Կադուսեուս
Ենթակատեգորիա | • ֆիզիկական օբյեկտ • stick • Գավազան ![]() | |
---|---|---|
Օգտագործող | caduceator ![]() |
Կադուսեուս (լատին․՝ caduceus) կամ կերիկիոն (հին հունարեն՝ κηρύκειον), գավազան՝ դեպի իրար նայող երկու խճճված օձերով, հանդիպում է նաև գավազանի՝ վերևում թևերով տարբերակը։ Գավազանի հայտնվելը Անտիկ դարաշրջանում կապված է Ապոլլոնի և Հերմեսի առասպելի հետ։ Ըստ առասպելի՝ Ապոլլոնը, ի նշան եղբոր հետ հաշտության, նրան է նվիրում իր կախարդական գավազանը։ Երբ Հերմեսը որոշում է ստուգել գավազանի ուժը, այն դնում է երկու պայքարող օձերի միջև և նրանք անմիջապես դադարում են պայքարել և փաթաթվում են գավազանին։ Հերմեսին այնքան է դուր գալիս այդ տեսարանը, որ նա որոշում է անմահացնել այն։
Հին Հռոմում կադուսեուսը համարվում էր դեսպանների անբաժանելի մասը։ Բացի հաշտության խորհրդանիշ լինելուց, այն հետագայում դառնում է նաև առևտրի և բժշկության խորհրդանիշը։ Հայտնի է նաև որպես օկուլտային խորհրդանիշ, գաղտնի գիտելիքների բանալիի խորհրդանիշ, խաչված օձերը այս դեպքում խորհրդանշում են տիեզերքի դուալիզմը։ Կդուսեուսի այս բոլոր նշանակությունները ինչ-որ կերպ կապված են Հերմեսի դիցաբանական կերպարի հետ։

Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադուսեուսը ի սկզբանե եղել է ձիթապտղի երկու ընձյուղներով ճյուղ՝ ժապավեններով և (կամ) ծաղկաշղթայով զարդարված։ Հետագայում կադուսեուս սկսեցին կոչել վերևում միահյուսված օձերով մետաղական ձողերը։ Պարտադիր պայման էր, որ օձերի գլուխները դեպի միմյանց ուղվաց լինեն։ Կադուսեուսի հենց այս տեսքն է բնորոշ հին հունական նկարազարդումներին և հնագիտական գտածոներին։ Հռոմեական դարաշրջանում ավելացել են զույգ թևերը՝ քամու աստված Հերմեսի խորհրդանիշներից մեկը։ Կադուսեուսի այս տեսակն էլ դարձել է Նոր և Նորագույն ժամանակաշրջանի ընդունված պատկերը[1]։
Հին Հունական առասպել կադուսեուսի ստեղծման և օգտագործման մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին հունական դիցաբանության մեջ կադուսուսի հայտնվելը կապված է Հերմեսի կողմից Ապոլլոնի կովերի նախիրը գողանալու պատմության հետ։ Ծնվելուց չորս օրը հետո նորածին Աստվածը դուրս է գալիս բարուրից[2], Հելիդորեա լեռան[3] քարանձավի մոտ նա մի կրիա է տեսնում։ Կրիայի պատյանից Հերմեսը քնար է պատրաստում՝ որպես լար օգտագործելով ոչխարի աղիքները[4]։ Այնուհետև նորածինը լքում է քարանձավը, գնում Պիերիա և նախիդից գողանում է հիսուն կով, որոնց Ապոլլոնին հանձնարարված էր արածեցնել[5]։ Որպեսզի կենդանիներին հետքերով չգտնեն, նրանց ոտքերին ճյուղեր է կապում և քշում Պիլոս, որտեղ էլ թաքցնում է քարանձավում[6]։
