Հովհաննես Կուրկուաս Բ
Հովհաննես Կուրկուաս | |
---|---|
900 թ-ից առաջ և 946 թ-ից հետո | |
Ծննդավայր | Թոքաթ |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Զորատեսակ | Հետևակ, հեծելազոր |
Ծառայության տարիներ | 915-944 թթ. |
Կոչում | «domestikos tōn scholōn» |
Զորամաս | «Հիկանտոի» |
Մարտեր/ պատերազմներ | Բյուզանդա-արաբական պատերազմներ Ռուսական արշավանքի ետ մղում |
Հովհաննես Կուրկուաս (հուն․՝ Ἰωάννης Κουρκούας, գործել է մոտ 915-946 թվականներին), հայազգի բյուզանդացի զորավարներ։ Նրա հաջողությունները մուսուլմանական իշխանությունների դեմ փոխեցին դարավոր բյուզանդա-արաբական հակամարտության ուժերի հարաբերակցությունը հօգուտ Բյուզանդական կայսրության։ Նրա ձեռքբերումների շնորհիվ սկսվեց կայսրության 10-րդ դարի «նվաճումների դարաշրջանը»։
Կուրկուասը պատկանում էր Բյուզանդիայում մեծ ազդեցություն ունեցող հայկական Կուրկուասների տոհմին։ Որպես կայսերական պահակախմբի ղեկավար, Հովհաննեսը ապագա կայսր Ռոմանոս I Լեկափենոսի (գահակալել է 920-44 թթ.) կարևորագույն աջակիցներից էր և մեծ ներդրում ունեցավ նրա գահ բարձրանալու մեջ։ 923 թվականին Հովհաննեսը նշանակվեց արևելքում տեղակայված բյուզանդական զորքերի գերագույն հրամանատար։ Այստեղ նրան դիմակայում էին Աբբասյանների խալիֆայությունն ու բազմաթիվ կիսանկախ մուսուլմանական ամիրայություններ։ Հովհաննեսը մնաց այս պաշտոնում ավելի քան քսան տարի։ Նրա օրոք տեղի ունեցան մի շարք վճռական բյուզանդական հաղթանականեր, որոնք բավական մեծացրին կայսրության ազդեցությունը տարածաշրջանում։
9-րդ դարում Բյուզանդական կայսրությունը աստիճանաբար վերականգնել էր իր դիրքերը և ներքին կայունությունը, իսկ խալիֆայությունն ընդհակառակը գնալով թուլանում և մասնատվում էր։ Կուրկուասի ղեկավարությամբ բյուզանդական ուժերը 200 տարվա ընթացքում առաջին անգամ մտան մուսուլմանական տարածքների խորքերը և բավականաչափ մեծացրին կայսրության սահմանները. ջախջախվեցին և գրավվեցին Մալաթիայի և Կարինի մուսուլմանական ամիրայությունները և ընդհուպ մոտեցան վերին Եփրատին և Արևմտյան Հայաստանին։ Որոշ հայկական և վրացական իշխանություններ ճանաչեցին իրենց բյուզանդացիների վասալներ։ Կուրկուասին նաև հաջողվեց ջախջախել ռուսների 941 թվականի ներխուժումը և ետ վերադարձնել Եդեսիայում գտնվող սրբազան մասունք «Մանդիլիոնը», որի վրա պատկերված էր Հիսուս Քրիստոսի դեմքը։ 944 թվականին Լեկափենոսի որդիների զրպարտանքների պատճառով Հովհաննեսին հեռացրին պաշտոնից։ Սակայն Կոստանդին Ծիրանածին կայսեր օրոք (913-959 թթ.) նա դարձյալ արժանացավ գնահատանքի և 946 թվականին ստանձնեց կայսերական դեսպանի պաշտոնը։ Դրանից հետո նա այլևս չի հիշատակվում աղբյուրներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջան և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննեսը ելնում էր հայկական Կուրկուասների տոհմից, ում անունը գալիս է հայերեն «Գուրգեն»-ից։ Նրանք անցել էին Բյուզանդական կայսրություն 9-րդ դարում և վերածվեցին Փոքր Ասիայի մեծագույն հողատեր-ռազմիկ ընտանիքներից մեկի[1]։ Հովհաննեսի նույնանուն պապը Բարսեղ Ա-ի (867-886 թթ.) օրոք ղեկավարել է ընտրյալ «Հիկանտոի» (Hikanatoi) զորամասը; Հովհաննեսի եղբայր Թեոֆիլուսը, նրա տղան՝ Ռոմանոսն ու ապագա ազգակիցներից՝ կայսր Հովհաննես Չմշկիկը բոլորը հայտնի զորավարներ էին[2][3]։
