Անտառհատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտառհատում

Անտառհատում, անտառի աճեցման վերջնական փուլը՝ ծառերի հատման և անտառից դուրսբերման գործընթացը։ Ելնելով ծառերի տարիքից, ծառուտի հասակային փուլից, վիճակից, հատման նպատակից՝ կարող են հատվել առանձին ծառեր, ծառերի խումբ կամ առանձին անտառամասեր՝ պահպանելով անտառի բնապահպանական հատկությունները։ Տարբերում են անտառների հետևյալ տեսակները՝ գլխավոր օգտագործման, խնամքի (միջանկյալ օգտագործման), սանիտարական, վերականգնողական և այլ հատումներ։

Գլխավոր օգտագործման անտառհատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառհատումներ Կանադայում

Գլխավոր օգտագործման անտառհատումները կատարվում են հասուն ծառուտներում, այն հաշվով, որ միշտ ապահովվի սերմնային բնական վերականգնումը։ Գլխավոր օգտագործման անտառհատումները լինում են.

  • ընտրովի (ծառուտում պարբերաբար հատվում են որոշակի հասակի և չափի ծառեր),
  • համատարած (ողջ ծառուտը հատվում է մեկ անտառմթերման սեզոնում),
  • աստիճանական (ծառուտը հատվում է մի քանի փուլերով՝ 1 կամ 2 հասակային դասերի ընթացքում)։

Տարբերում են հավասարաչափ աստիճան, (ծառուտը հատում են 2-4 փուլով՝ հաջորդաբար նոսրացնելով այն 1 հասակային դասի ընթացքում, հաշվի առնելով ծառատեսակի հատկությունները, մատղաշի առկայությունը և անտառի տիպը) և խմբային աստիճան, (ծառերը հատում են որոշակի խմբերով) անտառհատումներ։

Խնամքի անտառհատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճյուղերի հատում

Խնամքի (միջանկյալ օգտագործման) հատումները կատարվում են ձողանային և հասունացող ծառուտներում։ Այս դեպքում պարբերաբար հատվում են թերաճ, չորացած, հրդեհախանձ, ոչ ցանկալի, արժեքավոր և անտառկազմող ծառատեսակների աճմանը խանգարող ծառերը, ինչպես նաև կարգավորվում է հասակային տվյալ փուլում միավոր տարածքում ծառերի քանակը։ Խնամքի անտառհատումները բարելավում են անտառի կազմը, ծառաբների ձևը, բնափայտի որակը, կրճատում բնափայտի հասունացման ժամանակաշրջանը, մեծացնում 1 հա֊ից ստացվող փայտանյութի ծավալը։

Սանիտարական անտառհատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանիտարական անտառհատումները կատարվում են անտառների սանիտարական վիճակի բարելավման, վնասատուներից և հիվանդություններից կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր, չորացած և քամահար ծառերի ոչնչացման նպատակով։ Սանիտարական հատումները լինում են ընտրովի (հատվում են հասակային բոլոր դասերի ցցաչոր, չորացած, վնասատուներից ու հիվանդություններից կենսունակությունը կորցրած առանձին ծառեր) և համատարած (հատվում են ամբողջական ծառուտներ և տնկարկներ

Վերականգնողական անտառհատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Holzstaemme.JPG

Վերականգնողական անտառհատումները կատարվում են հասուն և գերհասուն ծառուտներում, բնական միջավայրի բարելավման, սերմնային բնական վերականգնման կամ տեղի ունեցող տեսակային ոչ ցանկալի փոփոխության կանխման նպատակով։

Այլ անտառհատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ հատումներ կատարվում են անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության վարման հետ չկապված օրենքով սահմանված աշխատանքների կատարման նպատակներով։

ՀՀ-ում անտառհատումների ծավալներն ու ժամկետները (ըստ առանձին անտառտնտեսությունների) որոշում է «Հայանտառ» կազմակերպությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png