Տնտեսական գործընկերության համաձայնագիր (Ճապոնիա-ԵՄ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնտեսական գործընկերության համաձայնագիր (Ճապոնիա-ԵՄ)
անգլ.՝ EU-Japan Economic Partnership Agreement
Պայմանագրի տիպ առևտրային համաձայնագիր
Ստորագրվել է
— վայր
2018 թվականի դեկտեմբերի 21
Ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 1
Կողմեր Ճապոնիա և ԵՄ 28 անդամ-երկրներ
Լեզուներ ճապոներեն և ԵՄ պաշտոնական լեզուներ

Եվրոպական միության և Ճապոնիայի միջև տնտեսական գործընկերության համաձայնագիր՝ ԵՄ-Ճապոնիա ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր (անգլալեզու մամուլում հայտնի է որպես անգլ.՝ Japan-EU free trade agreement, JEFTA), ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին։ ԵՄ-ն և Ճապոնիան միջազգային ասպարեզում խոշորագույն խաղացողներից են, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 630 մլն մարդ, և նրանց է պատկանում համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 30% մասնաբաժինը 2018 թվականի դրությամբ[1]։

Բանակցությունների պատմություն և բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիան ԵՄ-ի վաղեմի գործընկերն է, նրանց միջև հարաբերություններն անշեղորեն զարգանում են՝ սկսած առ ևտրից և ներդրումներից մինչ և այլ ոլորտներում հարցերի լայն շրջանակ[2]։

ԵՄ-Ճապոնիա տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2013 թվական ապրիլին։ Ընդհանուր առմամբ 2013 թվականից մինչև 2018 թվականը անցկացվել է բանակցությունների 18 փուլ։

Ի սկզբանե կողմերը պայմանագրի ստորագրման ժամկետ էին սահմանել 2015 թվականի վերջը, սակայն այն խափանվել էր։ Նոր ժամկետ էր նշանակվել 2016 թվականի վերջը։ Այդ ընթացքում ԵՄ-ի և Ճապոնիայի ղեկավարները բազմիցս հանդիպումներ են ունեցել։ Սակայն այս ժամկետում ևս համաձայնության հասնել չի հաջողվել։ Կարևոր խոչընդոտներից մեկը Ճապոնիա Եվրոպական գյուղատնտեսական արտադրանքի (խոզի միս, պանիր, տավարի միս և այլն) ներմուծման սակագների հարցն էր։

Բանակցությունների վրա ազդել են նաև հետևյալ գործոնները՝ Brexit-ը, որն անորոշություն է առաջացրել ճապոնական իշխող և գործարար շրջանակների մոտ, ինչպես նաև ԵՄ քաղաքացիների հանրային ուշադրությունը Միջազգային պայմանագրերի ստորագրման նկատմամբ։ Այսպես, օրինակ, Բելգիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված ավելի վաղ Կանադայի հետ նման համաձայնագրի ստորագրման հետ։ Այս միջադեպը զգալի անհանգստություն է առաջացրել ճապոնացի գործընկերների շրջանում, որոնք վախենում էին իրավիճակի կրկնությունից[3]։

Չնայած բոլոր զսպող գործոններին՝ կողմերը ազատ առևտրի գոտու մասին լայնածավալ համաձայնագիր կնքելու սկզբունքային մտադրության մասին հայտարարեցին 2017 թվականի հուլիսի սկզբին՝ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի բացումից առաջ։ Այսպիսով, Տոկիոն և Բրյուսելը հստակ և միանշանակ ուղերձ են հղել «Քսանյակի» առաջնորդներին արդար առ ևտուրը պաշտպանելու և պրոտեկցիոնիզմին հակազդելու իրենց վճռականությունը դրսևորելու մասին։

2018 թվականի հուլիսի 17-ին Եվրամիությունը և Ճապոնիան Տոկիոյում ստորագրեցին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Ճապոնիան G7-ի երկրներից երկրորդն է Կանադայից հետո, որի հետ Եվրամիությունը լայնածավալ առ ևտրային համաձայնագիր է կնքել[4]։

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Բրյուսելում տեղի ունեցավ դիվանագիտական նոտաների փոխանակում Եվրամիության և Ճապոնիայի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Համաձայնագիրը կոչված է նպաստելու ապրանքների և ծառայությունների առևտրի ազատականացմանն ու դյուրացմանը և տվյալ երկրների միջև ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը[5]։

ԵՄ-Ճապոնիա տնտեսական փոխհարաբերությունների բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիան և ԵՄ-ն հարաբերությունների բավականին երկար պատմություն ունեն։ Երկրները պատմականորեն ունեցել են բավականին սերտ տնտեսական և քաղաքական կապեր։ Սակայն երկկողմ համագործակցության մասին համաձայնագրեր չեն ձևակերպվել ընդհուպ մինչև 1991 թվականը, երբ ստորագրվեց համատեղ հռչակագիրը, որը հիմք դրեց ԵՄ-ի և Ճապոնիայի պաշտոնատար անձանց բարձր մակարդակով երկկողմ հանդիպումներն։

2018 թվականի տվյալներով՝ Ճապոնիան ԵՄ-ի՝ մեծությամբ երկրորդ առևտրային գործընկերն է Ասիայում՝ Չինաստանից հետո[6]։ Միասին՝ ԵՄ-ին և Ճապոնիային բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մոտ մեկ քառորդը (2018)[6]։

Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտահանման և ներմուծման գործառնությունների դինամիկան 1995-2017 թվականներին, միլիարդ ԱՄՆ դոլարով[7][8]՝

474x474пкс

1995 թվականից ի վեր նկատվում է ԵՄ-ի և Ճապոնիայի ինտենսիվ ապրանքաշրջանառություն։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի և Ճապոնիայի միջև առևտրային հարաբերությունները սովորաբար մինչև 2012 թվականը բնութագրվում էին հօգուտ Ճապոնիայի։ 2012-2014 թվականներին փոխադարձ առևտուրն ավելի հավասարակշռված դարձավ, բայց հետո սկսվեց վերադարձը նախկին միտմանը։