Հովհաննեսի կյանքի առաջին փուլի մասին քիչ բան է հայտնի։ Նրա հայրը կայսերական պալատի հարուստ պաշտոնյա էր։ Ինքը Հովհաննեսը ծնվել է Արևմտյան Հայաստանի Թոքաթ քաղաքում և կրթություն է ստացել բարեկամի՝ Գանգրայի եպիսկոպոս Քրիստոֆերի մոտ[4]։ 910-ական թվականների վերջին, գահին ձգտող հայազգի Ռոմանոս Լեկափենոսի շնորհիվ, նշանակվել է պալատական թիկնազորի հրամանատար։ Այս պաշտոնում Հովհաննեսը ձերբակալեց Լեկափենոսի մի շարք հակառակորդների, որը ճանապարհ բացեց 919 թվականին Լակապենոսի խնամակալ դառնալուն։ Իսկ արդեն 920 թվականի դեկտեմբերին Ռոմանոսը հռչակվեց կայսր[5]։ Իր օգնության դիմաց, 923 թվականին Կուրկուասը դարձավ Փոքր Ասիայի ողջ զորքերի գերագույն հրամանատար[2][6]։ Համաձայն պատմիչների նա մնաց այդ պաշտոնում դեռևս չլսված 22 տարվա և 7 ամսվա ընթացքում[7]։
Այս ժամանակահատվածում և հատկապես 917 թվականի աղետալի Աքելոսի ճակատամարտի հետևաքնով, բյուզանդացիները հիմնականում զբաղված էին Բալկաններում հզորացած Բուլղարական առաջին կայսրության դեմ պայքարելով[8]։ Կուրկուասի առաջին պարտականությունը Խալդիայի ստրատեգոս Բարդաս Բոիլասի ապստամբության ճնշումն էր։ Նա հեշտությամբ ջախջախեց ապստամբին և նրա եղբայրը դարձավ այդ կարևորագույն նահանգի նոր ստրատեգոսը։ Այդ պաշտոնում Թեոֆիլուսը իրեն բավական լավ դրսևորեց և մեծ օգնություն էր ցույց տալիս եղբորը[9]։
Մալաթիայի առաջին հպատակեցումը, արշավանքներ դեպի Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]7-րդ դարի իսլամական նվաճումների հետևանքով համեմատաբար հաստատուն դարձած սահմանների երկայնքով ռազմական հակամարտությունը երկու պետությունների միջև ընդունել էր փոքր մասշտաբի ասպատակությունների բնույթ։ Սահմանն անցնում էր Տավրոսի և Անտի Տավրոսի լեռնաշղթաներով[10]։ Մինչև 860 թվականները արաբական արշավանքները ստիպում էին բյուզանդացիներին միայն պաշտպանվել։ Միայն 863 թվականի Լալակաոնի ճակատամարտի հաղթանակից հետո Բյուզանդական կայսրությունը սկսեց հարձակվողական արշավանքներ իրականացնել Սիրիա և վերին Միջագետք. նրանց հաջողվեց գրավել և ոչնչացնել Տևրիկ բերդի շուրջ ծավալված պավլիկյան աղանդի պետությունը[11]։ Ըստ պատմաբան Մարկ Ուիթոուի 912 թվականին արաբները ետ էին մղվել Տավրոսի և Անտի Տավրոսի լեռնաշղթաներից այն կողմ, որը «դրդել էր հայերին ավելի մերձենալ Բյուզանդական կայսրությանը և մեծ քանակությամբ ծառայության անցնել վերջինիս բանակ»[12]։ Կայսրության վերածնունդն ուղեկցվում էր խալիֆայության անկմամբ, հատկապես ալ-Մուքտադիր խալիֆի օրոք (908-932 թթ.), երբ ողջ խալիֆայությամբ մեկ տեղի ունեցան հուժկու ապստամբություններ։ Այս ամենի հետևանքով կայսրությունը սահմանակից էր ոչ թե միասնական արաբական պետության, այլ մի շարք կիսանկախ տեղական էմիրությունների[13]։ Իսկ Բալկաններում 927 թվականին բուլղարական ցար Սիմեոնի մահից հետո կայսրության հետ կնքած հաշտության պայմանագիրը թույլ տվեց Բյուզանդիային ուղղել ուշադրությունը վերանվաճելու արևելքում կորցրած տարածքները[8]։
925 թվականին կայսր Ռոմանոս Լեկափենոսն իրեն բավականաչափ հզոր համարելով հարկ պահաջեց Եփրատի արևմուտքում գտնվող քաղաքներից։ Երբ նրանք հրաժարվեցին, 926 թվականին Կուրկուասը արշավեց նրանց դեմ[14]։ Հովհաննեսին ուղեկցում էին իր եղբայր Թեոֆիլուսն ու Լիկանդոսի ստրատեգոս Մլեհի հայկական գունդը[15]։ Հովհաննեսը որոշեց արշավել հզորագույն էմիրություններից մեկի մայրաքաղաք՝ Մալաթիա[16]։ Բյուզանդացիները գրավեցին քաղաքը, սակայն միջնաբերդը դիմացավ։ Մալաթիայի էմիրությունը հաշտություն խնդրեց և համաձայնվեց հարկ վճարել[14][15]։
