Մաթս Վիլանդեր
Մաթս Վիլանդեր շվեդ.՝ Mats Wilander | |
---|---|
![]() | |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ![]() |
Բնակվելու վայր | Հեյլի |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 22, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Վեկշյո, Շվեդիա[2] |
Հասակ | 182 սմ |
Քաշ | 77 կգ |
Կարիերայի սկիզբ | 1981 թվական |
Կարիերայի ավարտ | 1996 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 7 976 256 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 571–222[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1988 թվականի սեպտեմբերի 12) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1983-84, 1988) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1982, 1985, 1988) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (1987-89) |
ԱՄՆ | Հաղթանակ (1988) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 168–127[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 3 (1985 թվականի հոկտեմբերի 21) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1984) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (1985) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1986) |
ԱՄՆ | Եզրափակիչ (1986) |
wilanderonwheels.com(անգլ.) | |
Ավարտել է կարիերան |
Մաթս Առնե Ուլոֆ Վիլանդեր (շվեդ.՝ Mats Arne Olof Wilander [ˈmats viˈlandər], օգոստոսի 22, 1964[1], Վեկշյո, Շվեդիա[2]), շվեդ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ տղամարդկանց մենախաղում։ 1982 թվականից մինչև 1988 թվականները նա հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի յոթ մրցաշարերում (երեքը Ֆրանսիայի բաց առաջնությունում, երեքը Ավստրալիայի բաց առաջնությունում և մեկը ԱՄՆ բաց առաջնությունում) և Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարում տղամարդկանց զուգախաղում (Ուիմբլդոնի մրցաշարում)։
1988 թվականին Վիլանդերը հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի չորս մրցաշարերից երեքում և այդ տարին ավարտել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Չնայած նրան, որ նա երբեք տիտղոս չի շահել Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղում, Վիլանդերը երկու անգամ հաղթել է Ավստրալիայում, երբ այդ մրցաշարը անց էր կացվում խոտածածկի վրա։ Դա Վիլանդերին դարձնում է վեց թենիսիտներից մեկը (Ջիմի Քոնորսի, Անդրե Աղասիի, Ռաֆայել Նադալի, Ռոջեր Ֆեդերերի և Նովակ Ջոկովիչի հետ միասին), ովքեր Մեծ Սաղավարտի մրցաշարերում հաղթանակ են տարել խոտածակի, հարդի և գրունտի վրա[3]։ Վիլանդերը և Ռաֆայել Նադալը այն երկու թենիսիտներն են, ովքեր նվազագույնը երկու անգամ հաղթանակ են տարել երեք ծածկույթներից յուրաքանչյուրի վրա (2 Ավստրալիա, երբ այն խաղացվում էր խոտածածկի վրա, մինչև 1988 թվականը, 1 Ավստրալիա և 1 ԱՄՆ հարդի վրա և 3 Ֆրանսիա գրունտի վրա)։
Վիլանդերը Մեծ Սաղավարտի մենախաղի իր չորրորդ տիտղոսը նվաճել է 20 տարեկան հասակում, ինչը նրան դարձնում է ամենաերիտասարդ թենիսիտը պատմության մեջ, ով հասել է այդ հաջողությանը[4]։ Բացի այդ, նա նաև հաղթել է ութ Grand Prix Super Series մրցաշարերում (1983-1988), ժամանակակից Masters 1000 մրցաշարերի նախորդողը։ Նա կարիերայի ընթացքում հաղթանակ է տարել մենախաղի 33 և զուգախաղի 7 մրցաշարերում։ Նա նաև հանդիսանում էր Շվեդիայի հավաքականի շարժիչ ուժը 1980-ական թվականների յոթ անընդմեջ Դևիսի Գավաթի եզրափակիչներում։
2002 թվականին Մաթս Վիլանդերը ընդգրկվում է Թենիսի փառքի միջազգային սրահում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթս Վիլանդերը ծնվել է 1960 թվականին Վեկշյոում, Շվեդիա։ Վիլանդերը թենիսի աշխարհի ուշադրությունը առաջին անգամ իր վրա է անդրադարձրել երբ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարում, Եվրոպայի մինչև 16 և 18 տարեկանների առաջնություններում և Մայամիի Orange Bowl-ի մինչև 16 տարեկանների մրցաշարում։
