Էրժե
Էրժե (ֆր.՝ Hergé, իսկական անուն՝ Ժորժ Պրոսպեր Ռեմի (ֆր.՝ Georges Prosper Remi), մայիսի 22, 1907[2][3][4][…], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա[5] - մարտի 3, 1983[6][7][8][…], Վոլյուվե Սեն Լամբեր, Բրյուսել, Բելգիա և Բրյուսել, Բելգիա[9]), բելգիացի կոմիքսների նկարիչ, ով արժանացել է համաշխարհային ճանաչման երիտասարդ լրագրող Թենթենի (ֆր.՝ Tintin) արկածների մասին իր ալբոմների շնորհիվ, որոնք մինչ այժմ միլիոնավոր տպաքանակներով վաճառվում են ամբողջ աշխարհում։ «Ligne claire» տեխնիկայի, որը հետագայում գործածել են փոփ արտի վարպետները, առաջին հայտնագործողը։ Էրժե կեղծանունն առաջացել է՝ որպես տառային հապավման շրջված ձև. «Ռ․ Ժ․» (Ռեմի Ժորժ)։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրժեի իսկական անունը Ժորժ Ռեմի է։ Նա ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Բրաբանտ նահանգի Էտերբեեկ քաղաքում (Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի մաս)։ Հայրը հասարակ ծառայող էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ 1920 թվականին նրան ուսման են տվել Սուրբ Բոնիֆացիի կաթոլիկ քոլեջում։ Հակումը դեպի նկարչությունը դրդել է նրան ստեղծել բազմաթիվ ուրվանկարներ, ընդ որում նկարներն ուղեկցվում էին «bulles»-ներով, որտեղ տեղավորվում էին կերպարների մեկնաբանությունները (կոմիքսների լեզուն բնորոշող այս գրելաձևը 20-րդ դարի սկզբին դեռևս չէր օգտագործվում ոչ մեկի կողմից)։ 2007 թվականին քոլեջի պատին հայտնաբերվել է նրա կողմից ստեղծված առաջին շարքը[21]։ Նա շատ է սիրել կինեմատոգրաֆիան, հատկապես Չարլի Չապլինի և Բաստեր Քիթոնի մասնակցությամբ կատակերգությունները։ Հնարավոր է, որ հենց այս ֆիլմերի կատակերգական դրվագներն են ազդեցություն ունեցել նրա ստեղծագործության վրա։ Մանուկ հասակում Ժորժը մասնակցել է սկաուտների արշավների, և սկաուտային իդեալները որոշ ազդեցություն են ունեցել նրա հետագա զարգացման վրա։ 1924 թվականին Ժորժը սկսել է «R. G.» սկզբնատառերով ստորագրել իր նկարների տակ, որոնք հրապարակվում էին «Բելգիական բոյսկաուտ» ամսագրի էջերին։ Հենց այդ ամսագրի էջերին է հրապարակվել նաև «Թորթորի արկածների» մասին նրա առաջին շարքը։
Ճանապարհ դեպի «Թենթեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]19 տարեկան հասակում Էրժեն սկսել է նկարել «Vingtième Siècle» («Քսաներորդ դար») թերթի համար, որի սեփականատերն ազգայնական և հակակոմունիստ վանահայր Նորբեր Վալլեն էր։ Շուտով Էրժեին հանձնարարել են խմբագրել թերթի կիրակնօրյա գրական-գեղարվեստական հավելվածները, իսկ 1928 թվականի նոյեմբերին՝ մանկական լսարանին ուղղված երեկոյան հրատարակության նոր «Le Petit Vingtième» («Քսաներորդ դարը երեխաների համար»), հավելվածը։ 1929 թվականի հունվարի 10-ից արդեն հիշատակված «Թորթորի արկածների» հետ միասին այստեղ սկսել են տպագրել նաև երիտասարդ լրագրող Թենթենի մասին կոմիքսների շարքը, որն Էրժեին համաշխարհային ճանաչում է բերել։ Որոշակի նմանություն կա Էրժեի և նրա սիրելի հերոսի միջև, մինչդեռ առաջին խմբագրական հանձնարարությունը Թենթենին ստիպել է գնալ Սովետական Ռուսաստան, ուր Էրժեն ոչ մի անգամ չէր եղել։
