Ազատ առևտրի գոտի
Ազատ առևտրի գոտի (ԱԱԳ), միջազգային ինտեգրացիայի տեսակ, որի շրջանակներում մասնակից երկրներում վերացվում են մաքսատուրքերը, հարկերը և գանձումները, ինչպես նաև հեշտացվում է ապրանքաշրջանառությունը` մասնակից երկրների միջև: Սա ինտեգրացիայի ավելի խորը տեսակ է, քան միջկառավարական տնտեսական համաձայնագրերը: Յուրաքանչյուր մասնակից երկիր ունի ինքնուրույն և անկախ առևտրային ռեժիմի որոշման իրավունք` երրորդ երկրների նկատմամբ: Հիմնականում ազատ առևտրի գոտու պայմանները տարածվում են բոլոր տեսակի ապրանքների վրա, բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների: Ազատ առևտրի գոտու գործունեությունը վերահսկվում է քարտուղարության կողմից, որը տեղակայված է մասնակից երկրներից մեկում: Ազատ առևտրի որոշ գոտիներում քարտուղարություն հասկացություն չկա: Տարին մեկ կամ երկու անգամ միմյանց հետ հանդիպում են մասնակից երկրների ղեկավարները և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները` քննարկելու առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր: Մասնակից երկրների սահմաններին պահպանվում են սահմանային մաքսակետերը` վերահսկելու համապատասխան երկիր մտնող կամ երկրից դուրս եկող ապրանքաշրջանառությունը:
«Ազատ առևտուրը առևտուր է առանց մաքսային տուրքերի և քանակական սահմանափակումների,բացառությամբ խիստ որոշակի դեպքերի, որոնք կարող են մտցվել»— տնտեսագետ Սերգեյ Գլազև[1]:

Ազատ առևտրի գոտու օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիր ՆԱՖՏԱ (North American Free Trade Agreement, NAFTA)` ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև կնքված համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 1994 թվականից: Համաձայնագրով նախատեսված է մաքսային տուրքերի աստիճանաբար վերացում ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական ապրանքների համար: Համաձայնագիրը երաշխավորում է ինտելեկտուալ կարողության իրավունքի պաշտպանություն, ներդրումների ընդհանուր պահանջների մշակում, առևտրային ծառայությունների ազատականացում:
- Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա` ստեղծվել է 1960 թվականին: Ներկայումս ասոցիացիայի անդամ են Իսլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան և Շվեյցարիան:
- Եվրոպայում ազատ առևտրի գոտի` համաձայնագիր, որը ստորագրվել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի միջև 1993 թվականին: Իր ուժը կորցրել է 2004 թվականին, երբ մերձբալթյան երեք երկրները դարձան ԵՄ անդամ:
- Ազատ առևտրի կենտրոնաեվրոպական ասոցիացիա` համաձայնագիր, որը ստորագրվել է Հունգարիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի և Չեխիայի միջև 1992 թվականին: Իր ուժը կորցրել է 2004 թվականին, երբ այս երկրները դարձան ԵՄ անդամ:
- Տնտեսական համագործակցության խորացման ավստրալոնորզելանդական համաձայնագիր` կնքված 1983 թվականին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև:
- Կոլումբիայի, Էկվադորի և Վենեսուելայի միջև ազատ առևտրային գոտի` համաձայնագիրը կնքվել է 1992 թվականին:
- Բանգկոկի համաձայնագիր` համաձայնագիր Բանգլադեշի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Լաոսի և Շրի Լանկայի միջև, որը ստորագրվել է 1975 թվականին:
- Ազատ առևտրի գոտի (ԱՊՀ)` ԱՊՀ անդամ երկրների միջև համաձայնագիր, որը ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերին:
Ազատ առևտրի գոտու ստեղծում նորահայտ տնտեսական միություններում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաղաղօվկիանոսյան գործընկերություն
- Հարավամերիկյան ազգերի միություն
- ԵՏՄ և այլ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Страны СНГ объединит зона свободной торговли»։ МТРК «Мир»։ 2011-10-23։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2011-10-23
|