1980-1988 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլանդերը պրոֆեսիոնալ մրցաշարերում նորամուտել է 1980 թվականին, Շվեդիայի Բաստադի գրունտային մրցաշարում։ 1981 թվականի սեպտեմբերին նա պարտություն է կրում Բյորն Բորգի դեմ կարիերայում միակ մրցախաղում, պարտվելով Ժնևի մրցաշարի առաջին շրջանում՝ 6-1, 6 -1։
Վիլանդերը թենիսային աշխարհը զարմացրել է 1982 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Հանդես գալով որպես որակավորված խաղացող, նա չորրորդ շրջանում պարտության է մատնում երկրորդ «դասակարգված» Իվան Լենդլին՝ 4-6, 7-5, 3-6, 6-4, 6-2, քառորդ եզրափակիչում հինգերորդ «դասակարգված» Վիտաս Գերուլայտիսին՝ 6-3, 6-3, 4-6, 6-4, չորրորդ «դասակարգված» Խոսե Լուիս Կլերկին կիսաեզրափակիչում՝ 7-5, 6-2, 1-6, 7-5 և երրորդ «դասակարգված» Գիլիերմո Վիլասին եզրափակիչում՝ 1-6, 7-6 (6 ), 6-0, 6-4, 4 ժամ 42 րոպեում։ Կլերկի հետ կիսաեզրափակիչ խաղի վերջնամասում[5] նա խնդրում է վերախաղարկել գնդակը, քանի որ նա չէր ցանկանում հաղթանակ տանել մրցավարի կասկածելի որոշման պատճառով։ Դա ընդունվում է որպես արդար խաղի արտակարգ դրսևորում և դրա համար արժանանում է Պիեր Կուբերտենի անվան World Fair Play Trophy մրցանակի։ Նա եղել է Մեծ Սաղավարտի տղամարդկանց մենախաղի մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը՝ 17 տարեկան և 9 ամսական, ռեկորդ, որը հետագայում գերազանցում են Բորիս Բեկկերը և Մայքլ Չանգը։ Վիլանդերը Մեծ Սաղավարտի մրցաշարում հաղթանակ է տանում երրորդ փորձից և դառնում այն խաղացողը, ում ամենաքիչ քանակի փորձ էր անհրաժեշտ հաթանակի հասնելու համար[6], և առաջին թենիսիտը, ով հաղթանակ է տանում մրցաշարի հիմնական ցանցին մասնակցելով որակավորման փուլը հաղթահարելու արդյունքում[7], ինչը կրկնում է Գուստավո Կուերտենը 1997 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Այնուհետև Վիլանդերը պարտություն է կրում Մեծ Սաղավարտի հաջորդ երկու մրցաշարերի քառորդ եզրափակիչներում՝ Ուիմբլդոնի մրցաշարում Բրայան Թիչերին և ԱՄՆ բաց առաջնությունում Իվան Լենդլին։ 1982 թվականի մրցաշրջանի ընթացքում Վիլանդերը տիտղոս է շահում ևս երեք մրցաշարերում և տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի 7-րդ հորիզոնականում։ Տարվա արդյունքներով Վիլանդերը արժանանում է «Svenska Dagbladet Gold Medal» մարզական մրցանակին։
Վիլանդերը Մեծ Սաղավարտի մրցաշարեր վերադառնում է 1983 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ եզրափակիչում պարտվում է Յանիկ Նոային՝ 2–6, 5–7, 6–7(3–7), քառորդ եզրափակիչում Ջոն Մաքինրոյի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում պարտվում է Ռոսկո Տաներին և ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում Իվան Լենդլին։ Վիլանդերը Մեծ Սաղավարտի իր երկրորդ տիտղոսը նվաճում է նույն տարում, Ավստրալիայի բաց առաջնությունում, խաղալով «Kooyong» մարզադաշտի խոտածածկի վրա, որտեղ նա կիսաեզրափակիչում հաղթում է Ջոն Մաքինրոյին՝ 4-6, 6-3, 6-4, 6-3, դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը[8] և եզրափակիչում Իվան Լենդլին՝ 6–1, 6–4, 6–4։ 1983 թվականի մրցաշրջանում նա հաղթում է ութ այլ մրցաշարերում, այդ թվում երկու «Գրան-Պրի» շարքի մրցաշարերում և տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնականում։