Ապոլլոնը կորուստը նկատելուն պես, սկսում է որոնումները։ Հարցաքննելով տեղի բնակիչներին, որոնցից մեկը տեսել էր մտրակով մի տղայի, որը կովեր է առևանգում, ինչպես նաև Ապոլոնին ծանոթ գուշակության արվեստի շնորհիվ, իմանում է առևանգողի ինքնության մասին։ Գալով քարանձավ, որտեղ Հերմեսը քնած էր օրորոցում, Ապոլլոնը պահանջում է կովերին վերադարձնել։ Տղան հերքում է՝ նշելով իր տարիքը։ Այնուհետև Ապոլլոնը վերցնում է բարուրով Հերմեսին և տանում Օլիմպոս իրենց ընդհանուր հոր՝ Զևսի մոտ։ Իրավիճակը ծիծաղ է առաջացնում գերագույն Աստծո մոտ։ Հոր հրամանով Հերմեսը ստիպված է լինում Ապոլլոնին տանել այն վայրը, որտեղ թաքցրել էր կովերին։ Ճանապարհին Հերմեսը սկսում է նվագել կրիայի պատյանից պատրաստված քնարով։ Երաժշտական կատարումը քնարի վրա այնքան է դուր գալիս Ապոլլոնին, որ քնարի դիմաց նա Հերմեսին է տալիս իր նախիրը[7][8]։
Հերմեսն անմիջապես սրինգ է ստեղծում։ Այդ երաժշտական գործիքը, ինչպես և քնարը, դուր է գալիս Ապոլլոնին։ Սրինգի համար Ապոլլոնը Հերմեսին առաջարկում է իր կախարդական գավազանը։ Միմյանց հրաժեշտ տալով՝ երկու աստվածներն էլ երդվում են հավերժական բարեկամության մասին։ Բացի այդ, Հերմեսը Ապոլլոնին խոստանում է, որ այլևս երբեք ոչինչ չի գողանա իր ունեցվածքից[7][8]։
Ըստ ավանդազրույցներից մեկի՝ Ապոլլոնը, իր գավազանը փոխանցելով Հերմեսին, ասում է, որ հանձնում է առատության և առողջության կախարդական գավազանը, որը կպաշտպանի նրան, ում կպատկանի։ Ցանկանալով ստուգել նվերի ուժը՝ Հերմեսն այն դնում է երկու պայքարող օձերի միջև։ Օձերը դադարում են պայքարել և անմիջապես փաթաթվում են գավազանին։ Հերմեսին այնքան է դուր գալիս այդ տեսարանը,որ նա քարացնում է օձերին՝ գավազանը վերածելով կադուսեուսի[9]։
Հերմեսի կերպարի անքակտելի կապը իր գավազանի հետ տեսանելի է տվյալ Օլիմպիական Աստծո «ոսկե գավազանի կրողը» էպիտետից (հին հունարեն՝ χρυσόρραπις), որն արդեն հանդիպում է Հոմերոսի «Ոդիսականում»[10][11]։ Ինքը՝ Հերմեսը, այն օգտագործել է քնեցնելու և արթնացնելու, մահից հետո հոգիներին ուղղորդելու, մարդկանց թռչունների և անկենդան առարկաների վերածելու համար[12][11]։
Կադուսեուսի խորհրդանշական իմաստները
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կադուսեուսը ձեռք է բերել բազմաթիվ խորհրդանշական իմաստներ՝ այս կամ այն կերպ կապված Հերմեսի բազմակողմանի կարողությունների հետ։ Կադուսեուսի՝ որպես համաձայնության և հաշտեցման խորհրդանիշ գաղափարի դիցաբանական հիմքը կապված է վեճի ավարտից հետո Ապոլլոնի կողմից Հերմեսին այն տալու, ինչպես նաև պայքարը դադարեցրած օձերի պատմությունների հետ։ Հին Հռոմում կադուսեուսը համարվում էր թշնամական ճամբար ուղարկված դեսպանների անբաժանելի ուղեկիցը։ Կադուսեուս կրողը պարտականությունները կատարելիս ընդունվում էր որպես անձեռնմխելի անձ[13][14]։