927-928 թվականներին Կուրկուասը մեծ արշավանք կազմակերպեց արաբներից կողմից մեծամասբ գրաված Բագրատունյաց Հայաստան։ Նրան հաջողվեց ազատագրել կարևոր բերդ Սամոսատը և շուտով հասավ մուսուլմանների ձեռքում գտնվող հայոց մայրաքաղաք Դվին[15]։ Սակայն արաբական հակահարձակումը դուրս մղեց բյուզանդացիներին Սամոսատից, իսկ Դվինը դիմացավ պաշարմանը և մնաց մուսուլմանների ձեռքում ևս մի քանի տասնամյակ[17]։ Միևնույն ժամանակ Տարսոնի արաբները հաջող ասպատակություն իրականացրին հարավային Փոքր Ասիայում[18]։ Բյուզանդիան ուշադրությունը կենտրոնացրեց Վանա լճի շրջակայքում գտնվող Կայսիկների էմիրության վրա։ Հովհաննեսի զորքերը ասպատակեցին այդ տարածքները և գրավեցին Խլաթ և Բաղեշ քաղաքները, որտեղ նրանք փոխարինեցին մզկիթների կիսալուսինը խաչերով։ Տեղի արաբները զուր էին հույսեր կապում խալիֆայությայն հետ. այն անկարող էր նրանց օգնել և շուտով մուսուլմանների մեծ մասը հեռացավ այս տարածքներից[19][20][21]։ Այս ներխուժումը, որը տարավ բյուզանդացիներին սահմանից 500 կմ այն կողմ, ցույց էր տալիս կայսերական բանակի նոր հնարավորությունները[8]։ Չնայած, Փորք Ասիայում տիրող սովն ու Իտալիայի բյուզանդացի կատեպանի արշավանքները Ապենինյան թերակղզում թուլացրին Կուրկուասի ուժերը։ Նա պարտվեց և ետ մղվեց Ատրպատականի կառավարչի կողմից[19][20][22]։
930 թվականին Մլեհի հարձակումը Սամոսատի վրա ավարտվեց վերջինիս ջախջախմամբ[22]։ Այդ տարում Հովհաննեսն ու Թեոֆիլուսը պաշարեցին մուսուլմանների ձեռքում գտնվող Կարինը (Թեոդոսիոպոլիս)[23]։ Արշավանքը լավ չէր ընթանում դաշնակից վրացիների ջանքերի պատճառով։ Նրանք չէին ցանկանում ունենալ Բյուզանդական կայսրությանը որպես սահմանակից և օգնություն էին ցույց տալիս պաշարված քաղաքին։ Շուտով վրացիները պահանջեցին իրենց հանձնել նախկինում նվաճված քաղաքներից մի քանիսը, սակայն հենց առաջինի հանձնման ժամանակ նրանք այն տվեցին արաբներին։ Քանի որ Կուրկուասին պետք էր վրացիների հետ դաշինքը և շատ լավ գիտեր, որ այդ ամենին ուշադիր հետևում են հայոց իշխանները, նա չցանկացավ արշավել վրացիների դեմ[24]։ Մի քանի ամիս տևած պաշարման հետևանքով, 931 թվականի գարնանը Կարինը ստացավ վասալի աստիճան, իսկ համաձայն մեկ այլ աղբյուրի Արաքսից հյուսիս գտնվող տարածքներն անցան վրաց Դավիթ Բ-ին։ Սակայն այստեղ բյուզանդացիներին ևս սպավում էին դժվարություններ. 939 թվականին քաղաքն ապստամբեց և քշեց բյուզանդացիներին։ Թեոֆիլուս Կուրկուասի ջանքերի շնորհիվ քաղաքը վերջնականապես անցավ կայսրության վերահսկողության տակ 949 թվականին։ Մուսուլման բնակիչները քշվեցին և նրանց տեղը եկան հայեր և հույներ[24][25]։
Մալաթիայի վերջնական գրավումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր էմիրի օրոք Մալաթիան հրաժարվեց հարկ վճարելուց[14]։ Երբ քաղաքը գրավելու փորձերը ձախողվեցին, բյուզանդացիները Մալաթիայի հովտի շուրջ կառուցեցին մի շարք ամրություններ և սկսեցին պարբերաբար ասպատակել այդ տարածքը[8]։ 931 թվականի սկզբներին Մալաթիան ստիպված համաձայնվեց դարձյալ հարկ վճարել և նույնիսկ համաձայնվեցին զորք տրամադրել կայսրությանը[8]։