Վիլանդերը Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը պաշտպանում է 1984 թվականին, քառորդ եզրափակիչում հաղթելով Ստեֆան Էդբերգին և եզրափակիչում՝ Կևին Կարենին (6–7(5–7), 6–4, 7–6(7–3), 6–2)։ Նա Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում պարտվում է Իվան Լենդլին, Ուիմբլդոնի երկրորդ շրջանում՝ Պատ Կեշին և ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում նույն Կեշին։ 1984 թվականի մրցաշրջանում նա հաղթում է երեք մրցաշարում, ներառյալ երրորդ տիտղոսը «Գրան-Պրի» շարքի մրցաշարում և կրկին տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնականում։
1985 թվականին Վիլանդերը երկրորդ անգամ հաղթում է Ֆրանսիայի բաց առաջնությունում, եզրափակիչում առավելության հասնելով Իվան Լենդլի նկատմամբ և երրորդ տարին անընդմեջ հասնում է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ[8], որտեղ նա պարտվում է Ստեֆան Էդբերգին։ Սակայն Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում պարտվում է Սլոբոդան Ժիվոինովիչին և ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում Ջոն Մաքինրոյին։ Նա 1985 թվականի մրցաշրջանում հաղթում է երեք մրցաշարում և տարվա վերջին զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Վիլանդերը դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնական, Լենդլից հետո, բարձրանում է 1986 թվականի ապրիլի 28-ին, որից հետո Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվում է Անդրեյ Չեսնոկովին, Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում ՝ Պատ Կեշին և ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում՝ Միլոսլավ Մեչիրժին։ Սակայն մյուս մրցաշարերում նրա հաջողությունները թույլ են տալիս տարին ավարտել երրորդ հորզոնականում։ Վիլանդերը իր հայրենակից Յոակիմ Նյուստրյոմի հեի զույգով հաղթում է 1986 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց զուգախաղում։ Նա նաև շահում է մենախաղի իր չորրորդ տիտղոսը «Գրան-Պրի» շարքի մրցաշարերում։
1987 թվականի մրցաշրջանը Վիլանդերին բավականին հաջողություն է բերում։ Նրա ավելի վարպետացված խաղը նրան բերում է հերթական եզրափակիչները Ֆրանսիայի բաց առաջնությունում և ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա կրկին պարտվում է Իվան Լենդլին։ Պատ Կեշը կրկին անհաջողություն է բերում Վիլանդերին Ուիմբլդոնի մրցաշարում, հաղթանակ տանելով նրա նկատմամբ երեք սեթում։ Վիլանդերը 1987 թվականի ընթացքում հաղթում է հինգ մրցաշարում, այդ թվում երկու «Գրան-Պրի» մրցաշարում, իր հաղթանակների քանակը հասցնելով վեցի և տարին ավարտում է երրորդ հորիզոնականում՝ երրորդ տարին անընդմեջ։
1988 թվականը Վիլանդերի համար դառնում է իր կարիերայի գագաթնակետը։ Հունվարին նա հաղթում է իր երրորդ Ավստրալիայի բաց առաջնությունը մենախաղում, այս անգամ Մելբուռնի հարդային ծածկույթի վրա, կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողնելով Ստեֆան Էդբերգին, հինգ սեթանոց համառ պայքարում՝ 6-0, 6-7, 6-3, 3-6, 6-1 և մրցաշարի տանտեր Պատ Կեշի նկատմամբ հաղթանակ տանելով եզրափակիչում, նույնպես հինգ սեթում՝ 6–3, 6–7, 3–6, 6–1, 8–6։ Ընդ որում, նա դառնում է միակ թենիսիտը, ով հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում ինչպես խոտածածկի, այնպես էլ հարդի վրա։ Վիլանդերը մեկ այլ տնային սիրելիի հետ է հանդիպում Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում՝ Անրի Լեկոնտի։ Վիլանդերը հաղթանակ է տանում երեք սեթում՝ 7–5, 6–2, 6–1, շահելով խաղի ընթացքում իր առաջին մատուցմամբ 73 խաղարկություններից 71-ում[9]։ Ուիմբլդոնի մրցաշարում Վիլանդերը հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ նա պարտվում է Միլոսլավ Մեչիրժին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարերում տարվա ընթացքում իր երրորդ եզրափակիչին։ Նախորդ տարվա եզրափակիչի կրկնությունում Վիլանդերը, համարյա 