19-րդ դարից սկսած ՝ կադուսեուսը համարվում է խաղաղ միջազգային առևտրի խորհրդանիշ, որը նույնպես կապ ունի Հերմեսի կերպարի հետ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո առաջին տարիներին ստեղծվել էր «կադուսեուսը աստղի հետ» խորհրդանիշը, որը խաղաղ հարաբերությունների խորհրդանիշն էր։ Գավազանը որոշ չափով փոփոխված էր, թևերը փոխարինվում էին կամ ջահով, կամ պետասով ՝ Հերմեսի թևավոր կլոր գլխարկը։ Հետագայում կադուսեուսը դարձավ Խորհրդային առևտրի և արդյունաբերության խորհրդանիշ։ Այն նույնիսկ առաջարկվել էր տեղադրել ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ զինանշանների վրա՝ որպես խաղաղ գոյակցության խորհրդանիշ։ Կադուսեուսը հաճախ օգտագործվում է նաև որպես հարկային և մաքսային մարմինների, առևտրաարդյունաբերական պալատների, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի խորհրդանիշ[15][16]։
Կադուսուսի օկուլտային նշանակությունը սերտորեն կապված է Հերմես Եռամեծի գաղափարի հետ՝ տարբեր մեկնաբանություններում կամ աստվածություն, կամ մի շարք փիլիսոփայական տրակտատների հեղինակ և հերմետիզմի հիմնադիր։ Ալքիմիկոսները, որոնք իրենց ուսմունքը հիմնում էին հերմետիզմի գիտելիքների վրա, կադուսեուսը օգտագործում էին որպես հերմետիզմի արվեստը և առհասարակ գաղտնի գիտությունները նշող հիմնական խորհրդանիշներից մեկը։ Օկուլտային ներկայացուցիչներն ընդգծում էին նմանատիպ խորհրդանշանների առկայությունը Հին Եգիպտական հիերոգլիֆներում, Հին Հնդկաստանի և Հին Միջագետքի կերպարվեստում[17]։ Ըստ Ե. Բլավատսկայայի կադուսուսը հույների կողմից փոխառված եգիպտական հնագույն խորհրդանիշներից մեկն է։ Այն, Բլավատսկայայի կարծիքով, միավորում է չորս տարր ՝ ձողը (բույն) խորհրդանշում է երկիրը, թևերը՝ օդը, օձերը՝ կրակը և ջուրը։ Կան բազմատեսակ ամենատարբեր օկուլտային մեկնաբանություններ այն մասին, թե ի՞նչ է խորհրդանշում և նշանակում կադուսեուսը[18][19]։
Զինանշանագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանշանագիտության մեջ կադեսուսը, որպես կերպար տեղադրում են տարատեսակ ազնվական տոհմերի զինանշանների վրա, ինչպես նաև այնպիսի քաղաքների զինանշանների, ինչպիսիք են Բալտան, Բերդիչևը, Ենիսեյսկը, Զելենոդոլսկը, Իրբիտը, Լյուբարը, Նեժինը, Նովայա Վոդոլագան, Նովոզիբկովը, Ռավա-ռուսկան, Սլավյանսկը, Տագանրոգը, Տալնոեն, Տելշյայը, Թիֆլիսը, Ուլան-Ուդեն, Թեոդոսիան, Խարկովը և այլն[14][16]։
Առանձնահատուկ պատմություն ունի Խարկովի զինանշանը՝ կանաչ ֆոնի վրա խաչված առատության եղջյուրով և կադուսեուսով։ Այն ստեղծվել է արքայազն Մ. Շչերբատովի կողմից, այնուհետև հաստատվել է կայսրուհի Եկատերինա Երկրորդի կողմից։ Հերալդիկայում կանաչ գույնը խորհրդանշում է հույս, ուրախություն, բարեկեցություն, առատության եղջյուրը՝ բնական հարստություն։ Խաչված եղջյուրն ու գավազանը ձևավորում են «X» տառը՝ քաղաքի անվան մեծատառը։ Հետագայում, 19-րդ դարի կեսերին, Բ. Վ. Կյոնեի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց զինանշանագիտական բարեփոխում։ Նպատակը սահմանափակել և միավորել քաղաքային զինանշանագիտությունը։ Ենթադրվում էր ոչ զինանշանագիտական պատկերների օգտագործման զգալի կրճատում, որոնց մեջ էին մտնում կադուսեուսը և առատության եղջյուրը։ Զինանշանի պատկերի թեքությունը դեպի ձախ, ինչպես Խարկովի զինանշանի կադուսեուսինը, նույնպես հակասում էր զինանշանագիտության կանոններին։ Սակայն Ալեքսանդր II-ի կողմից հաստատված նոր զինանշանը քննադատության արժանացավ խարկովցիների կողմից։ Կենտրոնական կառավարությունը 1887 թվականին բավարարեց Խարկովի ազնվականության միջնորդությունը քաղաքին Եկատերինա Երկրորդի կողմից շնորհված «հին» զինանշանը վերադարձնելու մասին[20]։
