Մանգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մանգա» բառի կանջին

Մանգա (ճապ.` կանջի` 漫画, հիրագանա` まんが, կատականա` マンガ, ˈmɑŋgə ), ճապոնական կոմիքսներ, որոնց հաճախ անվանում են «քոմիքքու» (コミック)։ Ժամանակակից տեսակի մանգան սկսել էր զարգանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` արևմտյան ավանդույթի մեծ ազդեցության տակ լինելով, սակայն, ունի հին ճապոնական արվեստի արմատներ։ Մանգաները նկարվում են հատուկ ոճով, որը զարգացել է 19-րդ դարի վերջում` Ճապոնիայում: Դրա արմատները ընկած են վաղ ճապոնական արվեստում:

Ճապոնիայում մանգա կարդում են առանց տարիքային սահմանափակման։ Այն ընդունված է և՛ որպես գեղարվեստի չափանիշ, և՛ որպես գրական երևույթ, այնպես որ կան բազմաթիվ ստեղծագործություններ տարբեր ժանրերի և տարբեր թեմաների՝ ռոմանտիկա, արկածային, սպորտ, պատմություն, հումոր, գիտաֆանտաստիկա, սարսափ, էրոտիկա, բիզնես և այլն։ 1950 - ականներից մանգան դարձել է ճապոնական հրատարակչության խոշոր մասնաճյուղ, որի շրջանառությունը 2006 թվականին հասնում էր 500 մլն դոլարի։

Ճապոնիայում մանգա տերմինը բնորոշում է թե կոմիքսները, թե համապատասխան մուլտիպլիկացիաները, իսկ Ճապոնիայի սահմաններից դուրս` այնտեղ հրատարակված կոմքիսները:

Մանգաներն ավանդաբար տպվում են սև-սպիտակ ֆորմատով, բայց դա չի խանգարում հրատարակել նաև ներկված գլուխներ ու նույնիսկ ամբողջական մանգաներ: Մանգաների առանձին էջեր, դրվագներ կամ գլուխներ ներկելը դարձել է նաև ֆանարտի ինքնուրույն ճյուղ. հաճախ երկրպագուների գործերը մի քանի անգամ գերազանցում են պաշտոնական գունավորումները:

Ճապոնիայում մանգա կարդում են բոլորը` անկախ տարիքից: 1950-ականներից սկսած մանգան դարձավ Ճապոնիայի գլխավոր արտահանվող արտադրանքը: Այժմ մանգան ամբողջ աշխարհում լայն լսարան է նվաճել:

Ճապոնիայում մանգաները սովորաբար հրատարկվում են մեծ, մասնագիտացված մանգա-ամսագրերում. յուրաքանչյուր համարում տպվում է յուրաքանչյուր մանգայի միայն մի գլուխը, որի շարունակությունը լույս է տեսնում հաջորդ համարում: Եթե մանգան հաջողություն է ունենում, գլուխները հավաքվում են ու լույս են տեսնում առանձին հատորներով` տանքոբոններով(տանքոբոնների գաղափարը, հետազոտողների կարծիքով, շրջադարձային եղավ մանգա-արդյունաբերությունում): Եթե մանգան շարունակում է հաջողություն ունենալ, այն կարող է անիմեի վերածվել` տպվելուց հետո կամ նույնիսկ հրատարակվելու ընթացքում: Հազվադեպ պատահում է նաև հակառակ հաջորդականությունը` մանգաները ստեղծվում են արդեն գոյություն ունեցող մեդիայի հիման վրա:

Մանգա-նկարիչը` մանգական, որպես կանոն, աշխատում է փոքր ստուդիայում մի քանի օգնականների ու հրատարակող կազմակերպության կողմից ուղարկված ստեղծարար խմբագրի հետ: Մանգայի, ինչպես և ֆիլմի, ստեղծողը համարվում է այն մարդը, ով որոշում է կադրերի, մանգայի դեպքում` ֆրեյմերի, փոխդասաովորությունը, իսկ հենց նկարչությունը, որպես կանոն, օգնականների ձեռքի գործն է:

Մանգաներն ընթերցվում են աջից ձախ ու վերևից ներքև` սա ճապոնական ավանդական կարդալու ձևն է: Որոշ հրատարակիչներ հենց այդպես էլ պահում են, սակայն շատերը հայելային անդրադարձնում են էջերը` ոչ ճապոնացի ընթերցողին ադապտացնելու համար: Այս երևույթը հայտնի է որպես フリッピング` ֆուրիպպինգու: Շատ քննադատներ դեմ են սրան, քանի որ հաճախ նման անդրադարձումը կարող է շուռ տալ հեղինակի մտահաղացումը. այսպես, շապիկի կամ ցուցանակի վրայի գրվածքները իմաստը կորցնում են` օրինակ, մայիսը(may) դառնում է յամ(yam); աջլիկ հերոսները` ձախլիկ; արգելակման պեդալը վերածվում է գազի ոտնակի ու այդպես շարունակ: Դրանք ընթերցողները առաջին հայացքից չեն նկատում ու ոչ միշտ են վերընթերցում, ինչն ավելի շատ անհարմարություններ է ստեղծում, քան անսովոր կարդալու ձևը:

Եթե անդրադարձումը բավական լավ չի կատարվում կամ թարգմանությունը դրան չի համապատասխանեցվում, հնարավոր է նաև, որ նկարն ու տեքստը հակադրվեն միմյանց: Այդ պատճառով շատ կազմակերպություններ իրենց այցեքարտն են դարձրել հենց այն, որ չեն փոփոխում օրիգինալ էջերը:

Մանգայից ոգեշնչված գործեր ստեղծվում են նաև Ճապոնիայի սահմաններից դուրս, մասնավորապես` Չինաստանում, Հոնգ Կոնգում ու Թայվանում (մանհվա); Ֆրանսիայում (լա նուվել մանգա) ու Ամերիկայում (OEL-Original English Language manga):

2007 թվականին մանգայի ազդեցությունը համաշխարհային շուկայում վերջին երկու տասնամյակի նկատմամբ աննախադեպ աճ գրանցեց: Ազդեցություն թե՛ վաճառքի ու շահույթի իմաստով, թե՛ գաղափարական` հայտնվեցին շատ այլազգի մանգա-նկարիչներ:

Այն նաև հայտնի է դարձել ամբողջ աշխարհի մնացած հատվածներում, հատկապես ԱՄՆ - ում, որտեղ 2006 թվականին առքուվաճառքի շրջանառությունը 175-200 միլիոն դոլար էր կազմում։ Գրեթե ամբողջ մանգան նկարվում է և հրատարակվում սև ու սպիտակով, չնայած կա նաև գունավորը, օրինակ «Colorful», որի անվանումը անգլերենից թարգմանվում է որպես «գունավոր»: Հայտնի մանգաների, ավելի հաճախ երկար մանգա-սերիալների (երբեմն անավարտ), հիման վրա նկարահանում են անիմե։ Սցենարի էկրանիզացիան կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների։ Օրինակ եթե կան մարտերի և ճակատամարտի տեսարաններ, որոնք ներկայացնում են դաժան կամ վայրի պատկերներ, ապա նման հատվածները հանվում են։ Նկարիչը, ով նկարում է մանգան, կոչվում է մանգակ, հաճախ հենց նա է հանդիսանում սցենարի հեղինակը։ Եթե սցենարը գրում է առանձին անհատ, ապա նման սցենարիստը կոչվում է գէնսակուսյա (կամ, ավելի ճիշտ, manga gensakusya)։ Պատահում է, որ մանգան ստեղծվում է արդեն գոյություն ունեցող անիմեի կամ ֆիլմի հիման վրա, ինչպես օրինակ «Աստղային պատերազմներ» - ը։ Այնուամենայնիվ, անիմեի մշակույթն ու «օտակու» հասկացությունը չէին առաջանա առանց մանգայի, քանի որ շատ քիչ պրոդյուսերներ են պատրաստ ժամանակի և գումարի ներդրում կատարել մի ծրագրի մեջ, որը չի ապացուցել իր հանրաճանաչությունը ներկայանալով ուղղակի կոմիքսի նմանությամբ։

Պատմությունը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մանգայի զարգացման պատմությունը

Ծագումնաբանությունը[խմբագրել]

Կանջին (Մանդարինում` դասական չինարենում, արտասանվում է մանհուա), որ ճապոներենում օգտագործվում է մանգա բառը գրելու համար, թարգմանվում է որպես «քմահաճ, խառը նկարներ» կամ «ոտքի վրա արված էսքիզներ»: Բառը չինական ծագում ունի ու ճապոնացի հասարակության սեփականությունն է դարձել 18-րդ դարի վերջում՝ 1798 թվականին, Սանտո Քյոդենի «Shiji no yukikai» նկարաշարքի հրատարակմամբ: Տերմինի հարմարվելուն նպաստեցին նաև Այքավա Մինվայի 1814 թվականին հրատարակված «Manga hyakujo»-ն ու հայտնի ուքիյո-է ոճի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի հանրահայտ շարքի` Հոքուսայ Մանգայի 1814-1834 թվականների հրատարակությամբ: Շուտով Րաքուտեն Քիթաձավան օգտագործում է «մանգա» բառը մեզ հայտնի իմաստով:

Ճապոնիայում, ինչպես արդեն ասվել է, «մանգա»-ն բնորոշում է թե անիմացիան, թե կոմիքսները: Ճապոնիայի սահմաններից դուրս, այլալեզու երկրպագուները, «մանգա» ասելով, հասկանում են ճապոնական արտադրության կոմիքսներ, իսկ «անիմե»` համապատասխանաբար անիմացիաներ: «Անի-մանգա»-ն վերաբերում է հատուկ անիմե դառնալու համար նկարված մանգաներին:

Մրցանակներ[խմբագրել]

Ճապոնական մանգայի արդյունաբերությունը սահմանում է լիքը մրցանակներ, որոնց մեծ մասը ֆինանսավորվում է հրատարակիչների կողմից. որևէ անվանակարգում հաղթած մանգաները հրատարակվում են հովանավոր ամսագրում: Նման մրցանակներից են, օրինակ, սրանք.

  • Akatsuka Award - հումորային մանգայի համար
  • Dengeki Comic Grand Prix – կարճ մանգայի համար
  • Kodansha Manga Award – տարբեր ժանրային մրցանակներ
  • Seiun Award – տարվա լավագույն գիտաֆանտաստիկ մանգա
  • Shogakukan Manga Award– տարբեր ժանրային մրցանակներ
  • Tezuka Award – լավագույն նոր մանգա
  • Tezuka Osamu Cultural Prize – տարբեր ժանրային մրցանակներ

Ճապոնիայի Արտաքին Գործերի Նախարարությունը 2007 թվականի մայիսից սահմանել է ամենամյա Միջազգային Մանգա Մրցանակաբաշխություն (International Manga Award):

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]