Ճիչ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ճիչ
տեսակ group of paintings
նկարիչ Էդվարդ Մունկ
հատվածն է Ճիչ, Ճիչ, Ճիչ և The Scream
հեղինակի կրկնօրինակներ 4
The Scream by Edvard Munch Վիքիպահեստում

«Ճիչ» (նորվ.՝ Skrik), նկարների շարք, որը ստեղծել է նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկը 1893-1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Նկարներում պատկերված է հուսահատության եզրին գտնվող մարդու կերպարանք, ով անզորությունից ճչում է: Մարդը պատկերված է արնագույն-կարմիր երկնքի ու ծայրաստիճան ընդհանրացված բնապատկերի ֆոնի վրա: 1895 թվականին Մունկն ստեղծել է այս սյուժեով վիմագրություն:

«Ճիչը» համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը և դարձել է 20-րդ դարի արվեստի յուրօրինակ «նախերգանքը»: Այն հանդիսացավ մոդեռնիզմի համար անկյունաքարային երևույթ, քանի որ վերաբերում է մենակությանը, հուսահատությանն ու օտարացմանը, որոնք այդ ուղղության գլխավոր բնորոշ գծերից են[1][2]: Կարծես թե նկարիչը նայել ու տեսել է գալիք հարյուրամյակին սպառնացող վտանգները՝ համաշխարհային պատերազմներ, հեղափոխություններ, բնապահպանական ճգնաժամեր և պատկերել է դրանց լուծումը չգտնող մարդուն, որ ճչում է հուսահատությունից[1]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճչացող մարդու կերպարանքն այն աստիճան պրիմիտիվ է պատկերված, որը տարբեր մեկնաբանների կողմից որակվել է որպես կմախք[2], էմբրիոն կամ էլ սպերմատոզոիդ[1]: Ալիքաձև ձգվող բնանկարի գծերը կարծես արձագանք լինեն, որոնք կրկնում են պատկերված մարդու գլխի և լայն բացված բերանի ուրվագծերը. կարծես ճիչի ձայնը տարածվում է ամենուր[2]: Սուբյեկտի բացասական էմոցիան այնպես է ներկայացված, որ կարծես իր ծանրությամբ ճնշում է շրջապատող աշխարհին և ձեռք է բերում տիեզերական թափ[1]: Սակայն կա նաև հակադարձ կարծիքը, որը նշել է անձամբ հեղինակը. հոգեվարքի մեջ գտնվող մարդու ճիչը ոչ այլ ինչ է, եթե ոչ «բնության ճիչ»:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճիչի» ֆոնային բնանկարը հիշեցնում է Կրիստիանիայի Էկեբերդ բլուրից բացվող տեսարանը դեպի Օսլո ֆյորդը: Սկզբնական ժամանակաշրջանում Մունկի կողմից նկարին տրվել է գերմաներեն անվանում՝ «Der Schrei der Natur» («Բնության ճիչը»): Իր օրագրի էջերում, որոնք գրվել են «Նիս, 22.01.1892» վերնագրի տակ, Էդվարդ Մունկն իր ներշնչանքի աղբյուրի մասին գրում է.

Aquote1.png Ես իմ երկու բարեկամների հետ քայլում էի արահետով, արևն արդեն մայր էր մտնում, և ակնթարթորեն երկինքը դարձավ բոսոր-արյունագույն: Ես կանգ առա լրիվ ուժասպառ եղած, հենվեցի ցանկապատին ու դիտեցի արյունը և բոցի լեզուները կապտասև ֆյորդի և քաղաքի վրա: Իմ բարեկամներն առաջ անցան, իսկ ես շարունակեցի կանգնած մնալ և հուզմունքից դողալ՝ զգալով անվերջ մի ճիչ, որը գալիս էր բնությունից: Aquote2.png