-
Խարկովի զինանշան
-
Նովոիբկովի զինանշան
-
Զելենոդոլսկի զինանշան
-
Իրբիտի զինանշան
-
Ենիսեյսկի զինանշան Ռուսական կայսրության օրոք
-
Ուլան-Ուդեի զինանշան
-
Թիֆլիսի առաջին զինանշան
-
Բերդիչևի զինանշան
-
Սլավյանսկի զինանշան
-
Տալշյայի զինանշան Ռուսական կայսրության օրոք
-
Նեժինի զինանշան Ռուսական կայսրության օրոք
-
Բլտանի զինանշան
-
Ռավա-Ռուսկայայի զինանշան
-
Տագանրոգի զինանշան
-
Թեոդոսիայի առաջին զինանշան
-
Լյուբարի զինանշան
-
Տալնովոյի զինանշան
Եկեղեցական գավազան, կադուսեուս
[խմբագրել | խմբագրել կոդը]
17-րդ դարում ռուսական եկեղեցում փոխվեց եպիսկոպոսի գավազանի ձևը։ Պատրիարք Նիկոնն առաջինն էր, ով օգտագործեց գավազանը՝ վերևի մասում երկու օձերի գլուխներով։ Այս ձևը օգտագործվել է նաև այլ ուղղափառ եկեղեցիներում։ Եկեղեցու պառակտման ֆոնին այն հակասություններ առաջացրեց։
Պաշտոնական եկեղեցու ներկայացուցիչները նշում էին, որ օձերով եկեղեցական գավազանը խորհրդանշում է Մովսեսի գավազանը, որը Հին Կտակարանի մարգարեն Փարավոնի առաջ օձի է վերածել[21]։ Գագաթներին օձեր առկա էին ներմուծված հունական գավազանների վրա, իսկ վերադարձը բնօրինակ հունական ավանդույթին այն փաստարկներից մեկն էր, որը պաշտպանում էր եկեղեցական կյանքում փոփոխությունները, որոնք դարձան պառակտման պատճառներից մեկը։ Օձերով եկեղեցական գավազանների նախատիպը, ըստ երևույթին, դարձել է կադուսեուսը՝ որպես ամենագիտության և իմաստության խորհրդանիշ[22][23]։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կադուսեուսը բժշկության խորհրդանիշ չէր համարվում։ Հռոմեական կայսրության աչքի բժիշկների կադուսեուսներ պարունակող կնիքների մի շարք հնագիտական գտածոների հիման վրա ենթադրվել է, որ Հերմեսի գավազանը կարող է լինել այս բժշկական մասնագիտության ներկայացուցիչների մասնավոր խորհրդանշանը։ Ընդ որում, նշվում է նաև կապը առասպելների հետ այն մասով, որ Հերմեսն իր գավազանի հպումով կարող էր վերադարձնել մարդու տեսողությունը[9]։
Կադուսեուսը սկսեց օգտագործվել, որպես համընդհանուր բժշկական խորհրդանիշ՝ սկսած Վերածննդի դարաշրջանից։ Այն կարծիքը, որ այս խորհրդանիշը սկսեցին սխալմամբ օգտագործել Ասկլեպիուսի գավազանի փոխարեն (փայտ, որին փաթաթված է օձ), ըստ բժշկության պատմաբան է.