Մարսի ջրանցքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովանի Սկիապարելլիի Մարսի քարտեզը

Մարսի ջրանցքներ, երկար ուղիղ գծերի ցանց Մարս մոլորակի սկավառակի վրա, հայտնաբերվել է իտալացի աստղագետ Ջովանի Սկիապարելլիի կողմից մոլորակի առճակատման ընթացքում 1877 թվականին և հետագայում հաստատվել էր բազմաթիվ այլ աստղագետների դիտարկումներով մինչև 1950-ական թվականները։ Հանդիսանում է բարդ օպտիկական պատրանք, որը պայմանավորված է Մարսի մակերևույթի մասնիկների համադրությամբ Երկրի մակերևույթից աստղադիտակներով դիտարկման ժամանակ։ Ոչ մի իրական ռելիեֆի օբյեկտներ, որոնք ճշգրտորեն համապատասխանում են Երկրից դիտարկված ջրանցքների հետ Մարսի վրա գոյություն չունեն։

Դիտարկումների պատմությունը[խմբագրել]

Սկիապարելլին անվանեց իր հայտնաբերած գծերը իտալերեն «canali» բառով, որը նշանակում է ջրի արհեստական կամ բնական հոսանքներ, և կարող է թարգմանվել անգլերեն որպես «channels», «canals» կամ «grooves»: Նրա աշխատությունների թարգմանության ժամանակ օգտագործվել է «canals» բառը, որը օգտագործվում է արհեստական ծագմամբ ջրանցքների համար։ Այսպիսի թարգմանությունը հանգեցրեց մի շարք հաղորդագրությունների այն մասին, որ Սկիապարելլին իբրև հայտարարել է իր կողմից Մարսի վրա արհեստական կառույցների հայտնաբերման մասին։ Ինքը Սկիապարելլին, այնուամենայնիվ, չի փորձել բացատրել թե ինչ իմաստով է օգտագործել «canali» բառը, կամ ինչ-որ կերպ հերքել այդ հաղորդագրությունները։ Ավելին, 1890 թվականին նա հրատարակեց հոդված, որտեղ մտքեր էր արտահայտում Մարսի վրա բանական կյանքի մասին։

Ամերիկացի աստղագետ Պերսիվալ Լոուելը, ով ավելի ուշ քան Սկիապարելլին նույնպես դիտարկել և գծագրել է ջրանցքները, պաշտպանում էր այն տեսակետը, որ ջրանցքները արհեստական ծագում ունեն։ Նրա հաշվարկների համաձայն, ջրանցքների լայնությունը (նրանց շրջապատող բուսականության գոտու հետ միասին) հասնում էր 100 կմ։ Լոուելը կարծում էր, որ կլիման մոլորակի վրա չափազանց չորային է, և մարսեցիները օգտագործում են բևեռային գլխարկների հալող ջուրը ոռոգման համար։ Լոուելը մի քանի տարի նվիրեց Մարսի հետազոտություններին, սեփական միջոցներով կառուցած աստղադիտարանում։ Սեփական դիտարկումների և եզրակացություների հիման վրա Լոուելը 1908 թվականին հրատարակեց «Մարսը ոպես կյանքի օրրան» (Mars as the Abode of Life) գիրքը, որտեղ բերում էր բազմաթիվ փաստարկներ Մարսի վրա զարգացած քաղաքակրթության գոյության օգտին։ Գիրքը դարձավ բեսթսելեր, Լոուելի վարկածը մեծ արձագանք գտավ հասարակության մեջ։ Լոուելի և նրա կողմնակիցների ելույթները թեժացրին կրքերը և մեծապես ազդեցին հանրության հետաքրքրության աճի վրա, և բնակելի Մարսի թեման դարձավ չափազանց հանրաճանաչ հասարակության շրջանում 20-րդ դարի սկզբում։

Այն ժամանակ, այդպիսի ենթադրությունը այնքան էլ անհավանական չէր։ Այդ ժամանակվա շատ դիտարկումներ մեկնաբանվում էին Մարսի վրա կյանքի առկայության օգտին։ Աստղագետներին հայտնի էր, որ Մարսի թեքումը խավարածրի հարթության հանդեպ և նրա պտույտի պարբերությունը իր առանցքի շուրջ մոտ են Երկրինին։ Ենթադրվում էր, որ Մարսը ունի բավականին խիտ մթնոլորտ, բևեռային գլխարկների մակերեսի փոփոխությունների և հասարակածային շրջանների գույնի փոփոխությունների դիտարկումները (որոնք իրականում կապված են սեզոնային փոշու փոթորիկների հետ) խոսում էին մոլորակի վրա հեղուկ ջրի և բուսականության գոյության մասին։ Այնուհանդերձ, արդեն 1920-ական թվականներին հայտնի դարձավ, որ Մարսը բավականին չորային է, իսկ մթնոլորտային ճնշումը նրա մակերևույթի մոտ զգալիորեն ցածր է երկրայինից։

Մարսի ջրանցքների Լոուելի գծանկարը

XIX-րդ դարի երկրորդ կեսը մեծ նավարկելի ջրանցքների շինարարության ժամանակաշրջանն էր՝ Սուեզի ջրանցքի կառուցումը ավարտվեց 1869 թվականին, իսկ Պանամայի ջրանցքը սկսեցին կառուցել 1880-ին։ Հասարակության ուշադրությունը գամված էր այս ծրագրերին, այդ պատճառով Մարսի վրա դիտարկվող գծերի մեկնաբանությունը, որպես ջրանցքներ դիտվում էր բավականին ընդունելի։

Քննադատությունը[խմբագրել]

Այնուամենայնիվ, շատ աստղագետներ բացառում էին Մարսի վրա արհեստական կառույցների առկայությունը։ Չնայած այն բանին, որ ստեղծվել էին բազմաթիվ մարսյան ջրանցքների քարտեզներ, նրանք իրար հետ չէին համընկնում, որոշ հայտնի աստղագետներ ընդհանրապես չէին տեսնում ջրանցքներ։ Նրանց մեջ էին Էդվարդ Բերնարդը և Էժեն Անտոնիադին, ով կատարում էր Մարսի դիտարկումներ 1909 թվականի առճակատման ժամանալ, բավականին հզոր աստղադիտակով:

Մի շարք հետազոտողներ, մասնավորապես Վինչենցո Չերուլին, բացատրում էին Մարսի վրա ջրանցքների առաջացումը օպտիկական պատրանքով: Այսպես, 1903 թվականին Էդվարդ Մաունդերը կատարեց մի փորձ, որի ընթացքում փորձի մասնակիցներին բավականին հեռու տարածությունից ցույց էին տալիս մի սկավառակ անկանոն բաշխված կետերով, որոնց փոխարեն որոշ մասնակիցներ տեսնում էին «ջրանցքներ»: Փորձեր էին արվում նաև ցույց տալով բարակ մետաղալար սկավառակի ֆոնի վրա հեռու տարածությունից։ Սակայն, պետք է ասել, որ այսօր արդեն հայտնի է որ, Մարսի վրա կան որոշ քանակով երկարուն թույլ թեքումներով օբյեկտներ (սանդղափուլեր, կիրճեր, խառնարանների շղթաներ), որոնք վատ խոշորացման պայմաններում դիտարկելիս հիշեցնում են ուղիղ ջրանցքներ։

1907 թվականին Ալֆրեդ Ռասել Ուոլեսը հրատարակեց «Բնակելի է արդյոք Մարսը» գիրքը, որում ցույց տվեց, որ Մարսի մակերևույթի մոտ ջերմաստիճանը զգալիորեն ավելի ցածր է, քան համարվում էր, իսկ մթնոլորտային ճնշումը չափազանց փոքր է ջրի հեղուկ վիճակում գտնվելու համար։ Բացի այդ, մթնոլորտի սպեկտրալ վերլուծությունը ցույց չտվեց այնտեղ ջրի գոլորշու առկայություն։ Այստեղից նա հետևություն արեց, որ Մարսի վրա բարդ կազմակերպման կյանքի գոյությունը անհնարին է, չխոսելով նույնիսկ զարգացած քաղաքակրթության կամ արհեստական կառույցների մասին։

Մարսի ջրանցքները ֆանտաստիկ գրականության մեջ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Wallace, A. R. (1907) Is Mars habitable? A critical examination of Professor Percival Lowell’s book «Mars and its canals», with an alternative explanation, by Alfred Russel Wallace, F.R.S., etc. London, Macmillan and co.
  • Antoniadi, E. M. (1910) Sur la nature des «canaux» de Mars
  • Բատյուշկովա Ի. Վ. Ինչպես առաջացավ Մարսի ջրանցքների առասպելը Երկիրը և Տիեզերքը, 1983, № 2, էջեր՝ 55-58:
  • Մարս. Մեծ առճակատում / Վ. Գ. Սուրդին - Մոսկվա, Ֆիզմաթլիտ, 2004. - 224 с (Արեոգրաֆիայի գործերի վերահրատարակում 1862 - 1956 թվականներ)։