5 ժամ տևած մրցախաղում, հաղթանակ է տանում հինգ սեթում՝ 6–4, 4–6, 6–3, 5–7, 6–4 և վերջ է դնում դասակարգման աղյուսակի վերին հորիզոնականում Լենդլի երեքամյա կառավարմանը։ Դա Մեծ սաղավարտի մրցաշարերում Վիլանդերի յոթերորդ մենախաղային տիտղոսն էր և հանգեցնում է նրան, որ Վիլանդերը բարձրանում է ATP դասակարգման աղյուսակի վերին հորիզոնական[10], հաղթելով տարվա ընթացքում Մեծ Սաղավարտի երեք մրցաշարում, ևս երկու տիտղոս «Գրա-Պրի» մրցաշարերում՝ Կի Բիսկեյնում և Ցինցինատիում և ևս մեկ տիտղոս Պալերմոյում։ Նա առաջին հորիզոնականը զբաղեցնում էր ընդհանուր առմամբ 20 շաբաթ, մինչ Լենդլը այն իրեն է վերադարձնում 1989 թվականի հունվարի վերջին։ Նա նաև դառնում է առաջին թենիսիտը, ով նվազագույնը երկու հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մրցաշարերում բոլոր երեք ծածկույթների վրա՝ գրունտ, հարդ և խոտածածկ[11]։
1988 թվականի Ցինցինատիի նրա տիտղոսը չորրորդն էր այդ մրցաշարում, ինչը նրան դարձնում է երեք թենիսիտներից մեկը, սկսած 1899 թվականից, ում հաջողվել է չորս տիտղոս նվաճել Ցինցինատիում՝ Բոբի Ռիգսի և Ջորջ Լոտի հետ միասին։ Դրանից հետո այդ ցուցակի մեջ է ընդգրկվում նաև Ռոջեր Ֆեդերերը։
1989-1996 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլանդերի արդյունքներըք և վարկանիշը անկում են ապրում 1989 թվականին։ Նա Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում պարտություն է կրում Ռամեշ Կրիշնանից, Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում՝ Անդրեյ Չեսնոկովից, Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում Ջոն Մաքինրոյից (7-6, 3-6, 6-3, 6-4), իսկ ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում՝ Փիթ Սամփրասից (5-7, 6-3, 1-6, 6-1, 6-4)։ Նա 1989 թվականի մրցաշրջանի ընթացքում ոչ մի մրցաշարում հաղթանակ չի տանում և իջնում է դասակարգման աղյուսակի 12-րդ հորիզոնական։
Վիլանդերը կարֆ ժամանակով վերադառնում է Թոփ-10-յակ 1990 թվականի փետրվարի 12-ին, սակայն տարվա վերջին նրա վարկանիշը կտրուկ անկում է ապրում, հասնելով 41-րդ հորիզոնական։ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Վիլանդերը հաղթում է Բորիս Բեկկերին, սակայն կիսաեզրափակիչում պարտվում է Ստեֆան Էդբերգին։ Նա բաց է թողնում Ուիմբլդոնի մրցաշարը և Ֆրանսիայի բաց առաջնությունը, իսկ ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում պարտվում է Բրեդ Ջիլբերտին։
Վիլանդերը 1991 թվականին մասնակցություն է ունենում միայն առաջին կեսի մրցաշարերում, որտեղ նա պարտվում է Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում և Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում։ Նա տարին ավարտում է աղյուսակի 159-րդ հորիզոնականում։
Վիլանդերը բաց է թողնում 1992 թվականի մրցաշրջանը և 1993 թվականին մասնակցում է յոթ մրցաշարերում, որոնցից հինգում պարտություն է կրում առաջին իսկ շրջանում։ ԱՄն բաց առաջնության երրորդ շրջանում նա պարտվում է Սեդրիկ Պիոլինին։ Տարին նա ամփոփում է դասակարգման աղյուսակի 330-րդ հորիզոնականում։
Բացառությամբ Ուիմբլդոնի, Վիլանդերը մասնակցում է 1994 թվականի մրցաշրջան բոլոր մրցաշարերում։ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում նա պարտվում է Մելիվայ Վաշինգտոնին, Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում՝ Անդրե Աղասիին (6-2, 7-5, 6-1), իսկ ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում՝ Գի Ֆորժեին։ Նրա միակ հաղթանակը Թոփ-10-յակի թենիսիտի նկատմամբ կայանում է Ինդիանապոլիսի մրցաշարի երկրորդ շրջանում, Թոդ Մարտինի նկատմամբ։ Տարվա վերջին նա զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 129-րդ հորիզոնականը։