Սակայն մյուս մուսուլմական իշխանությունները չէին պատրաստվում մնալ դիտորդի կարգավիճակում. մարտին կազմակերպվեց մուսուլմանական հաջող ասպատակություններ Փոքր Ասիա։ Իսկ օգոստոսին Տարսոնի էմիրի կողմից կազմակերպված մեծ արշավանքը հասավ նույնսիկ Անկիրա և Ամորիում և վերցրեցին 136,000 ոսկե դինարի արժեք ունեցող գերիների[26]։ Այս նույն ժամանակ բյուզանդացիներն օժանդակում էին Վասպուրականի թագավորության թագավոր Գագիկ Ա-ին։ Վերջինս համախմբել էր տեղի հայ իշխաններին ընդդեմ Ատրպատականի էմիրի։ Դաշնակիցները թալանեցին Բերկրին և արշավեցին Միջագետք, որտեղ կայսրությունը դարձյալ գրավեց Սամոսատը։ Սակայն Գագիկին չհաջողվեց օգտվել այս իրադրությունից և գրավել Կայսիկների էմիրության տարածքը, քանի որ վերջինիս էմիրը միանգամից ասպատակեց իր սեփական թագավորությունը[19][26][27]։ Միևնույն ժամանակ Մալաթիան օգնության կանչեց Մոսուլի իշխաններին՝ Համդանիդներին։ Վերջիններս արձագանքեցին կոչին, հարձակվեցին և ջախջախեցին բյուզանդացիներին. Սամոսատը դարձյալ թողնվեց և 931 թվականի նոյեմբերին կայսերական ուժերը նահանջեցին նաև Մալաթիայից[26][28]։ Սակայն, երբ Մոսուլի իշխանը հեռացավ իր տիրույթներ, բյուզանդացիները ետ վերադարձան Մալաթիայի արգելափակմանը[8]։
932 թվականին կայսրությունը չկազմակերպեց ոչ մի խոշոր արշավանք, քանի որ բանակը զբաղված էր Օպսիկիոն թեմի երկու ապստամբությունների ճնշմամբ[28]։ 933 թվականին Հովհաննեսը վերսկսեց հարձակումները Մալաթիայի դեմ։ Քաղաքին օգնության եկած մուսուլմանական ուժերը ջախջախվեցին և բազմաթիվ կորուստ տալով նահանջեցին[26][28]։ 934 թվականին 50,000 հոգու գլուխ կանգնած Հովհաննեսրը դարձյալ արշավեց Մալաթիա։ Մյուս արաբական իշխանությունները զբաղված էին այլ խնդիրներով և օգնություն չկարողացան ցուցաբերել Մալաթիային։ Բյուզանդացիները ևս մեկ անգամ գրավեցին Սամոսատը և պաշարեցին Մալաթիան[26][28]։ Քաղաքի բնակիչները մեծ մասն արդեն փախել էր և 934 թվականի մայիսի 19-ին, չդիմանալով սովին, քաղաքը հանձվեց։ Չցանկանալով ևս մեկ անգամ գործ ունենալ քաղաքի ապստամբության հետ, Կուրկուասը թույլատրեց մնալ միայն քրիստոնյա բնակիչներին կամ նրանց, ովքեր կհամաձայնվեին ընդունել քրիստոնեություն։ Մեծ մասը համաձայնվեցին, իսկ մնացածը լքեցին քաղաքը[8][28][29]։ Մալաթիան և շրջակա բերրի հողերը վերջապես անցան կայսրությանը և դարձան կայսրի անձնական սեփականություն։ Այս վերջին քայլը նպատակ էր հետապնդում կասեցնել Փոքր Ասիայի ռազմական ազնվականության հզորացումը և ապահովել կայսերական ուղղակի ներակայությունը սահմանային կարևորագույն շրջանում[28][30]։
Համդանիդների վերելքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալաթիայի կորուստը ցնցեց մուսուլման աշխարհը. առաջին անգամ խոշոր իսլմանական քաղաքը գրավել և անցել էր Բյուզանդական կայսրությանը[31]։ Հովհաննես Կուրկուասը շարունակեց իր արշավանքը և 936 թվականին գրավեց Սամոսատի շրջակայքն ու թալանեց քաղաքը[32]։ Մինչև 938 թվականը արևելքում տիրում էր հարաբերական խաղաղություն։ Ըստ պատմաբանների բյուզանդացիներն օգտագործեցին այս ժամանակը Մալաթիայի վերաշինման համար, իսկ արաբական էմիրությունները, չունենալով խալիֆայության օժանդակությունը, չէին ցանկանում հարձակվել կայսրության վրա[31][33]։
Խալիֆայության ակնհայտ անկման և սահմանները պաշտպանելու անկարողության հետևանքով, Բյուզանդական կայսրության նոր հակառակորդ դարձան Համդանիդները։ Նրանց առաջնորդներն էին ալ-Հասանը՝ «Պետության պաշտպան» կոչումով և նրա փոքր եղբայր Ալին, ում տրվել էր «Պետության թուր» կոչումը[33]։ Մոտ 935 թվականին արաբական Բանու Հաբիբ ցեղը պարտություն կրելով Համդինիդներից, ամբողջությամբ անցավ Բյուզանդական կայսրություն և ընդունեցին քրիստոնություն։ Նրանց շնորհիվ կայսրությունը ստացավ 12,000 հեծյալներ։ Նրանք բնակեցվեցին Եփրատի արևմտյան ափի երկայքնով, որտեղ ստեղծվեցին 5 նոր թեմեր[32][34]։
