Էդգար Ալլան Պո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Ալլան Պո

Edgar Allan Poe 2.jpg

Ծնվել է Edgar Allan Poe
1809 թ., հունվարի 19 (1809-01-19)
Բոստոն, Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ
Մահացել է հոկտեմբերի 7, 1849 (40 տարեկան)
Բալթիմոր, Մերիլենդ նահանգ, ԱՄՆ
Մասնագիտություն արձակագիր, բանաստեղծ
Լեզու անգլերեն
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ ամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ստորագրություն Edgar Allan Poe Signature.svg
Վիքիպահեստ Էդգար Ալլան Պո
Վեբ-կայք http://poestories.com/

Էդգար Ալլան Պո (անգլերեն` Edgar Allan Poe, 1809, հունվարի 19 - 1849, հոկտեմբերի 7), ամերիկացի արձակագիր, բանաստեղծ, գրաքննադատ, խմբագիր։

Ծնվել է Բոստոնում։ Նրա հայրը լքում է ընտանիքը, իսկ մայրը ծանր հիվանդության հետևանքով մահանում է, երբ Էդգարը դեռ երեք տարեկան չկար։ Երեխային խնամում է Ռիչմոնդի հարուստ առևտրական Ջոն Ալլանը, որը որոշ ժամանակ անց մեկնում է Անգլիա, որտեղ Էդգարին ուսման է տալիս։

1820-ին Ալանների ընտանիքը վերադառնում է Ռիչմոնդ, Էդգարը ընդունվում է քոլեջ, իսկ 1826-ին` Վիրջինիայի համալսարան, որտեղ սովորում է մեկ տարի։ Այդ ընթացքում Պոն փորձում է իր սիրեցյալ Սառա Ռոյսթերի հետ գաղտնի ամուսնանալ, ինչն առաջացնում է խորթ հոր զայրույթը, և Ջոն Ալլանը նրան վռնդում է տանից։ Էդգար Պոն մեկնում է Բոստոն, հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը, սակայն, նրան հաջողություն չի բերում։ Այնուամենայնիվ, 1833-ի հունիսին Պոյի «Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքն արժանանում է Baltimor Saturday visitor ամսագրի գրականության առաջին մրցանակին, որը Պոյին դարձնում է պահանջված արձակագիր։

1835-ի դեկտեմբերին Էդգար Պոն Southerm library messeger ամսագրի խմբագիրն էր։ Այստեղ նրան այցելում է հարազատ հորաքույրը` Մարի Քլեմը, դստեր` Վիրջինիայի հետ, ում հետ էլ կես տարի անց Պոն ամուսնանում է։ Շուտով նա հրաժարվում է աշխատանքից և նորաստեղծ ընտանիքի հետ մեկնում է Նյու Յորք ու հրատարակում է մի քանի նովել։ Սակայն հոնորարներն այնքան չնչին էին, որ գրողը միշտ փողի կարիք էր զգում։ 1838-ին Էդգարն առաջարկություն է ստանում զբաղեցնել Burton’s Gentleman’s Magazine ամսագրի խմբագրի պաշտոնը և մեկնում է Ֆիլադելֆիա։ 1839-ին նա բավական գումար ուներ և հրատարակում է պատմվածքների երկհատորյակը, որն արդեն արտահայտում էր հեղինակի ամբողջ պոետիկան, քնարականությունը, ողբերգականությունը և հուզականությունը։ Ֆիլադելֆիայում Պոն ապրում է վեց տարի և հրատարակում է մոտ երեսուն պատմվածք ու գրաքննադատական բազմաթիվ հոդվածներ։

Պոն դետեկտիվ գրականության սկզբնավորողն է («Սպանություն Մորգի փողոցում», «Ոսկե բզեզ» և այլ պատմվածքներ)։ «Էվրիկա» փիլիսոփայական արձակ պոեմով Պոն, ըստ էության, վերակենդանացրեց գիտագեղարվեստական ժանրը։ Նրա ստեղծագործության որոշ մասնավորեցումներ` իռացիոնալիզմը, միստիցիզմը, հակումը պաթոլոգիկ սևեռումների հանդեպ, հետագայում մեծապես սնեցին դեկադենսական գրականությունը։