Դ. Գրիբանովի, քննադատության անգամ ենթակա չէ։ Այդ ժամանակահատվածում, որը բնութագրվում էր հին հռոմեական մշակույթի և պատմության նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, նման սխալը քիչ հավանական էր։ Գրիբանովը շատ ավելի հիմնավորված է համարում այն տեսակետը, ըստ որի կադուսեուսի նման օգտագործումը հիմնված է դեղագործության զարգացման պատմության վրա։ Ալքիմիկոսները սերտորեն կապված էին զինանշանագիտության օկուլտիիկ ուսումնասիրման հետ։ Կադուսեուսը, որպես Հերմեսի խորհրդանիշ, դարձավ նաև ալքիմիկոսների խորհրդանիշը, որոնք, ի թիվս այլ բաների, նրա պատկերով կնիքներ էին դնում դեղահաբերի անոթների վրա։ Բժշկության, դեղագործության և ալքիմիայի սերտ կապը XVI—XVIII դարերում հանգեցրել է նրան, որ Հերմեսի գավազանը դարձել է դեղագործական, իսկ հետո նաև բժշկական խորհրդանիշ[9]։
Առաջին անգամ բժշկական գրքում կադուսեուսը հայտնվել է 1516 թվականին։ Հնարավոր է, որ տպագրիչ Յոհան Ֆրոբենն այն օգտագործել է որպես առևտրի խորհրդանիշ։ Որպես համընդհանուր բժշկական խորհրդանիշ՝ կադուսեուսը օգտագործվել է 1520 թվականին Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի անձնական բժիշկ Ուիլյամ Բաթսի կողմից։ Հետագայում բժշկական միջավայրում կադուսեուսի տարածվածությունն աճեց։ 1860-ական թվականներին այն դարձել է ԱՄՆ հանրային առողջապահական ծառայության պաշտոնական խորհրդանիշը, իսկ հետագայում նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի[9]։
Ռուսաստանում 2007 թվականի սեպտեմբերից կադուսեուսը օգտագործվում է պարտադիր բժշկական ապահովագրության դաշնային հիմնադրամի խորհրդանիշում[24]։
Մետաղադրամերի և թղթադրամների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադուսեուսը պատկերվել է ինչպես հին հունական պոլիսների ետաղադրամների վրա, այնպես էլ հելլենիստական պետությունների, որոնք առաջացել են Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած հողերի վրա[25]։
Հանրապետության ժամանակաշրջանի հին Հռոմում մետաղադրամների վրայի պատկերները կառավարվում էր Սենատի կողմից, որը նշանակում էր մոնետարիաներ, որոնք պատասխանատու էին թողարկման տեխնոլոգիական գործընթացի համար և ինքնուրույն որոշում էին դիմերեսի և հակադարձի պատկերները։ Հանրապետական դարաշրջանի բնորոշ ավանդույթ էր մետաղադրամների այնպիսի տեսակների ստեղծումը, որոնք ինչ-որ կերպ կապված էին մոնետարի տոհմի հետ, փառաբանում էին նրա հովանավոր աստվածներին։ Հանրապետական դարաշրջանում կադուսեուսը հայտնվում է Ցեստիացիների (Մ.թ. ա. 43-42 թվականներին Լյուսիուս Ցեստիոս), Կլավդիացիների, Լիցինիացիների, Պլետորիացիների և Սեպուլիացիների տոհմերի մետաղադրամների վրա[26]։
Կայսերական դարաշրջանում կադուսեուսը հանդիպում է կայսրական մետաղադրամների մեծ մասի վրա։ Այն կարող էր լինել Մերկուրիի ձեռքում, կանացի կերպարներ՝ երջանկության և հաջողության անձնավորման (Ֆելիսիտաս), խաղաղության (Պաքս), համաձայնության (Կոնկորդիա), անվտանգության (Սեկուրիտաս) աստվածուհիների ձեռքերում։ Կադուսեուսը երկու առատության եղջյուրների միջև նշանակում էր համաձայնություն։ Ձեռքսեղմման պատկերը, զուգորդված սեղմված եգիպտացորենի հասկերի և կադուսեուսի հետ, խորհրդանշում էր բարեկեցություն։ Կադուսեուսի այս տեսքը առկա է նաև հին հռոմեական մետաղադրամների վրա[27]։