«Թենթենը սովետականների երկրում» շարքը տպագրվել է ամսագրի էջերին մինչև 1930 թվականի մայիսի 8-ը։ Շարքի հաջողությունն անառարկելի էր, թեև հետագայում հեղինակի վերաբերմունքն այդ աշխատանքի նկատմամբ փոխվել է։ Ռուսաստանից հետո Թենթենն ու իր շունը՝ Միլուն, ուղևորվում են Կոնգո (այս շարքում զգացվում է Անդրե Ժիդի «Ճանապարհորդություն դեպի Կոնգո» գրքի ազդեցությունը), հետո՝ Չիկագո («Թենթենն Ամերիկայում» շարք)։ 1932 թվականին ամսագիրն սկսել է տպագրել Թենթենի արկածներն արևելքի երկրներում․ Պորտ Սաիդ, Սուեզ, Մումբայ, Կոլոմբո, Շրի Լանկա, Սինգապուր, Հոնկոնգ, Շանհայ։ Այս ամենը հավաքված է «Փարավոնի սիգարները» ալբոմում, որը հրապարակվել է «Կաստերման» հրատարակչության կողմից, որին պատկանում են Թենթենի մասին սագայի բացառիկ իրավունքները։
Այլ ցիկլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրժեի ստեղծագործությունը չի սահմանափակվել «Թենթենի արկածներով»։ Նկարչի գրչով ստեղծվել են բազմաթիվ կերպարներ՝ Քվիկ և Ֆլյուպկե, Պոպլ և Վիրժինին (նրանց անունները Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռի հայտնի «Պոլ և Վիրժինի» վեպի հերոսների անունների պարոդիան են), Ջո, Զեթ և Ժոկո։ Սակայն հենց «Թենթենի» շնորհիվ է Էրժեն անհավանական ճանաչում ձեռք բերել իր հայրենիքում, ապա նաև ամբողջ աշխարհում։
Ընկերություն Չանի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին Էրժեն ծանոթացել, ապա ընկերացել է չինացի ուսանողների հետ, որոնք մասնակցել էին Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայի դասընթացին։ Նրանցից մեկի անունը Չան Չունժեն էր։ Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. գեղարվեստական կրթություն ստացած Չանը սովորել է աշխատել կոմիքսի տեխնիկայով ինքնուսույց էրժեի մոտ։ Սակայն մեկ տարի անց Չանը ստիպված է եղել վերադառնալ հայրենիք, Էրժեն ցավագին է տարել բաժանումը (նրանց նոր հանդիպումը տեղի է ունեցել միայն 1981 թվականին)։ Չանի հետ բարեկամության տպավորության տակ Էրժեն ստեղծել է «Թենթենի արկածները Հեռավոր Արևելքում» շարքը, սակայն չափազանց երկար անվանումը ստիպված է եղել փոխարինել ավելի կարճ անվանմամբ՝ «Կապույտ լոտուսը» (Le lotus bleu)։
Ռազմական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի մայիսին նացիստների կողմից Բելգիայի օկուպացիայի ժամանակ «Vingtième Siècle»-ը դադարեցրել է իր գործոնունեությունը, սակայն Էրժեին առաջարկել են աշխատել մեկ այլ պարբերականում՝ «Le Soir»-ում («Երեկոյան թերթ»)։ 1940 թվականի հոկտեմբերից նա ղեկավարել է երեխաների համար նախատեսված «Le Soin-Jeunesse» անվանումով հավելվածը, թողարկել է մի քանի ալբոմներ, ներառյալ ապոկալիպտիկ երանգներով ներկված և հակասեմականության մեջ կշտամբանքներ առաջացրած «Առեղծվածային աստղ» ալբոմը։ 1943 թվականից Էրժեն համատեղ աշխատել է նկարիչ Էդգար Ժակոբի հետ։
