Jump to content

«Էլիզաբեթ Բավարացի (Ավստրիայի կայսրուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 165. Տող 165.


Էլիզաբեթը [[Գարի Ջենինգս]]ի [[1987]] թվականի «Փայլազարդ» նովելի գլխավոր հերոսներից մեկն է։ Նորավեպի հիմքում մի կրկեսի ճանապարհորդության պատմություն է ողջ [[Եվրոպա]]յով 1800-ականներին և ներկայացնում է Էլիզաբեթի հետաքրքրությունը դեպի կրկես և [[Կասկադյոր|կասկադյորական]] ձիավարություն։
Էլիզաբեթը [[Գարի Ջենինգս]]ի [[1987]] թվականի «Փայլազարդ» նովելի գլխավոր հերոսներից մեկն է։ Նորավեպի հիմքում մի կրկեսի ճանապարհորդության պատմություն է ողջ [[Եվրոպա]]յով 1800-ականներին և ներկայացնում է Էլիզաբեթի հետաքրքրությունը դեպի կրկես և [[Կասկադյոր|կասկադյորական]] ձիավարություն։

Կայսրուհու պատմությունը ոգեշնչել է՝ 2003 թվականի «Արքայական օրագրեր. Էլիզաբեթ, արքայադուստր հարսնացուն» մանկական գրքի համար։

Էլիզաբեթը հանդես է եկել Բարբարա Քարթլենդի ռոմանտիկ արկածային «Իմ սրտի աստղերը» նովելում։

Ալեքսանդր Լերնեթ Հոլենիայի «Մեյերլինգ» (1960) նովելի հերոսներից է եղել։

Հանդես է եկել կամեոյով Ջորջ Մաքդոնալդ Ֆրեյսերի «Ֆլեշմենը և վագրը» գրքի «Ճանապարհ դեպի այրված խաչ» պատմվածքում (1999)։ Պատմության վերջում նա պարում է հակահերոս Հարի Ֆլեշմենի հետ պարահանդեսի ժամանակ, որից հետո Ֆլեշմենը օգնում է նրա կայսր ամուսնուն սպանության փորձից։

Մարկ Տվենը գրել է Ավստրիայի կայսրուհու սպանության մասին «Հիշարժան սպանություն» վերնագրով հոդվածում, որը նա չի տվել տպագրության<ref>{{cite web|url=http://classiclit.about.com/library/bl-etexts/mtwain/bl-mtwain-memorable.htm|title=A Nurse's View of the Battle of Bull Run (First Manassas)|publisher=}}</ref>։


=== Երաժշտություն ===
=== Երաժշտություն ===

16:31, 23 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Էլիզաբեթ Բավարացի
գերմ.՝ Elisabeth in Bayern և գերմ.՝ Elisabeth Amalie Eugenie, Herzogin in Bayern
 
Մասնագիտություն՝ միապետ և Պալատական
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1837(1837-12-24)[1][2][3][…]
Ծննդավայր Herzog-Max-Palais
Վախճանի օր սեպտեմբերի 10, 1898(1898-09-10)[1][2][3][…] (60 տարեկան)
Վախճանի վայր Ժնև, Շվեյցարիա[4][5]
Թաղված Կայսերական դամբարան
Դինաստիա Վիտելսբախ ընտանիք
Քաղաքացիություն  Ավստրիական կայսրություն,  Բավարիայի թագավորություն և  Ցիսլեյտանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Elisabeth Amalie Eugenie in Bayern
Հայր արքայազն Մաքսիմիլիան Յոզեֆ Բավարացի
Մայր Բավարիայի արքայադուստր Լյուդովիկա
Ամուսին Ֆրանց Յոզեֆ I[6][7]
Զավակներ Սոֆյա Ֆրիդերիկա Ավստրիացի, Ավստրիայի էրցհերցոգուհի Գիզելա, Ռուդուլֆ և Ավստրայի էրցհերցոգուհի Մարիա Վալերիա
 
Պարգևներ

Էլիզաբեթ Ամալի Եվգենյա Բավարացի, Բավարիայի դքսուհի, Էլիզաբեթ Ավստրիացի (գերմ.՝ Elisabeth Amalie Eugeniein Bayern, Herzogin in Bayern, դեկտեմբերի 24, 1837(1837-12-24)[1][2][3][…], Herzog-Max-Palais - սեպտեմբերի 10, 1898(1898-09-10)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4][5]), բավարացի արքայադուստր, կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի կինը, Ավստրիայի կայսրուհին (1854 թվականի ապրիլի 24-ից՝ ամուսնությունից հետո), Հունգարիայի թագուհին (1867 թվականի հունիսի 8-ից) և Խորվաթիայի ու Բոհեմիայի միության թագուհին։ Հայտնի է փաղաքշական Սիսի անունով (գերմ.՝ Sisi), որով նրան կոչում էին հարազատները և ընկերները (գեղարվեստական գրականության և ֆիլմերի մեջ օգտագործվում է գրության Սիսսի տարբերակը)։

Ծնվելով Բավարիայի արքունիքում՝ Էլիզաբեթը («Սիսի») վայելել է ոչ պաշտոնական դաստիարակություն՝ մինչև տասնվեց տարեկանում կամուսնանար Ֆրանց Յոզեֆի հետ։ Ամուսնությունը նրան տարավ առավել քան պաշտոնական Հաբսբուրգների արքունական կյանք, որին նա պատրաստ չէր և որին համամիտ չէր։ Ամուսնությունից կարճ ժամանակ հետո նա բավականին տարբերվում էր սկեսրոջից՝ արքայադուստր Սոֆյայից, որը վերցրել էր Էլիզաբեթի դստրերի խնամակալությունը, որոնցից մեկը՝ Սոֆյան, անչափահաս տարիքում մահացավ։ Արու ժառանգի՝ Ռուդոլֆի ծնունդն օգնեց Էլիզաբեթին ավելի նշանակալի դեր զբաղեցնելու արքունիքում, սակայն նրա առողջությունը սրված էր, և նա հաճախ էր լինում Հունգարիայում՝ այնտեղի ավելի հանգիստ միջավայրի համար։ Նա խոր կապեր զարգացրեց Հունգարիայի հետ և օգնեց 1867 թվականին ստեղծելու Ավստրո-Հունգարիայի երկակի միապետությունը։

Միակ որդու՝ Ռուդոլֆի և նրա ընկերակցուհու՝ Մերի Վեչերայի մահը 1889 թվականին նրա որսորդական տնակում հարված էր, որից Էլիզաբեթն այդպես էլ ուշքի չեկավ։ Նա հեռացավ պալատական պարտականություններից և միայնակ ճանապարհորդում էր, առանց ընտանիքի ընկերակցության։ Նա ցավագին էր վերաբերում իր երիտասարդ կազմվածքի ու գեղեցկության պահպանմանը՝ պահանջելով կարել իր համար կաշվե կորսետներ, և օրվա մեջ երկու կամ երեք ժամ հատկացնում էր իր սանրվածքին։

1898 թվականին Ժնև կատարած ճանապարհորդության ժամանակ սպանվել է իտալացի անարխիստ Լուիջի Լուկենիի կողմից, որն ընտրել էր կայսրուհուն, քանի որ բաց էր թողել հնարավորությունը սպանելու Օռլեանի դուքս արքայազն Ֆիլիպին և ցանկանում էր սպանել արքունիքի այն անդամին, որին կտեսներ հաջորդը։ Էլիզաբեթը կայսրի՝ ամենաերկարը իշխանության գլուխ եղած կողակցուհին է՝ 44 տարի։

