Էրիկ Կանդել
Էրիկ Ռիչարդ Կանդել (նոյեմբերի 7, 1929[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]), ամերիկացի նեյրոհոգեբան: 2000 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում՝ նեյրոններում հիշողության ֆիզիոլոգիական ուսումնասիրությունների համար։ Մրցանակը կիսել է Արվիդ Կառլսոնի (Arvid Carlsson) և Պոլ Գրինգարդի (Paul Greengard) հետ։ Կանդելի հետազոտությունների արդյունքում բացահայտվեց սինապսների պլաստիկությունը, որն ընկած է բարձրագույն հոգեկան բազմաթիվ ֆունկցիաների հիմքում։
Կանդելը, ով հոգեվերլուծություն էր ուսումնասիրել, ցանկացավ հասկանալ հիշողության ձևավորման և աշխատանքի սկզբունքները։ Նրա մենթորը՝ Հարրի Գրաունդֆեստն, ասաց. «Եթե դու ցանկանում ես բացահայտել ուղեղը, դու պետք է ռեդուկցիոն մոտեցում ցուցաբերես, ուսումնասիրես մեկ բջիջ` տվյալ ժամանակում»: Կանդելն իր ուսումնասիրությունների համար ընտրեց ծովային անողնաշարավոր Aplysia californica-ն, որի նյարդային համակարգի վրա էլ կատարվեցին հետազոտությունները: Այս կենդանու ընտրության պատճառն այն էր, որ այն ուներ ուսումնասիրման համար անհրաժեշտ խոշոր նյարդային բջիջներ, ինչպես նաև այն պարզագույն կենդանիներից էր, որոնք ընդունակ են սովորել[26]:
Կանդելը Կոլումբիայի համալսարանի Բժշկության և վիրաբուժության քոլեջի կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի պրոֆեսոր է, Հովարդ Հագեսի բժշկական ինստիտուտի գլխավոր հետազոտող: Նա նաև Նեյրոկենսաբանության և վարքի կենտրոնի հիմնադիրն է, որն այժմ Կոլումբիայի համալսարանի Նեյրոգիտության դեպարտամենտն է: Կանդելի հետազոտության արդյունքներն ամփոփված են «Հիշողության ուսումնասիրում: Մտքի նոր գիտության ծագումը» աշխատությունում[27]: 2006 թվականին նա արժանացավ Լոս Անջելես Թայմսի գրքի մրցանակին՝ Գիտություն և տեխնոլոգիա ոլորտում։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիկի մայրը՝ Շառլոտ Զիմելսը, ծնվել է 1897 թվականին Կոլոմիայում (ներկայումս՝ Ուկրաինայում)։ Նա աշկենազներ միջին խավի ընտանիքից էր։ Այն ժամանակ Կոլոմիան արևելյան Լեհաստանի կազմում էր։ Էրիկի հայրը՝ Հերման Կանդելը, ծնվել է 1898 թվականին Օլոսկոյում (Գալիցիա, նախկին Ավստրո-Հունգարիայում)։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նրա ծնողները տեղափոխվում են Վիեննա, որտեղ և ամուսնանում են 1923 թվականին։
Էրիկ Կանդելը ծնվել է Վիեննայում 1929 թվականին։ Կարժ ժամանակ անց նրա հայրը հիմնում է խաղալիքների խանութ։ Չնայած նրանք կենսակերպով համարյա ձուլվել էին իրենց ապրելատեղի միջավայրին, 1938 թվականի մարտին Անշլյուսի պատճառով ստիպված են լինում լքել Ավստրիան։ Երբ Էրիկը 9 տարեկան էր, նա եղբոր՝ 14 տարեկան Լյուդվիգի հետ ժամանում է Անտվերպեն, իսկ 1939 թվականի մայիսի 11-ին միանում են իրենց բարեկամին Բրուքլինում:
ԱՄՆ ժամանելուց և Բրուքլինում տեղավորվելուց հետո Կանդելը սովորում է իր պապի մոտ և ստանում հրեական կրթություն, իսկ 1944 թվականին ավարտում է այն։ Այնուհետև նա ընդունվում է Նյու Յորքի կրթության դեպարտամենտի Բրուքլինի Էրազմուս Հոլլ բարձրագույն դպրոց[28]:
Հարվարդի համալսարանում Կանդելի հիմնական հետաքրքրությունները գրականությունն ու պատմությունն էին։ Նա գերազանցությամբ ավարտում է «The Attitude Toward National Socialism of Three German Writers: Carl Zuckmayer, Hans Carossa, and Ernst Jünger» վերնագրով իր ատենախոսությունը:
Հարվարդում եղած ժամանակ Կանդելը հետաքրքրվում է սովորելու և հիշողության մեխանիզմներով: Սակայն, ի տարբերություն այդ նույն տեղում աշխատող Բերրես Ֆրեդերիկ Սկինների, ով հոգեբանությունը դիտարկում էր կենսաբանական գիտություններից առանձին, Կանդելի աշխատանքը հիմնականում վերաբերում էր հոգեբանության և նյարդաբանության միջև կապի բացահայտմանը:
Նյարդաբանության աշխարհը Կանդելի առջև բացվում է, երբ նա հանդիպում է Աննա Կրիսին, որի ծնողները հոգեվերլուծողներ էին: Շարժառիթների և գիտակցական ու անգիտակցական հիշողության կենսաբանության տեսակետից Զիգմունդ Ֆրեյդը Կանդելի հետաքրքրության սկզբնաղբյուրն էր:
Բժշկական դպրոց և գիտական վաղ քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականին նա սկսում է սովորել Նյու Յորքի համալսարանի Բժշկական դպրոցում: Ավարտելուց հետո Կանդելը սկսում է հետաքրքրվել հիշողության կենսաբանական հիմքերով: Այդ ժամանակ նա հանդիպում է իր ապագա կնոջը՝ Դենիս Բիստրինին: Կանդելը սկզբնական հետազոտությունները կատարում է Կոլումբիայի համալսարանում՝ Հարրի Գրունդֆեստի լաբորատորիայում: Վերջինս հայտնի էր նրանով, որ կիրառում էր օսցիլոսկոպը՝ տարբեր տրամաչափի նյարդաթելերով գործողության պոտենցիալի տարածման արագության հաշվարկի համար:
Գլխուղեղի կեղևի էլեկտրաֆիզիոլոգիայում իր նեյրոկենսաբանական հետազոտությունները սկսելուց հետո Կանդելը տպավորվում է Ստեֆան Կուֆլերի կողմից գրանցված առաջընթացով, որն օգտագործում էր ծովային անողնաշարավորների օրգանիզմից առանձնացված նեյրոններ: 1955 թվականին Կանդելն ավարտում է Բժշկական դպրոցն ու Սթենլի Կրեյնից սովորում, թե ինչպես պատրաստել միկրոէլեկտրոդներ, որոնք կարող են օգտագործվել խեցգետնակերպերի խոշոր աքսոններում ներբջջային գրանցումների համար:
Հայտնի ամերիկացի նեյրոհոգեբան Կարլ Լաշլին անհաջողության մատնվեց, երբ փորձեց որոշել ուղեղում հիշողության համար պատասխանատու անատոմիական կենտրոնը: 1957 թվականին Կանդելը մասնակցում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Նեյրոֆիզիոլոգիայի լաբորատորիայում տարվող աշխատանքներին: Մինչ այդ Վիլյամ Բիչեր Սկովիլեն և Բրենդա Միլները նկարագրել էին Հենրի Մոլիսոն անունով հիվանդին, որը հիպոկամպի հեռացումից հետո կորցրել էր նոր հիշողություններ ձևավորելու ընդունակությունը: Կանդելը որոշում է գրանցել հիպոկամպի բրգաձև նեյրոնների էլեկտրոֆիզիոլոգիական ակտիվությունը: Աշխատելով Ալդեն Սպենսերի հետ՝ նա հիպոկամպի նեյրոների դենդրիտներում հայտնաբերեց գործողության պոտենցիալներ: Այս նեյրոններում նրա աշխատակիցները հայտնաբերեցին նաև սպոնտան ռիթմավար (պեյսմեյքերային) ակտիվություն և հետադարձ արգելակման երևույթ: Նրանք կատարեցին էլեկտրական ակտիվության առաջին ներբջջային գրանցումները, որոնք ընկած են էպիլեպսիային սպայկների հիմքում: Սակայն, դեռ ոչ մի կոնկրետ տվյալ չէր ստացվել հիշողությանն առաջացման գործում հիպոկամպի ունեցած դերի վերաբերյալ:
Կանդելը ենթադրեց, որ հիշողության պահպանումը պետք է հիմնվի նեյրոների միջև սինպասային կապերի ձևափոխման վրա, իսկ հիպոկամպը սինապսային կապերի ուսումնասիրման տեսակետից չէր կարող օգտակար լինել: Կանդելին հայտնի էր, որ վարքի համեմատական ուսումնասիրումը Կոնրադ Լորենցի, Նիկո Թինբերգենի և Կարլ ֆոն Ֆրիշի կողմից հաստատել էր սովորելու տարրական ընդունակությունը նույնիսկ ցածրակարգ կենդանիների մոտ: Կանդելը ենթադրեց, որ արդյունավետ կլինի ուսումնասիրել պարզագույն կենդանու մոդել, որը հնարավորություն կտա էլեկտրաֆիզիոլոգիական եղանակով ուսումնասիրել սինապսային այն փոփոխությունները, որոնք ներգրավված են սովորելու և հիշողության պահպանման գործում: Նա հավատում էր, որ ստացված արդյունքերը կկիրառվեն նաև մարդկանց համար: Այս որոշումը ռիսկային էր, քանի որ բազմաթիվ հոգեբաններ և կենսաբաններ հավատում էին, որ մարդու հիշողության մասին չի կարելի գաղափար կազմել անողնաշարավոր կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում:
1962 թվականին՝ հոգեբուժության ուսումնասիրման ավարտից հետո, Լադիսլավ Տաուկից Aplysia californica-ի վերաբերյալ գիտելիքներն ամրապնդելու նպատակով Կանդելը մեկնում է Փարիզ:
Կանդելը կարծում էր, որ սովորելու պարզագույն ձևերը (հաբիտուացիա՝ հարմարում, գերզգայնացում, դասական և օպերանտային պայմանական ռեֆլեքսներ) կարող են ուսումնասիրվել Aplysia-ից մեկուսացված նյարդային հանգույցներում: 1965 թվականին Կանդելը հրատարակում է հետազոտության արդյունքները, որտեղ ներառում է նաև սովորելու պարզագույն ձևերի հետ կապված նախասինապսային երկարատև պոտենցացիայի մասին տվյալները:
Նյու Յորքի համալսարանի Բժշկական դպրոցի անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանդելը սկսում է աշխատել Նյու Յորքի համալսարանի Բժշկական դպրոցի Հոգեբանության և հոգեբուժության դեպարտամենտում: Աշխատելով Իրվինգ Կուպֆերմանի և Հարոլդ Փինսկերի հետ՝ նա կատարելագործեց Aplysia-ի վրա սովորելու պարզագույն ձևերի ցուցադրման փորձարարական արձանագրությունները: Մասնավորապես, հետազոտողները ցույց տվեցին, որ ապլիզիայի խռիկների և սիֆոնի հայտնի ռեֆլեքսները ենթական են հաբիտուացիայի և գերզգայնացման: 1971 թվականից Թոմ Կարին (Tom Carew) միանում է Կանդելի թիմին և օգնում նրանց հետազոտությունների կատարման ընթացքում:
1981 թվականին լաբորատորիայի անդամները տարածեցին Aplysia-ի ուսումնասիրման համակարգը դասական պայմանական ռեֆլեքսների ուսումնասիրման վրա: Վարքի դասական ձևերի ուսումնասիրումից բացի լաբորատորիայում ուսումնասիրվեց նաև զգացող, շարժիչ և միջադիր նեյրոններում այն նեյրոնային շրջապտույտները, որոնք ներգրավված են սովորելու վարքում: Սա թույլ տվեց վերլուծել ինտակտ կենդանիների մոտ յուրահատուկ սինապսային կապերը, որոնք փոփոխվում են սովորելու ընթացքում: Կանդելի լաբորատորիայի ուսումնասիրություննների արդյունքները հիմնավոր նշանակություն ունեցան սովորելու հիմքերի բացահայտման համար, որպես «նախօրոք առկա սինապսային կապերի ֆունկցիոնալ արդյունավետության փոփոխություն»:
Սովորելու ընթացքում կատարվող մոլեկուլային փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականից սկսած Ջեյմս Շվարցը սկսեց համագործակցել Կանդելի հետ՝ պարզելու համար այն կենսաքիմիական փոփոխությունները, որոնք կատարվում են նեյրոնների սովորելու և հիշողության պահպանման դեպքում: Այդ ժամանակ հայտնի էր, որ երկարատև հիշողությունը, ի տարբերություն կարճատև հիշողության, իրագործվում է նոր սպիտակուցների առաջացմամբ: 1972 թվականին նրանք արդեն փաստեր ունեին, որ կարճատև հիշողության (գերզգայնացում) առաջացման դեպքում Aplysia-ի հանգույցներում երկրորդային միջնորդ ցԱՄՖ է արտադրվում: 1974 թվականին Կանդելը տեղափոխեց իր լաբորատորիան Կոլումբիայի համալսարան և դարձավ Նյարդաբանության և վարքի կենտրոնի տնօրեն: Շուտով հայտաբերվեց, որ սերոտոնին միջնորդանյութը, որի ազդեցությամբ արտադրվում է ցԱՄՖ, ներգրավված է խռիկների լայնացման ռեֆլեքսի գերզգայնացման մոլեկուլային մեխանիզմներում: 1980 թվականին, համագործակցելով Պոլ Գրիգարդի հետ, հայտնաբերեցին, որ ցԱՄՖ կախյալ պրոտեինկինազը (պրոտեինկինազ A), մասնակցում է ցԱՄՖ-ի արտադրման մեխանիզմում: Սթիվեն Սիելգալբաումը տարբերակեց կալիումական անցուղիներ, որոնք կարող են կարգավորել պրոտեինկինազ A-ով:
1983 թվականին Կանդելն օժանդակեց Կոլումբիայում Հովարդ Հագեսի Բժշկական հետազոտության ինստիտուտում մոլեկուլային նեյրոգիտության կայացմանը: Կանդելի լաբորատորիան այնուհետև փորձեց գտնել սպիտակուցներ, որոնք պետք է սինթեզվեն կարճատև հիշողությունից երկարատևին անցնելու ժամանակ: Պրոտեինկինազ A-ի թրիախներից մեկը CREB (cAMP response element binding protein) սպիտակուցի տրանկրիպցիայի կարգավորումն է: Դավիդ Գլանզմանի և Գրեյգ Բայլիի հետ համագործակցության արդյունքում Կանդելը հայտնաբերեց, որ CREB սպիտակուցը ներգրավված է երկարատև հիշողության առաջացմանը: CREB-ի ակտիվացման արդյունքներից մեկը սինապսային կապերի քանակի ավելացումն է: Այսպիսով, կարճատև հիշողությունը կապված է առկա սինապսների ֆունկցիոնալ փոփոխությունների հետ, մինչև դեռ երկարատև հիշողությունը զուգորդվում է սինապսային կապերի քանակի փոփոխման հետ:
Կանդելի ներդրումը Հեբիանի տեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանդելի լաբորատորիայում գրանցված որոշ արդյունքներ օրինակ են ծառայում Հեբիանի սովորելու համար: Դրանցից մեկը նկարագրում է Հեբիանի սովորելու դերը Aplysia-ի սիֆոնի լայնացման ռեֆլեքսում[29]:
Կանդելի լաբորատորիան նաև շատ կարևոր հետազոտություններ կատարեց՝ բացահայտելու համար ողնաշարավորների հիպոկամպում հիշողության պահպանման մոլեկուլային մեխանիզմները: Այս հետազոտությունները կատարվեցին տրանսգենային մկների վրա[30][31][32][33][34]:
Աշխատանքը Կոլումբիայի համալսարանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականից Կանդելն աշխատում է Կոլումբիայի համալսարանի Հոգեբուժության դեպարտամենտի Նյարդաբանության և վարքի բաժնում: 2008 թվականին նա և Դանիելա Պոլլակը հայտնաբերեցին, որ վտանգից խուսափելու վարքի դրսևորման ժամանակ մկան օրգանիզմում առաջանում են յուրահատուկ վարքային հակադեպրեսանտներ: Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվեցին Neuron-ում[35], հիմք կարող են հանդիսանալ հակադեպրեսանտների և վարքագծային փոփոխությունների բուժման գործում բջջային մեխանիզմների բացահայտման համար:
Կանդելը հայտնի է նաև նրանով, որ մասնակցել է բազմաթիվ գրքերի հրատարակմանը, որոնցից է «Նեյրոգիտության սկզբունքներ» գիրքը (Principles of Neural Science)[36]: Այն առաջին անգամ հրատարակվել է 1981 թվականին, և այժմ առկա է նրա 5-րդ հրատարակությունը։ Բժշկակակենսաբանական ոլորտի ուսանողների և դասախոսների մոտ այս գիրքն ամենահաճախակի օգտագործվող գրքերց է։ 1974 թվականից Կանդելը ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։
Կանդելն ու Վիեննան[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին երբ Կանդելն արժանանում է Նոբելյան մրցանակի, շատերն ասում են, թե նա ավստրիացի մրցանակակիր է։ Դրան հակառակ, Կանդելը պնդում է, թե նա հրեա-ամերիկացի մրցանակակիր է։ Դրանից հետո նա զանգ է ստանում Ավստրիայի նախագահ Թոմաս Կլեստիլից, որը հարցնում էր, թե ինչպես կարելի է ուղղել այն պատմական սխալները, որոնք կատարվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների հետ։ Սկզբում Կանդելն ասում է, որ պետք է Կարլ Լյուգերի անվամբ փողոցը վերանվանվի, քանի որ Հիտլերի ժամանակ նա եղել է Վիեննայի գլխավոր հակասեմիտը[37]: Երկրորդը, նա ցանկանում է, որ հրեա մտավորականությունը վերադրաձվի Վիեննա՝ հրեա ուսանողների և գիտնականների համար նախատեսված կրթաթոշակների միջոցով[38]: Նա նաև առաջարկում է համաժողով կազմակերպել՝ ի պատասխան ավստրիական նացիոնալ-սոցիալիզմի[39]: Այնուհետև Կանդելն ընդունում է Վիեննայի քաղաքացի դառնալու առաջարկն ու մասնակցում այդ քաղաքի մշակութային և ակադեմիական կյանքին[40]:
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբերտ Լասկերի անվան մրցանակ հիմնարար բժշկության հետազոտության համար (Albert Lasker Award for Basic Medical Research), 1983
- Գայրդներ հիմնադրամի միջազգային պարգև (Gairdner Foundation International Award), 1987
- ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի պարգև (NAS Award for Scientific Reviewing of the United States National Academy of Sciences), 1988[41]
- Գիտությունների ազգային մեդալ (National Medal of Science), 1988
- Գիտությունների Լեոպոլդինա գերմանական ակադեմիայի անդամ (German Academy of Sciences Leopoldina), 1989 (2008-ից՝ Գիտությունների ազգային ակադեմիա)
- Հարվեյի մրցանակ (Harvey Prize), 1993
- Ռալֆ Ու. Գերարդի մրցանակ (Ralph W. Gerard Prize), 1997
- Ուոլֆի մրցանակ բժշկության ոլորտում (Wolf Prize in Medicine), 1999
- Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում (Nobel Prize in Physiology or Medicine), 2000 (jointly with Arvid Carlsson and Paul Greengard)
- Առողջապահության ոլորտում առաջատար ձեռքբերումների մրցանակ (Charles A Dana Award for Pioneering Achievement in Health), 1997
- Ավստրիական պարգև գիտությունների և մշակույթի համար (Austrian Decoration for Science and Art), 2005[42]
- Գիտության ոլորտում ձեռքբերումների Բենջամին Ֆրանկլինի անվան մեդալ (Benjamin Franklin Medal for Distinguished Achievement in the Sciences of the [[American Philosophical Society), 2006[43]
- Վիեննայի Վիկտոր Ֆրանկլի պարգև (Viktor Frankl Award of the City of Vienna), 2008
- Վիեննայի պատվավոր քաղաքացի, 2009
- Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարանի պատվավոր դեկտոր, 2011
- Ավստրիա մրցանակ մատուցած ծառայությունների համար (Grand Decoration of Honour in Silver with Star for Services to the Republic of Austria), 2012
- Մշակույթի և գիտության պարգև, Գերմանի (Pour le Mérite for Arts and Sciences, Germany)
- Թագավորական ընկերակցության օտարերկյա անդամ (Foreign Member of the Royal Society), 2013[44]
- Նյարդաբանության ոլորտում Կավլի պարգևի հանձնաժողովի անդամ, 2007–2010[45][46]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պետրա Սիգեր, «Հիշողության փնտրտուքներում» (In Search of Memory), 2008
Ընտրյալ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Malleret Gaël, Alarcon Juan M., Martel Guillaume, Takizawa Shuichi, Vronskaya Svetlana, Yin Deqi, Chen Irene Z., Kandel Eric R., Shumyatsky Gleb P. (2010)։ «Bidirectional regulation of hippocampal long-term synaptic plasticity and its influence on opposing forms of memory»։ J. Neurosci 30 (10): 3813–3825։ PMID 20220016։ doi:10.1523/JNEUROSCI.1330-09.2010
- Akil, H., Brenner, S., Kandel, E.R., Kendler, K.S., King, M-C., Scolnick, E., Watson, J.D. & Zoghbi, H.Y., Brenner, Kandel, Kendler, King, Scolnick, Watson, Zoghbi (2010)։ «The future of psychiatric research: Genomes and neural circuits»։ Science 327 (5973): 1580–1581։ PMC 3091000։ PMID 20339051։ doi:10.1126/science.1188654
- Simpson, E.H., Kellendonk, C. & Kandel, E.R., Kellendonk, Kandel (2010)։ «A possible role for the striatum in the pathogenesis of the cognitive symptoms of schizophrenia»։ Neuron 65 (5): 585–596։ PMID 20223196։ doi:10.1016/j.neuron.2010.02.014
- Si, K., Choi, Y., White-Grindley, E., Majumbar, A. & Kandel, E.R., Choi, White-Grindley, Majumdar, Kandel (2010)։ «Aplysia CPEB can form prion-like multimers in sensory neurons that contribute to long-term facilitation»։ Cell 140 (3): 421–435։ PMID 20144764։ doi:10.1016/j.cell.2010.01.008
- Kandel, E.R. (2009)։ «The biology of memory: A forty-year perspective»։ J. Neurosci. 29 (41): 12748–12756։ PMID 19828785։ doi:10.1523/JNEUROSCI.3958-09.2009
- Muzzio, I.A., Levita, L., Kulkarni, J., Monaco, J., Kentros, C., Stead, M., Abbott, L.F. & Kandel, E.R., Levita, Kulkarni, Monaco, Kentros, Stead, Abbott, Kandel (2009)։ «Attention enhances the retrieval and stability of visuospatial and olfactory representations in the dorsal hippocampus»։ PLoS Biol. 7 (6): e1000140։ PMC 2696347։ PMID 19564903։ doi:10.1371/journal.pbio.1000140
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kandel, Eric R. (2007), In Search of Memory: The Emergence of a New Science of Mind, New York: W. W. Norton & Company, ISBN 978-0-393-32937-7.
- Kandel, Eric R.; Schwartz, James H.; Jessell, Thomas M.; Siegelbaum, Steven A.; Hudspeth, A.J. (2012) [1981], Principles of Neural Science (5th տպ.), New York: McGraw-Hill, ISBN 978-0071390118.