Բյուզանդացիների առաջին ընդհարումը Համդանիդների հետ տեղի ունեցավ 936 թվականին, երբ նա փորձում էր օգնություն ցույց տալ Սամոսատին, սակայն իր տիրույթներում բարձրացված ապստամբությունը ստիպեց նրան ետ վերադառնալ[32]։ 938 թվականին նրանք դարձյալ ներխուժեցին կայսրություն և գրավեցին Խարբերդ ամրոցը, ջախջախեցին բյուզանդական առաջախահ ուժերին, վերցրեցին մեծ ավար և ստիպեցին Կուրկուասին նահանջել[32][35]։ Նույն տարում կայսրության և խալիֆայության միջև հաշտություն կնքվեց։ Այդ պայմանավորված էր Համդանիդների հզորացմամբ, որն անհանգստացնում էր երկու պետություններին էլ[36]։ Չնայած պաշտոնապես պետք է տիրեր խաղաղություն, բյուզանդացիները գտնվում էին անընդհատ պատերազմների մեջ տեղական տարբեր մուսուլմանական իշխանությունների և Համդանիդների հետ։ 939 թվականին կայսրությունը փորձեց պաշարել Կարինը, սակայն Համդանիդների օգնական ուժերի ժամանման մասին լուրը ստիպեց նրանց նահանջել[32]։
Եկող ամիսների ընթացքում կայսերական բանակը գրավեց Արշամաշատը և հարավարևմտյան Հայաստանում գտնվող բազմաթիվ բերդեր, այդպիսով ուղղակիորեն վտանգ ներկայացվելով Վանա լճի շրջակայքում գտնվող մուսուլմանական էմիրություններին[33]։ Իրավիճակը բարելավելու նպատակով 940 թվականին ալ-Հասանը կազմակերպեց յուրօրինակ արշավանք. այն սկսվեց կայսրությանը պատկանող հայկական Մարտիրուպոլիսից, ապա շարունակվեց Բաղեշով, անցավ Հայաստան, ընդունեց մի քանի մուսուլմանական և քրիստոնյա իշխանությունների վասալությունը, արշավեց Կարին և նույնիսկ ասպատակեց Շապին Գարահիսարը։ Սակայն Հովհաննես Կուրոկուասի ժամանումը ստիպեց նրան նահանջել[37]։ Մինչև 945 թվականը Համդանիդներն այլև չկազմակերպեցին մեծ արշավանք, քանի որ զբաղված էին իրենց հակառակորդ մուսուլմանական իշխանությունների դեմ պայքարելով[38][39]։
941 թվականի ռուսական ասպատակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համդանիդների ուշադրության շեղումը բավականաչափ օգնեց կայսրությանը։ 941 թվականի ամռանը Հովհաննեսը պատրաստվում էր արշավել արևելք, երբ լուրեր հասան, որ ռուսական նավատորմը ասպատակել է մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մերձակայքը։ Բյուզանդական բանակն ու նավատորմը բացակայում էին մայրաքաղաքից և այս փաստը ժողովրդի շրջանում հարուցեց ուժեղ անհանգստություն։ Քանի դեռ Կուրկուասն ու կայսերական նավատորմը ետ էին վերադառնում, արագորեն հավաքվեցին մի քանի հին նավեր, որոնք զինված էին հունական կրակով։ Նորաստեղծ փոքր նավատորմը ջախջախեց ռուսներին, ովքեր ափ իջան Բյութանիայում, որտեղ սկսեցին թալանել անպաշտպան գյուղացիներին[40]։ Պատրիկիոս Բարդաս Փոկասն արագորեն ժամանեց նահանգ և շրջապատեց ասպատակիչներին. նա սպասում էր Հովհաննեսի գլխավորությամբ շարժվող հիմնական ուժերի ժամանմանը։ Վերջապես Կուրկուասը ժամանեց և ջարդեց ռուսներին, ովքեր փորձեցին գիշերն անցնել Թրակիա։ Սակայն ծովն անցնելու ժամանակ բյուզանդական նավատորմը վերացրեց ռուսների վերջին մնացորդները[41]։
Արշավանքներ Միջագետքում և «Մանդիլիոն»-ի վերականգնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]942 թվականի հունվարին Հովհաննեսը դարձյալ արշավեց արևելք. արշավանքը տևեց մոտ 3 տարի[38]։ Առաջին հերթին նա թալանեց Հալեպի էմիրության տարածքը։ Արաբական աղբյուրները վկայում են, որ Հալեպի մոտ գնտվող Համուս քաղաքի գրավման ժամանակ, բյուզանդացիները վերցրեցին 10-15,000 գերի[38]։ Չնայած ամռանը Տարսոնի էմիրը իրակացրեց փոքր ասպատակություն, աշնանը Կուրկուասը ևս մեկ անգամ կազմակերպեց մեծ արշավանք։ Այս անգամ նրա հրամանատարության տակ կար ահռելի մեծության զորք՝ մոտ 80,000։ Հովհաննեսն անցավ դաշնակից հայկական Տարոնի իշխանության տարածքով և ներխուժեց հյուսիսային Միջագետք[38][42]։ Նա գրավեց և թալանեց Ամիդը, Մծբինը և Դարան. ոչ մի բյուզանդական բանակ չէր անցել այդ տարածքներով սկսած Հերակլիոս Ա կայսեր ժամանակներից մոտ 3 դար առաջ[38][43][44]։ Սակայն Հովհաննեսի հիմնական նպատակը Եդեսիան էր, որտեղ պահվում էր սրբազան «Մանդիլիոնը»։ Այն իրենից ներկայացնում էր կտոր, որով իր դեմքն էր սրբել Հիսուս Քրիստոսը. կտորն իր վրա էր թողել նրա դեմքի դիմագծերը և հետագայում տրվել է Եդեսիայի արքա Աբգար Ե-ին։ Բյուզանդացիների համար, հատկապես պատկերամարտության պարտությունից հետո, այն ուներ ահռելի նշանակություն։ Հետևաբար «Մանդիլիոն»-ի ետ բերումը մեծ հեղինակություն կբերեր Ռոմանոս Լեկափենոսին[43][45]։
Կուրկուասը կիրառեց նույն մարտավարությունը ինչ որ Մալաթիայի դեպքում. 942 թվականից սկսած նա ամեն անգամ ասպատակում էր Եդեսիայի մերձակայքը։ Վերջապես Եդեսիայի էմիրը հանաձայնվեց հանձնել Մանդիլիոնը բյուզանդացիներին և երդվեց այլևս երբեք չպատերազմել կայսրության հետ։ Բյուզանդացիներն իրենց հերթին համաձայնվեցին ետ վերադարձնել 200 գերու[43][46]։ 944 թվականի օգոստոսի 15-ին Մանդիլիոնը բերվեց Կոստանդնուպոլիս։ Կազմակերպվեց շքեղ արարողություն, որի ընթացքում սրբազան մասունքը տեղադրվեց կայսերական պալատի եկեղեցում[43][44]։ Իսկ Կուրկուասն ավարտեց իր արշավանքը գրավելով և թալանելով Բիթրա և Մարաշ (Գերմանիկիե) քաղաքները[47]։
Հեռացում և ետ կանչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած մեծ հաղթանակներին, վրա էր հասնում Կուրկուասի և նրա ընկեր Ռոմանոս Լակապենոսի անկումը։ Ռոմանոսի երկու ավագ որդիները նախանձում էին Հովհաննեսին և նախկինում փորձել էին զրպարտել նրան, սակայն առանց հաջողության[48]։ Կուրկուասի հաջողությունները դրդել էին Լակապենոսին ամուսնության միջոցով դարձնել նրան կայսերական ընտանքի անդամ. Կուրկուասի աղջիկը պետք է ամուսնանար Ռոմանոսի թոռան հետ։ Չնայած այս քայլը կմեծացներ բանակի հավատարմությունը կայսերը, այն, կուժեղացներ Հայկական հարստության դիրքերը և կթուլացներ Ռոմանոսի տղաների հավակնության օրինականությունը գահի նկատմամբ[45][49]։ Ռոմանոս Լեկափենոսի մեծ տարիքի և հիվանդության պատճառով, նրա տղաները կարողացան համոզել իրենց հորը 944 թվականի աշնանը հեռացնել Հովհաննեսին զբաղեցրած պաշտոններից[48][50]։
Կուրկուասի հաջորդը դեկտեմբերին, Հալեպի մոտակայքում ասպատակելիս միանգամից ջախջախվեց Համդանիդների կողմից։ Դեկտեմբերի 16-ին Ռոմանոս Լեկափենոսը գահազրկվեց իր տղաների կողմից։ Հունվարի 26-ին մեկ այլ հեղաշրջում հեռացրեց Լակապենոսի տղաներին իշխանությունից և կայսր հռչակվեց Ռոմանոսի կողմից գահազրկված և Հայկական հարստության պատկանող Կոստանդին VII Ծիրանածինը[43][48][51]։ Կոստանդինը դարձյալ մեծ ուշադրություն սկսեց հատկացնել Հովհաննեսին և 946 թվականին օգնեց նրան վերականգնել երկրաշարժից վնասված պալատը։ Շուտով Հովհաննես Կուրկուասն ուղարկվեց բանակցելու Տարսոնի արաբների հետ։ Դրանից հետո նրա մասին այլևս բան հայտնի չէ[52]։