Մանկություն և պատանեկություն

Էլիզաբեթ Ամալի Եվգենյան ծնվել է 1837 թվականի դեկտեմբերի 24-ին Մյունխենում` Վիտտելսբախների ընտանիքում։ Այն, որ աղջիկը ծնվել էր Սուրբ ծնունդի նախօրեի կիրակի օրը, համարվեց երջանիկ նախանշան։ Նորածինն արդեն մի ատամ ուներ, որը, ըստ ավանդության, ունեցել է նաև Նապոլեոնը, որը ևս երջանիկ կյանքի նշան էր համարվում[8]։ Նա Բավարիայի դուքս Մաքսիմիլիան Յոզեֆի և Բավարիայի արքա Լյուդվիգի քրոջ՝ արքայադուստր Լյուդովիկայի չորրորդ երեխան էր: Երեխայի կնքամայրը դարձավ Պրուսիայի թագուհի Էլիզաբեթն էր, որի անունն էլ ստացավ ապագա կայսրուհին, իսկ ընտանեկան միջավայրում նրան կոչում էին փաղաքշական «Սիսի» ձևով[9]։ Ընտանեկան տունը Փոսենհոֆեն ամրոցն էր՝ 28 կմ հեռու մյունխենյան արքունիքից, Շտարնբերգեր-Զե լճի մոտ, որտեղ երիտասարդ դքսուհին ուներ սեփական գազանանոցը։ Էլիզաբեթի ծնողները դինաստիական ամուսնություն էին կնքել և միմյանց հետ ոչ մի կապվածություն չունեին, յուրաքանչյուրն ապրում էր ինքն իր համար։ Դուքս Մաքսիմիլիանը համարվում էր իսկապես յուրահատուկ. նա մանկական սեր ուներ կրկեսների հանդեպ և ճանապարհորդում էր Բավարիայի ծայրամասերում, որպեսզի փախչի իր պարտականություններից։ Նա հազվադեպ էր ժամանակն անցկացնում ընտանեկան շրջապատում, երեխաների դաստիարակությամբ զբաղվում էր մայրը[10]։ «Սիսին» և նրա եղբայրներն ու քույրերն ստացան շատ անկայուն և չկաշկանդող դաստիարակություն, Էլիզաբեթը շարժուն էր, հաճախ էր բաց թողնում դասերը, նախընտրում էր բնության գրկում զբոսանքներ, ձիավարություն և խաղեր[11]։ Նրան փորձում էին երաժշտություն սովորեցնել, բայց Սիսին անտարբեր էր դրա հանդեպ, նրան առավել հետաքրքրում էր նկարչությունը։ Նա հաճույքով բնանկարներ էր անում և նկարազարդում սեփական բանաստեղծությունների տետրերը. պոեզիայի հանդեպ հետաքրքրությունը Էլիզաբեթը ժառանգել էր հորից։ Սիսիի վրա ամենամեծ ազդեցությունն ուներ քույրը՝ կիրթ և խելոք Հելենան (Նենե)։ Էլիզաբեթի դաստիարակչուհին՝ Լուիզա Վուլֆենը, նույնիսկ այդ ազդեցությունը չափազանց էր համարում և ցանկանում էր նվազեցնել այն՝ ավելի մոտեցնելու խնամարկյալին կրտսեր եղբոր՝ Կառլ Թեոդորի հետ[12]։

Նշանադրություն

Բավարիայի արքայադուստր Սոֆյան՝ 23-ամյա կայսր Ֆրանց Յոզեֆի իշխանատենչ մայրը, քաղաքական առումով ավելի գերադասելի էր համարում հարս ունենալ ազգական ընտանիքից և ցանկանում էր ընտրել բավարական արքայադստերից մեկին ու ոչ թե օտար մեկին։ Սոֆյայի ընտրությունը կանգ առավ Էլիզաբեթի ավագ քրոջ՝ Հելենայի վրա ("Néné")։ Թեպետ զույգը երբևէ չէր հանդիպել իրար, Ֆրանց Յոզեֆի համաձայնությունն անմիջապես տրվում է էրցհերցոգուհու միջնորդությամբ, որին նկարագրում էին որպես իշխանական վարվելաձև ունեցեղ «միակ մարդը Հոֆբուրգում»[13]։

Հելենային սկսում են պատրաստել ամուսնությանը. դուրս են բերում լայն հասարակություն և ձիավարություն են սովորեցնում։ Կենդանիներ սիրող Սիսին խնդրում է ծնողներին, որ իրեն էլ թույլ տան միանալ քրոջը, և շնորհիվ իր անվախությանը՝ քրոջից ավելի արագ է սովորում այն, ինչի պատճառով Հելենայի սովորելու ցանկությունը կորչում է[14]։

Ֆրանց Յոզեֆը իր զարմիկներին ավելի վաղ էլ էր տեսել, երբ 1848 թվականի հունիսին դքսուհի Լյուդովիկան իր երկու որդիների և ավագ դստրեր՝ Հելենայի ու Սիսիի հետ հյուր էր իր քրոջ՝ Սոֆիայի մոտ Ինսբրուքում։ Բայց այդ ժամանակ կայսրը չափազանց զբաղված էր հեղափոխական իրադարձություններով, որոնք փոթորկել էին կայսրությունը։ Անդադրուն ու կենսախինդ, բայց արտաքինով աչքի չընկնող Սիսիին այն ժամանակ նկատել էր կայսեր կրտսեր եղբայր Կառլ Լյուդվիգը։ Կառլի ու Էլիզաբեթի մեջ ռոմանտիկ նամակագրություն էր սկսվել, նրանք նվերներ էին ուղարկում իրար, իսկ ծնողները չէին խոչընդոտում դրան[15]։

Հելենայի և Ֆրանցի նշանադրությունը նշանակվում է 1853 թվականին՝ կայսեր 23-ամյակին, այն իրականացնելու համար դքսուհի Լյուդովիկան իր երկու ավագ դստրերի ու կայսրն իր մոր ու եղբայրների հետ հանդիպում են Վերին Ավստրիայի Բադ Իշլում, որպեսզի ավստրիական կողմը պաշտոնապես ձևակերպի իր առաջարկը։ Տասնհինգամյա Սիսին ևս ուղեկցում էր մորն ու քրոջը, և նրանք մի քանի ծածկակառքերով ուղևորվում են Մյունխենից։ Նրանք կայսրուհուց ավելի վաղ են տեղ հասնում, քանի որ նա, տառապելով միգրենից, ընդհատել էր ճանապարհորդությունը, իսկ նրանց տոնական զգեստների կառքը տեղ չի հասնում։ Քանի որ կայսերական ընտանիքը այդ ժամանակ Իշլում կեցավայր չուներ, բոլորը հանգրվանում են մեկ հյուրանոցում։ Բավարական ընտանիքը հորաքրոջ մահվան սգի մեջ էր, դրա համար բոլորը սև էին զգեստավորվել և անկարող էին ավելի վայելուչ զգեստներ հագնել մինչև երիտասարդ կայսրի հետ հանդիպելը։ Սև գույնը չէր սազում տասնութամյան Հելենայի մգության հետ, իսկ երիտասարդ քրոջ շիկահերության հետ այն վառ հակադրություն էր կազմում[16]։

Հելենան բարեպաշտ ու հանգիստ էր, Իշլում Ֆրանցի ու Հելենայի միջև հարաբերությունները չեն ստացվում, քանի որ անհարմար էին զգում իրար ընկերակցությամբ։ Կառլ Լյուդվիգը առաջինն է մոր ուշադրությունը հրավիրում այն բանի վրա, որ Ֆրանցը հետաքրքրվում է Էլիզաբեթով, որն իսկական գեղեցկուհի էր դարձել։ Ավելի ուշ ավագ որդին ևս խոստովանում է մորը, որը կուզենար ամուսնանալ հենց Սիսիի հետ և ուրիշ ոչ մեկի[17]։ Պարահանդեսի ժամանակ կայսրը, նախապես խորհրդակցելով մոր հետ, կոտիլիոնի (պարի տեսակ) հրավիրում է ոչ թե Հելենային, այլ Սիսիին։ Բոլոր ներկաների համար պարզ է դառնում, որ վերջինս է դառնալու Ֆրանցի կինը։ Նա խնդրում է էրցհերցոգուհուն իմանալ Լյուդովիկից, առանց Սիսիի վրա «որևէ ճնշում ցուցաբերելու», թե կամուսնանա արդյոք աղջիկն իր հետ[18]։

Էլիզաբեթը հուզված և շոյված էր ու խոստովանում է, որ սիրահարված է կայսրին, բայց նրան վախեցնում է ապագա բարձր դիրքն ու պատասխանատվությունը։ Ամեն ինչ էրցհերցոգուհի Սոֆյայի նախագծով չի ընթանում, բայց ամեն դեպքում նա Լյուդովիկից խնդրում է երկրորդ դստեր ձեռքը Ֆրանցի համար։ Լյուդովիկը, երկյուղելով, որ հարսանիքն ընդհանրապես չի կայանա, գոհ էր, որ կայսրուհին ամեն դեպքում իր դուստրը կդառնա, և տալիս էր իր համաձայնությունը[19]։ Հինգ օր անց կայսրը հայտարարում է նշանադրության ժամանակ Իշլում պատարագի ժամանակ[20]։ Բավարիայում նշանադրության լուրը մեծ խանդավառություն է առաջացնում, նույն ժամանակ Վիեննայում լուրն ընդունում են սառնությամբ, քանի որ այն համարում են Սոֆիայի ձեռքի գործը, որին հակակրում էին 1848 թվականի հեղափոխության ճնշումից հետո։