- Kandel, Eric R. (2012), The Age of Insight: The Quest to Understand the Unconscious in Art, Mind, and Brain, from Vienna 1900 to the Present, New York: Random House, ISBN 978-1-4000-6871-5
- Эрик Кандель. В поисках памяти // Серия «Элементы». Переводчик П. Петров. - Астрель, Corpus - 2012. 736 страниц. ISBN 978-5-271-36938-4
- Эрик Кэндел. Клеточные основы поведения // Переводчики: Н. Алексеенко, Г. Рожкова, П. Костюк, Дмитрий Сухарев. - Москва. Из-во Мир - 1980. 600 стр.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #113801955 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 1983 Albert Lasker Basic Medical Research Award; Molecular approaches to memory — Lasker Foundation.
- ↑ Eric Kandel für Verdienste um Österreich ausgezeichnet (գերմ.) // Der Standard / Hrsg.: O. Bronner — 2012.
- ↑ http://www.orden-pourlemerite.de/sites/default/files/vita/kandel-vita.pdf
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ https://gairdner.org/winners/index-of-winners/
- ↑ http://212.199.115.173/~wolf/index.php?dir=site&page=winners&cs=461
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 2000 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://www.sfn.org/Careers/Awards/Lifetime/Ralph-W-Gerard-Prize
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/53988.html
- ↑ http://www.brandeis.edu/rosenstiel/rosenstielaward/past.html
- ↑ https://www.amphilsoc.org/prizes/karl-spencer-lashley-award
- ↑ GRANTS AND AWARDS PROGRAM FACT SHEET — Bristol-Myers Squibb.
- ↑ Eric R. Kandel, Prof. Dr. — University of Vienna.
- ↑ https://www.univie.ac.at/logotherapy/award/kandel_event.html
- ↑ Science Careers // Science / M. McNutt — AAAS, 2013. — Vol. 340, Iss. 6132. — ISSN 0036-8075; 1095-9203
- ↑ https://www.unibas.ch/en/University/About-University/Dies-Academicus/Honorary-Awards-Dies-Academicus-Faculty-of-Psychology.html
- ↑ https://royalsociety.org/people/eric-kandel-11722/
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ A Quest to Understand How Memory Works, By Claudia Dreifus, New York Times, March 5, 2012
- ↑ In Search of Memory: The Emergence of a New Science of Mind։ W. W. Norton & Company։ 2006։ ISBN 978-0393329377
- ↑ Eric R. Kandel: The Nobel Prize in Physiology or Medicine 2000, Nobel Foundation. Accessed September 20, 2007. "My grandfather and I liked each other a great deal, and he readily convinced me that he should tutor me in Hebrew during the summer of 1939 so that I might be eligible for a scholarship at the Yeshiva of Flatbush, an excellent Hebrew parochial school that offered both secular and religious studies at a very high level. With his tutelage I entered the Yeshiva in the fall of 1939. By the time I graduated in 1944 I spoke Hebrew almost as well as English, had read through the five books of Moses; the books of Kings, the Prophets and the Judges in Hebrew; and also learned a smattering of the Talmud.... In 1944, when I graduated from the Yeshiva of Flatbush elementary school, it did not have a high school yet. So I went instead to Erasmus Hall High School, a local public high school in Brooklyn that was then academically very strong."
- ↑ Antonov, Igor; Antonova, Irina; Kandel, Eric R.; Hawkins, Robert D. (2003), «Activity-Dependent Presynaptic Facilitation and Hebbian LTP Are Both Required and Interact during Classical Conditioning in Aplysia», Neuron 37 (1): 135–147, doi: , PMID 12526779.
- ↑ Huang, Yan-You; Zakharenko, Stanislav S.; Schoch, Susanne; Kaeser, Pascal S.; Janz, Roger; Südhof, Thomas C.; Siegelbaum, Steven A.; Kandel, Eric R. (2005), «Genetic evidence for a protein-kinase-A-mediated presynaptic component in NMDA-receptor-dependent forms of long-term synaptic potentiation», PNAS 102 (26): 9365–9370, doi: , PMID 15967982.
