Պամֆլետ
Պամֆլետ (հունարեն՝ pamphlet - pam-լրիվ, phlego-մոխրացնել) - հրապարակախոսական-լրագրողական ժանր, հանրային կյանքի մերժելի երևույթները, առաջընթացին խանգարող արգելքները մերկացնող քննադատական խոսք։
«Եթե չար ծաղրը կրում է քաղաքական բնույթ, ապա այդպիսի ստեղծագործությունը կոչվում է պամֆլետ»/Գուտորով/։ Պամֆլետում երգիծանքի ձևերը զուգորդվում են հրապարակախոսական կրքին և գեղարվեստականությանը։ Սուր սատիրական բնույթի ստեղծագործություն է, որը կտրուկ, մերկացնող ձևով ծաղրում է քաղաքական կարգը, հանրային երևույթները, տարբեր կուսակցությունների գործիչների, առաջնորդների, գաղափարախոսների գործունեությունը։
Այս ժանրը ծնունդ է առել դեռ անտիկ դարաշրջանում։ Դեմոսթենեսի, Կիկերոնի, Յուվենալիսի սատիրայում, Պլուտարքոսի, Լուկիանոսի զայրութ արտահայտող խոսքերում արդեն առկա են պամֆլետի տարրեր։ Առաջին անգամ տերմինը օգտագործվել է անգլիական եկեղեցու գործիչ և հրապարակախոս Ռիչարդ դե Բյորիի կողմից։ Պամֆլետներ են գրել Դեֆոն, Էրազմ Ռոտերդամցին, Սվիֆտը, Վոլտերը, Դիդրոն, Պուշկինը, Գորկին և շատ ուրիշները։ Հայտնի են Միքայել Նալբանդյանի «Երկու տող», Եղիշե Չարենցի «Հանգուցյալ պարոնը կամ պարոն հանգուցյալը» պամֆլետները[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 194.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 105)։ ![]() |