Ամռան վերջին Յոզեֆը և Սիսին բաժանվում են. կայսրը վերադառնում է Վիեննա, իսկ նրա հարսնացուն՝ Փոսենհոֆեն, որտեղ սկսում են հարսանիքի նախապատրաստությունը։ Սիսին ամբողջ ժամանակ զբաղված էր նկարիչների մոտ կեցվածք ընդունելով (նրա դիմանկարն անում էին միաժամանակ երեք նկարիչ, որոնց հրավիրել էր Ֆրանց Յոզեֆը), հարսանեկան օժիտի պատրաստությամբ ու դասերով. ապագա կայսրուհին սովորում էր Ավստրիայի և Հունգարիայի պատմություն ու քաղաքականություն։ Ազգությամբ հունգար կոմս Յոհան Մայլատը, որը դուքս Մաքսիմիլիանի շրջապատից էր և գրականագետ, կարողանում է Էլիզաբեթի մեջ հետաքրքրություն արթնացնել ազգային սովորույթների և հունգար ժողովրդի ավանդույթների հանդեպ։ Երբեք ուսում չսիրող Սիսին ջանասիրությամբ պարապում էր Մայլատի հետ շաբաթը երեք անգամ[21]։

Հարսանիք։ Ամուսնական առաջին տարիներ

1854 թվականի ապրիլի 23-ին Էլիզաբեթը մոր հետ ժամանեց Թերեզիանում, որտեղից ըստ ավանդույթի կայսրերի հարսնացուները հանդիսավոր մուտք էին գործում մայրաքաղաք։ Երեկոյան Սիսին նյարդային լարում է ունենում. չկարողանալով դուրս գալ համընդհանուր ուշադրության լարվածությունից՝ նա լաց էր լինում, և ոչ ոք չէր կարողանում նրան հանգստացնել։ Ի վերջո նա ուժ է գտնում կենտրոնանալու։ Ռուբենսի նկարազարդած ծածկակառքով նա ուղևորվում է Հոֆբուրգ, քաղաք Էլիզաբեթը մտնում է Վիեննա գետի վրա կառուցված նոր կամուրջով[22]։ Հարսանիքից առաջ ապագա կայսրուհուն ներկայացնում են արքունի տիկնանց. այդ պահից նրա շրջապատը կազմում էին այն մարդիկ, որոնց ընտրել էր էրցհերցոգուհի Սոֆյան[23]։ 1854 թվականի ապրիլի 24-ին Ֆրանց Յոզեֆը ամուսնության դաշինք է կնքում իր տասնվեցամյա զարմուհու հետ։ Պսակադրությունը տեղի է ունենում վիեննական Աուգուստիներկիխե եկեղեցում։ Ամուսնությունը վերջնականապես լիարժեք է դառնում երեք օր անց, և Էլիզաբեթը օժիտ է ստանում այժմյան արժեքով $240,000[24]:

Չհասցրած լինելով վայելել ոչ պաշտոնականացված մանկությունը՝ Էլիզաբեթը, որ ամաչկոտ ու ինտրովերտ էակ էր ու հեռու Հաբսբուրգների արքունական կանոնակարգվածությունից, դժվար է հարմարվում Հոֆբուրգում։ Բավական արագ արքունական կյանքն սկսում է ճնշել Սիսիին։ Մի քանի շաբաթ անց արդեն խնդիրներ է ունենում առողջության հետ։ Նա հազի նոպաներ է ունենում, անհանգիստ ու վախեցած էր, երբ պիտի իջներ նեղ, բարձրադիր աստիճաններով[25]։ Էրցհերցոգուհի Սոֆյան, վարժված լինելով ղեկավարելու ողջ արքունիքը և վախենալով կորցնել իր իշխանությունը կայսր-որդու վրայից, ձգտում էր իր ազգականուհուց ստեղծել «իսկական» կայսրուհի, բռնապետի պես վերահսկում էր նրան՝ պատճառաբանելով դա վարվելակարգի պահանջներով։ Երիտասարդ ամուսիններն ստիպված էին ներկա լինել անթիվ պաշտոնական ընդունելությունների, նրանք մի րոպե ազատ ժամանակ չունեին[26]։ Արքունի կյանքը չափազանց կանոնակարգված էր։ Կայսրուհու հետ շփվելու իրավունք ունեին լոկ արիստոկրատ ընտանիքի ներկայացուցիչները՝ 23 տղամարդ և 229 կին. մարդիկ, որոնք չէին հետաքրքրում Էլիզաբեթին, որը մեծացել էր այլ հանգամանքներում[27]։ Օրվա խիստ կարգուկանոնը զրկել էր Սիսիին ինքնուրույնությունից՝ սահմանափակելով շփումը նույնիսկ ամուսնու հետ։ Նա ցանկանում էր գանգատել, բայց ամուսինը, ծանրաբեռնված լինելով պետական գործերով, ի վիճակի չէր նույնիսկ գիտակցել Սիսիի դրության ծանրությունը։ Ֆրանց Յոզեֆը, խոր հարգանք ունենալով մոր նկատմամբ և անսահման սիրելով կնոջը, փափուկ էր կանանց հանդեպ վերաբերմունքի մեջ և չէր կարող խաղաղեցնել երկու տիկնանց։ Հաճախ մենակ մնացող Էլիզաբեթը տխուր բանաստեղծություններ էր գրում, շատ կարդում, բայց նրա բուն կիրքը ձիավարությունն էր, որը նրան ազատության պատրանք էր տալիս և չափազանց մեծ, դուրս ժայթքող էներգիային հագուրդ տալու հնարավորություն։ Ավելի ուշ տարիներին Էլիզաբեթը խոստովանեց, որ իր համար դժվար է հիշել ամուսնության առաջին տարիները։

Չհասկացված, ամուսնու զբաղվածության և վիեննական արքունի խիստ կանոններով հեռու քաշված, սկեսրոջից դողահար Էլիզաբեթը փակվեց իր մեջ։ Սիսին արհամարհում էր արքունի կյանքը ղեկավարող վարվելակարգի օրենքները։ Նա չէր սիրում հրապարակայնություն, նրան ճնշում էր բազմաթիվ անծանոթ և քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելու պարտականությունը։

Երեխաների ծնունդ

Դրությունն ավելի է բարդանում այն ժամանակ, երբ Էլիզաբեթն իմանում է հղիության մասին։ Այժմ էրցհերցոգուհի Սոֆյան, համարելով Սիսիին դեռևս շատ երիտասարդ (կայսրուհին տասնութ տարեկան չկար), մտնում էր նրա սենյակ երբ ցանկանար ու նեղում էր ապագա մայրիկին խորհուրդներով ու կշտամբանքներով։ Էլիզաբեթի կենսագիր Էգոն Քորթին բացատրում է էրցհերցոգուհու պահվածքը երեխայի նկատմամբ անհանգստությամբ։ Սակայն Էլիզաբեթը այդ ամենի մեջ տեսնում էր միայն էրցհերցոգուհու թշնամության դրսևորումը։ Լաքսենբուրգում, որտեղ կայսերական զույգը հանգրվանել էր հարսանիքից հետո, Էլիզաբեթը սովորաբար զբոսնում էր բարձր ցանկապատների ներքո, որոնք թաքցնում էին նրան պարտեզի այցելուներից։ Որպեսզի ժողովուրդը տեսնի, որ կայսրուհին երեխայի է սպասում, Սոֆյան հրամայեց վերացնել ցանկապատը։ Այդ ժամանակ Էլիզաբեթը գրեթե դադարեց պարտեզ դուրս գալուց, սակայն էրցհերցոգուհին ստիպում էր նրան զբոսնել[28]։

Արքունիքն սպասում էր գահահաջորդի ծնունդին, սակայն, ի համընդհանուր հիասթափություն, ամուսնությունից ընդամենը տասն ամիս անց՝ 1855 թվականի մարտի 5-ին Սիսին աղջիկ ունեցավ՝ Ավստրիայի էրցհերցոգուհի Սոֆյան (1855–1857)։ Ավագ էրցհերցոգուհի Սոֆյան, որ Էլիզաբեթին հաճախ էր անվանում «երիտասարդ հիմար մայրիկ»[29], ոչ միայն անվանակոչեց երեխային իր անունով առանց մոր հետ խորհրդակցելու, այլև ամբողջովին իր վրա վերցրեց երեխայի խնամակալությունը՝ արգելելով Էլիզաբեթին կրծքով կերակրել նրան կամ հոգ տանել երեխայի համար։ Փոքրիկին տեղավորեցին Էլիզաբեթի հարկաբաժնից բավականին հեռու սենյակում։ Էրցհերցոգուհին ինքն ընտրեց նորածնի համար սպասավորների պատկառելի անձնակազմը։ Էլիզաբեթը երջանիկ էր, բայց երեխան նոր առիթ դարձավ նրա ու սկեսրոջ միջև վեճերի։ Մայրը չէր կարող տեսնվել սեփական աղջկա հետ առանձին, իսկ Էլիզաբեթի բոլոր կարգադրություններն առաջնեկի հետ կապված էրցհերցոգուհին չեղյալ էր անում[30]։