Ճապոնիայի հետ առևտուրը երկար ժամանակ կազմել է ԵՄ-ի ընդհանուր առևտրային դեֆիցիտի զգալի մասը (1992 թվականին՝ գրեթե երեք հինգերորդը)։ ԵՄ-ի հետ Ճապոնիայի հավելուրդը 1970 թվականին 0,8 մլրդ էկյուից հասել է 34,1 մլրդ էկյուի՝ 1992 թվականին[9]։ Նման դինամիկան 1990-ականներին և 2010-ականներին բացատրվում է մի քանի գործոններով՝

  1. Ճապոնիան քիչ հումք և էներգիայի աղբյուրներ ունի։ Ճապոնիայի տնտեսությունը մասնագիտանում է բարձր տեխնոլոգիական ապրանքների մեջ, ինչպիսիք են մեքենաները և տրանսպորտային սարքավորումները, որոնց շնորհիվ հիմնականում ավելցուկ է ձեռք բերվում հօգուտ Ճապոնիայի։
  2. Եվրոպական արտադրողները չկարողացան ներթափանցել Ճապոնիայի շուկաներ։ 1990-ականներին Եվրոպայից ճապոնական ներմուծումը 25 %-ով պակաս էր, քան սպասվում էր[10]։ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո եվրոպական արտադրողները բոլոր հնարավորություններն ունեն իրենց տեղը գտնելու ճապոնական շուկաներում։

Նախքան JEFTA-ի կնքումը, Ճապոնիան ավելի փակ էր արտաքին առևտրի և ներդրումների համար, քան զարգացած արդյունաբերական մյուս երկրները։ Նման իրավիճակը արդյունք էր կառուցվածքային շուկայական խոչընդոտների, որոնք ստեղծվել էին միմյանց հետ խոշոր ընկերությունների ինտեգրման արդյունքում։ Ճապոնական շատ ընկերություններ եղել են keiretsu-ի անդամներ, խմբեր, որոնք բաղկացած են միմյանցից խաչաձև բաժնետոմսեր ունեցող ընկերություններից։ Այս բիզնես խմբերի անդամները միմյանց արտոնյալ վերաբերմունք էին տրամադրում՝ որպես նախընտրելի մատակարարներ և հաճախորդներ։ Հետագա համակարգումն իրականացվել է Միջազգային առևտրի և արդյունաբերության նախարարության (MITI) կողմից։ Այսպիսով, օտարերկրյա ընկերությունների համար դժվար էր առևտրային և ներդրումային հարաբերություններ հաստատել ճապոնական կազմակերպությունների հետ։

ԵՄ-ի և Ճապոնիայի միջև արտահանման և ներմուծման գործառնությունների ապրանքային կառուցվածքը 2017 թվականին, %-ով[9][11]՝

427x427пкс

Ինչ վերաբերում է արտահանման և ներմուծման ապրանքային կառուցվածքին, ապա ԵՄ արտահանման մեջ գերակշռում են մեքենաները, օպտիկական և բժշկական գործիքներն ու քիմիական նյութերը։ ԵՄ-ից ներմուծման մեջ գերակշռում են մեքենաները, դեղագործական պատրաստուկները, օպտիկական և բժշկական գործիքներն ու էլեկտրական սարքերը, ինչպես նաև սննդամթերքը։ ԵՄ-ի և Ճապոնիայի միջև առևտուրը հիմնականում ներարդյունաբերական ուղղվածություն ունի։ Օրինակ, ԵՄ-ում քիմիական նյութերի և արտադրանքի արտահանումը ներառում է բարձր արդյունավետության, ֆունկցիոնալ, քիմիական նյութեր, ինչպիսիք են LCD էկրանի պաշտպանիչները, բևեռացուցիչները, բարդ կիսահաղորդիչները և ածխածնային մանրաթելերը[12]։ ԵՄ-ից Ճապոնիա քիմիական նյութերի և արտադրանքի ներմուծումը ներառում է այնպիսի ապրանքներ, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության, ավտոմոբիլաշինության, ռոբոտաշինության մեջ։

Միևնույն ժամանակ ԵՄ-ի և Ճապոնիայի միջև նկատվում է նաև միջճյուղային առևտուր։ Ճապոնիան ներմուծում է սննդամթերք (միս, կաթնամթերք, գինի, ցորեն, կերային կուլտուրաներ)։ Դա պայմանավորված է նրանով, որ երկիրը վարելահողերի սուր պակաս ունի (ամբողջ տարածքի միայն 11%-ը), 2017 թվականին երկրի գյուղատնտեսական արտադրանքի ինքնաբավության մակարդակը 39 % էր, իսկ պետության վերահսկողության տակ է գտնվում գյուղատնտեսության ոլորտի խոշոր մասը[12]։

Ճապոնիայի և ԵՄ-ի միջև ծառայությունների առևտրի փոփոխությունը 1995-2017 թվականներին, միլիարդ ԱՄՆ դոլարով[13]՝

428x428пкс

Ծառայությունների շուկայում իրավիճակը մի փոքր հակառակն է։ Գծապատկերից երևում է, որ 2010 թվականից ի վեր ԵՄ-ից Ճապոնիա ծառայությունների ներմուծումը միշտ գերազանցել է Ճապոնական ծառայությունների արտահանմանը ԵՄ։ Ընդ որում, մինչև 2017 թվականը բացը չի կրճատվել, այլ միայն ավելացել է։ Հիմնականում Ճապոնիան ներմուծում է ֆինանսների, տրանսպորտի և հեռահաղորդակցության հետ կապված ծառայություններ։ Ճապոնիայից արտահանումը ներառում է ֆինանսներ և տրանսպորտ։ ԵՄ ծառայությունների արտահանման գործում եկամտի կարևոր աղբյուր է մտավոր սեփականության օգտագործման համար վճարը։

ԵՄ-ի և Ճապոնիայի միջև ծառայությունների առևտուրը ըստ ոլորտների 2017 թվականին, %-ով[9]՝

432x432пкс

ԵՄ-ի և Ճապոնիայի միջև օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը 1996-2017 թվականներին, զուտ, միլիարդ ԱՄՆ դոլարով[14]՝

