 24-ին.
  55. «Actress Brigette is Sampras love match». CNN. Associated Press. 2000 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին.
  56. «Sampras Adds New Title: Father». The New York Times. 2002 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին.
  57. «Review 2005: Celebrity births, marriages and deaths». Manchester Evening News. 2005 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին.
  58. «Pete Sampras' House in Lake Sherwood». Home-designing.com. 2010 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  59. «Clay soils Pete's record». BBC Sport. 2002 թ․ մայիսի 23. Վերցված է 2008 թ․ փետրվարի 22-ին.
  60. «ATP Bio:Pete Sampras». Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  61. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.