Ամեն ինչ կրկնվեց մեկ տարի անց՝ 1856 թվականի հուլիսի 15-ին երկրորդ դստեր՝ Ավստրիայի էրցհերցոգուհի Գիզելի (1856–1932) ծնունդից հետո[31]։ Սիսին կարող էր տեսնել երեխաներին միայն խիստ որոշված հատուկ ժամի։ Միայն ամուսնու միջամտությամբ նա կարողացավ աղջիկների սենյակը մոտիկ տեղակայել իր հարկաբաժնին։ Ֆրանց Յոզեֆը, որն ամռան վերջին կնոջ հետ ճանապարհորդության էր մեկնել Շտիրիա և Կարինտիա, ստիպված էր այդ հարցով տհաճ նամակագրություն ունենալ այդ թեմայով մոր հետ։ Երեխաների վրա իշխանության պայքարը և այն, որ Էլիզաբեթն ամեն դեպքում հաղթողի դիրքում էր, վերջնականապես փչացրին հարսի ու սկեսրոջ միջև հարաբերությունները[32]։

Այն փաստը, որ Էլիզաբեթը արու զավակ չէր ունեցել, նրան դարձնում էր էլ ավելի անցանկալի անձ արքունիքում։ Մի օր նա իր զարդասեղանին պարսավագիր գտավ, որտեղ ընդգծված էին հետևյալ տողերը.

… Թագուհու միակ ճակատագիրն այն է, որ գահի համար ժառանգ ունենա։ Եթե թագուհին այնքան բախտավոր է, որ ապահովել է թագավորությանը հաջորդող արքայազնով, դա պիտի լինի նրա ձգտումների ավարտը, նա չպետք է միջամտի կայսրության կառավարմանը, որը կանանց գործը չէ… Եթե թագուհին որդիներ չի ունենում, ապա նա ուղղակի օտարական է պետության մեջ և շատ վտանգավոր օտարական։ Քանի որ նա այլևս չի կարող բարյացակամ ընդունվել այդտեղ, միշտ պետք է սպասի, որ պիտի ուղարկվի այնտեղ, որտեղից եկել է, ապա նա միշտ կփորձի հաղթել թագավորին այլ եղանակներով. նա կջանա հասնել դիրքի և ուժի ինտրիգների միջոցով՝ սերմանելով տարաձայնություններ, վտանգներ թագավորի, ազգի և կայսրության համար…[33]

Այս կանխամտածված պամֆլետի հեղինակը համարվում է կայսրուհու սկեսուրը[34]։ Քաղաքական միջամտության մեղադրանքը գալիս էր Էլիզաբեթի՝ ամուսնու վրա ազդեցությունից՝ կապված իտալական և հունգարական ենթակաների հետ։

Այցելություններ Իտալիա և Հունգարիա

Ֆրանց Յոզեֆը, հասկանալով, թե ինչքան է երիտասարդ կինը հայտնի իր հպատակների շրջանում (դրանում նա համոզվել էր Բոհեմիա և Կարինտիա ուղևորությունների ժամանակ), որոշեց օգտագործել նրա հմայքը Ավստրիայի ու Իտալիայի միջև հարաբերությունների բարելավման գործում։ Կայսրուհին համաձայնվեց. նա շատ էր ցանկանում օգնել ամուսնուն, նաև դա հնարավորություն էր՝ լավ ճանաչելու «այդ հողերի դրության մասին»։ Իտալիայի ճանապարհորդության ժամանակ Էլիզաբեթն իր հետ վերցրեց ավագ դստերը՝ Սոֆյային, որի առողջությունը նրան անհանգստացնում էր։

Սակայն ինչ-որ քաղաքական պատճառներով կայսերական զույգի այցը Լոմբարդո-Վենետիկի թագավորություն չստացվեց։ Հարաբերությունների որոշ ջերմություն, որն առաջացել է երիտասարդ կայսրուհու անձնական հմայքի շնորհիվ, ինչպես նաև համաներումը և կալանքից ազատումը, որը կիրառվել էր քաղաքական էմիգրանտների ունեցվածքի վրա (Վենետիկ, դեկտեմբերի 3), չկարողացան փոխել գլխավորը։ Ամենուրեք (Վենետիկ, Վիչենցա, Վերոնա) նրանք բախվում էին արիստոկրատների և միջին դասի հակակրանքին։ Միլանում ամեն ինչ կրկնվեց. տեղի վերնախավը բոյկոտեց կայսրի ու կայսրուհու պատվին կազմակերպված միջոցառումները[35]։ Դրությունը չբարելավվեց Ֆրանց Յոզեֆի համաներման և հարկերի իջեցման մասին հայտարարությունից հետո[36]։

Կայսրության մեջ հարաբերությունների լավացման նոր փորձ իրականացվեց 1857 թվականի գարնանը։ Այս անգամ կայսրերական զույգն ուղևորության մեկնեց Հունգարիա։ Չցանկանալով բաժանվել երեխաներից՝ Էլիզաբեթն իր հետ վերցրեց երկու աղջիկներին էլ[37]։

Ֆրանց Յոզեֆին և Էլիզաբեթին սպասում էր հարաբերական հաջողություն. կայսերը Հունգարիայում վերաբերվեցին սառը, իսկ կայսրուհին համընդհանուր հետաքրքրություն առաջացրեց, արդեն իսկ պարզ էր, որ նա ընդհանուր լեզու չի գտնում սկեսրոջ հետ, որն էական դեր էր խաղացել 1848 թվականի հեղափոխության ճնշման ժամանակ։ Հունգարիա կատարած այցը խորը տպավորություն է թողնում կայսրուհու վրա, հավանաբար այն պատճառով, որ այդտեղ նա գտնում է ցանկալի հանգստությունը, որին ձգտում էր Ավստրիայի արքունական կյանքում։ Սա «առաջին անգամն էր, որ Էլիզաբեթը հանդիպում էր Ֆրանց Յոզեֆի թագավորության մարդկանց հետ, և նա ծանոթանում էր արիստոկրատական անկախությամբ, որով անտեսում էր թաքցնելու զգացմունքները բարձրաշխարհիկ ձևերի մեջ… Նա զգում էր, որ թաքնված հոգին հպարտությունից ձգվում է դեպի կարեկցանքի հողի վրա հաստատուն հիմնված մարդկանց հանդեպ…»[38]։ Ի տարբերություն սկեսրոջ, որ արհամարհում էր հունգարացիներին, Էլիզաբեթը այնքան մտերմություն է զգում նրանց հանդեպ, որ սկսում է հունգարերեն սովորել։ Էլիզաբեթի գեղեցկությունը և ջերմ վերաբերմունքը, որը դուր էր գալիս և՛ երկրին, և՛ իր ժողովրդին, հաճելի տպավորություն թողեցին[39]։

Ճանապարհորդության ժամանակ փորլուծությամբ հիվանդացան երկու դուստրերն էլ։ Կրտսերը՝ Գիզելան, շուտով առողջացավ, իսկ երկամյա Սոֆյայի վիճակը միայն վատթարանում էր։ Էլիզաբեթը, որ Դեբրեցենից հեռագրով կանչվել էր Բուդապեշտ, տասնմեկ ժամ գտնվում է մեռնող աղջկա անկողնու մոտ։ Այսօր ընդունված է կարծել, որ աղջնակի մահվան պատճառը բծավոր տիֆն էր[31]։ Մայրը, որ առանց այն էլ հակված էր մելամաղձության, ծանր է տանում փոքրիկ Սոֆյայիի մահը, ընկնում է ծանր դեպրեսիայի մեջ, որն ուղեկցում է նրան մինչև կյանքի վերջ և կատարվածի մեջ մեղադրում էր իրեն։ Նա հեռանում է իր մյուս աղջկանից, սկսում անուշադրության մատնել նրան, և նրանց հարաբերություններն այդպես էլ երբեք չեն վերականգնվում։ Ամուսիններն ընդհատում են ուղևորությունը և վերադառնում են Լաքսենբուրգ 1857 թվականի մայիսի 30-ին։ Էլիզաբեթը փակվում է իր մեջ, չէր ցանկանում ոչ մեկին տեսնել, բացի ամուսնուց, ժամանակն անց էր կացնում միայնակ զբոսնելով և ձիավարելով[40]։