Հետպատերազմական դժվարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էրժեի մոտ կադրավորումն ինքնստինքյան էր ստացվում, նա այդպես էր մտածում։ Բայց ստեղծագործության մեջ գլխավոր բաղադրիչը նրա համար, այնուամենայնիվ, սյուժեն էր։ Նրա պատմություններն անհավանական բաներ էին. նա երբեք չի օգտվել սյուժետային շրջադարձից միայն ծիծաղեցնելու, զարմացնելու կամ զվարճացնելու համար։ Յուրաքանչյուր տարր աշխատել է ինտրիգ զարգացնելու համար։ Ինձ Էրժեն ավելի շատ հիշեցնում է ոչ թե նկարչի, որը գծանկարներ է նկարում, այլ կատարյալ սցենարիստի։ Սակայն յուրահատուկ կինեմատոգրաֆիական մտածողությամբ սցենարիստի ձեռքում մատիտն ավելի գործուն գործիք էր, քան այլ ռեժիսորի մոտ կինոխցիկը։ Ուստի իմ առաջին միտքը, կոմիքսները կարդալուց հետո, հիացմունքն էր. «նա հումք չի մատակարարում ռեժիսորների համար, նա ինքն է բնածին ռեժիսոր»։ Մենք՝ ես և Փիթեր Ջեքսոնը, մեզ հսկայի ուսերին բարձրացած գաճաճներ էինք զգում։»
1944 թվականի սեպտեմբերին, երբ գերմանական զորքերը լքել են Բրյուսելը, Էրժեն ձերբակալվել է՝ թշնամու հետ համագործակցելու մեղադրանքով։ Մի շարք հրատարակություններ տպել են «Թենթենի» ծաղրերգություններ, որտեղ Էրժեի հերոսը հայտնվել էր նացիստների շրջապատում։ Մինչդեռ նրա բազմաթիվ աշխատություններում, որոնք հաջորդել են խիստ հակակոմունիստական «Թենթենը սովետականների երկրում» շարքին, նկատվում է իմպերիալիզմի, միլիտարիզմի և ֆաշիզմի նկատմամբ քննադատական վերաբերմունք։ Միայն 1946 թվականի մայիսին բոլոր մեղադրանքները հանվել են, և նկարիչն աշխատանքի տեղավորվելու հնարավորություն է ստացել։ 1946 թվականի սեպտեմբերի 26-ին լույս է տեսել «Թենթեն» ամսագրի առաջին համարը (Էրժեն դարձել է նրա գեղարվեստական տնօրենը), մի քանի տարվա ընթացքում ամսագրի տպաքանակը Բելգիայում աճել է մինչև 60 հազար օրինակ։ Վերսկսվել է նախկինում ընդհատված «Արևի տաճարը» շարքի աշխատանքները։
Չնայած մեծ հաջողությանը, 1947 թվականի մայիսին Էրժեն ստիպված է եղել բաժանվել իրեն օգնած Ջեքոբսից. նկարիչը սկսել է տառապել դեպրեսիայից և լրջորեն մտածել Արգենտինա արտագաղթելու մասին, սակայն նրա ծրագրերը տապալվել են։ Էրժեն շարունակել է աշխատել «Թենթենի» վրա և 1956 թվականին թողարկել է «Թուրնեսոլի գործը» («L’Affaire Tournesol») ալբոմը, որը պրոֆեսիոնալ առումով երբեմն անվանում են նրա ստեղծագործության գագաթնակետը։
1956 թվականին Էրժեն ծանոթացել է նկարչուհի Ֆանի Վլամինկի հետ, հինգ ամիս անց նրանց միջև սիրավեպ է առաջացել։ Էրժեի մահից հետո Ֆանին կազմակերպել է Էրժեի հիմնադրամն ու ստացել է նկարչի աշխատանքների հեղինակային իրավունքը։ 1958 թվականի սեպտեմբերին սկսել է տպագրվել «Թենթենը Տիբեթում» շարքը, որը մասամբ պայմանավորված էր այդ տարիներին տարածված սառցե մարդու մասին պատմություններով, բայց այդ ժամանակ Էրժեի մոտ սրվել է դեպրեսիան. իր ալբոմներից «ամենաինտիմի և հուզիչի»[23] լույս ընծայվելը համընկել է նրա առաջին կնոջ՝ Ժերմենի հետ բաժանվելու ժամանակահատվածի հետ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին Էրժեի լուրջ մրցակիցներն են դարձել «Հաջողակ Լյուկ», «Աստերիքս», «Կորտո Մալթեզ» և այլ եվրոպական կոմիքսները։ Սակայն դա չի վնասել Թենթենի ժողովրդականությանը. «Կաստերման» հրատարակչության կողմից թողարկված Էրժեի ալբոմների տպաքանակը գերազանցել է մեկ միլիոն օրինակը։ Նկարիչը մշտապես աշխատել է հին ալբոմների կատարելագործման ուղղությամբ, սակայն չի ցանկացել արդիականացնել «Թենթենը սովետականների երկրում» ալբոմը՝ համարելով այն երիտասարդության սխալ։
1983 թվականին Էրժեն մահացել է լեյկեմիայից՝ չհասցնելով ավարտել իր վերջին ալբոմը։
Բելգիացիները կոմիքսի հերոսի պատվին հուշարձան են կանգնեցրել Բրյուսելի զբոսայգիներից մեկում, իսկ 75-րդ տարեդարձի առթիվ Բրյուսելյան աստղագիտական հանրությունը փոքրիկ մոլորակ է անվանել նրա պատվին։
Թենթեն՝ Բրյուսելի խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Թենթենն աշխարհում ամենատարածված կոմիքսների կերպարներից մեկն է։ Բելգիայում նա կանգնած է ամենահայտնի հորինված կերպարների առաջին տեղում, և 2001 թվականից ի վեր Թենթենն ու նրա ֆոքսթերիեր Միլուն Բրյուսել քաղաքի պաշտոնական խորհրդանիշներն են։
Լուվեն-լա-Նյովե քաղաքում գտնվում է Էրժեի թագարանը[24]։ Թենթենի և կոմիքսի այլ կերպարների նկարներով որմնանկարները կարելի է տեսնել Բրյուսելի մետրոյի կայարաններից մեկում[25]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին նկարահանվել է Թենթենի արկածների մասին երկու ֆիլմ՝ «Գաղտնի ոսկե գեղմը» («Lе mystère de la toison d’or») և «Կապույտ նարինջներ» («Les oranges bleues»), նաև լիամետրաժ մուլտֆիլմ՝ «Թենթենը և արևի տաճարը» («Tintin et le temple du Soleil»), ինչը մեծացրել է կերպարների ժողովրդականությունը հայրենիքում։ 1972 թվականին նկարահանվել է ևս մեկ լիամետրաժ մուլտֆիլմ՝ «Թենթենը և շնաձկան լիճը» («Tintin et le lac au requin»)։ 1991 թվականին Ֆրանսիայի և Կանադայի համատեղ ջանքերով թողարկվել է հեռուստասերիալ, որն իր մեջ ներառել է Թենթենի բոլոր արկածները, բացի երկու ալբոմներից՝ «Թենթենը Սովետների երկրում» և «Թենթենը Կոնգոյում» («Tintin au Congo»)։ Իրականացվել են նաև ռադիոհաղորդումներ և մյուզիքլներ «Թենթենը Տիբեթում» ալբոմի մոտիվներով[26]։
Դեռևս 1983 թվականին Սթիվեն Սփիլբերգը, ով «Թենթենի արկածների» կրքոտ երկրպագուն էր, երկար բանակցություններ է վարել Էրժեի հետ՝ նկարչի ալբոմներից մեկի էկրանավորման շուրջ։ Էրժեն, որն ըստ արժանվույն էր գնահատում ինչպես այն ժամանակ աշխարհահռչակ ռեժիսորի ֆիլմերը, այնպես էլ նրա անկեղծ տարվածությունը «Թենթենով»[27], շատ կետերով պատրաստ էր ընդառաջել Սփիլբերգին։ Սակայն, ի վերջո, Սփիլբերգի «դրակոնովյան»[28] պայմանները ստիպել են արվեստագետին հրաժարվել էկրանավորումից։ Էրժեի մահից հետո Սփիլբերգն իրականացրել է իր վաղեմի երազանքը և թողարկել է «Թենթենի արկածները․ Միաեղջյուրի առեղծվածը» ֆիլմը, որում օգտագործվել է շարժման գրավման տեխնոլոգիան։
Թենթենի հանրաճանաչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թենթենն ու Միլուն հայտնի են ամբողջ աշխարհում և թարգմանվել են ավելի քան 50 լեզուներով։ Հերոսների ժողովրդականության պատճառի մասին բազմաթիվ վարկածներ կան, որոնք արդեն չեն նվազում 8 տասնամյակից ավելի։ Մի կողմից, Էրժեի գրեթե բոլոր ալբոմները լի են բարությամբ, ուրիշ մշակույթի հանդեպ հարգանքով, մարդկայնությամբ և նուրբ հումորով։ Մյուս կողմից, Էրժեն քաջատեղյակ էր իր ժամանակի քաղաքական, տեխնիկական և մշակութային շարժումների մասին և հաճախ դիմում էր քաղաքական ակնարկների, օրինակ` «Օտտոկար թագավորի գայիսոնը» («Le Sceptre d’Ottokar»), ուշադիր ընթերցողը կարող է տեսնել 1930-ական թվականներին Գերմանիայի նկատմամբ Ավստրիայի բռնի անդամակցության քննադատությունը։ Էրժեի կերպարները «կանխատեսել են» այնպիսի գիտական հայտնագործություններ, ինչպիսիք են սառույցը լուսնի վրա։
Աշխատանքի մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էրժեն նույնպես ազդել է իմ արվեստի վրա, ինչպես և Ուոլթ Դիսնեյը։ Էրժեն ինձ համար ավելին է, քան կոմիքսների հեղինակ»։
Ժամանակակից մարդու աչքերում Էրժեի վաղ աշխատանքներն առանձնանում են քաղաքական կոռեկտության բացակայությամբ։ «Թենթենը սովետականների երկրում» առաջին ալբոմում երիտասարդ լրագրողը գնում է Խորհրդային Միություն, ընդ որում 1920-ական թվականների խորհրդային կենցաղը նկարված է ամենամռայլ գույներով։ Որոշ ընթերցողներ նույնիսկ պրոֆաշիստական միտումներ են վերագրել այս հակաուտոպիային։
«Թենթենը Կոնգոյում» երկրորդ ալբոմում կան տեսարաններ, որտեղ ցուցադրվում է վայրի կենդանիների նկատմամբ դաժանությունը, ինչպես նաև արհամարհական վերաբերմունքը Կոնգոյի բնիկների նկատմամբ, որն այդ ժամանակ Բելգիայի գաղութն էր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև կոշտ քննադատության ենթարկվելուց հետո` Էրժեն վերանայել է իր հայացքները, և այդ ժամանակից ի վեր նրա աշխատանքներում ներկայացված աշխարհայացքն աչքի է ընկնում մարդկայնությամբ և օտար մշակույթների հանդեպ հարգանքով։
Կոմիքսների վաղ ամերիկյան տարբերակներում և «մեծահասակների» մուլտֆիլմերում Էրժեի կոմիքսների տարրերը (օրինակ՝ Թենթենի և Միլույի վիսկին հենց շշից խմելը) ենթարկվել են գրաքննության։
Ցուցահանդես Մեծ պալատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2017 թվականի հունվարի 15-ը Փարիզի Մեծ պալատում տեղի է ունեցել ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Էրժեի ստեղծագործությունները։ Տասը սրահ զբաղեցնող ցուցահանդեսի այցելուները կարող էին ծանոթանալ ոչ միայն «Թենթեն» շարքի պատմությանը, այլև նկարչի քիչ հայտնի կերպարներին, ինչպես նաև Էրժեյի ազդեցությանը կոմիքսների զարգացման վրա։
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվական` Քվեբեկում Թենթենի հետ / Au Québec avec Tintin (ռեժիսոր` Ժան-Ֆիլիպ Դուվալ / Jean-Philippe Duval, Բենուա Գոդբու / Benoit Godbout)
- 2016 թվական` Էրժեն՝ Թենթինի ստվերում / Hergé à l'ombre de Tintin (ռեժիսոր՝ Յուգ Նանսի / Hugues Nancy)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.larousse.fr/encyclopedie/personnage/Georges_Remi_dit_Hergé/123707
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 Peeters B. Hergé, fils de Tintin (ֆր.) — Flammarion, 2006. — P. 30. — 629 p. — ISBN 978-2-08-126789-3
- ↑ 6,0 6,1 6,2 Hergé (ps.) (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Hergé — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 8,0 8,1 8,2 Encyclopædia Britannica
- ↑ 9,0 9,1 9,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
- ↑ Peeters B. Hergé, fils de Tintin (ֆր.) — Flammarion, 2006. — 629 p. — ISBN 978-2-08-126789-3
- ↑ Peeters B. Hergé, fils de Tintin (ֆր.) — Flammarion, 2006. — P. 34. — 629 p. — ISBN 978-2-08-126789-3
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Peeters B. Hergé, fils de Tintin (ֆր.) — Flammarion, 2006. — P. 37. — 629 p. — ISBN 978-2-08-126789-3
- ↑ https://www.dbnl.org/onzekinderboeken/jeugdlit_illustrator.php
- ↑ 14,0 14,1 14,2 Peeters B. Hergé, fils de Tintin (ֆր.) — Flammarion, 2006. — P. 56. — 629 p. — ISBN 978-2-08-126789-3
- ↑ Peeters B. Hergé, fils de Tintin (ֆր.) — Flammarion, 2006. — P. 83. — 629 p. — ISBN 978-2-08-126789-3
- ↑ 16,0 16,1 Peeters B. Hergé, fils de Tintin (ֆր.) — Flammarion, 2006. — P. 84. — 629 p. — ISBN 978-2-08-126789-3
- ↑ Peeters B. Hergé, fils de Tintin (ֆր.) — Flammarion, 2006. — P. 93. — 629 p. — ISBN 978-2-08-126789-3
- ↑ 18,0 18,1 https://www.comics.org/creator/4862/
- ↑ https://www.comic-con.org/awards/2000s
- ↑ https://www.harveyawards.com/en-us/winners/previous-winners.html
- ↑ В Брюсселе нашли первый комикс автора «Тантана»
- ↑ ВЕДОМОСТИ - Стивен Спилберг: «Технологии не должны подменять сюжет»
- ↑ Assouline, Pierre. Herge. P., Plon. 1996. P. 313
- ↑ http://www.museeherge.com/# Музей Эрже
- ↑ «Objectif Tintin : «Tintin dans le métro» par Jean-Pierre Alvin et Catherine Jennes». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «www.tintin.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Spielberg
- ↑ Assouline, Pierre. Ibid., p. 401
- ↑ BBC News | ENTERTAINMENT | Tintin's 70 years of adventure
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Apostolidès, Jean-Marie The Metamorphoses of Tintin, or Tintin for Adults. — Stanford: Stanford University Press, 2010. — ISBN 978-0-8047-6031-7
- Assouline, Pierre Hergé, the Man Who Created Tintin. — Oxford and New York: Oxford University Press, 2009. — ISBN 978-0-19-539759-8
- Michael Farr Tintin: The Complete Companion. — London: John Murray, 2001. — ISBN 978-0-7195-5522-0
- Farr, Michael The Adventures of Hergé, Creator of Tintin. — San Francisco: Last Gasp, 2007. — ISBN 978-0-86719-679-5
- Philippe Goddin The Art of Hergé, Inventor of Tintin: Volume I, 1907–1937. — San Francisco: Last Gasp, 2008. — ISBN 978-0-86719-706-8}}
- Goddin, Philippe The Art of Hergé, Inventor of Tintin: Volume 2: 1937–1949. — San Francisco: Last Gasp, 2009. — ISBN 978-0-86719-724-2
- Goddin, Philippe The Art of Hergé, Inventor of Tintin: Volume 3: 1950–1983. — San Francisco: Last Gasp}, 2011. — ISBN 978-0867197631
- Lofficier, Jean-Marc; Lofficier, Randy The Pocket Essential Tintin. — Harpenden, Hertfordshire: Pocket Essentials, 2002. — ISBN 978-1-904048-17-6
- Tom McCarthy (novelist) Tintin and the Secret of Literature. — London: Granta, 2006. — ISBN 978-1-86207-831-4
- Benoît Peeters Tintin and the World of Hergé. — London: Methuen Children's Books, 1989. — ISBN 978-0-416-14882-4
- Benoît Peeters Hergé: Son of Tintin. — Baltimore, Maryland: Johns Hopkins University Press, 2012. — ISBN 978-1-4214-0454-7
- Sterckx, Pierre Tintin: Hergé's Masterpiece. — New York: Rizzoli, 2015. — ISBN 978-0789329479