431x431пкс

Ներդրումների ոլորտում ԵՄ-ից Ճապոնիա ՕՈՒՆ-ի ծավալը աճում է 2001 թվականից (չնայած ճգնաժամային տարիների որոշ ձախողումներին), ինչը նշանակում է, որ եվրոպական ներդրողները հետաքրքրված էին Ճապոնիայով և սերտորեն համագործակցում են նրա հետ։

FDI Markets-ի միջսահմանային ներդրումային մոնիտորինգի տվյալների համաձայն, Արևմտյան Եվրոպայում 2013 թվականից 2017 թվականներին Ճապոնիայից դուրս եկող ՕՈՒՆ-ի նախագծերի թվի զգալի աճ է գրանցվել։ 2013 թվականին Ճապոնիան 134 նախագիծ հայտարարեց Արևմտյան Եվրոպայում։ Այդ պահից Ճապոնական ՕՈՒՆ-ները դեպի Արևմտյան Եվրոպա ցույց են տալիս նախագծերի, կապիտալ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման արագ աճ։ 2014 թվականին Ճապոնիայից Արևմտյան Եվրոպա ՕՈՒՆ-ն աճել է 22%-ով և շարունակել է աճել՝ 2015 թվականին 6%-ով, իսկ 2016 թվականին 17%- ով։ 2017 թվականին առավելագույնին հասած ՕՈՒՆ-ի նախագծերի քանակը կազմել է 211[15]։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ճապոնական նախագծերի մեծ մասն ուղղվել է Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա և Բելգիա։ Գերմանիան առաջատար ներդրումային երկիրն էր, որում 2013 թվականից 2017 թվականներին տեղայնացվել են ճապոնական ՕՈՒՆ-ի բոլոր նախագծերի 27%-ը։ ՕՈՒՆ-ը դեպի Գերմանիա այս ժամանակահատվածում հանգեցրել է 7,280 աշխատատեղերի ստեղծմանը և 2,73 միլիարդ դոլարի ներդրումներ կատարելուն[15]։

2013-ից 2017 թվականներին ՕՈՒՆ-ի նախագծերի արդյունաբերության առաջատար հատվածը արդյունաբերական մեքենաների, սարքավորումների և գործիքների արտադրությունն էր, որոնք զբաղեցնում էին շուկայի 14,65%-ը։ Այս ընթացքում, մասնավորապես՝ 2016 թվականին, նախագծերի ծավալը հասել է իր գագաթնակետին. դիտարկվել է 32 նախագիծ[15]։

Ներկայացված ժամանակահատվածում ԵՄ-ում ճապոնական նախագծերի ավելացումը կարող էր կապված լինել Ճապոնիայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստման հետ։

Ստեղծման նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

JEFTA համաձայնագրի հիմնական նպատակն է ազատականացնել և խթանել առևտուրը, ներդրումները և ավելի սերտացնել տնտեսական հարաբերությունները[16]։ Ձևակերպված են հետևյալ ավելի կոնկրետ նպատակները՝

Ապրանքների շուկայի ազատականացում՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի և ԵՄ-ի միջև առևտրային ռեժիմի ազատականացումը նախատեսում է ոչ միայն մաքսային սակագների չեղարկում, այլև ներմուծման ոչ սակագնային սահմանափակումների աստիճանական վերացում, որոնք ավանդաբար ծառայում են որպես պրոտեկցիոնիզմի հիմնական գործիքներ։ Երկարաժամկետ հեռանկարում դրանց չեղարկումը ենթադրում է երկու երկրների արտադրանքի մրցունակության էական բարձրացում և մատակարարումների ընդլայնում[17]։

Ծառայությունների շուկայի ազատականացում՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նպատակի շրջանակներում նախատեսվում է աջակցել արդյունավետ, թափանցիկ և կանխատեսելի նորմատիվային միջավայրին, կարգավորման նկատմամբ համատեղ մոտեցումների առաջմղմանը և անհարկի ծանրաբեռնող, կրկնօրինակող կամ տարակարծիք նորմատիվային պահանջների կրճատմանը, միջազգային համաժողովներում կողմերի միջև երկկողմ համագործակցության ամրապնդմանը[17]։

Բնապահպանական բարձր չափանիշների երաշխիքի ապահովում՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթի այս դրույթն անդրադառնում է հիմնական խնդիրներին, ինչպիսիք են՝ կլիման, անտառային և ձկնային ռեսուրսները։ ԵՄ-ն և Ճապոնիան պարտավորվում են կատարել միջազգային բնապահպանական համաձայնագրերի հիմնական նորմերը, ներառյալ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան, ինչպես նաև Փարիզի կլիմայի համաձայնագիրը։ Կողմերը նաև պարտավորվում են պահպանել և կայուն օգտագործել բնական պաշարները, ինչպես նաև լուծել կենսաբազմազանության, անտառային տնտեսության և ձկնորսության հարցերը[17]։

Աշխատանքային բարձր ստանդարտների երաշխիքի ապահովում[17][խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալների գաղտնիության պաշտպանության կանոնների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միությունում սահմանափակումներ կան, թե ինչ կարող են անել ընկերությունները իրենց ստացած տեղեկատվության հետ կապված։ Օրենքի համաձայն՝ եվրոպացիների տվյալները պետք է պահպանվեն եվրոպական սերվերներում[18]։ Այս առումով, համաձայնագրում կողմերից չի պահանջվում ներկայացնել գաղտնի տեղեկատվություն, որի բացահայտումը կխոչընդոտի նրանց օրենքների և կանոնակարգերի կատարմանը կամ այլ կերպ կհակասի հանրային շահերին, կամ որը կվնասի կոնկրետ ձեռնարկությունների օրինական առևտրային շահերին։ Երբ սույն Համաձայնագրի համաձայն, կողմերից մեկը մյուս կողմին տրամադրում է տեղեկատվություն, որը համարվում է գաղտնի իր օրենքների և կանոնակարգերի համաձայն, մյուս կողմը պահպանում է տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, եթե տեղեկատվություն տրամադրող կողմը այլ բանի համաձայն չէ[16]։