Գահաժառանգի ծնունդ

1857 թվականի դեկտեմբերին Էլիզաբեթը երկար տարիներ անց կրկին հղի էր, և նրա մայրը, որն անհանգստանում էր աղջկա ֆիզիկական և հոգեբանական առողջության համար, հույս ուներ, որ այս նոր հղիությունը կօգնի նրան վերականգնվել[25]։

1858 թվականի օգոստոսի 21-ին կայսրուհին ունենում է ավստրիական գահի երկար սպասված ժառանգորդին, որին անվանակոչում են Ռուդոլֆ։ Սկզբում երեխայի ծնունդն ուրախացնում է բոլորին, սակայն շուտով սկեսրոջ և հարսի միջև թշնամությունը բորբոքվում է նոր ուժով։ Էլիզաբեթը դանդաղ է վերականգնվում ծննդաբերությունից հետո, և Սոֆյան, օգտվելով դրանից, սեփականաշնորհում է Ռուդոլֆի դաստիարակության իրավունքը։ Ուժ չունենալով պայքարելու՝ կայսրուհին հանձնվում է[41]։

Իտալական պատերազմ

Այդ ժամանակ Ֆրանց Յոզեֆը մեկնեց իտալական ճակատ՝ մարտնչելու Նապոլեոն III-ի բանակի հետ Պո գետի ափին։ Նա հաճախ էր Սիսիին սիրային նամակներ գրում։ Կինն անհանգստանում էր նրա համար և ծայր աստիճան նյարդային վիճակում էր. քիչ էր ուտում, ամեն օր վիճում էր ամբարտավան սկեսրոջ հետ և ձգտում էր ազատվել իր շրջապատից՝ երկարատև զբոսանքներով և ձիավարելով։ Կայսեր վերադառնալու ժամանակ կինը նկատելի նիհարած էր, իսկ նրա հոգեկան վիճակն ուժեղ խախտված էր։

Ճանապարհորդություն

Փաստացի զրկված լինելով երեխաներից և գիտակցելով սեփական անզորությունը՝ Էլիզաբեթը 1860 թվականին որոշեց ժամանակավոր հեռանալ։ Նա կամենում էր այդ կերպ վերադարձնել կորցրած ազատությունը։ Հայտարարվեց, որ կայսրուհին ծանր հիվանդ է և արևի ու ծովային օդի կարիք ունի։ Ֆրանց Յոզեֆը նրան Ավստո-Հունգարիային պատկանող մի քանի ծովային հանգստավայրեր առաջարկեց Ադրիատիկի ափին, սակայն Սիսին ամենից շատ ցանկանում էր ընդհանրապես հեռանալ երկրից և որոշ ժամանակ թաքնվել հեռավոր շրջաններից որևէ մեկում։ Ընտրությունը կանգ առավ Մադեյրայի վրա։ Էլիզաբեթը հեռացավ չորս ամսով՝ Կորֆուից Անգլիա՝ անցնելով Ֆրանսիայով, որտեղ բոլորը զարմացած էին իբր թե ծանր հիվանդ կայսրուհու ծաղկուն տեսքով։ Սա նրա անդադարելի թափառումների և երջանկության հուսահատ որոնումների սկիզբն էր։ 1865 թվականից Էլիզաբեթը տարվա մեջ մոտ երկու ամիսը Վիեննայում էր անցկացնում։ Նա պարբերաբար (ավելի հաճախ ձմռանը՝ իր ծննդյան օրը, Սուրբ ծնունդը, վիեննական առաջին պարահանդեսը) վերադառնում էր Ավստրո-Հունգարիայի մայրաքաղաք, որ տեսնի ամուսնուն ու երեխաներին, և ամեն անգամ նրա ներկայությունը փափկացնում էր Հաբսբուրգների կյանքի խիստ վարվելակարգը։ Բայց Սիսին շուտով իրեն կրկին գերյալ էր զգում ու հեռանում։

Մշտապես ճանապարհորդելով՝ Էլիզաբեթը երեխաներին նվերներ էր ուղարկում, սակայն հազվադեպ էր տեսնում նրանց, միայն իր կարճ գալուստների ժամանակ։ Գիզելայի կյանքը անհամեմատ ավելի հաճելի էր, քանի Ռուդոլֆինը, որին որպես ապագա կայսր՝ խիստ էին դաստիարակում։ Էլիզաբեթը հեռվից, կողմնակիորեն էր հետևում գահաժառանգի դաստիարակությանը՝ միջամտելու հնարավորություն չունենալով։ Միայն մի անգամ նրան հաջողվեց հեռացնել դաստիարակին, որը Սիսիի կարծիքով դաստիարակության չափազանց խիստ մեթոդներ էր կիրառում (առավոտյան սառցաջրով ջրցողում և սա ամենաչնչին մասն էր այն մեթոդների, որ օգտագործվում էր գահահաջորդի դաստիարակության ժամանակ), սակայն նույնիսկ դրանից հետո նա չմոտիկացավ Ռուդոլֆի հետ։ Տղան շատ էր տառապում, որ չէր կարողանում հաճախ տեսնել իր մորը։ Ավելի միայնակ նա իրեն զգում էր 1868 թվականին Մարիա Վալերիայի ծնունդից հետո, որը դարձավ Սիսիի սիրելին։ Այս անգամ կայսրուհին իրեն վերցրեց դստեր դաստիարակությամբ զբաղվելու իրանունքը, որին ակներևաբար նախապատվություն էր տալիս մյուս երեխաներից, և արքունիքում Վալերիային անվանում էինք «միակ» երեխա։ Աղջիկը դարձավ մոր բոլոր ճանապարհորդությունների ուղեկիցը։ Անփորձ «երիտասարդ մայրիկը» անհանգստանում էր ամեն մանրուքից, և նույնիսկ թեթև հարբուխը կարող էր պատճառ դառնալ հերթական դայակից հրաժարվելու համար։

Ծնված լինելով Բուդապեշտում՝ Մարիա Վալերիան իր գրեթե ամբողջ մանկությունն անցկացրեց Հունգարիայում։ Նրան հագցնում էին հունգարական ոճով և նույնիսկ հոր հետ գերմաներեն թաքուն էր խոսում։ Բայց, ի տարբերություն մորը, Հունգարիան սիրել Վալերիան այդպես էլ չկարողացավ։ Միակ մարդն արքունիքում, որ կիսում էր Էլիզաբեթի վերաբերմունքը Հունգարիայի նկատմամբ, Ռուդոլֆն էր։

Քաղաքականություն. Էլիզաբեթ և Հունգարիա

Էլիզաբեթը գրեթե չէր խառնվում քաղաքական հարցերին։ Միակ բացառությունը կարելի է համարել այն դեպքը, երբ նրան հաջողվեց նշանակալի դեր խաղալ 1860-ական թվականներին Ավստրիայի և Հունգարիայի միջև ծագած խնդրի կարգավորումը։ Կարելի է ենթադրել, որ եթե նա և այլ քաղաքական հարցերում օգներ կայսրին, ապա նրանց ղեկավարած կայսրությունը կպահպաներ Եվրոպայում իր քաղաքական դիրքը։

Վիեննական արքունիքում Էլիզաբեթին չէին սիրում ոչ միայն կարգ ու կանոնին արհամարհանքով վերաբերելու համար, այլև նրա «չափազանց մեծ համակրանքի համար առ Հունգարիա»։ Կայսրուհին սիրում էր այդ երկիրը, սովորում էր Հունգարիայի պատմություն և հունգարերեն, մեծ հաճույքով կարդում էր հունգարական գրականություն։ Ապա Էլիզաբեթը շրջապատում էր իրեն հունգարական արքունիքի տիկնանցով։ Նա կապեր էր պահում հունգարական ընդդիմական գործիչների հետ, մասնավորապես՝ նրան առաջնորդներ Ֆերենց Դեակի և Դյուլա Անդրաշի հետ, որոնք փորձում էին կայսրուհու միջոցով ազդեցություն ունենալ Ֆրանց Յոզեֆի վրա՝ հաշվի առնելով, որ հաշվի կառնի իր պահանջները։ Էլիզաբեթի ջանքերը բավականին նշանակություն ունեցան հունգարական հարցի վերաբերյալ Ֆրանց Յոզեֆի տեսակետի փոփոխության հարցում։ Ի վերջո կայսրը համաձայնվեց անձնական հանդիպումներ ունենալ Դեակի և Անդրաշի հետ, որի արդյունքում 1867 թվականին համաձայնություն կնքվեց, ըստ որի կայսրությունը վերափոխվում էր երկակի Ավստրո-Հունգարական միապետության, ներառվեց սահմանադրական կառավարում, Հունգարիան ստացավ մեծ ազատություն սեփական ներքի հարցերի լուծման մեջ։ 1867 թվականի մայիսի 8-ին Ֆրաց Յոզեֆը և Էլիզաբեթը թագադրվեցին Բուդապեշտում՝ որպես Հունգարիայի թագավոր և թագուհի։ Որպես իրենց հավատարմության նշան՝ Հունգարիան Էլիզաբեթին և Ֆրանց Յոզեֆի նվիրեց Բուդապեշտից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գյոդյոլյո հիասքանչ դղյակը։ Կարելի է ենթադրել, որ ամրոցը վաղուց էր դուր գալիս Էլիզաբեթին, որը, վախենալով պատերազմից թուլացած Ավստրիայի դատապարտումից, չէր կարող նման գնում թույլ տալ, ի վերջո այն նվեր ընդունեց։

Ռուդոլֆի մահ

1889 թվականի հունվարի 30-ին մահացավ կրոնպրինց Ռուդոլֆը։ Էլիզաբեթի միակ որդին կամ ինքնասպան էր եղել իր սիրուհու՝ Մարիա Վեչերայի հետ, կամ նրանք դարձել էին քաղաքական սպանության զոհը։ Որդու մահվան մասին առաջինը հաղորդեցին կայսրուհուն, նա հայտնեց այդ լուրը Ֆրանց Յոզեֆին։ Մինչև իր կյանքի վերջը Էիզաբեթը այդպես էլ չկարողացավ ուշքի գալ այդ հարվածից։ Նա կարծում էր, որ որդուն սպանել են, բայց այդ ապացուցել հնարավոր չեղավ։ Մայերլինգում կատարվածի հանգամանքները գաղտնի պահվեցին հասարակությունից, չանցկացվեց պատշաճ հետաքննությունը։ Ռուդոլֆի մահից հետո Էլիզաբեթն ավելի ներփակվեց իր մեջ։

Հետևյալ տարին Սիսին Ավստրայում էր, զգեստավորվում էր ամբողջովին սև և չէր հանում սգո շղարշը։ Վարում էր փակված կենսաձև և փորձում էր հնարավորինս չերևալ հասարակության մեջ։ Հանգիստ չգտնելով՝ կայսրուհին կրկին դիմեց իր հին «բուժամիջոցին»՝ մեկնեց ճանապարհորդության։ Տեղափոխվելով երկրից երկիր՝ նա միայնակ երկար քայլում էր անմարդ դաշտերով և լեռներով։

Էլիզաբեթի սպանություն

Իր սեփական անվտանգության մասին Էլիզաբեթը հոգ չէր տանում, հրաժարվում էր պահապաններից, որը հուսահատության էր մատնում նրա ֆրեյլիններին և ոստիկաններին։ 1898 թվականի սեպտեմբերի 10-ին Էլիզաբեթը պալատական ազնվական օրիորդ, կոմսուհի Իրմա Շառայի հետ քայլում էին Ժնևի առափնյայով։ Կայսրուհու վրա հարձակվեց իտալացի անարխիստ Լուիջի Լուկենին։ Հեսանի (սրված եռակողմ խարտոց) հարվածը, որը կրում էր Լուկենին, վայր գցեց կայսրուհուն՝ թողնելով փոքր խոցոտած վերք սրտի շրջանում։ Սակայն Էլիզաբեթը չհասկացավ կատարվածի իրական իմաստը։ Մտածելով, թե հարձակվողը միայն ցանկանում էր գողանալ իր զարդերը, ոտքի ելավ և փորձեց շարունակել զբոսանքը կոմսուհու հետ։ Միայն մի քանի րոպե անց նա սուր թուլություն զգաց, ցավ սրտում, գլխապտույտ։ Կայսրուհին գետնին ընկավ, կորցրեց գիտակցությունը և շուտով մահացավ։ Լուիջի Լուկեինին կալանավորվեց և դատապարտվեց ցմահ բանտարկության։ 1910 թվականի հոկտեմբերի 10-ին նա կախվելով ինքնասպան եղավ։ Բանտում Լուիջին գրել էր հուշեր։

Էլիզաբեթի պատկերումն արվեստում

Բեմ

1932 թվականին Վիեննայում կայացավ «Սիսսի» կոմիկ օպերետի առաջնախաղը։ Կոմպոզիտորը Ֆրից Կրեյսլերն էր, լիբրետտոյի հեղինակները՝ Էրնստ և Հուբերտ Մարիշկաները, նվագախմբի համար նոտայագրել էր Ռոբերտ Ռասել Բենեթը[42]։ Թեպետ կայսրուհու փաղաքշական անունը «Սիսի» էր արտասանվում, և ոչ երբեք «Սիսսի», անվան այս սխալ տարբերակը շարունակեց գոյություն ունենալ նրա մասին հետագա գործերում։

1943 թվականին Ժան Կոկտոն պիես գրեց Էլիզաբեթի և մարդասպանի հանդիպման մասին «L'Aigle à deux têtes» («Երկգլխանի արծիվը») վերնագրով։ Այն առաջին անգամ բեմադրվեց 1946 թվականին։

1992 թվականին «Էլիզաբեթի» մյուզիքլի առաջնախաղը կայացավ Վիեննայի Ան դեր վին թատրոնում։ Լիբրետտոյի հեղինակը Միխայիլ Կունցեն էր, երաժշտության հեղինակը՝ Սիլվեստր Լևայը։ Սա հավանաբար կայսրուհու կյանքի ամենախոր պատկերումներից մեկն էր։ Առաջնախաղի ժամանակ գլխավոր դերակատարուհին հոլանդացի երգչուհի Պիա Դաուվեսն էր։ «Էլիզաբեթը» դարձավ բոլոր ժամանակների ամենահաջողված գերմանալեզու մյուզիքլը և բազմաթիվ անգամներ ներկայացվեց աշխարհում։

Բալետ

1978 թվականի իր «Մայերլինգ» բալետում Քենեթ Մակմիլանը պա-դե-դե պարային ձևով կերտել է Էլիզաբեթի կերպարն իր որդու՝ արքայազան Ռուդոլֆի հետ, որը բալետի առանցքային հերոսն է։

1993 թվականին բալետի ֆրանսիացի պարուհի Սիլվի Գիլեմը հանդես է եկել Յոհան Շտրաուսի «Կայսերական վալսի» բեմադրված «Sissi, l'impératice anarchiste» (»Սիսսի, անարխիսը կայսրուհի») հատվածում, խորեոգրաֆ՝ Մորիս Բեժար։

Ֆիլմեր

1921 թվականի «Kaiserin Elisabeth von Österreich» ֆիլմը առաջիններից էր, որ ամբողջապես նվիրված էր Էլիզաբեթին։ Այն գրված էր Էլիզաբեթի եղբոր աղջկա՝ Մարի Լարիշի համահեղինակությամբ, գլխավոր դերում Կարլա Նելսենն էր։ Ֆիլմը հետագայում ճանաչման հասավ, երբ մի խումբ խաբեբա-արտիստներ սկսեցին վաճառել սպանության տեսարանի նկարներ, որպես հանցագործության իրական լուսանկարներ։

1936 թվականին Columbia Pictures-ը թողարկեց «Թագավոր հեռանում է» ֆիլմը, որը «Սիսսի» օպերետի ֆիլմային տարբերակն էր, ռեժիսոր՝ Ջոզեֆ ֆոն Շտեռնբերգ։ Գլխավոր դերերում էին օպերային աստղ Գրեյս Մուրը և Ֆրանշո Տոունը։

Ժան Կոկտոն 1948 թվականին ֆիլմի վերածեց իր «Երկգլխանի արծիվը» պիեսը։ Միքելանջելո Անտոնիոնիի 1981 թվականի «Օբերվալդի գաղտնիքը» ֆիլմը պիեսը մեկ այլ տարբերակն է։

1955 թվականին տեղի ունեցավ «Լյուդվիգ II. թագավորի փառքն ու անկումը» ֆիլմի պրեմիերան, ռեժիսոր՝ Հելմուտ Կոյնտեր, Էլիզաբեթի դերակատար՝ Ռութ Լոյվերիկ։

Գերմանալեզուների շրջանում Էլիզաբեթի անունն ավելի հաճախ զուգորդվում է նրա կյանքի մասին ռոմանտիկ ֆիլմերի եռագրության հետ, որոնց ռեժիսորը Էրնստ Մարիշկան է, գլխավոր դերում՝ պարմանուհի Ռոմի Շնայդերը։

  • «Սիսսի» (1955),
  • «Սիսսի. երիտասարդ կայսրուհին» (1956, «Sissi — die junge Kaiserin»),
  • «Սիսսի. Կայսրուհու ճակատագրական տարիները» (1957, «Sissi — Schicksalsjahre einer Kaiserin»),
  • «Հավերժ իմ սեր» ֆիլմը երեք ֆիլմերի խտացրած տարբերակն է, որը թողարկվել է Հյուսիային Ամերիկայում 1962 թվականին։

Վաղ բեմադրություններում Էլիզաբեթը հանդես է գալիս ամուսնու և որդու համար անկարևոր անձ, և միշտ որպես հասուն կերպար։ Շնեյդերի կերպավորում է Էլիզաբեթին որպես երիտասարդ կին, որն առաջին անգամ էր էկրանին։ Եռագրությունն առաջինն էր, որտեղ պարզորոշ պատկերված է Սիսիի ռոմանտիկ միֆ և որը կտրուկ ավարտվում է առանձին ապրելու նրա որոշմամբ։ Վերջերս վերաթողարկված երեք ֆիլմերն էլ ամեն Սուրբ ծնունդի ցուցադրվում էին Ավստրիայի, Գերմանիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի հեռուստաեթերներում։ 2007 թվականին ֆիլմերը «Սիսսիի հավաքածուն» անունով լույս ընծայվեցին անգլերեն ենթագրերով։ Շնեյդերը զզվում էր իր դերից՝ բացատրելով, որ «Սիսսին սոսձվել է ինձ ինչպես շիլա (Grießbrei)»։ Ավելի ուշ նա հանդես եկավ որպես ավելի իրական և դյութիչ Էլիզաբեթ՝ Լուկինո Վիսկոնտիի 1972 թվականի «Լյուդվիգ» ֆիլմում, որը Էլիզաբեթի զարմիկ՝ Լյուդվիգ II Բավարացու մասին էր։ Շնեյդերի պատկերն այստեղ միայն մեկ անգամ էր, վերցված նրա դերերից, որը ցուցադրված էր իր տանը։

1968 թվականի «Մայերլինգ» ֆիլմում կայսրուհու դերը խաղում է Ավա Գարդները, իսկ Օմար Շարիֆը՝ թագաժառանգ արքայազն Ռուդոլֆին։

1991 թվականի գերմանական «Սիսի/Վերջին րոպե» (բնօրինակ անունը՝ «Sisi und der Kaiserkuß»՝ «Սիսին և կայսեր համբույրը») ֆիլմում Սիսիի դերում հանդես է եկել դերասանուհի Վանեսա Վագները, կայսր Ֆրանց Յոզեֆի դերում՝ Նիլս Տավերնիերը, իսկ Հելենայի դերում՝ Սոնյա Կիրխբերգերը։

Էնդրյու Լլոյդ Վեբերի «Օպերայի ուրվականը» ֆիլմի հերոսուհի Քրիստինան կրում է թիկնոց, որը ներշնչված էր Էլիզաբեթի ամենահայտնի դիմանկարից, որը Վինթերհալթերի աշխատանքն էր։

2007 թվականին գերմանացի կատակերգակ և ռեժիսոր Մայքլ Հերբիգը թողարկեց համակարգչային անիմացիոն ծաղրապատճենային ֆիլմ Էլիզաբեթի մասին «Lissi und der wilde Kaiser» վերնագրով («Լիսսի և վայրի կայսրուհին»)։ Դրա հիմքում ընկած էին Սիսի ծաղրանմանային էսքիզները նրա «Bullyparade» հեռուստատեսային շոուի ընթացքում։

Սիսիի վերաբերող վերջին ֆիլմերից է 2012 թվականի Լյուդվիգ II Բավարացու մասին կենսագրական «Լյուդվիգ II» կինոնկարը, որտեղ կայսրուհու դերը խաղում է Հաննա Հերցշփրունգը։

2014 թվականի դեկտեմբերին, զուգակցելով մինչաշնանային 2015 «Metier d'arts» հավաքածուի հետ, որի ցուցադրությունը տեղի ունեցավ Լեպոլդսկրոն պալատում նորաձևության «Շանել» ընկերության ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը ներկայացրեց կայսրուհի Էլիզաբեթի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որտեղ հանդես էին գալիս Կարա Դելևինը՝ Ֆարել Վիլյամսի ուղեկցությամբ։ Ապա նրանք հանդես եկան զուգերգով, որի հեղինակը Վիլյամսն էր՝ վերնագրված «CC the World» («ՍիՍի աշխարհ»)՝ կապելով այն նորաձևության տան միահյուսված տառերով լոգոյի հետ, որը խորհրդանշում է տան հիմնադիր Կոկո Շանելի անվան սկզբնատառերը, ինչպես նաև կայսրուհու «Սիսի» մականունը։ Լագերֆելդը վերստեղծել էր Վինթերհալթերի հայտնի դիմանկարում պատկերված Էլիզաբեթի զգեստը, իսկ Ֆարելը կրում էր Ֆրանց Յոզեֆի հանդերձանքին նմանվող զգեստ։

Հեռուստատեսություն

1974 թվականին Բրիտանական հեռուստաընկերության «Արծիվների անկումը» բազմասերիանոց ֆիլմում պատկերվել է կայսրուհի Էլիզաբեթը։ Երիտասարդ կայսրուհու դերը խաղում էր Դայան Քինը, իսկ Ռեյչել Գարնին մարմնավորում էր կայսրուհուն Ռուդոլֆի մահվան ժամանակ։

1993 թվականին WGBH-TV Ագաթա Քրիստիի միսս Մարփլի շարքի «Եվ շրմփալով հայելին կզնգա» գրքի ադապտացված տարբերակի հիմքում ընկած է Էլիզաբեթի կեղծ սպանության մասին ֆիլմը։ Դերասանուհու կերպարում, որը խաղում էր կայսրուհու դերը, Կլեր Բլումն է։

Ավստրիական դետեկտիվ «Հետախույզ Ռեքս» (1994) հեռուստասերիալի եզրափակիչ՝ հինգերորդ եթերաշրջանի դեպքերն ընթանում են մոլորության մեջ գտնվող մի կնոջ շուրջ, որը տառապում է կայսրուհու մասին պատմությամբ։ Էպիզոդը համապատասխանաբար անվանակոչված է «Սիսսի»։

Էլիզաբեթի երիտասարդ տարիների մասին բավականին հնարված պատմությունը տեղ է գտել 1997 թվականի անիմացիոն մանկական «Արքայադուստր Սիսսի» սերիալում։

Արիել Դոմբալը խաղացել է Էլիզաբեթի դերը 2004 թվականի հեռուստատեսային «Sissi, l'impératrice rebelle» ֆիլմում, որտեղ պատկերված է նրա կյանքի վերջին հինգ օրերը։

Սանդրա Չեկարելին մարմնավորել է տարիքն առած Էլիզաբեթին 2006 թվականի Մայերլինգյան ողբերգության մասին հեռուտատեսային դրամատիկ «Կրոնպրինցը» ֆիլմում։ Էլիզաբեթի որդու և վերջինիսի սիրուհու դերերը խաղացել են Մաքս ֆոն Թունը և Վիտորյա Պուչինին։

2009 թվականի դեկտեմբերին «Սիսի» երկմասանոց մինի սերիալի պրեմիերան կայացել է Եվրոպական հեռուստաընկերությամբ, նկարահանվել է գերմանական, ավստրիական և իտալական համատեղ պրոդյուսերական խմբով, դերերում՝ Քրիստիանա Կապոտոնդի (Էլիզաբեթ), Դևիդ Ռոթ (կասր Ֆրանց Յոզեֆ)։ 1997 թվականի անիմացիոն սերիալի պես, սրանում ևս տեղ է գտել Էլիզաբեթի և Ֆրանց Յոզեֆի դժբախտ ամուսնության մասին հորինված պատմությունը, բայց կայսրության քաղաքական խնդիրները և հիմնական կերպարների անձնական հարցերը շատ ավելի մանրամասնորեն են ներկայացված, քան շատ այլ դրամաներում։