Վիլանդերի արդյունքները փոքր-ինչ բարելավվում են 1995 թվականին, երբ նա տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորզոնականում։ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Յակո Էլթինգից կրած պարտությունից հետո, նա պարտվում է նաև Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում՝ 8-րդ «դասակարգված» Ուեյն Ֆերեյրային (6-7( 5), 7-6(1), 6-3, 6-7(4), 8-6)։ 1995 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո նրա թեստերը կոկաինի դրական արդյունք են ցույց տալիս, որի արդյունքում նա երեք ամսով հեռացվում է ATP մրցաշարերից[12]։ Այնուհետև նա պարտվում է Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում, Յակո Էլթինգին և ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում Թոդ Մարտինին։ Այլ մրցաշարերում նա հաղթում է № 10 Մարկ Ռոսեին, № 8 Ուեյն Ֆերեյրային և № 6 Եվգենի Կաֆելնիկովին։ Բացի այդ, նա հաղթում է Ստեֆան էդբերգի կարիերայի վերջին մրցախաղում, Մոնրեալի Canadian Open մրցաշարի երկրորդ շրջանում։
1996 թվականին Վիլանդերը խաղում է Մեծ Սաղավարտի միայն մեկ մրցաշարում, Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում զիջելով Թոդ Մարտինին։ Նա կարիերան ավարտում է հոկտեմբերին Պեկինի մրցաշարի եզրափակիչում Մարտին Դամի հետ հանդիպումից հետո։
Իր կարիերայի մեծ մասի ընթացքում Վիլանդերը օգտագործել է Rossignol F-200 տեսակի թենիսի ռակետ։
Այժմ թենիսային փորձավետ է աշխատում Eurosport հեռուստաընկերության անգլալեզու տարբերակում։
Դևիսի Գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթս Վիլանդերը 1980-ական թվականներին Շվեդիայի շատ հաջողակ հավաքականի անքակտելի մասն էր կազմում Դևիսի Գավաթի խաղարկությունում։
Նա Շվեդիայի հավաքակըանի հետ իր առաջին եզրափակիչին հեսնում է 1983 թվականին, որտեղ նրանք պարտություն են կրում Ավստրալիայի հավաքականից՝ 2-3 (չնայած Վիլանդերի երկու մենախաղային հաղթանակների)։ 1984 թվականին Շվեդիան (Վիլանդերի հետ) շահում է գավաթը, եզրափակիչում հաղթելով ԱՄՆ հավաքականին՝ 4-1։ Շվեդիան գավաթը պաշտպանում է 1985 թվականին, 3-2 հաշվով հաղթանակ տանելով Գերմանիայի հավաքականի նկատմամբ։ Վիլանդերը օգնում է Շվեդիային կրկին եզրափակիչ դուրս գալու 1986 թվականին, սակայն հրաժարվում է խաղալ եզրափակիչում, քանի որ նա ամուսնանում էր (Շվեդիան պարտություն է կրում Ավստրալիայից 3-2 հաշվով)։ Վիլանդերը իր չորրորդ եզրափակիչում խաղում է 1987 թվականին, որտեղ Շվեդիան ջախջախում է Հնդկաստանի հավաքականին՝ 5-0։ Եվս երկու եզրափակիչներ հետևում են 1988 և 1989 թվականներին, սակայն Շվեդիան երկու անգամն էլ պարտություն է կրում Գերմանիայի հավաքականից։ Վիլանդերը Դևիսի Գավաթում վերջին անգամ խաղում է 1995 թվականի կիսաեզրափակիչում, որտեղ նա պարտվում է Անդրե Աղասիին՝ 7-6 (5), 6-2, 6-2 և Փիթ Սամփրասին՝ 2-6, 7-6 (4), 6-3։
Վիլանդերը Շվեդիայի համար ռեկորդային արդյունքներ է ցույց տալիս Դևիսի Գավաթի խաղարկության ինչպես մենախաղում (36-16), այնպես էլ զուգախաղում (7-2)։ Այնուամենայնիվ, Դևիսի Գավաթում Վիլանդերի համար ամենահիշարժան խաղն ավարտվել է պարտությամբ։ 1982 թվականի հուլիսին, ԱՄՆ հավաքականի հետ քառորդ եզրափակիչ խաղում, Միսսուրի նահանգի Սենտ Լյուիսի կորտերում, Վիլանդերը որոշիչ հինգերորդ խաղում պարտություն է կրում Ջոն Մաքինրոյից՝ 9-7, 6-2, 15-17, 3-6, 8-6։ Խաղը տևում է 6 ժամ և 32 րոպե, որը մինչ այժմ ամենաերկարատևն է Դևիսի Գավաթի խաղարկության պատմության մեջ[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլանդերը իր ժամանակի մեծ մասը այժմ անց է կացնում ապրելով 81 ակր տարածքով իր կալվածքում, ԱՄՆ-ի Այդահո նահանգի Հեյլիում (Sun Valley լեռնադահուկային առողջարանի մի մասը), իր կնոջ՝ ծնունդով հարավաֆրիկացի մոդել Սոնայի (ծնված Մալհոլանդ) հետ։ Նա ժամանակ առ ժամանակ շրջագայում է մեծահասակների մրցաշարերում։ Խաղացողի կարիերայի ավարտից հետո նա հանդիսանում էր Դևիսի Գավաթում Շվեդիայի հավաքականի ավագը և որպես ռուսաստանցի թենիսիտ Մարատ Սաֆինի մարզիչ։