Փոխադարձ ներդրումների խթանում[19][խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՄ-ն և Ճապոնիան պարտավորվում են ապահովել վճարային հաշվեկշռի ավելի խորը հաշվառում և կապիտալի ազատ տեղաշարժ։ Կողմերը նաև խորհրդակցություններ կանցկացնեն միմյանց հետ՝ ներդրումները հեշտացնելու նպատակով։ Նախատեսվում է, որ ԵՄ-ն և Ճապոնիան չպետք է միմյանց նկատմամբ սահմանափակումներ ընդունեն, որոնք վերաբերում են ստեղծվող ձեռնարկությունների քանակին, տնտեսական կարիքների ստուգման բացառիկ իրավունքներին կամ պահանջներին, գործարքների կամ ակտիվների ընդհանուր արժեքին, գործառնությունների ընդհանուր քանակին և օտարերկրյա կապիտալի մասնակցությանը՝ բաժնետոմսերի առավելագույն տոկոսային սահմանաչափի կամ անհատական կամ համախառն օտարերկրյա ներդրումների ընդհանուր արժեքի տեսանկյունից[16]։

Ոչ սակագնային առևտրային խոչընդոտների վերացում և ներդաշնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 տարի անց կամ ԵՄ-ի կամ Ճապոնիայի խնդրանքով երկու կողմերը կգնահատեն ոչ սակագնային միջոցների գործողության արդյունքում ի հայտ եկող հարցերը և կիրականացնեն հնարավոր անհավասարակշռությունների արդյունավետ լուծումներ։ Այս գնահատման արդյունքում ԵՄ-ն և Ճապոնիան խորհրդակցություններ կանցկացնեն՝ քննարկելու գոյություն ունեցող պարտավորությունների շրջանակի ընդլայնման կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լրացուցիչ պարտավորությունների ընդունման հարցը[16]։ Ոչ սակագնային միջոցների նվազումը հնարավոր է երկու ծայրահեղ սցենարով՝ նվազագույն նվազում և առավելագույն նվազում, որոնք կազմում են առևտրի ազատականացման հասնելու հնարավոր շրջանակը։ JEFTA -ն ձեռնարկում է մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են վարչական հարցերի ձևակերպման և գնահատման տարբեր դրույթների, ստանդարտների և պահանջների ներդաշնակեցմանը։ Այդ թվում՝ ավտոտրանսպորտի, բժշկական և տեքստիլ արդյունաբերության արտադրանքի միջազգային ստանդարտների ընդունում, սանիտարական և բուսասանիտարական մաքրման գործընթացի պարզեցում[20]։

Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համագործակցության ընդլայնում[21][22][խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուղղությամբ երկու կողմերը կկարողանան ստեղծել ՓՄՁ ոլորտում համագործակցության ավելի կատարյալ համակարգ՝ տեղեկատվության փոխանակման ուղիների բացահայտման և պաշտպանության միջոցով, մասնագիտացված կոմիտեների և աշխատանքային խմբերի աշխատանքներին մասնակցության միջոցով, ՓՄՁ ոլորտի փորձագետների և արտաքին կազմակերպությունների հետ համագործակցությանը նպաստող միջոցառումների անցկացմամբ։

Համաձայնագրի հիմնական կետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքների առևտուր
ԵՄ-ի զիջումներ

  • Մի շարք ապրանքների, այդ թվում՝ մարդատար տրանսպորտային միջոցների և դրանց համալրող մասերի տուրքերի վերացում 7 տարվա ընթացքում[23][24]. արդյունաբերական ապրանքներ, այդ թվում՝ քիմիական նյութեր, պլաստմասսա, կոսմետիկա, զարդեր[25]), սոյայի սոուս, կանաչ թեյ, ճապոնական սակե-սեթյուի և նիհոնսուի երկու տեսակներ[23]
  • Համաձայնագիրը երաշխավորում է, որ Եվրոպայում և Ճապոնիայում պետական պայմանագրերը այժմ հավասարապես մատչելի են երկու երկրների մատակարարների համար։

Ճապոնիայի զիջումներ

  • Ճապոնիան ժամանակի ընթացքում կվերացնի ԵՄ ապրանքների համար ոչ զրոյական դրույքաչափով սակագնային գծերի 85 տոկոսի մաքսատուրքերը[25]։ Մաքսատուրքերի վերացումը տեղի կունենա մի շարք կարևորագույն ապրանքների վրա, այդ թվում՝ պանրի որոշ տեսակներ[26], խոզի միս 4,3%-ով՝ 10 տարվա ընթացքում[25], գինի և ալկոհոլային խմիչքներ, տավարի միս 38,5%-ից 9% 15 տարվա ընթացքում[27], որոշ վերամշակված գյուղատնտեսական ապրանքներ (շոկոլադ, մակարոնեղեն, հրուշակեղեն, տոմատի մածուկ և այլն), արդյունաբերական ապրանքներ (քիմիական նյութեր, պլաստմասսա, կոսմետիկա, տեքստիլ[28], ոսկերչական զարդեր[25], կոշիկի վրա՝ 10 տարի[25]
  • Ճապոնիան ընդունել է բժշկական արտադրանքի, տեքստիլ արդյունաբերության, ավտոտրանսպորտային միջոցների և դեղամիջոցների միջազգային ստանդարտները՝ դրանով իսկ բացելով իր շուկան այս ոլորտների եվրոպական ապրանքների համար[25]
  • Ճապոնիայի 48 խոշորագույն քաղաքներում եվրոպական ընկերությունների համար պետական մրցույթներին մասնակցության հավասար պայմաններ են տրամադրվել։ Սա հատկապես ձեռնտու է գնացքների արտադրողներին, ինչպիսիք են Siemens-ը Գերմանիայից և Alstom-ը Ֆրանսիայից[24]
  • ԵՄ-ի և Ճապոնիայի միջև համաձայնագիրը եվրոպական որոշակի աշխարհագրական ծագման ավելի քան 200 եվրոպական գյուղատնտեսական արտադրանքի համար ճանաչում է հատուկ կարգավիճակ և ճապոնական շուկայում ապահովում է պաշտպանություն[28]։

Այնուամենայնիվ, համաձայնագրից հանվել են Ճապոնիայի համար առավել զգայուն մթերքները՝ բրինձ, ծովային ջրիմուռներ և կետի միս[25]։