Նկարիչը ձեռնարկեց մի քանի փորձեր՝ կտավին փոխանցելու անջնջելի տպավորությունները: Տպավորիչ մայրամուտը նկարելու մասին հայտնեցին նկարչի բարեկամներն ու ծանոթները[3]: Նկարաշարի առաջին աշխատանքը եղավ «Հուսահատություն» նկարը (սկզբում հայտնի էր «Տրամադրություն մայրամուտի ժամանակ» անվանումով): Այս աշխատանքը Մունկն արել է ռեալիստական ժանրում: Պատկերված գլխարկով մարդը նման է հենց իրեն՝ Մունկին, ով մի փոքր կորանալով կռթնել է կամուրջի բազրիքին և նայում է արնագույն երկնքին: Երկու այլ տղամարդիկ էլ են պատկերված այս նկարում. նրանք նույնպես գլխարկներով են ու հեռանում են գլխավոր կերպարից[4]: Մեկ այլ տարբերակում կենտրոնական ֆիգուրը հիշեցնում է «Մելանխոլիա» կտավի գլխավոր հերոսին. նա ունի ներքև խոնարած գլուխ, թունդ գույնով գծագրված աչքեր[3]: Պարզորոշ է, որ նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում գտնել համապատասխան կերպար, որը կկարողանար արտահայտել այն ժամանակ իր ապրած սարսափն ու հուսահատությունը: Վերջապես, 1893 թվականին նա նկարում է կտավի նոր տարբերակը, որն ի վերջո համաշխարհային պատմության մեջ հայտնի է դառնում «Ճիչ» անվանումով: Սա հակասական ռեալիստական մարդու կերպար է, որը վերաձևափոխվում է աղավաղված, անսեռ կմախքի[5]: Առաջին անգամ այս նկարը և դրա մյուս տարբերակները ցուցադրվել են հանրությանը «Հուսահատություն» անվամբ: Սակայն ավելի ուշ այն պատմության մեջ մտավ «Ճիչ» անվանումով[6]: Անձամբ նկարիչը նկարին տվել է գերմաներեն «Der Schrei der Natur» («Բնության ճիչը») անվանումը: Էդվարդ Մունկի կեսագիր Ատլե Նեսը հայտնում է, որ նկարի վերջնական անվանումը հուշել է Վիլհելմ Կրագի «Ճիչ» բանաստեղծությունը[7]:

Գրականության մեջ նշվում են բազմաթիվ վարկածներ, թե ինչն է առիթ հանդիսացել հանդիսացել «Ճիչը» ստեղծելու համար: Կենսագիր Դյու Պրիդոն նշում է, որ Էկեբերգի մոտ գտնվում էր Օսլոյի ամենամեծ սպանդանոցը, իսկ դրանից ոչ շատ հեռու էլ գտնվում էր մի հոգեբուժարան, որտեղ բուժվում էր Էդվարդ Մունկի փոքր քույրը՝ Լաուրա Մունկը: Չնայած հետազոտողը միանշանակ խուսափում է այդ փաստը նշել որպես նկարի ստեղծման շարժառիթ, բայցևայնպես նշում է. «Ասում էին, որ սպանվող կենդանիների ճիչն ու հոգեկան հիվանդների աղաղակը միախառնվում էին միմյանց հետ. դա անտանելի էր»[8]: 2003 թվականին աստղագետների խումբը առաջարկեց մի վարկած, ըստ որի նկարչի կողմից տեսած ալ կարմիր-բոսոր երկինքը առաջացել է 1883 թվականին Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով: Ուժգին պայթյունը, որի ուժը բազմիցս գերազանցում էր Հիրոսիմայի վրա գցված ատոմային ռումբի պայթյունի ուժին, մթնոլորտ է արտանետել հսկայական քանակությամբ հրաբխային մոխիր, որի հետևանքով այդ և հաջորդ տարիներին ամբողջ աշխարհում նկատվել են արտասովոր կարմիր մայրամուտներ: Հետազոտողները գրում են, որ այդ դիտարկումը նորվեգական շատ թերթերն են արձանագրել[9]: Արվեստագետերն ու Մունկի կենսագիրները կոչ են անում նման վարկածների վերաբերվել զգույշ, քանի որ պարզ չէ, թե կոնկրետ երբ են տեղի ունեցել այն իրադարձությունները, որոնց մասին իր հուշերը Մունկը գրի է առել Նիսում[8]: 1978 թվականին արվեստագետ Ռոբերտ Ռոզենբլյումը ենթադրել է, թե նկարի առաջին պլանում պատկերված տարօրինակ, անսեռ արարածին նկարիչը կարող է տեսած լինել 1899 թվականին Փարիզում: Այդ ժամանակ այնտեղ անցկացվում էր Համաշխարհային ցուցահանդեսը, որի ժամանակ Մունկը տեսել է պերուական մումիաներ[10][11]: Մումիան՝ փաթաթված էմբրիոնի դիրքով, բաց բերանով ու պարզած ձեռքերով, Պոլ Գոգենին նույնպես ցնցել է (նա ստեղծել է ուրվանկարների մի շարք այդ թեմայով)[10]: Իտալացի անթրոպոլոգներից մեկը հայտնել է, որ Մունկը տեսել է մումիա, բայց ոչ թե Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, այլ Ֆլորենցիայի թանգարաններից մեկում, որի պատկերը ավելի նման է նկարի գլխավոր հերոսին[12]:

Առաջին անգամ «Ճիչը» (այդ ժամանակ դեռևս հայտնի էր «Հուսահատություն» անվանումով) հանրությանը ներկայացվել է 1893 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած բեռլինյան ցուցահանդեսի ժամանակ[6]: Այդ ցուցահանդեսին Մունկը ներկայացել էր նկարաշարով, որը կոչվում էր «Սեր» («Die Liebe»): Ցուցադրվող նկարների շարքում էին նաև «Ձայն», «Համբույր» և «Խանդ» նկարները, որոնք խորհրդանշում էին սիրո ծնունդը, ծաղկումը և մահը[6]: Ցուցահանդեսը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից և արժանացավ շատ բացասական արձագանքների քննադատների կողմից[6]: Այնուամենայնիվ արժանացավ գովասանքի ու հիացման այնպիսի արվեստագետի կողմից, ինչպիսին է Ստանիսլավ Պշիբևսկին[13]:

«Ճիչի» տարբերակներ և դրանց գտնվելու վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Մունկը ստեղծել է «Ճիչի» չորս տարբերակներ՝ օգտագործելով զանազան տեխնիկաներ.

  • Մունկի թանգարանում ցուցադրվում են նկարի երկու տարբերակները, որոնք արվել են յուղաներկով: Կա նաև պաստելով նկարված մեկ նկար:
  • Նորվեգիայի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում ցուցադրվում է յուղաներկով կատարած աշխատանքը, որը համարվում է երկրորդ տարբերակը:
  • Միակ տարբերակը, որը գտնվում է անհատական հավաքածուում, կատարված է պաստելով: Այն պատկանում էր նորվեգացի միլիարդատեր Պետեր Օլսենին, ով այն հանեց աճուրդի 2012 թվականի մասիսի 2-ին[14]: Արդյունքում նկարը գնեց ամերիկացի բիզնեսմեն, հավաքորդ Լեոն Բլեքը՝ վճարելով 119 միլիոն 922 հազար 500 դոլար, որն այդ ժամանակ ռեկորդային գումար էր, որ երբևէ վճարվել է արվեստի գործի համար[15][16]:

«Ճիչ»-ը բազմիցս դարձել է հանցագործների թիրախ.

  • 1994 թվականին նկարը գողացվել է Ազգային պատկերասրահից. փետրվարի 12-ին՝ հենց այն օրը, երբ տեղի էր ունենում նորվեգական Լիլլեհամեր քաղաքում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, երկու տղամարդ ներխուժում են Օսլոյի ազգային պատկերասրահի շենք և առևանգում «Ճիչի» տարբերակներից մեկը: Նրանք այդտեղ թողնում են մի երկող, որում մասնավորապես ասվում էր. «Շնորհակալություն ցածր մակարդակի անվտանգության համար»[17][18]: Նկարը գողացվել էր թանգարանի երկրորդ հարկից[19][20]: Մի քանի ամիս անց նկարը գտնվել և վերադարձվել է իր տեղը:
  • 2004 թվականին «Ճիչը» և նկարչի մեկ այլ հայտնի աշխատանք՝ «Տիրամայրը», գողացվել են Մունկի թանգարանից: Երկու կտավներն էլ վերադարձվել են 2006 թվականին: Գողանալու ժամանակ դրանք վնասվել էին, սակայն վերականգնվել են և 2008 թվականից կրկին ցուցադրվում են Մունկի թանգարանում:

Նկարների արտացոլումը համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի երկրորդ կեսին «Ճիչը» դարձավ յուրահատուկ տիպար և այդ ժամանակից բազմիցս իր արտացոլումը գտավ համաշխարհային մշակույթում: Էնդի Ուորհոլը կատարեց մի շարք տպումներ փրինթերի օգնությամբ՝ տարբեր գույներով: Փոփ արտի մեկ այլ ներկայացուցիչ՝ Էրրոն, ստեղծեց երկու կոլաժներ, որոնք կոչվեցին «Երկրորդ ճիչ» (1967) և «Դին-դոն» (1979): «Ճիչի» հերոսի կերպարը բազմաթիվ անգամներ օգտագործվել է գովազդներում, կոմիքսներում, հեռուստատեսությունում: Հայտնի դիմակը, որը ներշնչվել է Մունկի աշխատանքից, օգտագործվել է «Ճիչ» ֆիլմաշարում[21]: Another անիմեի և մանգայի հերոս Յույա Մոտիձուկին համարվում է Էդվարդ Մունկի մեծ երկրպագուն և ոգեշնչված «Ճիչ» նկարից՝ ստեղծում է սեփական նկարները:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Watson Gray F. «Edvard Munch (Norwegian artist) : Introduction» (անգլերեն) 
  2. 2,0 2,1 2,2 Gardner’s Art Through The Ages. 12-е издание. ISBN 978-0-495-00480-6. Page 721.
  3. 3,0 3,1 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007. Стр. 92
  4. Нэсс, стр. 93
  5. Нэсс, стр. 114
  6. 6,0 6,1 6,2 6,3 Нэсс, стр. 115
  7. Нэсс, стр. 96-97
  8. 8,0 8,1 Mia Fineman. Existential Superstar: Another look at Edvard Munch's The Scream. Slate.com
  9. [http://edition.cnn.com/2003/TECH/space/12/10/scream.munch.reut/ Why the sky was red in Munch's 'The Scream' . CNN
  10. 10,0 10,1 Hannah Vickers. The Scream was inspired by a Peruvian mummy. Peru This Week
  11. Ульрих Бишофф. Эдвард Мунк. TASCHEN/Арт-родник, 2008
  12. Rossella Lorenzi Italian Mummy Source of 'The Scream'? // Discovery News, 7 September 2004
  13. Нэсс, 116
  14. Vogel Carol "‘The Scream’ Heads for the Auction Block // Նյու Յորք Թայմս, February 21, 2012
  15. Лариса Саенко (2012-05-03)։ «Холст Мунка «Крик» продан почти за $120 млн, установив мировой рекорд»։ РИА Новости։ Վերցված է 2012-05-02 
  16. Олег Зеленин Картина Мунка "Крик" продана на аукционе в Нью-Йорке за 120 млн долларов // ИТАР-ТАСС, 03.05.2012
  17. «4 Norwegians Guilty In Theft of 'The Scream'»։ The New York Times։ AP։ 18 January 1996։ Վերցված է 22 May 2009 
  18. Alex Bello: From the archive, 9 May 1994: Edvard Munch's stolen Scream recovered in undercover sting The Guardian, 9 May 2012
  19. Dolnick, Edward (June 2005). The Rescue Artist: A True Story of Art, Thieves, and the Hunt for a Missing Masterpiece. HarperCollins. ISBN 978-0-06-053117-1. 
  20. «On this day: Art thieves snatch Scream»։ BBC News Online։ 12 February 1994։ Վերցված է 31 August 2006 
  21. Кудрявцева, Валерия Этот «Крик» у них Мунком зовется // Культура, 18.11.2012

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Poul Erik Tøjner, Bjarne Riiser Gundersen Skrik. Historien om et bilde Forlaget Press 2013 ISBN 9788275473200

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]