1844-ին Պոն վերադառնում է Նյու Յորք և հրատարակում մի քանի նովել, որոնք, սակայն, հաջողություն չունեցան։ Փոխարենը` 1845-ին հրապարակված «Ագռավը» բանաստեղծությունն ու նույնանուն ժողովածուն Պոյի համար ապահովեցին աննախընթաց ժողովրդականություն։

Էդգար Ալեն Պոյի գերեզմանը Բալթիմորում:

Բայց շուտով գրողի կյանքի լուսավոր ուղին կրկին մթագնեց։ Երկարատև ու ծանր հիվանդությունից 25 տարեկանում մահացավ կինը` Վիրջինիան։ Ցավից ու հոգեկան տառապանքից գրողը սկսեց շատ խմել, օգտագործել թմրանյութեր։ Իր մենությունը փարատելու համար` ավելի ու ավելի հաճախ էր դիմում պոռնիկների ընկերակցությանը, իսկ հերթական դեպրեսիայի ժամանակ փորձեց ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Նույն ժամանակահատվածում լույս տեսավ «Էվրիկա» պոեմը, որը Պոն համարում է «մարդկության երբևէ ունեցած ամենամեծ բացահայտումը»։ 1849հոկտեմբերի 3-ին Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ չորս օր անց, այդպես էլ ուշքի չգալով, մահանում է։

Հայտնի է, որ Էդգար Պոն փորձում էր գիտությունը և մասնավորապես մաթեմատիկան կիրառել գրականության մեջ: Պոյի ՙտրամաբանական՚ նովելներից է ՙՈսկե բզեզը՚: Այս նովելում տրամաբանության միջոցով ոչ թե սպանություն է բացահայտվում, այլ գանձեր են հայտնաբերվում: Այս ՙհետաքրքրաշարժ, զարմանահրաշ, ճշգրիտ դատողություններով լի նովելը՚(Ժյուլ Վեռն), մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային արկածային գրականության զարգացման վրա. ՙԱնթերի դեդուկցիայից բացի, որ դրսևորում է հերոսը, այս պատմվածքը հետաքրքրություն է առաջացնում մինչ այժմ գրականությանն անհայտ հնարքների կիրառմամբ: Այս պատմվածքը բավական է ամերիկացի գրողի ողջ ստեղծագործության մասին պատկերացում կազմելու համար,- ժամանակին գրել է Ժյուլ Վեռնը Պոյին և նրա ստեղծա•ործությանը նվիրված ուսումնասիրության մեջ:- Իմ կարծիքով այն արտասովոր բոլոր պատմություններից ամենահրաշալին է և հենց նրանում է լիարժեք կերպով արտահայտվել գրական այն ուղղությունը, որ այժմ ընդունված է անվանել Պոյի ժանր՚ :