- Harry Thompson Tintin: Hergé and his Creation. — London: Hodder & Stoughton, 1991. — ISBN 978-0-340-52393-3
- «History of the Lucca festival». 1972. Վերցված է 2006 թ․ հուլիսի 15-ին.
- «Dalai Lama honours Tintin and Tutu». London: BBC News. 2006 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- «The Hergé Museum: Totally Tintin». The Economist. 2009 թ․ մայիսի 28. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- Cendrowicz, Leo (2009 թ․ մայիսի 30). «Two New Museums for Tintin and Magritte». Time. New York City. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
- Cendrowicz, Leo (2010 թ․ մայիսի 4). «Tintin: Heroic Boy Reporter or Sinister Racist?». Time. New York City. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- Smith, Neil (2010 թ․ ապրիլի 28). «Race row continues to dog Tintin's footsteps». BBC News. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- Lezard, Nicholas (2011 թ․ հոկտեմբերի 18). «How could they do this to Tintin?». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- Tayler, Christopher (2012 թ․ հունիսի 7). «Haddock blows his top [A review of two Tintin books]». London Review of Books. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
- «Index Translationum – World Bibliography of Translation». UNESCO. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- «Spécial Hergé : Hergé et Tintin en Dates». L'Express (France)(L'Express) (ֆրանսերեն). 2006 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
- Moore, Charles (2007 թ․ մայիսի 26). «A Tribute to the Most Famous Belgian». The Daily Telegraph. UK. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- Goddin, Philippe Hergé: Lignes de vie. — Editions Moulinsart. — 2007.
- Benoît-Jeannin, Maxime Les guerres d'Hergé. — Аден Aden. — 2007. 978-2-930402-23-9
- Farr, Michael The Adventures of Hergé. — John Murray, 2007. — ISBN 0-7195-6799-8
- Pierre Sterckx (Textes) / André Soupart (Photos), Hergé. Collectionneur d'Art, Brussels/Belgium (Tournesol Conseils SA-Renaissance du Livre) 2006, 84 p. 2-87415-668-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանրամասն կենսագրություն
- Էրժեի ստեղածագործությանը նվիրված ֆորում
- Էրժեի կենսագրությունը À la découverte de-ում
- Էրժեն Lambiek Comiclopedia-ում
- Hergé—mini profile and time line on Tintinologist.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրժե» հոդվածին։ |
|
- Մայիսի 22 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Բելգիայում ծնվածներ
- Մարտի 3 մահեր
- 1983 մահեր
- Բելգիայում մահացածներ
- Բրյուսել քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Բելգիացի նկարիչներ
- Թենթեն
- Լեյկոզից մահացածներ
- Կոմիքսների նկարիչներ
- Բելգիացի գրողներ
- ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից մահացածներ
- Բելգիացի արվետագետներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