Երկու կողմերը ապահովում են հետևյալ կետերի կատարումը՝

  • Տվյալների պաշտպանություն. կողմերը միմյանց տվյալների պաշտպանության համակարգերը ճանաչել են միմյանց «համարժեք», ինչը թույլ կտա տվյալները անվտանգ փոխանցել ԵՄ-ի և Ճապոնիայի միջև՝ ստեղծելով տվյալների անվտանգ հոսքի աշխարհի ամենամեծ գոտին։
  • Սուբսիդավորման սահմանափակում. կողմերը վերահաստատում են արտահանման սուբսիդիաների և համարժեք էֆեկտով արտահանման միջոցառումների նկատմամբ առավելագույն զսպվածություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։
  • Լիցենզավորման անկանխակալություն. յուրաքանչյուր կողմ պարտավորվում է լիցենզավորված արտահանման նկատմամբ կիրառել արդար, ոչ խտրական և թափանցիկ ընթացակարգեր։
  • Նախատեսված են պաշտպանական միջոցառումներ նման համաձայնագրի համար անսովոր մի շարք հարցերի շուրջ՝ կիբեռհանցագործություններ, կլիմայի պաշտպանություն, տվյալների փոխանակման ժամանակ պաշտպանություն (լրացուցիչ համաձայնագիր)[29]։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 10 տարին լրանալուց հետո կամ որևէ կողմի խնդրանքով մասնակիցները գնահատում են, թե արդյոք ապրանքների նկատմամբ ոչ սակագնային միջոցառումներից բխող հարցերը կարող են արդյունավետ լուծվել սույն համաձայնագրի շրջանակներում։ Եթե խնդիրները չեն լուծվում գործող համաձայնագրի միջոցով, այն վերանայվում է։


Ծառայությունների շուկայի ազատականացում, մասնավորապես[16][25]՝

  • Ֆինանսական (ավելի խորը համագործակցություն նորմատիվ կարգավորման ոլորտում։ Ազատականացման ենթակա են գրեթե բոլոր տեսակի բանկային ծառայությունները՝ բոլոր տեսակի դեպոնացում և վարկավորում, լիզինգային գործառնություններ, վճարումներ և փոխանցումներ, առևտուր և արտարժույթի փոխանակում, արժեթղթերի և ածանցյալ գործիքների հետ աշխատանք, բրոքերային գործունեություն, ակտիվների քլիրինգի և կառավարման ծառայություններ),
  • Հեռահաղորդակցություն (հավասար պայմաններ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների համար)
  • Տրանսպորտային (բաց և ոչ խտրական մուտք դեպի միջազգային ծովային ծառայություններ (ուղղակիորեն տրանսպորտ և դրա հետ կապված բոլոր ծառայություններ), ինչպես նաև մուտք դեպի նավահանգիստներ և հասանելի նավահանգստային ծառայություններ),
  • Էլեկտրոնային առևտուր (քանի որ ԱՀԿ-ն բանակցում է էլեկտրոնային գործարքների համար տուրքերի ներդրման մասին, այս կետը համաձայնագրի կարևոր մասն է։ Ընդ որում, կողմերը պարտավորվել են մաքսային վճարներ չմտցնել ինտերնետի միջոցով տեղեկատվության փոխանցման համար։ Բացի այդ, համաձայնագրի մասնակիցները ճանաչում են միմյանց էլեկտրոնային պայմանագրերի և էլեկտրոնային ստորագրությունների իրավական ուժը։ Համաձայնագիրը նախատեսում է անձնական տվյալների պաշտպանության հետ կապված պարտավորություններ)
  • Փոստային և սուրհանդակային ծառայություններ (համաձայնագիրը պարունակում է դրույթներ համընդհանուր սպասարկման պարտավորությունների, սահմանային ընթացակարգերի, ինչպես նաև կարգավորող մարմինների անկախության մասին։ Դա կօգնի ապահովել հավասար պայմաններ ԵՄ-ի և Ճապոնիայի միջև փոստային և սուրհանդակային ծառայությունների համար)։

Ներդրումներ՝

Յուրաքանչյուր կողմ թույլ է տալիս կապիտալի գործառնությունների և վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշվի հետ կապված կապիտալի ազատ տեղաշարժը, ներդրումները և այլ գործառնությունները ազատականացնելու նպատակով վճարումները և փոխանցումները։ Սակայն, նրանք կարող են կասեցվել լուրջ վճարային հաշվեկշռի ճգնաժամերի կամ մակրոտնտեսական դժվարությունների դեպքում։ Այնուամենայնիվ, Ճապոնիայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը նախատեսում է լայն մուտք դեպի միմյանց շուկաներ միջսահմանային ներդրողների համար, քանի որ ներդրումների պայմանները հավասարեցվում են։ Ինչպես պայմանագրում ապրանքների փոխանակման պայմաններին նվիրված գլխում, այնպես էլ ներդրումներին նվիրված բաժնում կիրառվում են ազգային ռեժիմի և ազգային առավել բարենպաստ չափանիշներ։

Համաձայնագրով ներդրումների ազատականացումը չի տարածվում մի քանի ոլորտների վրա՝ ծովային, օդային կամ տեսալսողական ծառայություններ։

Ձեռնարկությունների քանակի սահմանափակումներ չկան։ Մյուս կողմից, քվոտաներ չեն կարող սահմանվել։ Գործարքների և ակտիվների արժեքը չի կարող սահմանափակվել։ Նույնը վերաբերում է գործառնությունների ընդհանուր քանակին, ներդրված կապիտալի ընդհանուր քանակին և օտարերկրյա կապիտալի մասնակցությանը՝ օտարերկրյա բաժնետոմսերի առավելագույն տոկոսային սահմանաչափի առումով։

Համաձայնագրում բացակայում է ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման դրույթը։ Այս դրույթները սովորաբար համակարգված կերպով ներառվում են նմանատիպ համաձայնագրերում, և դրանք ներկայանում են որպես միջազգային իրավունքի հիմնական հենարան։ Այնուամենայնիվ, JEFTA-ի գաղափարական տարբերությունների պատճառով այդպիսի մեխանիզմներ չեն ներառվել, ինչը նշանակում է, որ մասնավոր ներդրողները իրավունք չեն ունենա կասկածի տակ դնել պետական մարմինների կողմից ընդունված որոշումները, որոնք նրանք կարող են համարել անբարենպաստ և իրենց ներդրումներին վնաս հասցնող։

Ընդհանուր առմամբ, համաձայնագրի պայմանները ԵՄ-ի և Ճապոնիայի միջև ազատականացնում էր առևտուրը և մասնակիցների միջև ներդրումները։ Այնուամենայնիվ, որոշակի հանգամանքներում կարող են սահմանվել որոշ սահմանափակումներ, օրինակ, եթե դրանք ձեռնարկվում են հասարակական անվտանգության և բարոյականության պաշտպանության, ինչպես նաև հասարակական կարգի, մարդու իրավունքների, բուսական և կենդանական աշխարհի պահպանման համար[16]։

Շահեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի շահերը JEFTA-ի ստեղծումից և զարգացումից[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՄ-ի և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների առևտուրը 2018 թվականին կազմել է 150 մլրդ եվրո, և JEFTA-ի ստեղծումը թույլ կտա գործընկեր տարածաշրջանների միջև մատակարարումների ծավալը ավելացնել 29 տոկոսով Ճապոնիայի և 34 տոկոսով՝ ԵՄ-ի համար[30]։ 2019 թվականի ապրիլից գործողության մեջ է դրվել «զգայուն» ապրանքների (Ճապոնիայի համար՝ առաջին հերթին գինիներ և մսամթերքներ, ԵՄ համար՝ ավտոմեքենաներ) ներմուծման սակագների նվազեցման յոթնամյա ծրագիրը, որի արդյունքում մինչև այս ժամանակահատվածի ավարտը Ճապոնիա անմաքս կներմուծվի ԵՄ-ից ապրանքների 94%-ը, իսկ ԵՄ-ն՝ Ճապոնիայից ապրանքների 99%-ը, եթե փոխադարձ առևտրի կառուցվածքում այս ընթացքում մեծ փոփոխություններ չլինեն[31]։ Ճապոնիային Եվրամիության հետ ավելի սերտ տնտեսական համագործակցությունը կտա հետևյալ առավելությունները՝

  • Ճապոնիայի ՀՆԱ-ի աճը 1%-ով՝ ԵՄ-ի կողմից եվրոպական սակագների չեղարկման շնորհիվ[32], ինչպես նաև երկրի բարեկեցության աճ 18 մլրդ եվրոյով[21],
  • ճապոնական ավտոմոբիլային արդյունաբերության զարգացում՝ կապված Եվրոպայում ճապոնական ավտոմոբիլային գործարաններում արտադրական տարածքների և աշխատատեղերի ստեղծման, 8 տարվա ընթացքում ճապոնական մեքենաների և բաղադրիչների ներմուծման տուրքի վերացման հետ (2019 թ.՝ 10 %)[30][33], ավելացնելով ճապոնական ավտոմեքենաների և էլեկտրոնիկայի արտահանումը ԵՄ[34],
  • Ճապոնիային եվրոպական սննդամթերքի մատակարարման ծավալների աճ[24]։

ԵՄ-ի շահերը JEFTA-ի ստեղծումից և զարգացումից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնկալվում է, որ ԵՄ երկրների համար համաձայնագիրը կբերի հետևյալ օգուտները՝

  • ԵՄ երկրների ՀՆԱ-ի աճ սակագների վերացման դեպքում 0,01 տոկոսով, կարգավորման ոչ սակագնային մեթոդների համաձայնեցման դեպքում՝ 0,03 տոկոսով կամ 4,4 մլրդ եվրոյով[21],
  • ԵՄարտահանման աճ Ճապոնիա աճ 13,2%-ով, ներմուծման աճ՝ 23,5%-ով %[35],
  • Ագրոպարենային արդյունաբերության մեջ ավելացված արժեքի դրական փոփոխություն0.2%-ից մինչև 0.8 %-ի միջակայքում[35],
  • Տեքստիլի, հագուստի և կաշվե իրերի արտադրության 2% աճ (7 միլիարդ եվրո)[35],
  • Ծառայությունների ոլորտի ազատականացում (ֆինանսներ և զբոսաշրջություն), որից ակնկալվում էր մոտ 2 մլրդ եվրոյի լրացուցիչ եկամուտ[21],
  • Իրական աշխատավարձի աճ։ Ընդհանուր առմամբ, իրական աշխատավարձի դրական փոփոխություններ են սպասվում և ցածր, և բարձր որակավորում ունեցող աշխատողների համար։ Ամենամեծ հաջողությունները կանխատեսվել են TSIA-ի (2016) ուսումնասիրության արդյունքում, որը ցույց է տվել, որ իրական աշխատավարձերը կբարձրանան 0,68 %-ով և 0,70%-ով, համապատասխանաբար՝ ցածր և բարձր որակավորում ունեցող աշխատողների համար[19],
  • Բացի ուղղակիորեն արտադրողների համար օգուտներից, համաձայնագիրը օգուտ էր բերելու սպառողներին. ճապոնական ապրանքները զգալիորեն էժանանալու են։ Սակագների չեղարկումը ԵՄ սպառողներին և ներկրողներին տարեկան 1 մլրդ եվրո խնայողություն կարժենար[36]։ Ինչ վերաբերում է սովորական քաղաքացիներին, ԵՄ-ի համար առևտրի յուրաքանչյուր միլիարդ եվրոն աջակցում է 14 000 աշխատատեղի պահպանմանը ամբողջ Միությունում[37]։

Գործարքի կարևորությունն ակնհայտ է երկու կողմերի համար. համաձայնագիր, որը միավորում է եկամտի բարձր մակարդակ ունեցող երկու երկրները, օգուտներ կբերի՝ խթանելով առևտուրը բոլոր ոլորտներում, նվազագույնի հասցնելով այստեղ տեղաշարժը և դրական ազդեցություն ունենալով զբաղվածության վրա։ Ագրոպարենային ապրանքները, տեքստիլը և կաշվե իրերը այն ճյուղերն են, որտեղ ԵՄ-ն կարող է ակնկալել ամենամեծ շահույթը։ Ճապոնիայի համար նման ճյուղեր են ավտոմոբիլային արդյունաբերությունը և էլեկտրոնիկան։ Բացի այդ, JEFTA-ն կարող է ամրապնդել Ճապոնիայի դերն ու ազդեցությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաև ուժեղացնել ԵՄ տնտեսական ներկայությունը և դրա քաղաքական նշանակությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ընդլայնելով տնտեսական օգուտները՝ ուժեղացված համագործակցությունը կամրապնդի երկու կողմերի կարողությունները՝ ձևավորելու գլոբալ իրադարձությունների ընթացք՝ ավելի լավ արտացոլելու նրանց ընդհանուր շահերն ու արժեքները, ինչպիսիք են՝ կանոնների վրա հիմնված համաշխարհային առևտրային համակարգին նվիրվածությունը։

Հնարավոր խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր խնդիրներ Ճապոնիայի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական կողմից զիջումների ամենամեծ աստիճանը սննդամթերքի և գինու սակագների իջեցումն է։ Եվրոպական մրցունակ արտադրանքի ներհոսքը կարող է զգալի մարտահրավեր լինել Ճապոնիայի համար[35]։ Չնայած այն հանգամանքին, որ 2019 թվականի մարտի դրությամբ գործող մաքսային պաշտպանությունը հիմնականում վերաբերում է պրեմիում հատվածի ապրանքներին, այն ընկերությունների ցանկը, որոնք կարող են ազդել դրա չեղարկման վրա, համեմատաբար մեծ է և ներառում է Ճապոնիայի համար նշանակալի բիզնես-խաղացողներին[21]։ Տեղական արտադրողները կարող են կորցնել շահույթի բավականին մեծ մասը, վտանգ կա, որ նրանց մի մասն ընդհանրապես դուրս կգա շուկայից։

Մեկ այլ խնդիրն այն է, որ JEFTA-ն կարող է զգալիորեն սրել հարաբերությունները Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև։ Ճապոնիայի կառավարությունը փորձում է խուսափել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կտրուկ սրումից՝ ճապոնական բիզնեսի համար ամերիկյան իշխանությունների հետ լավ շփումների կարևորության պատճառով[38]։

Ինքը՝ Շ. Աբեն, և նրա կաբինետի անդամները հրապարակայնորեն խուսափել են Թրամփի հասցեին ուղղակի հարձակումներից՝ սահմանափակվելով «դրական» օրակարգի քարոզչությամբ՝ պրոտեկցիոնիստական տրամադրությունների և գործողությունների դեմ պայքարելու կոչերով՝ ի շահ լիբերալ միջազգային տնտեսական կարգի պահպանման և ամրապնդման բազմակողմ երկխոսություն հաստատելու[31]։ Չնայած դրան, տվյալ առևտրային համաձայնագիրը կարող է ուժեղ բացասական ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի հետ ճապոնական առևտրի վրա։

Հնարավոր խնդիրներ ԵՄ-ի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրի ստորագրման ընթացքում ԵՄ-ի և Ճապոնիայի միջև առաջացել են մի շարք խնդիրներ, որոնցում երկրների ներկայացուցիչների կարծիքները տարբեր էին։ Առաջին խնդիրը, որի շուրջ դժվարություններ են առաջացել համաձայնեցման մեջ, բնապահպանության ոլորտում վեճերի կարգավորումն էր։ ԵՄ-ի առաջարկն է՝ օգտագործել դատական համակարգը, այլ ոչ թե հատուկ արբիտրաժը, որը խիստ քննադատության է ենթարկվել եվրոպական օրենսդիրների և բնապահպանական խմբերի կողմից՝ բնապահպանական ոլորտի շահերի նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի համար։ Ճապոնիայի դիրքորոշումը այս հարցում հետևյալն էր՝ առկա ինստիտուտները բավարար են հարցերը կարգավորելու համար։

Հնարավոր բնապահպանական խնդիրների կարգավորման վերաբերյալ տարբեր տեսակետները մեծ դժգոհություն և մտահոգություն են առաջացնում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ճապոնիայի ներկայացուցիչների մոտ։ Բանակցությունների այս փուլում կետորսության և ապօրինի անտառահատման հարցեր չեն քննարկվել։ Գրինփիսը գործարքը բնութագրել է որպես «մարդկանց կողմից իշխանության հսկայական փոխանցում խոշոր բիզնեսին»[39]։

Ճապոնիայի օրենսդրությունը չի արգելում ապօրինի անտառահատումները, այլ «խրախուսում է» օրինական անտառահատումները։ Իսկ ԵՄ-ում այս հարցում խիստ կանոններ կան։ Այսպիսով, ԵՄ-ի համար առաջանում են մի շարք հավանական մարտահրավեր՝ ճապոնական ընկերություններին առավելություն տալը ԵՄ գործընկերների նկատմամբ անազնիվ մրցակցության մեջ՝ թույլ տալով նրանց ապօրինի մատակարարված փայտի անպատիժ առևտուր իրականացնել։ Կա նաև ազգային օրենսդրության միջոցով ապօրինի անտառահատումների դեմ պայքարի համար երկրներին մոբիլիզացնելու ԵՄ-ի փորձի խաթարման հավանականություն[24]։

Բնապահպանական խնդիրները ներառում են մտավախություն, որ խմելու ջուրը կդադարի լինել հանրային սեփականություն և կդառնա ապրանք։ Գերմանիայի որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ այս համաձայնագիրը կարող է հանգեցնել հանրային ենթակառուցվածքների հետագա մասնավորեցմանը, այդ թվում՝ ջրային տնտեսության ոլորտում։ Խնդիրը հատկապես արդիական է Գերմանիայում, քանի որ Գերմանիայի իշխանությունները դժկամությամբ են այս ոլորտում մասնավոր ընկերություններին շուկա մուտք գործելու հնարավորություն տալիս[40]։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականի մարտի դրությամբ, հիմնվելով առկա գնահատականների և կատարված ուսումնասիրությունների վրա, ԵՄ երկրների նկատմամբ լուրջ սպառնալիքներ չեն դիտարկվել։

Նշանակությունը երրորդ երկրների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս համաձայնագիրը չի խաթարում այլ երկրների մուտքը ԵՄ-ի և Ճապոնիայի շուկաներ, այն միայն մասնակից երկու երկրներին ավելի բարենպաստ պայմաններ է տալիս միմյանց նկատմամբ։ Այնուամենայնիվ, մասնակից երկրների առևտրի կառուցվածքը ակնհայտորեն կփոխվի միմյանց շուկաներում փոխադարձ ներկայության ավելացման և երրորդ երկրների ներկայության կրճատման ուղղությամբ[41]։ Այսպես, մասնավորապես, ակնկալվում է, որ ամերիկյան տավարի միսը, խոզի միսը, գինին, կոշիկը, կոսմետիկան, պլաստմասսան և մի շարք այլ ապրանքներ պակաս մրցունակ կդառնան ճապոնական շուկաներում[42]։

Ճապոնիայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի գլխավոր նշանակությունն այլ երկրների համար կդառնա այն փաստը, որ համաշխարհային ասպարեզում կհայտնվի ուժեղ բլոկ, որն առաջ կտանի իր գաղափարներն այն մասին, թե ինչպես պետք է կառուցվի առևտուրը երկրների միջև, և այլ երկրներ, որքան էլ դրանք խոշոր լինեն, ստիպված կլինեն համակերպվել նոր պայմանների և ստանդարտների հետ։

Գլոբալիզացիայի երկրորդ ալիքի շրջափուլի ժամանակ, երբ երկրներն ավելի ու ավելի են սկսում զբաղվել հովանավորչությամբ, այս համաձայնագիրը պետք է հնչի որպես ամպագոռգոռ հայտարարություն այն մասին, որ փոխադարձ առևտուրը դեռ կարող է շատ օգուտներ բերել երկրներին։ Այսպիսով, ըստ ճապոնացի նախարար Թ. Մոտեջիի, մինչ պրոտեկցիոնիզմը գալիս է, ԵՄ-ի և Ճապոնիայի միջև համաձայնագրի ստորագրումը պետք է աշխարհին ցույց տա ամուր քաղաքական կամք՝ պաշտպանելու առևտրային փոխանակման ազատությունը։ Սա նշանակում է, որ JEFTA-ն «հզոր ազդանշան» կլինի ամերիկյան պրոտեկցիոնիզմի, ինչպես նաև առևտրի ոլորտում հակամարտությունների և քաոսի դեմ[43]։

Այս համաձայնագիրը նաև կօգնի ԵՄ-ին առաջ շարժվել դեպի արևելք՝ Չինաստանի հետ ավելի շահավետ առևտրային հարաբերություններ կառուցելու համար։ Այն դեպքում, եթե ԵՄ-ի քաղաքականության զարգացման այս վեկտորը չաշխատի, Միությունն առնվազն կարող է ուժեղ հակակշիռ դառնալ աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EU signs giant trade deal with Japan» (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Режим свободной торговли: интересы и опасения ЕС и Японии». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Всеобъемлющее экономическое и торговое соглашение Википедия». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Negotiations on the Japan-EU EPA | Ministry of Foreign Affairs of Japan». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  6. 6,0 6,1 «Japan — Trade — European Commission». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 6 (օգնություն)
  7. «UNCTADstat - Table view». unctadstat.unctad.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  8. https://wits.worldbank.org/CountryProfile/en/Country/JPN/Year/2017/TradeFlow/Export<
  9. 9,0 9,1 9,2 «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  10. Thurow, L (1992) Head to Head. The Coming Economic Battle among Japan, Europe, and America.
  11. «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  12. 12,0 12,1 «Nanotechnology | EU Business in Japan». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  13. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  14. «Japanese Trade and Investment Statistics | Reports and Statistics — Japan External Trade Organization — JETRO». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 66 (օգնություն)
  15. 15,0 15,1 15,2 «Japan FDI into Europe on the up — Trend Tracker — fDiIntelligence.com». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 32 (օգնություն)
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 «Источник». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  18. «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  19. 19,0 19,1 «EU-Japan Economic Partnership Agreement explained — Trade — European Commission». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 50 (օգնություն)
  20. Helmut Scholz. Making sense of JEFTA.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  22. «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  23. 23,0 23,1 «Япония и ЕС объявили о создании самой масштабной зоны свободной торговли :: Экономика :: РБК». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Источник». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 25,7 «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  26. «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  27. «Key elements of the EU-Japan Economic Partnership Agreement — Memo — Trade — European Commission». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 60 (օգնություն)
  28. 28,0 28,1 «EU-Japan trade agreement on track to enter into force in February 2019 — Trade — European Commission». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 71 (օգնություն)
  29. «Press corner | European Commission». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  30. 30,0 30,1 «EU-Japan Economic Partnership Agreement explained — Trade — European Commission». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 50 (օգնություն)
  31. 31,0 31,1 «Новости дня. Япония договорилась с Евросоюзом. Новый торговый альянс, как ответ США. Международные новости». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  32. «Источник». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  33. «Five things to know about Japan-EU Economic Partnership Agreement — Nikkei Asia». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 66 (օգնություն)
  34. «European Union seals major free trade deal with Japan | The Independent | The Independent». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  35. 35,0 35,1 35,2 35,3 «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  36. «Press corner | European Commission». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  37. «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  38. «EU-Japan landmark trade deal: Opportunities and challenges». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  39. https://fern.org/sites/default/files/news-pdf/EU(չաշխատող հղում) Japan%20FTA%20briefing_0.pdf
  40. «Jefta: Ver.di-Chef Frank Bsirske will EU-Freihandelsabkommen mit Japan stoppen — DER SPIEGEL». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 79 (օգնություն)
  41. «With Japan against China — GERMAN-FOREIGN-POLICY.com». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 25 (օգնություն)
  42. «Что означает для США и мира торговая сделка ЕС и Японии | Политика | ИноСМИ — Все, что достойно перевода». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 76 (օգնություն)
  43. «Источник». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.