ՙՊոյի ժանր՚ անվանումը հենց ՙտրամաբանական՚ նովելի տեսակն է: Պոն մաթեմատիկան գրականության մեջ կիրառելու համար առաջին անգամ գրականության մեջ կիրառեց տրամաբանություն, իր հերոսին առաջադրելով մաթեմատիկական խնդիր, որն էլ նա փայլուն կերպով լուծում է: Պոյի գեղագիտական նպատակադրումը հստակորեն սահմանված է նաև ՙՈսկե բզեզը՚ նովելի վերջամասում, երբ հեղինակը զարմանում է, թե ինչպես է գլխավոր հերոս Ուիլյամ Լըգրանին հաջողվել լուծել մաթեմատիկական բարդ խնդիրը կամ հավասարումըª տվյալ դեպքում գաղտնագիրը կամ կրիպտոգրաման: Ամբողջ խնդիրն այն է, որ Լըգրանը կարողանում է վերացարկվել նովելի սիմվոլներից և դրանք որպես սիմվոլ էլ ընկալել: Խոսքը ոսկե բզեզի և գանգի սիմվոլների մասին է: Լըգրանին իրականությունը ներկայանում է որպես գաղտնագրություն: Հանկարծ նա սկսում է կասկածել, որ ծովափին պատահաբար գտնված մագաղաթի վրաª ջերմության ազդեցությամբ երևացող գանգի պատկերը խորհրդանիշ էª ծովահենների խորհրդանիշը: Եթե անդրադառնալու լինենք նովելի պատկերային համակարգին, ապա ուշագրավ մի փաստ է բացահայտվում. Լըգրանն այդ մագաղաթի մեջ փաթաթել է ոսկե բզեզին և ընկերոջը ցույց տալու համար, թե ինչպիսին է եղել բզեզը, մագաղաթի վրա նկարում է այն: Գանգի պատկերը մագաղաթի հակառակ կողմի վրա հետո է երևումª բուխարու ջերմության տակ, բայց ընկերոջը, որ պատմող-հեղինակն էª թվում է, թե բզեզը գանգի տեսք ունի, և այդպես է մինչև առեղծվածի բացահայտումն  ընկալում նաև ընթերցողը: Այստեղ երկու սիմվոլներª բզեզի և գանգի պատկերները, որպես նույնական շերտեր, կարծես, դարսվում են իրար վրա և հղվում դեպի պատմվածքի կեղծ-բնաբան: ՙՕհո, նայեցեք: Նա խելագարի պես է պարում: Մորմ է կծել նրան՚: Բնաբանն իբրև թե Արթուր Մերֆիի ՙԲոլորը սխալվում են՚ պիեսից է, բայց հետազոտողները պարզել են, որ այդպիսի ստեղծագործություն բնավ գոյություն չունի: Ինչևէ, այն, որ ոսկե բզեզը խայթել է Լըգրանին, նրա գանձերի տենդագին որոնումները կապում են բնաբանի հետ. ընթերցողը պատմողի հետ Լըգրանին ընդունում է որպես խելքը թռցրած ծերուկի: Բայց դա բոլոր դետեկտիվներին հատուկ կեղծ հետքն է: Պոյի այս հերոսը աչքի է ընկնում ինչպես խենթության նախանշաններով, այնպես էլ մտավոր արտակարգ ունակություններով, բայց պատմողը մեզ ուղղորդում է ուշադրություն դարձնել նրա խենթության նախանշաններին և ոչ թե մտավոր ունակություններին, ինչն էլ վերջում անակնկալի է բերում: Պոն իր հերոսին բնութագրում է հետևյալ կերպ. ՙԱյդ մենակյացի բնավորության շատ գծեր հետաքրքրություն ու հարգանք էին ներշնչում: Ես տեսա, որ նա գերազանց կրթություն ունի և օժտված է արտակարգ ընդունակություններով, բայց միաժամանակ վարակված է մարդատյացությամբ ու տառապում է մտքի հիվանդագին վիճակից, փոփոխակիորեն ընկնելով մերթ ցնծության, մերթ մռայլության մեջ՚ : Պոյի բոլոր հերոսներն են օժտված նման հատկանիշներովª մենակյացություն, մարդատյացություն, հոգեկան մտավոր խանգարման նախանշաններ, բայց այս նովելում դրանց  գումարվել է նաև այնպիսի հատկանիշ, որն անհրաժեշտ է մաթեմատիկական անհայտը գտնելու, գաղտնագիրը լուծելու, տրամաբանության միջոցով ՙանցյալը ռեկոնստրուկցիայի՚ ենթարկելու համարª մտավոր արտակարգ ունակություններ. հատկանիշ, որով օժտված են ոչ միայն Պոյի, այլև բոլոր դետեկտիվների հերոսները: Այդ արտակարգ ունակությունների առաջին դրսևորումը, ինչպես նկատեցինք նովելի հերոսիª ստեղծագործության սիմվոլը որպես սիմվոլ ընկալելն է, ինչի միջոցով էլ Պոն լուծել է իր առջև դրված խնդիրը: Սիմվոլը որպես գեղարվեստական պատկերի տեսակ հենց այն է, որ այս նովելում և ընդհանրապես վերաբերում է գեղարվեստական երևակայությանը և ընդհանրապես սիմվոլը կարելի է համարել գեղարվեստական երևակայության վերացարկման բարձրագույն աստիճանը: Ալեքսեյ Լոսևը սիմվոլը բնութագրում է որպես ՙբազմաթիվ նշանակություններով մաթեմատիկական բանաձև՚ : Դետեկտիվը համարում են բազմաթիվ անհայտներով հավասարում: Պոյի հայտնագործությունն այն էր, որ նրա հերոսը կարողացավ ոչ միայն կռահել, որ գործ ունի սիմվոլի հետ, այլև գտնել բազմանշանակ սիմվոլի կոնկրետ նշանակությունը: ՙՈսկե բզեզը՚ նովելի հերոսըª Լըգրանը, գանգի պատկերի միջոցով գտնում է գանձերի թաքստոցը. ՙԳանձը վերադարձնել ծովահենների չարագործ խորհրդանշանի միջոցով, այստեղ բանաստեղծական ինչ-որ հղացում է նկատվում՚,- զարմանում է պատմող-հեղինակը: ՙԳուցե և այդպես է, չնայած կարծում եմ, որ գործնական նկատառումներն այստեղ պակաս նշանակություն չունեն, քան բանաստեղծական երևակայությունը՚ ,- պատասխանում է Լըգրանը: Պոն այստեղ հերոսների միջոցով խոսում է այն երկու միջոցների մասին, ինչով Լըգրանը հասել է արդյունքինª ճշգրիտ տրամաբանության և բանաստեղծական երևակայության: Բանաստեղծական երևակայությունը վերաբերում է Լըգրանիª արտաքին աշխարհի պատկերները որպես սիմվոլներ ընկալելու, իսկ ճշգրիտ տրամաբանությունըª սիմվոլի բովանդակությունը ճշգրտորեն կռահելու (ինչպես նաև մա•աղաթի վրա ջերմության ազդեցությամբ հայտնվող գաղտնագիրը լուծելու կարողությանը):
 Պոն, որ փորձում էր ճշգրիտ տրամաբանություն կիրառել գրականության մեջ, գիտակցում էր, որ տրամաբանությանը պետք է գեղագիտություն հաղորդել: Աբրահամ Վուլիսը դետեկտիվի պոետիկային նվիրված ծավալուն հոդվածում նկատում է. ՙԸստ Պոյի տրամաբանությունը պետք է ՙէսթետիզացվի՚: Սա դետեկտիվին և գործնականում և ժամանակակից մեկնության մեջ ուղեկցող պարադոքսների ամենանուրբ բացատրությունն է: Դետեկտիվը, Պոյի կարծիքով, իրենից պարադոքս է ներկայացնում, քանի որ գրականության մեջ պատկերով մարմնավորվող համադրական սկիզբն այստեղ բախվում է հակադիր ուժիª վերլուծականության հետ, որն իր հետ ձևական լուծումն է բերում և գեղագիտական նոր ֆենոմեն է առաջանումª պատկեր-խնդիր՚ : 

Տրամաբանության էսթետիզացման մեջ էլ, ձևական տրամաբանության և գեղարվեստական ՙճշգրիտ երևակայության՚ (եթե արտահայտվենք Գյոթեի եզրով) հենց կայանում է Պոյի հայտնագործած ՙտրամաբանական՚ նովելի էությունը:


Աղբյուրներ[խմբագրել]

  • Աշոտ Գաբրիելյան, Էդգար Պո. մղձավանջների հանճարեղ վկան, «Ազատամտություն» օրաթերթ, 2009, թիվ 10, էջ 7։