Վիլանդերն ունի հինգ երեխա՝ Էմա, Կարլ, Էրիկ, Օսկար և Թրևիս։ Նրա որդի Էրիկը տառապում է բուլյոզային էնդերմոլիզի թեթև տեսակով, որի վրա բարենպաստ ազդեցություն է թողնում Ադյահոյի սառը և չոր օդը[14]։ Վիլանդերը և նրա կինը միջոցներ են տրամադրել այդ հիվանդության բուժման հետազոտությունների համար։
Նա սկսել է մարզել Տատյանա Գոլովինային 2007 թվականի հուլիսին։ Գոլովինայի հետ աշխատելուց հետո, 2007 թվականի վերջերին, Վիլանդերը սկսում է մարզել Պոլ-Անրի Մաթյոին։
Տարեվերջի վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մենախաղային վարկանիշ |
Զուգախաղային վարկանիշ |
1996 | 196 | 525 |
1995 | 46 | 324 |
1994 | 129 | 165 |
1993 | 330 | 1067 |
1991 | 159 | 387 |
1990 | 41 | 252 |
1989 | 12 | 295 |
1988 | 1 | 179 |
Թվական | Մենախաղային վարկանիշ |
Զուգախաղային վարկանիշ |
1987 | 3 | 25 |
1986 | 3 | 9 |
1985 | 3 | 4 |
1984 | 4 | 25 |
1983 | 7 | 112 |
1982 | 69 | |
1980 | 283 | |
1979 | 480 |
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ATP վեբկայք
- ↑ 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 660. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ «Great AO Champions». AustralianOpen.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ International Tennis Hall of Fame Profile of Mats Wilander (under "Tournament Record")
- ↑ «Wilander Clerc RG 1982». YouTube.
- ↑ Clarey, Christopher (2005 թ․ հունիսի 6). «French Open: Nadal triumphs at first attempt». The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին. «[Nadal was] the first man to win Roland Garros on his first visit since Mats Wilander did it at age 17 in 1982.»
- ↑ Lynch, Steven (2014 թ․ մայիսի 15). «French Open fairytales». ESPN. Արխիվացված է օրիգինալից 2015-07-15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 8,0 8,1 «Grand Slam History». ATP World Tour. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «TENNIS - Wilander Spoils The Party In Paris - NYTimes.com». nytimes.com. 1988 թ․ հունիսի 6.
- ↑ «DEUCE US Open 2008 – Shark Bites». ATP World Tour. 2008 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Nadal Completes Career Grand Slam With US Open Title». ATP World Tour. 2010 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին. «[Nadal] is the second player to win Grand Slam titles on three different surfaces at least twice, behind Mats Wilander.»
- ↑ «Wilander and Novacek Are Banned». The New York Times. 1997 թ․ մայիսի 15. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Davis Cup History – Records». Davis Cup. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Perrotta, tom (2011 թ․ մարտի 3). «From Wimbledon to Winnebago». The Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Մաթս Վիլանդերը ATP կայքում
- մաթս Վիլանդերը ITF կայքում Արխիվացված 2019-05-02 Wayback Machine
- Մաթս Վիլանդերը Դևիսի Գավաթի կայքում
- Մաթս Վիլանդերկ Թենիսի բառքի միջազգային սրահում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթս Վիլանդեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Տղամարդկանց թենիսի առաջին ռակետներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
- Շվեդ թենիսիստներ
- Ուիմբլդոնի մրցաշար
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն