Սակագին
Մաքսատուրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսատուրքը (տարիֆ) երկրի կառավարության կամ վերազգային միության կողմից ապրանքների ներմուծման կամ արտահանման համար սահմանված հարկ է։ Պետության համար եկամտի աղբյուր լինելուց բացի, ներմուծման տուրքերը կարող են նաև լինել արտաքին առևտրի կարգավորման ձև և քաղաքականություն, որի էությունը որպես այդպիսին օտարերկրյա արտադրանքի հարկումն է՝ ներքին արդյունաբերությունը խրախուսելու կամ պաշտպանելու համար։ Ներմուծման և արտահանման քվոտաների հետ մեկտեղ սակագները հովանավորչական քաղաքականության (պրոտեկցիոնիզմ) ամենատարածված գործիքներից են։
Սակագները կարող են լինել հաստատուն (ներմուծվող ապրանքների միավորի դիմաց հաստատուն գումար կամ գնի որոշակի տոկոս) կամ փոփոխուն (գումարը տատանվում է ըստ գնի)։ Ներմուծված ապրանքներ հարկելը նշանակում է, որ ավելի քիչ հավանական է, որ մարդիկ կգնեն դրանք, քանի որ վերջիններս թանկանում են։ Նպատակն այն է, որ նրանք փոխարենը տեղական արտադրանք գնեն՝ իրենց երկրի տնտեսությունը խթանելու համար։ Հետևաբար սակագները խթան են հանդիսանում արտադրությունը զարգացնելու և ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու համար։ Սակագները նախատեսված են արտաքին մրցակցության ճնշումը և առևտրի դեֆիցիտը նվազեցնելու համար։ Դրանք պատմականորեն արդարացված էին որպես արդյունաբերության նորաստեղծ ոլորտները պաշտպանելու և ներմուծմանը փոխարինող արդյունաբերականացումը թույլատրելու միջոց։ Սակագները կարող են օգտագործվել նաև որոշ ներմուծվող ապրանքների արհեստականորեն ցածր գները շտկելու համար, որոնք ձևավորվել են «դեմպինգի», արտահանման սուբսիդիաների կամ արտարժութային մանիպուլյացիաների պատճառով։
Տնտեսագետների մոտ գրեթե միաձայն համաձայնություն է առկա այն բանի շուրջ, որ սակագները տնտեսական աճի և տնտեսական բարեկեցության վրա բացասական ազդեցություն ունեն, մինչդեռ ազատ առևտուրն ու առևտրի իրականացման խոչընդոտների կրճատումը դրական ազդեցություն են թողնում տնտեսական աճի վրա[1][2][3][4][5][6]։ Այնուամենայնիվ, առևտրի ազատականացումը կարող է հանգեցնել զգալի և անհավասարաչափ բաշխված կորուստների, ու ներմուծման սեկտորներում աշխատուժի ոչ ճիշտ տեղաբաշխման[2]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիֆ (սակագին) բառի հիմքում ընկած է իտալերեն tariffa բառը, որը թարգմանաբար նշանակում է «գների ցուցակ, նորմաների գիրք»։ Վերջինս էլ իր հերթին հավանաբար ծագում է միջնադարյան լատիներենում եղած արաբերեն تعريف (ta'rif) բառից, որը նշանակում է «ծանուցում» կամ «վճարման ենթակա հաշիվների հաշվառում»[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենք քաղաքում Պիրեյոսի նավահանգիստը քաղաքի համար հարկերը բարձրացնելու նպատակով գանձման որոշակի համակարգ էր կիրառում։ Հացահատիկը այն կարևորագույն ապրանքներից էր, որը ներմուծվում էր նավահանգստի միջոցով և, Պիրեյոսի նավահանգիստը արևելյան միջերկրածովային տարածաշրջանի հիմնական նավահանգիստներից մեկն էր։ Պիրեյոսի քաղաքային շուկա մուտք գործող ապրանքների վրա 2% գանձման հարկ էր սահմանվել։ Չնայած մ.թ.ա. 399-ին նախորդող Պելոպոնեսյան պատերազմին, Պիրեյոսը որոշակի նավահանգստային տուրքերի չափով հարկային եկամուտ էր գրանցել[8]։ Աթենք քաղաքը նույնպես սահմանափակումներ էր դրել պարտքով փող տալու վրա, և հացահատիկի տեղափոխումը թույլատրվում էր միայն Պիրեյոս քաղաքի միջով[9]։
Մեծ Բրիտանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]14-րդ դ․, Էդուարդ III (1312–1377) միջամտական միջոցներ ձեռնարկեց, ինչպիսին էր օրինակ՝ բրդյա հագուստի ներկրման արգելքը, որով նպատակ էր հետապնդվում զարգացնել տեղի բրդյա հագուստի արտադրությունը։ 1489թ․ սկզբին Հենրի VII կիրառեց այլ միջոցներ, որոնցից էր բրդյա հումքի վրա արտահանման տուրքի բարձրացումը։ Թուդորյան միապետները, հատկապես՝ Հենրի VIII ու Ելիզաբեթ I, բրդի արդյունաբերությունը զարգացնելու նպատակով կիրառել են միջնորդության այնպիսի գործիքներ, որոնցից էին հովանավորչությունը, սուբսիդիաները, մոնոպոլ իրավունքների շնորհումը, կառավարության կողմից հովանավորած լրտեսությունը և այլն։ Այս ամենը Անգլիային դարձրեց աշխարհի բուրդ արդյունաբերող ամենախոշոր երկիրը[10]։ Բացի այդ, Մեծ Բրիտանիան իր գաղութներում արգելք էր դրել այնպիսի արդյունաբերական գործունեությունների վրա, որոնք զարգացած չէր ուզում տեսնել։ Մեծ Բրիտանիան նաև արգելք էր դրել իր գաղութների արտահանման վրա, որոնք ի զորու էին մրցակցության մեջ մտնել երկրի ներսում և երկրից դուրս։ Այդպիսով՝ գաղութները պարտադրված լքում էին եկամտաբեր ոլորտները՝ վերջիններս թողնելով Մեծ Բրիտանիայի ձեռքերում[10]։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան, նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտներ 1788թ․, ԱՄՆ Կոնգրեսը հարկեր չէր կիրառում․ հողն էր վաճառում կամ նահանգներից փող էր հավաքում։ Քանի որ նոր ազգային կառավարությունը եկամտի կարիք ուներ, որոշեց 1789թ․ սահմանված Սակագների ակտի[11] միջոցով հարկեր սահմանել ներմուծման վրա։
1816թ․ և Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն ուներ արդյունաբերական ներմուծման վրա սահմանված միջին սակագների ամենաբարձր մակարդակն աշխարհում։ Ըստ Փոլ Բայրոքի՝ այս ընթացքում ԱՄՆ-ն մոդեռն պրոտեկցիոնիզմի (հովանավորչության) հայրենիքն էր[12]։
Այդ ժամանակի բոլոր ամերիկացի տնտեսագետները մինչև 19-րդ դ․ վերջին եռամսյակ, արդյունաբերական հովանավորչության ուժեղ ջատագովներ էին։
Տնտեսագետ Հա Ջուն Չանգը հերքում էր այն միտքը, որ ԱՄՆ-ն համաշխարհային տնտնեսության հիերարխիայի գագաթին հասել է ազատ առևտրի որդեգրման ուղով։ Հակառակը, ըստ նրա, ԱՄՆ-ն միջամտությունների քաղաքականություն որդեգրելով, տարիֆների կիրառման շնորհիվ խթանել ու պաշտպանել է արդյունաբերական ոլորտները։ Հենց հովանավորչական քաղաքականությունն էր, որ ԱՄՆ-ին 19դ․ և 1920թթ․ թույլ տվեց աշխարհում ամենարագ տնտեսական աճը գրանցել[10]։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2013թ․ Ռուսաստանն ավելի շատ հովանավորչական առևտրային միջոցներ է ձեռնարկել, քան որևէ այլ երկիր, այդպես աշխարհում դառնալով հովանավորչության առաջատարը։ Այն միայնակ աշխարհով մեկ ներկայացրել է հովանավորչական գործիքների մոտ 20%-ը, իսկ G20 երկրների շարքում՝ գործիքների մեկ երրորդը։ Ռուսաստանի հովանավորչական գործիքներից են տարիֆները, ներմուծման սահմանափակումը, սանիտարական միջոցների ձեռնարկումը և տեղի ձեռնարկություններին տրվող ուղղակի սուբսիդիաները։ Օր․՝ պետությունն աջակցում է մի քանի տնտեսական ոլորտների, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տիեզերական, ավտոմոբիլային, էլեկտրոնիկայի, քիմիական և էներգիայի արդյունաբերությունները[13][14]։
Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը, երկիր տեղակայված Արևմտյան Ասիայում, իր մաքսային ծառայությունների ձևավորմանը հիմք է դրել 1992թ․ հունվարի 4-ին։ 2015թ․ հունվարի 2-ին Հայաստանը հասանելիություն է ստանում Եվրասիական մաքսային միությանը, որն առաջնորդվում է Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի կողմից։ Սա հանգեցրեց ներմուծման տարիֆների թվաքանակի աճին։ Ներկայումս Հայաստանն արտահանման վրա հարկեր չի կիրառում, ի հավելումն սրան, այն նաև ներմուծման ժամանակավոր դրույքաչափեր և վարկեր չի սահմանում կառավարության կողմից կատարվող կամ այլ միջազգային օգնություն հանդիսացող ներմուծումների վրա[15]։
Մաքսային վճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսային վճարը կամ տուրքը միջազգային առևտրում ներմուծվող և արտահանվող ապրանքների վրա սահմանվող անուղղակի հարկն է։ Տնտեսական իմաստով՝ տուրքը որպես այդպիսին նաև սպառողական հարկատեսակ է։ Ներմուծվող ապրանքների վրա դրվող հարկը կորվում է ներմուծման հարկ։ Նմանապես, արտահանվող ապրանքների վրա դրվող տուրքը կոչվում է արտահանման տուրք։ Այն սակագինը կամ տարիֆը, որն իրականում որոշակի ապրանքների ցանկն է` մաքսային վճարի հարկվող դրույքաչափի (գումարի) հետ մեկտեղ, սովորաբար կոչվում է մաքսատուրք։
Մաքսատուրքի հաշվարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսատուրքը հաշվարկվում է գնահատելի արժեքի որոշման հիման վրա այն ապրանքային միավորների դեպքերում, որոնց դեպքում տուրքը գանձվում է ըստ արժեքի։ Սա հաճախ տրանսակցիոն արժեքն է, քանի դեռ մաքսային ծառայողը չի որոշել գնահատելի արժեքը՝ ի համապատասխան ապրանքների դասակարգման միջազգայնորեն ստանդարտացված անունների ու համարների համակարգի։ Որոշակի ապրանքատեսկաների համար (օր․՝ նավթ և ալկոհոլ), մաքսատուրքը գանձվում է հատուկ դրույքաչափով, որը կիրառվում է ներմուծվող կամ արտահանվող բեռների խմբաքանակների նկատմամբ։
Մաքսային մարմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր երկրում մաքսային մարմինը կամ ծառայությունը պատասխանատու է երկիր ներմուծվող կամ երկրից դուրս արտահանվող ապրանքների նկատմամբ սահմանված հարկերի հավաքագրման համար։ Սովորաբար ուղեբեռի իրական բնութագիրը, ծավալը կամ քանակը հստակեցնելու համար պետական օրենքների շրջանակներում գործառնող մաքսային մարմնին ուղեբեռի ստուգման իրավունք է շնորհված, որպեսզի գնահատելի արժեքը և հարկային դրույքաչափը հնարավորինս ճիշտ սահմանվեն ու կիրառվեն։
Տուրքերից խուսափում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսատուրքերից խուսափումը հիմնականում տեղի է ունենում երկու ճանապարհով։ Առաջինի դեպքում առևտրային գործակալը ավելի ցածր արժեք է ներկայացնում այնպես, որ գնահատելի արժեքը ի վերջո ավելի ցածր է լինում, քան իրականն է։ Նույն կերպ, առևտրային գործակալը մաքսատուրքերից կարող է խուսափել առևտրի օբյեկտ հանդիսացող ապրանքի քանակի կամ ծավալի թերագնահատմամբ։ Բացի այդ, առևտրային գործակալը կարող է ապրանքների սխալ ներկայացում իրականացնել՝ ավելի ցածր մաքսատուրքեր ենթադրող ապրանքների կատեգորիաներին վերագրելով։ Մաքսատուրքերից խուսափումը կարող է տեղի ունենալ մաքսային ծառայողների հետ համագործակցության միջոցով կամ առանց դրա։ Մաքսատուրքերից խուսափումը մաքսանենգություն համարելը պարտադիր չէ։
Չհարկվող ապրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ երկրներ ճանապարհորդին թույլ են տալիս տվյալ երկիր չհարկվող ապրանքներ (դյութի ֆրի) բերել։ Այդպիսի ապրանքները կարելի է ձեռք բերել նավահանգիստներում և օդանավակայաններում կամ երբեմն մի երկրի ներսում՝ առանց սահմանված հարկերի գանձմամբ, և այնուհետև չհարկված վիճակում այլ երկիր մտցնել։ Որոշ երկրներ սահմանում են որոշակի թույլատրելի չափեր, որոնք սահմանափակում են մի անձի կողմից տվյալ երկիր մուտք անելու չհարկվող ապրանքի քանակը կամ արժեքը։ Նման սահմանափակումները հաճախ վերաբերում են տոբակոյին, գինուն, ալկոհոլային խմիչքներին, կոսմետիկ ապրանքներին, նվերներին ու հուշանվերներին։ Հաճախ օտարերկրյա դիվանագետները և ՄԱԿ-ի ներկայացուցիչները չհարկվող ապրանքներ ձեռք բերելու իրավունքով են օժտված լինում։ Չհարկվող ապրանքները ներմուծվում և պահեստավորվում են այսպես կոչված մաքսային պահեստներում։
Տնտեսական վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոդասական տնտեսագիտության տեսաբանների մոտ կա այն միտումը, որ տարիֆները խեղաթյուրում են ազատ շուկան։ Ըստ վերլուծությունների՝ տարիֆները միտում ունեն սպառողների հաշվին օգուտ բերել հայրենական արտադրողներին և պետությանը։ Եվ, տարիֆի զուտ բարեկեցության էֆեկտը ներմուծող երկրի վրա բացասական է, որովհետև արտաքին մրցակցության պակասի պատճառով հայրենական ընկերությունները ջանքեր չեն գործադրում ավելի արդյունավետ արտադրություն կազմակերպելու համար[17]։ Ուստի, ներքին սպառողները տուժում են, քանի որ կա՛մ ոչ արդյունավետ արտադրության պատճառով մեծ ծախսերը հանգեցնում են ավելի բարձր գների, կա՛մ ընկերությունների՝ արտաքին աշխարհից ավելի էժան հումք ձեռք բերելու անկարողությունը, նվազեցնում է սպառողների կողմից ապրանքների գնման մատչելիությունը[17]։
Բոլոր տեսակի տարիֆների դեմ դիմադրությունը նպատակ է հետապնդում կրճատել տարիֆներն ու թույլ չտալ տարիֆներ կիրառելիս խտրական վերաբերմունք դրսևորել այլ երկրների նկատմամբ։ Աջ կողմում տեղ գտած դիագրամը ցուց է տալիս ներքին տնտեսությունում ապրանքի վրա տարիֆ սահմանելու ծախսերն ու օգուտները[16]։
Ներմուծման տարիֆների սահմանումը կարող է թողնել հետևյալ հետևանքները, որոնք վերոնշյալ դիագրամում ցույց են տրված հեռուստացույցների ենթադրյալ ներքին շուկայում․
- Գինը համշխարհային Pw գնի մակարդակից բարձրանում է ավելի բարձր Pt տարիֆային գնի։
- Ներքին սպառողների պահանջարկը C1-ից նվազում է C2-ի, որը ձևավորված բարձր գնի պատճառով իրենից պահանջարկի կորի վրա տեղաշարժ է ներկայացնում։
- Ներքին մատակարարները պատրաստ են ավելի շուտ Q2, քան Q1 քանակի առաջարկել, որն էլ իր հերթին բարձր գնի պատճառով առաջարկի կորի վրա տեղաշարժ է ենթադրում այնպես, որ ապրանքի ներմուծված քանակը (C1-Q1)-ից նվազում է (C2-Q2)-ի։
- Սպառողի ավելցուկը (պահանջարկի կորի տակ, բայց գնից վերև ընկած հատվածը) նեղանում է A+B+C+D հատվածների գումարի չափով, քանի որ ներքին սպառողները հանդիպում են ավելի բարձր գների և ավելի քիչ քանակությամբ են սկսում սպառել։
- Արտադրողի ավելցուկը (առաջարկի կորի վերևում, բայց գնից ներքև ընկած հատվածը) աճում է A հատվածով, քանի որ, միջազգային մրցակցությունից պաշտպանված լինելով, ներքին արտադրողները կարող են իրենց արտադրանքը ավելի բարձր գնով վաճառել։
- Պետության հարկային եկամուտը կլինի ներմուծման (C2-Q2) ծավալը բազմապատկած (Pw - Pt) տարիֆային գնով, որը ներկայացվում է C հատվածով։
- B և D հատվածները կորուստներ են, որոնք նախկինում սպառողի համար ավելցուկ էին, իսկ հիմա կորուստ բոլորի կողմերի համար։
Բարեկեցության ամբողջական փոփոխությունը = Սպառողի ավելցուկի փոփոխություն+Արտադրողի ավելցուկի փոփոխություն+Պետության եկամտի փոփոխություն = (-A-B-C-D) + A + C = -B-D։ Ներքին սպառողների կորուստները ավելի մեծ են, քան ներքին արտադրողների և պետության օգուտները միասին վերցրած[16]։ Տարիֆներն ավելի անարդյունավետ են, քան սպառողական հարկերը[18]։
Օպտիմալ սակագին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսական արդյունավետության տեսանկյունից ազատ առևտուրը հաճախ լավագույն քաղաքականությունն է, այնուամենայնիվ՝ տարիֆի սահմանումը երբեմն երկրորդ լավագույնն է։
Սակագինը համարվում է օպտիմալ, եթե այն սահմանված է այնպես, որ մաքսիմիլացնում է սակագին սահմանող երկրի բարեկեցությունը[19]։ Այն սակագին է, որն առաջանում է տվյալ երկրի առևտրի անտարբերության կորի և այլ երկրի առաջարկի կորի հատումից։ Այս դեպքում մյուս երկրի բարեկեցությունը միաժամանակ վատթարանում է, ուստի այդ քաղաքականությունը մի տեսակ մուրացկանություն է հարևանի քաղաքականության նկատմամբ։ Եթե մյուս երկրի առաջարկի կորը ծագման կետի միջով անցնող գիծ է, ապա սկզբնական երկիրը գտնվում է փոքր երկրի կարգավիճակում, ուստի ցանկացած սակագին վատթարացնում է սկզբնական երկրի բարեկեցությունը։
Հնարավոր է սակագին սահմանել՝ որպես քաղաքական քաղաքականության ընտրություն, և դիտարկման տակ առնել տեսականորեն օպտիմալ դրույքաչափը։ Սակայն, օպտիմալ սակագնի սահմանումը շատ հաճախ կարող է օտար երկրին դրդել բարձրացնել իրենց սակագները ևս, որն էլ իր հերթին կբերի բարեկեցության կորստի երկու երկրում էլ։ Երբ երկրները մեկը մյուսի վրա սակագներ են սահմանում, նրանք պայմանավորված կորի վրա շեղված դիրքի են հայտնվում, որը նշանակում է, որ երկու երկրների բարեկեցությունը կաճի սակագների նվազեցման պարագայում։
Քաղաքական վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակագինը օգտագործվել է որպես ազատ պետություն ձևավորելու քաղաքական գործիք, օր․՝ ԱՄՆ-ի 1789թ․ Սակագների ակտը, ստորագրված հուլիսի 4-ին, թերթերի կողմից կոչվում էր «Երկրորդ անկախության հռչակագիր», որովհետև այն նպատակ ուներ լինել այն տնտեսկան միջոցը, որը թույլ կտար հասնել ԱՄՆ-ի ինքնիշխան և ազատ քաղաքական նպատակին։
Սակագների քաղաքական ազդեցությունը քննադատվում է՝ կախված քաղաքական հեռանկարներից, օր․՝ 2002թ․ ԱՄՆ պողպատի սակագինը երեք տարի ժամկետով 30% դրույքաչափ սահմանեց մի շարք ներմուծված պողպատյա արտադրանքների վրա և ամերիկացի ներքին արտադրողները իրենց աջակցությունն էին հայտնում այդ քաղաքականությանը[20]։
Փաստարկներ ի նպաստ սակագների
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաստեղծ ոլորտի պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի վերջին Ալեքսանդր Համիլթոնի կողմից ԱՄՆ-ում առաջ է քաշվել Ջոն Ստյուարտ Միլլի կողմից արտահայտված և Ֆրիդրիխ Լիստի կողմից 1841թ․ գրված իր «Քաղաքական տնտեսության ազգային համակարգը» գրքում սակագների օգտին բերված փաստարկը, որը հետևյալն էր. եթե որևէ երկիր ուզում է իր սեփական հողի վրա նոր տնտեսական գործունեություն ծավալել, ապա նա պետք է այն ժամանակավոր պաշտպանության տակ դնի։ Նրանց կարծիքով, մաքսային խոչընդոտների կիրառման միջոցով որոշակի գործունեությունների պաշտպանությունը համարվում է իրավաչափ, որովհետև այն նրանց ժամանակ է տալիս աճել, հասնել բավարար չափերի և արտադրության ու արտադրողականության աճի միջոցով մասշտաբի էֆեկտի հաշվին օգուտ քաղել։ Այն նրանց թույլ կտա դառնալ մրցակցային և դիմադրել միջազգային մրցակցությանը։ Իրոք, ձեռնարկությունը պետք է հասնի արտադրության ծավալի որոշակի մակարդակի շահութաբեր լինելու համար, որպեսզի կարողանա ծածկել իր հաստատուն ծախսերը։ Առանց հովանավորչության, օտարերկրյա արտադրանքները, որոնք արդեն իսկ շահութաբեր են իրենց իսկ երկրում, այլ երկիր մուտք կգործեն ավելի մեծ քանակությամբ և ցածր գնով, քան տեղական արտադրանքն է։ Ընդունող երկրի նոր ծնվող ոլորտը արագ հօդս կցնդի։ Նոր ձեռնարկությունները հետևաբար հմտանալու համար պահանջվող ժամանակի հետ կապված մրցունակության պակասի պատճառով կորուստներ կկրեն։ Այս արտաքին մրցակցությունից պաշտպանված լինելով՝ ձեռնարկությունները կարող են ներքին շուկայում իրենց դիրքերը հաստատել։ Արդյունքում՝ նրանք օգուտ կքաղեն իրենց տրված մանևրելու մեծ ազատությունից և նրանց շահութաբերության ու ապագա զարգացման հետ կապված հստակությունից։ Հետևաբար, հովանավորչական փուլը՝ որպես այդպիսին սովորելու ժամանակահատված է, որն ավելի քիչ զարգացած երկրներին թույլ կտա արդյունաբերական արտադրության ոլորտներում ձեռք բերել ընդհանուր և տեխնիկական նոու-հաուներ՝ միջազգային շուկայում մրցունակ դառնալու համար[21]։
Ըստ հովանավորչության կիրառմանը կողմ տնտեսագետների՝ ազատ առևտուրը կդատապարտեր զարգացող երկրներին ոչ այլ ինչ, քան հումքի արտահանող և արդյունաբերացված ապրանքների ներմուծող հանդիսանալու համար։ Համեմատական առավելությունների տեսության կիրառումը նրանց կդրդի մասնագիտանալ հումքի և արդյունահանվող արտադրանքի արտադրության մեջ և կանխել նրանց արդյունաբերական բազա ձեռք բերելը։ Ուստի, նորաստեղծ ոլորտների պաշտպանությունն էական կլիներ զարգացող երկրների արդյունաբերականացման համար և թույլ կտար խուսափել հումքի արտադրման կախվածությունից[10]։
Հովանավորչությունը ի դեմ դեմպինգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն պետությունները, որոնք դիմում են հովանավորչության օգնությանը, պրակտիկայում առաջ են քաշում ոչ արդար մրցակցության կամ դեմպինգի դրսևորումներ։
- Դրամական մանիպուլյացիա- արժույթը արժեզրկվում է, երբ դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու մարմինները որոշում են արտարժույթի շուկայում միջամտելու ճանապարհով իջեցնել տվյալ արժույթի արժեքն այլ արժույթների նկատմամբ։ Այն տեղական արտադրանքն ավելի մրցունակ է դարձնում, իսկ ներմուծվող ապրանքներն ավելի թանկ (Մարշալ Լերների պայմանը), որի արդյունքում արտահանման ծավալն ավելանում է, ներմուծմանը՝ նվազում, և այդպիսով առևտրային հաշվեկշիռը բարելավվում է։ Թույլլ արժույթ ունեցող երկրներն առևտրի անհավասարակշռություն են առաջացնում, որովհետև նրանք ունեն արտաքին մեծ ավելցուկ, իսկ նրանց մրցակիցները՝ պակասուրդ։
- Հարկային դեմպինգ - որոշ հարկային առավելություններ ընձեռող երկրներ ունենում են կորպորատիվ (շահութահարկ) և եկամտային հարկերի ավելի ցածր դրույքաչափեր։
- Սոցիալական դեմպինգ - երբ պետությունը կրճատում է սոցիալական աջակցությունը կամ սոցիալական ստանդարտների ավելի ցածր մակարդակ է ապահովում (օր․՝ գործատուների համար Չինաստանում աշխատանքային նորմատիվաիրավական կարգավորումներն ավելի քիչ սահմանափակող բնույթ են կրում, քան որևէ այլ տեղ)։
- Շրջակա միջավայրին առնչվող դեմպինգ - երբ շրջակա միջավայրի վերաբերյալ նորմատիվաիրավական կարգավորումները ավելի քիչ խստապահանջ են, քան որևէ այլ տեղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ See P.Krugman, «The Narrow and Broad Arguments for Free Trade», American Economic Review, Papers and Proceedings, 83(3), 1993 ; and P.Krugman, Peddling Prosperity: Economic Sense and Nonsense in the Age of Diminished Expectations, New York, W.W. Norton & Company, 1994.
- ↑ 2,0 2,1 «Free Trade» (ամերիկյան անգլերեն). IGM Forum. 2012 թ․ մարտի 13.
- ↑ «Import Duties» (ամերիկյան անգլերեն). IGM Forum. 2016 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ N. Gregory Mankiw, Economists Actually Agree on This: The Wisdom of Free Trade, New York Times (April 24, 2015): "Economists are famous for disagreeing with one another.... But economists reach near unanimity on some topics, including international trade."
- ↑ William Poole, Free Trade: Why Are Economists and Noneconomists So Far Apart, Federal Reserve Bank of St. Louis Review, September/October 2004, 86(5), pp. 1: "most observers agree that '[t]he consensus among mainstream economists on the desirability of free trade remains almost universal.'"
- ↑ «Trade Within Europe | IGM Forum». www.igmchicago.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ The Online Etymology Dictionary: tariff. The 2nd edition of the Oxford English Dictionary gives the same etymology, with a reference dating to 1591.
- ↑ Wilson, Nigel (2013 թ․ հոկտեմբերի 31). Encyclopedia of Ancient Greece (անգլերեն). Routledge. ISBN 978-1-136-78799-7.
- ↑ Michell, H. (2014 թ․ օգոստոսի 14). The Economics of Ancient Greece (անգլերեն). Cambridge University Press. էջ 253. ISBN 978-1-107-41911-7.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Ha-Joon Chang (Faculty of Economics and Politics, University of Cambridge) (2001). Infant Industry Promotion in Historical Perspective – A Rope to Hang Oneself or a Ladder to Climb With? (PDF). Development Theory at the Threshold of the Twenty-first Century. Santiago, Chile: United Nations Economic Commission for Latin America and the Caribbean. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
- ↑ John C. Miller, The Federalist Era: 1789-1801 (1960), pp 14-15,
- ↑ Chang, Ha-Joon; Gershman, John (2003 թ․ դեկտեմբերի 30). «Kicking Away the Ladder: The "Real" History of Free Trade». ips-dc.org. Institute for Policy Studies. Արխիվացված է օրիգինալից 2017-09-02-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Russia Leads the World in Protectionist Trade Measures, Study Says». The Moscow Times. 2014 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Russia was most protectionist nation in 2013: study». Reuters. 2013 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Armenia - Import Tariffs». export.gov. 2015 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2019-09-13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Krugman, Paul and, Wells, Robin (2005). Microeconomics. Worth. ISBN 978-0-7167-5229-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 17,0 17,1 Radcliffe, Brent. «The Basics Of Tariffs and Trade Barriers». Investopedia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Diamond, Peter A.; Mirrlees, James A. (1971). «Optimal Taxation and Public Production I: Production Efficiency». The American Economic Review. 61 (1): 8–27. JSTOR 1910538.
- ↑ El-Agraa (1984), էջ. 26.
- ↑ «Behind the Steel-Tariff Curtain». Business Week Online. 2002 թ․ մարտի 8.
- ↑ https://www.britannica.com/topic/international-trade/Arguments-for-and-against-interference
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Krugman, Paul; Wells, Robin (2005). Macroeconomics. Worth. ISBN 978-0-7167-5229-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սակագին» հոդվածին։ |
|