Որպես բարեկեցության և հարստության խորհրդանիշ՝ կադուսեուսը տեղ է գտել Նոր և Նորագույն ժամանակների մետաղադրամների վրա։ Այն օգտագործվել է որպես դրամահատարանի խորհրդանիշ, կամ որպես մետաղադրամի պատկերի հիմնական տարրերից մեկը։ Կադուսեուսը, որպես դրամահատարանի մետաղադրամի խորհրդանիշ տարր, օգտագործվել է Բոգոտայի (Կոլումբիա)[28], Բորդո[29] և Լիլ[30] (Ֆրանսիա), Ուտրոխտի (Նիդերլանտներ) մետաղադրամներում, որպես մետաղադրամի պատկերի մաս գերմանական և իտալական պետությունների[31][32]՝ Բելգիա[33], Բոլիվիա[34], Բրազիլիա[35], Դանիայի Արևմտյան Հնդկաստան[36], Մեքսիկա[37], Ֆրանսիա[38] և Շվեդիա[39], մետաղադրամներում։
Բացի մետաղադրամներից, կադուսեուսը պատկերվել է նաև Ալժիրի[40], Բելգիական Կենգոյի[41], Բրազիլիայի[42], Իսպանիայի[43], Կուբայի[44], Նիդերլանտների[45], Նոր Կալեդոնիայի[46], Պապուա Նոր Գվինեայի[47], Պերուի[48], Լեհաստանի, Պորտուգալական Հնդկաստանի[49], Տահիտիի[50], Ֆինլանդիայի[51], Ֆրանսիայի[52], Ֆրանսիայի Սոմալի ափի[53], Ֆրանսիական Հնդկաչինի[54], Չիլիի[55] և Հարավսլավիայի[56] թղթադրամների վրա։
Համակարգչային նշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադուսեուսի խորհրդանիշ☤ ներառված է Յունիկոդի նիշերի կոդավորման «նշաններ,այլ» (U+2624 CADUCEUS), սկսաց 1.1տարբերակից 1993 թվականի[57]։ HTML գերտեքստի նշագրման լեզվում տրվում է, որպես ☤
[58]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Caduceus». britannica.com (անգլերեն). Encyclopaedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Античные гимны, 1988, Гомеровский гимны. III К Гермесу. 19—24, էջ 74
- ↑ Павсаний, 1996, VIII. 17 (5)
- ↑ Античные гимны, 1988, Гомеровский гимны. III К Гермесу. 24—54, էջ 74—75
- ↑ Античные гимны, 1988, Гомеровский гимны. III К Гермесу. 68—75, էջ 75—76
- ↑ Античные гимны, 1988, Гомеровский гимны. III К Гермесу. 94—110, էջ 76—77
- ↑ 7,0 7,1 Античные гимны, 1988, Гомеровские гимны. III. К Гермесу, էջ 74—88
- ↑ 8,0 8,1 Грейвс, 1992, Происхождение и деяния Гермеса, էջ 38—39
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Грибанов, 1990, Жезл Гермеса (Меркурия)
- ↑ Կաղապար:Книга:Гомер:Одиссея
- ↑ 11,0 11,1 Scherer, 1884—1890, kol. 2365
- ↑ Антонин Либерал, 1997, X, XV, XXI, XXIII
- ↑ Κήρυξ // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
- ↑ 14,0 14,1 Щукарев А. Н. (1890–1907). «Кадуцей». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Похлебкин, 2007, էջ 182—183
- ↑ 16,0 16,1 Мазараки, 2013, էջ 332
- ↑ Власов, 2006, էջ 264—266
- ↑ Королёв, 2005, էջ 168—169
- ↑ Раменская, 2011
- ↑ Соболева, 2018, էջ 101, 138, 139
- ↑ Маслова, 2016, էջ 46