- ↑ Kojima, Nobuhiko; Wang, Jian; Mansuy, Isabelle M.; Grant, Seth G. N.; Mayford, Mark; Kandel, Eric R. (1997), «Rescuing impairment of long-term potentiation in fyn-deficient mice by introducing Fyn transgene», PNAS 94 (9): 4761–4765, doi: , PMID 9114065.
- ↑ Brandon, E. P.; Zhuo, M.; Huang, Y. Y.; Qi, M.; Gerhold, K. A.; Burton, K. A.; Kandel, E. R.; McKnight, G. S. և այլք։ (1995), «Hippocampal long-term depression and depotentiation are defective in mice carrying a targeted disruption of the gene encoding the RI beta subunit of cAMP-dependent protein kinase», PNAS 92 (19): 8851–8855, doi: , PMID 7568030.
- ↑ Bailey, Craig H.; Bartsch, Dusan; Kandel, Eric R. (1996), «Toward a molecular definition of long-term memory storage», PNAS 93 (24): 13445–13452, doi: , PMID 8942955.
- ↑ Kandel, Eric R. (2005), «The Molecular Biology of Memory Storage: A Dialog Between Genes and Synapses», Bioscience Reports 24 (4–5): 475–522, doi: , PMID 16134023.
- ↑ Pollak, D.D., Monje, F.J., Zuckerman, L., Denny, C.A., Drew, M.R. & Kandel, E.R. (2008)։ «An animal model of a behavioral intervention for depression»։ Neuron 60 (1): 149–161։ PMC 3417703։ PMID 18940595։ doi:10.1016/j.neuron.2008.07.041
- ↑ Kandel Eric R., Schwartz James H., Jessell Thomas M., Siegelbaum Steven A., Hudspeth A.J. (2012)։ Principles of Neural Science (5th ed.)։ McGraw-Hill։ ISBN 978-0071390118
- ↑ «Dr. Karl-Lueger-Ring to be renamed»։ Austrian Times։ ապրիլի 20, 2012։ Վերցված է մարտի 5, 2014
- ↑ Science, 6 June 2008, 320:1269
- ↑ Nobel Prize Winner Kandel Speaks of Brain, Snails, Memory Pill, Bloomberg 7 April 2006
- ↑ Late homage: Nobel Prize winner Eric Kandel becomes honorary citizen of Vienna, Austrian Federal Chancellery, December 24, 2008
- ↑ «NAS Award for Scientific Reviewing»։ National Academy of Sciences։ Վերցված է փետրվարի 27, 2011
- ↑ «Reply to a parliamentary question» (pdf) (German)։ էջ 1709։ Վերցված է նոյեմբերի 18, 2012
- ↑ «Benjamin Franklin Medal for Distinguished Achievement in the Sciences Recipients»։ American Philosophical Society։ Վերցված է նոյեմբերի 26, 2011
- ↑ «New Fellows 2013»։ Royal Society։ Վերցված է հուլիսի 30, 2013
- ↑ «Prize Committee in Neuroscience 2007–2008»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է մարտի 5, 2014
- ↑ «Prize Committee in Neuroscience 2009–2010»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է մարտի 5, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարցազրույց Կանդելի հետ Գերմանիայում, 2006
- Էրիկ Կանդելը Կոլումբիայի համալսարանում
- Կոլումբիա համալսարանում Էրիկ Կանդելի ինտերնետային կայք Archived 2012-09-22 at the Wayback Machine.
- Նոբելյան մրցանակակիրների կենսագրական
- Science Friday: Հոկտեմբերի 13, 2000 NPR interview
- Էրիկ Կանդելի նոբելյան կյանքը Archived 2005-11-19 at the Wayback Machine.
- Էրիկ Կանդել
- Aplysia-ի գերզգայնացումը
- Կանդել. հիշողության նեյրոնային հիմքերը
- Կանդել. հիշողության ձևավորում
- Է. Կանդելի ելույթը. ինչ է կյանքը
- Հիշողությունը և նրա դերը մշակույթում
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիր
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նեյրոֆիզիոլոգներ
- Ամերիկացի Նոբելյան մրցանակակիրներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