Գրականություն

Կոնստանտին Քրիստոմանոսը (1867-1911), որը եղել էր ժամանակակից հունարենի Էլիզաբեթի մասնավոր ուսուցիչը 1891-1893 թվականներին և ուղեկցում էր նրան Կորֆուում մնալից, հրատարակել է իր հուշերը կայսրուհու մահից կարճ ժամանակ առաջ՝ 1899 թվականին «Tagebuchblätter» («Օրագրային էջեր») վերնագրով։ Թեպետ նա ներկայացրել է Էլիզաբեթին իդեալական և բարեհաճ ձևով՝ որպես հեքիաթային արքայադուստր, նրա գիրքը դուր չեկավ կայսերական արքունիքում և նրա անձը հռչակվեց անցանկալի (persona non grata), ստիպեցին նրան հրաժարվել Վիեննայի համալսարանում դասավանդելուց և լքել Ավստրիան։

Էլիզաբեթի պատմության մասին է Սյուզան Էփլյարդի «Ոսկե վանդակում» («In a Gilded Cage») էլեկտրոնային գիրքը։

Էլիզաբեթի երիտասարդության և հասուն շրջանի վաղ տարիների մասին դրամատիկ պատմությունն է ընկած Ուիլյամ Ս. Աբրահամսի «Կայսերական վալս» («Imperial Waltz», Dial Press, 1954) նովելի հիմքում։

Էլիզաբեթը Գարի Ջենինգսի 1987 թվականի «Փայլազարդ» նովելի գլխավոր հերոսներից մեկն է։ Նորավեպի հիմքում մի կրկեսի ճանապարհորդության պատմություն է ողջ Եվրոպայով 1800-ականներին և ներկայացնում է Էլիզաբեթի հետաքրքրությունը դեպի կրկես և կասկադյորական ձիավարություն։

Կայսրուհու պատմությունը ոգեշնչել է՝ 2003 թվականի «Արքայական օրագրեր. Էլիզաբեթ, արքայադուստր հարսնացուն» մանկական գրքի համար։

Էլիզաբեթը հանդես է եկել Բարբարա Քարթլենդի ռոմանտիկ արկածային «Իմ սրտի աստղերը» նովելում։

Ալեքսանդր Լերնեթ Հոլենիայի «Մեյերլինգ» (1960) նովելի հերոսներից է եղել։

Հանդես է եկել կամեոյով Ջորջ Մաքդոնալդ Ֆրեյսերի «Ֆլեշմենը և վագրը» գրքի «Ճանապարհ դեպի այրված խաչ» պատմվածքում (1999)։ Պատմության վերջում նա պարում է հակահերոս Հարի Ֆլեշմենի հետ պարահանդեսի ժամանակ, որից հետո Ֆլեշմենը օգնում է նրա կայսր ամուսնուն սպանության փորձից։

Մարկ Տվենը գրել է Ավստրիայի կայսրուհու սպանության մասին «Հիշարժան սպանություն» վերնագրով հոդվածում, որը նա չի տվել տպագրության[43]։

Երաժշտություն

Հոլանդացի երգիչ Պետրա Բերգերի «Eternal Woman» («Հավերժական կանայք») ալբոմը ներառում է «If I Had a Wish» («Եթե ես երազանք ունենայի») երգը, որը Էլիզաբեթի մասին է։

Շոտլանդական Վաշինգթոն Իրվինգ խմբի «Sisi» («Սիսի») երգը գրվել է՝ ոգեշնչված Էլիզաբեթի կյանքի պատմությունից։

Ճարտարապետություն

Ուկրաինայի Լվով քաղաքի Էլիզաբեթ եկեղեցին (չշփոթել հունական կաթոլիկ Սուրբ Օլյա և Էլիզաբեթ եկեղեցու հետ) հիմնադրվել է 1903 թվականին՝ ի հիշատակ կայսրուհի Էլիզաբեթի։

Կոչումներ, տիտղոսներ և զինանշաններ

Կայսրուհի Էլիզաբեթի գերբը

Տիտղոսներ և կոչումներ

  • Դեկտեմբերի 24, 1837 - ապրիլի 24, 1854՝ Նորին արքայական մեծություն էրցհերցոգուհի Էլիզաբեթ Բավարացի
  • Ապրիլի 24, 1854 - սեպտեմբերի 10, 1898՝ Նորին կայսերական և արքայական գերազանցություն Ավստրիայի կայսրուհի, Հունգարիայի առաքելական թագուհի

Պարգևներ

Հայրենական
  • Նա եղել է հետևյալ ասպետական տիտղոսների Մեծ տիկին.
    • Աստղափայլ խաչի պատվանշան
    • Էլիզաբեթի և Թերեզայի պատվանշան
Արտասահմանյան
  • Իսպանիա Իսպանիա՝ Թագուհի Մարիա Լուիզայի պատվանշանի 481-րդ տիկին

Տոհմաբանություն

Ժառանգներ

Երեխաներ Ծնունդ Մահ Նշումներ
Սոֆյա Ֆրեդերիկա Դորոթեա Մարիա Յոզեֆա մարտի 5, 1855 մայիսի 29, 1857 Մահացել է մանուկ հասակում:
Գիզել Լուիզա Մարիա հուլիսի 12, 1856 հուլիսի 27, 1932 Ամուսնացել է 1873 թվականին զարմիկ արքայազն Լեոպոլդ Բավարացու հետ, ունեցել է չորս երեխա:
Ռուդոլֆ Ֆրանց Կառլ Յոզեֆ օգոստոսի 21, 1858 հունվարի 30, 1889 Ամուսնացել է 1881 թվականին արքայադուստր Ստեֆանիա Բելգացու հետ, մահացել է Մայերլինգյան ողբերգության ժամանակ:
Մարիա Վալերիա Մաթիլդա Ամալի ապրիլի 22, 1868 սեպտեմբերի 6, 1924 Ամուսնացել է 1890 թվականին զարմիկ էրցհերցոգ Ֆրանց Սալվատոր Ավստրիացու հետ:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Collective Biographies of Women
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 29. — ISBN 978-3-9503655-5-9
  6. http://data.onb.ac.at/rec/AC03241964
  7. http://worldhistory.de/wnf/navbar/wnf.php?oid=1691&sid=
  8. Քորթի, 1998, էջ 11
  9. Քորթի, 1998, էջ 10-11
  10. Քորթի, 1998, էջ 9, 12
  11. Haslip, Joan, The Lonely Empress: Elisabeth of Austria, Phoenix Press, 2000.
  12. Քորթի, 1998, էջ 14-15
  13. Nibbs, Ann, The Elusive Empress, Youwriteon, 2008
  14. Քորթի, 1998, էջ 33
  15. Քորթի, 1998, էջ 20—21
  16. Cone, Polly, Imperial Style: Fashions of the Habsburg Era, Metropolitan Museum of Art (New York, 1980, p. 129).
  17. Քորթի, 1998, էջ 37
  18. Քորթի, 1998, էջ 39
  19. Քորթի, 1998, էջ 38—40
  20. Քորթի, 1998, էջ 40—41
  21. Քորթի, 1998, էջ 49-50
  22. Քորթի, 1998, էջ 63—64
  23. Քորթի, 1998, էջ 62
  24. Bowers Bahney, Jennifer, Stealing Sisi's Star: How a master thief nearly got away with Austria's most famous jewel, McFarland & Co., 2015.
  25. 25,0 25,1 Vandereycken, Walter & Van Deth, Ron, "The Anorectic Empress: Elisabeth of Austria", History Today, Vol. 46, April 1996
  26. Քորթի, 1998, էջ 67—68
  27. Քորթի, 1998, էջ 98—99
  28. Քորթի, 1998, էջ 78
  29. Cunliffe-Owen, Marguerite, Martyrdom of an Empress, Kessinger Publishing, 2005
  30. Քորթի, 1998, էջ 80
  31. 31,0 31,1 Chauviere, Emily, The Marriage of Emperor Francis Joseph and Elisabeth of Austria, 12 August 2011
  32. Քորթի, 1998, էջ 83-87
  33. Sisa, Stephan, The Spirit of Hungary: A Panorama of Hungarian History and Culture, Vista Court Books, 1995, p. 171
  34. Sisa, Stephan, The Spirit of Hungary: A Panorama of Hungarian History and Culture, Vista Court Books, 1995
  35. Քորթի, 1998, էջ 91—94
  36. Քորթի, 1998, էջ 95—96
  37. Քորթի, 1998, էջ 99—100
  38. Tschuppik, Karl, The Empress Elisabeth of Austria, Constable Publishing, 1930
  39. Քորթի, 1998, էջ 101
  40. Քորթի, 1998, էջ 103—104
  41. Քորթի, 1998, էջ 107—108
  42. "Orchestrator on His Own", Time, 12 December 1932.
  43. «A Nurse's View of the Battle of Bull Run (First Manassas)».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բավարացի (Ավստրիայի կայսրուհի)» հոդվածին։