- ↑ Щедрина, 2005
- ↑ Маслова, 2016, էջ 46—50
- ↑ «О Федеральном фонде ОМС». Федеральный фонд обязательного медицинского страхования. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Schrötter, 1970, Kerykeion
- ↑ DRC, 1889, Caduceus, էջ 149
- ↑ Мэттингли, 2005, էջ 131, 134, 137, 146
- ↑ Krause 1601—1700, 2008, Columbia, էջ 184
- ↑ Krause 1701—1800, 2010, France, էջ 183
- ↑ Krause 1801—1900, 2009, France, էջ 321
- ↑ Krause 1601—1700, 2008, Munster, էջ 649
- ↑ Krause 1601—1700, 2008, Italian States, էջ 1064
- ↑ Krause 1901—2000, 2014, Belgium, էջ 200
- ↑ Krause 1801—1900, 2009, Bolivia, էջ 122
- ↑ Krause 1801—1900, 2009, Brazil, էջ 138
- ↑ Krause 1901—2000, 2014, Danish West-Indies, էջ 694
- ↑ Krause 1801—1900, 2009, Mexico, էջ 901
- ↑ Krause 1901—2000, 2014, France, էջ 819
- ↑ Krause 1701—1800, 2010, Sweden, էջ 1237
- ↑ World Paper Money, 2008, Algeria, էջ 40
- ↑ World Paper Money, 2008, Belgian Congo, էջ 107
- ↑ World Paper Money, 2008, Brazil, էջ 147
- ↑ World Paper Money, 2008, Spain, էջ 1092
- ↑ World Paper Money, 2008, Cuba, էջ 406
- ↑ World Paper Money, 2008, Netherlands, էջ 884
- ↑ World Paper Money, 2008, New Caledonia, էջ 902
- ↑ World Paper Money, 2008, Papua New Guinea, էջ 941
- ↑ World Paper Money, 2008, Peru, էջ 954
- ↑ World Paper Money, 2008, Portuguese India, էջ 996
- ↑ World Paper Money, 2008, Tahiti, էջ 1133
- ↑ World Paper Money, 2008, Finland, էջ 489
- ↑ World Paper Money, 2008, France, էջ 504
- ↑ World Paper Money, 2008, French Somaliland, էջ 538
- ↑ World Paper Money, 2008, French Indo-China, էջ 525
- ↑ World Paper Money, 2008, Chile, էջ 208
- ↑ World Paper Money, 2008, Yugoslavia, էջ 1215
- ↑ «U+2624 CADUCEUS». codepoints.net. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «☤». htmlsymbols.xyz. HTML Symbols - Unicode symbols, entities and codes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Античные гимны / сост. и общ. ред. А. А. Тахо-Годи. — М.: Издательство Московского университета, 1988. — 359 с. — (Университетская библиотека). — 30 000 экз. — ISBN 5-211-00182-6
- Антонин Либерал Метаморфозы // Вестник древней истории / Перевод с древнегреческого, вступительная статья и комментарии В.Н. Ярхо. — 1997. — № 3—4.
- Власов В. Г. Кадуцей // Новый энциклопедический словарь изобразительного искусства: В 10 т.. — СПб.: Азбука-классика, 2006. — Т. IV. И—К. — ISBN 5-352-01759-1
- Грейвс, Роберт Мифы Древней Греции. — М.: Прогресс (издательство) Прогресс, 1992. — 624 с. — (Антропология, этнография, мифология, фольклор). — ISBN 5-01-001587-0
- Грибанов Э. Д. Медицина в символах и эмблемах. — М.: Медицина, 1990. — 208 с.
- Королёв К. М. Энциклопедия символов, знаков, эмблем. — Мидгард, 2005. — 603 с. — ISBN 5-699-08964-0
- Мазаракі А. А. Кадуцей // Митна енциклопедія: У двох томах / Державний науково-дослідний інститут митної справи. — Хмельницький: ПП Мельник А. А., 2013. — Т. 1. — С. 332. — 472 с. — (Митна справа в Україні). — ISBN 978-617-7094-09-7
- Маслова Ю. В. Символика и культурное значение архиерейского посоха-жезла в церковной полемике XVII-XVIII века // Культурное наследие России. — 2016. — № 4. — С. 44—52. — ISSN 2308-2062.
- Мэттингли, Гарольд Монеты Рима с древнейших времён до падения Западной империи. — М.: Collector`s Books, 2005. — ISBN 1-932525-37-8
- Павсаний (географ) Павсаний Описание Эллады / Перевод и примечания Кондратьев, Сергей Петрович (филолог) С. П. Кондратьева под редакцией Е. В. Никитюк. Ответственный редактор проф. Э. Д. Фролов.. — СПб.: Алетейя, 1996. — ISBN 5-89329-006-2
- Похлебкин В. В. Словарь международной символики и эмблематики. — Центрполиграф, 2007. — ISBN 978-5-9524-2784-6
- Раменская Т. Кадуцей // Язык символов: сборник статей. — М.: Новый Акрополь, 2011. — 324 с. — (Интересно о важном). — ISBN 978-5-91896-022-6
- Соболева Н. А. Идентичность Российского государства языком знаков и символов: эмблематики, геральдики, сфрагистики, вексиллологии. — 2-е. — М.: Издательский Дом ЯСК, 2018. — 656 с. — (Studia historica). — ISBN 978-5-907117-15-0
- Щедрина К. А. Две змеи на архиерейском посохе XVII века: заметки о происхождении и символике // Ставрографический сборник. Книга третья: Крест как личная святыня: [Сб. статей]. — Изд-во Московской Патриархии, 2005. — С. 315—326. — ISBN 5-93646-082-7..
- Bruce C. II., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1601—1700. — Iola, WI: Krause Publications, 2008. — 1439 p. — ISBN 0-89689-708-7
- Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1701—1800. — Iola, WI: Krause Publications, 2010. — 1344 p. — ISBN 1-4402-1364-X
- Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1801—1900. — Iola, WI: Krause Publications, 2009. — 1296 p. — ISBN 0-89689-940-3
- Cuhaj G. S., Michael T. 2015 Standard Catalog of World Coins 1901—2000. — 42nd edition. — Iola, WI: Krause Publications, 2014. — 2352 p. — ISBN 1-4402-4039-6
- Friedlander Walter J. The Golden Wand of Medicine: A History of the Caduceus Symbol in Medicine. — New York • Westport, Connecticut • London: Greenwood Press, 1992. — ISBN 0-313-28023-1
- Scherer. Hermes // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie :
[нем.] / Roscher Wilhelm Heinrich. — Leipzig : Druck und Verlag von B. G. Teubner, 1884—1890. — Bd. I. — Kol. 2342—2432.
- Schrötter Friedrich Freiherr von Wörterbuch der Münzkunde. — zweite, unveränderte Auflage. — Berlin: J. Guttenberg Verlagsbuchhandlung, 1970. — 757 S. — ISBN 978-3110012279
- Stevenson S. W., Smith C. R., нп5 Мэдден, Фредерик Уильям|Madden F. W|en|Frederic William Madden A Dictionary of Roman Coins. — London: нп5 George Bell & Sons, 1889. — P. 756.
- Standard Catalogue of World Paper Money, General Issues — 1368 — 1960 / edited by George Cuhaj. — 12th edition. — Krause Publications, 2008. — 1224 p. — ISBN 978-0-89689-730-4
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադուսեուս» հոդվածին։ |
|