Լեկափենոսների անկումը նախանշեց ևս մեկ փուլի ավարտ, սակայն Հովհաննեսի ծալապաշտական քաղաքականությունը շարունակվեց նաև նրա հաջորդների կողմից՝ Բարդաս Փոկասի, Նիկեփոր Փոկասի, Կուրկուասի ազգակից Հովհաննես Չմշկիկի կողմից։ Մինչև 976 թվականը կայսրությունն ազատագրեց Կիլիկիան, հյուսիսային Սիրիան Անտիոքով և գցեց Հալեպի Համդանիդներին կախվածության մեջ[53]։
Գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրկուասը համարվում է Բյուզանդիայի մեծագույն զորավարներից մեկը, որը գիտեին և իրենք բյուզանդացիները։ Հետագա պատմիչները փառաբանում էին նրա հաղթանակները և նրան էին վերագրում կայսրության սահմանները մինչև Եփրատ հասցնելը[54]։ Պատմիչներից մեկը նրան անվանում է «երկրորդ Տրայանոս կամ Բելիսարիոս»[55]։
Իհարկե նրա հաջողությունները որոշ չափով պայմանավորված են նրա նախորդների գործունեությամբ. նրանց օրոք պարտության մատնվեց Մալաթիայի էմիրությունը, վերացվեցին պավլիկյանները, ստեղծվեց կարևորագույն բանակաթեմ Միջագետքը և կայսրությունը տարածեց իր ազդեցությունը Հայաստանում[27][48]։ Սակայն հենց Հովհաննես Կուրկուասն էր և նրա արշավանքները, որ իսկապես փոխեցին ուժերի հարաբերակցությունը հյուսիսային Մերձավոր Արևելքում։ Նրա շնորհիվ կանգնեցվեցին արաբական դարավոր ասպատակությունները և առաջին անգամ կայսրությունն անցավ հակահարձակման[27][56]։ Դիպուկ է նկարագրված՝
Ավելի թույլ զորավարը ընդամենը կպաշտպաներ կայսրության սահմանները արաբներից, սակայն (Կուրկուասն) արեց ավելին։ Նա մտցրեց նոր ոգի կայսերական բանակի մեջ և հաղթանակորեն տարավ նրանց անհավատների տարածքների խորքերը։ Նրա իրական նվաճումներն այդքան էլ մեծ չէին, սակայն դրանք բավական էին, որպեսզի փոխեին Բյուզանդիայի և արաբների դարավոր դերերը։ Հիմա Բյուզանդիան էր հարձակվողը... (Հովհաննես Կուրկուասը) առաջինն էր մեծ նվաճողների շարքում և որպես առաջին արժանի է բարձր գովասանքի[57]։ - պատմաբան Սթիվեն Ռունկիման
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կաժդան 1991, էջեր. 1156–1157; Ուիթոու 1996, էջեր. 337–338
- ↑ 2,0 2,1 Կաժդան 1991, էջ. 1157
- ↑ Գուիլանդ 1967, էջեր. 442–443, 446, 463, 571
- ↑ Գուիլանդ 1967, էջեր. 443, 571
- ↑ Ռունկիման 1988, էջեր. 58–62; Գուիլանդ 1967, էջ. 571
- ↑ Ռունկիման 1988, էջ. 69
- ↑ Ուիթոու 1996, էջ. 418; Գուիլանդ 1967, էջեր. 447, 571
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Ուիթոու 1996, էջ. 317
- ↑ Ռունկիման 1988, էջեր. 70–71, 135; Գուլիանդ 1967, էջեր. 442–443, 571–572
- ↑ Ուիթոու 1996, էջեր. 176–178
- ↑ Էլ-Չեիխ 2004, էջ. 162; Ուիթոու 1996, էջեր. 311–314
- ↑ Ուիթոու 1996, էջ. 315
- ↑ Ռունկիման 1988, էջեր. 136–137
- ↑ 14,0 14,1 14,2 Ռունկիման 1988, էջ. 137
- ↑ 15,0 15,1 15,2 Թրեդգոլդ 1997, էջ. 479
- ↑ Ուիթոու 1996, էջ. 310; Թրեդգոլդ 1998, էջ. 111
- ↑ Տեր-Ղևոնդյան 1976, էջ. 77
- ↑ Ռունկիման 1988, էջ. 138
- ↑ 19,0 19,1 19,2 Տեր-Ղևոնդյան 1976, էջ. 82
- ↑ 20,0 20,1 Թրեդգոլդ 1997, էջ. 480
- ↑ Ռունկիման 1988, էջեր. 138–139
- ↑ 22,0 22,1 Ռունկիման 1988, էջ. 139
- ↑ Ռունկիման 1988, էջեր. 139–140
- ↑ 24,0 24,1 Ռունկիման 1988, էջ. 140
- ↑ Ուիթուո 1996, էջ. 322 ; Հոլմս 2005, էջ. 314
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 26,4 Ռունկիման 1988, էջ. 141
- ↑ 27,0 27,1 27,2 Ջենկինս 1987, էջ. 246
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 Թրեդգոլդ 1997, էջ. 481
- ↑ Ռունկիման 1988, էջեր. 141–142
- ↑ Ուիթոու 1996, էջեր. 341–342
- ↑ 31,0 31,1 Ռունկիման 1988, էջ. 142
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 32,4 Թրեդգոլդ 1997, էջ. 483
- ↑ 33,0 33,1 33,2 Ուիթոու 1996, էջ. 318
- ↑ Թրեդգոլդ 1998, էջ. 78
- ↑ Կաժդան 1991, էջ. 1848
- ↑ Ռունկիման 1988, էջեր. 142–143
- ↑ Ուիթոու 1996, էջեր. 319–320; Ռունկիման 1988, էջեր. 143–144; Թրեդգոլդ 1997, էջեր. 483–484
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 38,4 Ռունկիման 1988, էջ. 144
- ↑ Ուիթոու 1996, էջ. 320
- ↑ Ջենկիս 1987, էջեր. 250–251 ; Ռունկիման 1988, էջեր. 111–112
- ↑ Ջենկինս 1987, էջ. 251; Ռունկիման 1988, էջ. 112; Գուիլանդ 1967, էջեր. 442–443, 572
- ↑ Թրեդգոլդ 1997, էջ. 484
- ↑ 43,0 43,1 43,2 43,3 43,4 Ուիթոու 1996, էջ. 321
- ↑ 44,0 44,1 Ջենկինս 1987, էջ. 247
- ↑ 45,0 45,1 Գուիլանդ 1967, էջ. 572
- ↑ Ռունկիման 1988, էջ. 5
- ↑ Ռունկիման 1988, էջ. 145
- ↑ 48,0 48,1 48,2 48,3 Ռունկիման 1988, էջ. 146
- ↑ Թրեդգոլդ 1997, էջեր. 484–485; Հոլմս 2005, էջեր. 131–132
- ↑ Թրեդգոլդ 1997, էջ. 485
- ↑ Թրեդգոլդ 1997, էջ. 486
- ↑ Գուիլանդ 1967, էջեր. 442, 572
- ↑ Ուիթոու 1996, էջեր. 322–327
- ↑ Ռունկիման 1988, էջ. 148
- ↑ Ուիթոու 1996, էջ. 344
- ↑ Ռունկիման 1988, էջեր. 146–149
- ↑ Ռունկիման 1988, էջ. 150
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլ-Չեիխ, Նադիա Մարիա (2004). Բյուզանդիան արաբների պատկերացմամբ. Քեմբրիջ, Մասաչ.: Harvard Center for Middle Eastern Studies. ISBN 0-932885-30-6.
- Գուիլանդ, Ռուդոլֆ (1967). Recherches sur les institutions byzantines, Tome I (French). Բեռլին: Akademie-Verlag.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Հոլմս, Կատերին (2005). Բարսեղ II և կայսրության կառավարումը (976-1025). Օքսֆորդ: Oxford University Press. ISBN 0-19-927968-3.
- Ջենկինս, Ռոմիլի (1987). Բյուզանդիա. կայսերական դարեր, մ.թ. 610-1071. Տորոնտո: University of Toronto Press. ISBN 0-8020-6667-4.
- Կաժդան, Ալեքսանդր Պ. (1991). Բյուզանդիայի Օքսֆորդի բառարան. Նյու Յորք և Օքսֆորդ: Oxford University Press. ISBN 978-0-19-504652-6.
- Ռունկիման, Սթիվեն (1988) [1929]. Կայսր Ռոմանոս Լակապենոսն ու նրա գահակալումը. տասերերորդ դարի Բյուզանդիայի ուսումնասիրություն. Քեմբրիջ, ՄԲ: Cambridge University Press. ISBN 0-521-35722-5.
- Տեր-Ղևոնդյան, Արամ (1976). Բագրատունյաց Հայաստանի արաբական էմիրությունները. թարգմ. Նինա Ջ. Գարսոյանի կողմից. Լիսաբոն: Livraria Bertrand. OCLC 490638192.
- Թրեդգոլդ, Ուարեն (1997). Բյուզանդական պետության և հասարակության պատմություն. Սթենֆորդ, Կալ,: Stanford University Press. ISBN 0-8047-2630-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Թրեդգոլդ, Ուարեն Թ. (1998) [1995]. Բյուզանդիան և իր բանակը, 284-1081. Սթենֆորդ, Կալ.: Stanford University Press. ISBN 0-8047-3163-2.
- Ուիթոու, Մարկ (1996). Բյուզանդիայի ստեղծումը, 600-1025. Բերքլի և Լոս Անջելես, Կալ.: University of California Press. ISBN 0-520-20496-4.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |