Սան Խոսե (իսպաներեն՝ San José), Կոստա Ռիկայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը, ինչպես նաև՝ նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնը։ Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում, ծովի մակերևույթից 1170 մետր բարձրության վրա։ 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 288,054[1], համայնքինը՝ 333,980[2]: Սան Խոսեի մետրոպոլիսային տարածքը տարածվում է կանտոնի սահմաններից էլ այն կողմ՝ իր մեջ ներառելով Ալախուելա, Էրեիդա և Կարտագո քաղաքները ևս՝ ընդհանուր 2 միլիոնից ավելի բնակչությամբ (2017 թ.)[3]:
Սան Խոսեն աչքի է ընկնում լատինաամերիկյան քաղաքների մեջ կյանքի բարձր որակով[4], ապահովությամբ, գլոբալացման մակարդակով, շրջակա միջավայրի մաքրությամբ,հասարակական ծառայությունների բազմազանությամբ ու որակով[5]: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանի ամենանվազ իրավախախտումներով և ամենաապահով բնակավայրերից մեկն է[6]: 2006 թվականին ընտրվել է մշակույթի իբերո-ամերիկյան մայրաքաղաք: The MasterCard Global Destinations Cities Index 2012- համաձայն՝ Սան Խոսեն զբոսաշրջիկների ամենահաճախ այցելած վայրերից մեկն է Լատինական Ամերիկայում, իսկ Կենտրոնական Ամերիկայում այդ տեսակետից զբաղեցնում է առաջին տեղը[7][8]: GaWC-ի գնահատմամբ՝ Սան Խոսեն համարվում է «բետա գլոբալ քաղաք»: