Մարիների հովիտներ
Մարիների հովիտներ (լատ.՝ Valles Marineris)[1][2], կամ Մարիներ հովիտներ[3], հսկայական կիրճերի համակարգ Մարս մոլորակի վրա: Անվանվել է ի պատիվ ամերիկյան «Մարիներ» տիեզերական ծրագրի, այն բանից հետո, երբ Մարիներ-9 սարքը հայտնաբերեց դրանք 1971—1972 թվականներին: Մարիների հովիտները տեղակայված են Թարսիս նահանգից հյուսիս-արևմուտք[2] և ձգվում են հասարակածի երկայնքով:
Մարիների հովիտները ունեն մոտ 4500 կմ երկարություն (մոլորակի շրջագծի չորրորդ մասը), լայնությունը կազմում է 200 կմ, իսկ խորությունը` մինչև 11 կմ: Այս կիրճերի համակարգը գերազանցում է հանրահայտ Գրանդ-Կոնյոնը 10 անգամ երկարությամբ, 7 - լայնությամբ և 7 - խորությամբ, և ամենամեծն է Արեգակնային համակարգում:
Մարիների հովտները բաժանում են մի քանի շրջաների: Արևմուտքում դա Գիշերվա լաբիրինթոսն է[1][2], ավելի արևելք գտնվոմ են Տիտոնիուս և Իուս կիրճերը, ապա Մելաս և Օֆիր, հետո Կոպրատ, Գանգես, Էոս և Կապրի որը անցնում է քաոսների (ավերված ռելիեֆի տարածքներ), որոնք ավարտվում են Քրիսե հարթավայրում[1][2]:
Բովանդակություն |
Ձևավորումը [խմբագրել]
Հետազոտողների մեծամասնությունը ենթադրում է, որ Մարիների հովիտները ձևավորվել են Մարսի ձևավորման վաղ ժամանակաշրջանում մոլորակի սառեցման հետևանքով: Կիրճերի լայնությունը ժամանակի ընթացքում մեծացել է էրոզիայի հետևանքով: Հնարավոր է, որ Մարիների հովիտները ձևավորվել են գործընթացի ընթացքում, որը նման է Արևելա-աֆրիկական րիֆտային հովտի առաջացմանը:
Ավելի վաղ առաջարկվում էին Մարիներների հովիտների առաջացման բազմաթիվ այլ վարկածներ: Իսկզբանե, գերակայում էր վարկածը այն մասին, որ այն կազմում է Մարսի ջրանցքների համակարգի մի մասը, սակայն XX դարի երկրորդ կեսին հզոր աստղադիտակների կառուցման հետ այս գաղափարից ստիպված եղան հրաժարվել: 1970-ականներին կարծում էին, որ կիրճերը առաջացել են ջրային էրոզիայի կամ ջերկակարստային ակտիվության պատճառով, կապված հավերժական սառցակալման հալոցքի հետ: Այս վարկածը նույնպես անբավարար է ճանաչվել: Բացի այդ, 1972 թվականին կարծիք է հայտնվել այն մասին, որ Մարիների հովիտները առաջացել են մակերևույթի տակի լավայի հեռանալու պատճառով:
Մարիների հովիտների ձևավորումը, հավանաբար, կապված է հարևանությամբ գտնվող Թարսիս նահանգի ձևավորման և այնտեղ գտնվող հսկայական հրաբուխների ժայթքման հետ: Եվս մեկ վարկած կապում է այս հովիտների առաջացումը հսկայական երկնաքարի ընկնելու հետ:
Գիշերվա լաբիրինքոսը հավանաբար առաջացել է ջրի կամ ածխաթթվի ազդեցության տակ, որոնք կարող էին դուրս մղվել մակերևույթ հեղուկ վիճակում և դրանից հետո գոլորշիանալ: Մի փոքր հարավ այն կետից, որտեղ Լաբիրինթոսը միացնում է հսկայական կիրճերի հետ, տեղակայված է Աուդեմանս[1][2] խառնարանը: Այս կետում երկնաքարի հարվածը կարող էի հալեցնել ջրի կամ ածխաթթվի սառույցները: Այս խառնարանից հյուսիս Մարիների հովիտներում գոյություն ունի շրջան որտեղ կան փոսեր և ակոսներ, որոնք, ինչպես ենթադրվում է, ձևավորվել են սառույցի և հեղուկի տեղաշարժման հետևանքով: Այստեղ գտնվում են նաև ոչ մեծ կոնաձև սարեր, հավանաբար, հանգած հրաբուխներ:
Քրիսի շրջանը, հավանաբար ձևավորվել է ջրհեղեղի հետևանքով:
Մարիների հովիտների շրջանները [խմբագրել]
Գիշերվա լաբիրինթոս [խմբագրել]
Գիշերվա լաբիրինթոսը գտնվում է Մարիների հովիտների արևմտյան ծայրում, Սիրիա սարահարթից հյուսիս, և Սիրամարգի լեռ հրաբուխից արևելք[1][2]: Այն չափազանց կտրտված տեղանք է տարբեր ուղղություններով տարածվող կիրճերով:
Հովիտները և կիրճերը անցնում են զանգվածեղ ժայռերի միջև, որոնք իրենց հիմքում կազմված են հինավուրց միներալներից: Սակայն այս ժայռերի վերին ճաքճքած շերտը, ամենայն հավանականությամբ ունի հրաբխային ծագում (որը վերագրվում է Թարսիսի հրաբուխներին): Ժայռերի պատերը կազմված են համասեռ, միատարր նյութից: Ժայռերի միջև մակերևույթը տեղ-տեղ հարթ է, իսկ որոշ տեղերում կտրտված: Կտրտված մակերևույթը հատկանշական է հիմնականում Լաբիրինթոսի արևելյան մասին: Հնարավոր է, որ անհարթությունները կապված են ոչ համասեռ լանդշաֆտի վրա քամու վերած նստվածքների և էրոզիաների հետ, հնարավոր է նաև որ դրանք պատերի բեկորներն են: Հարթ մասերը կարող էին ձևավորվել գետերի (հեղուկի հոսքերի ընթացքում) կամ քամու բերածոների հետևանքով:
Գիշերվա լաբիրինթոսի նման տեղանքներ, որպես կանոն, հանդիպում են ցամաքած գետերի աղբյուրների մոտակայքում (այսպիսի շրջան է հետազոտել, մասնավորապես, Mars Pathfinder-ը): Այսպիսի «լաբիրինթոսների» ձևավորումը կապում են աղետալի ջրհեղեղների ընթացքում ապարների դուրս մղման հետ:
Վիկինգ-1 ուղեծրակայանը կատարել է լուսանկարը, որի վրա ջրային ամպերը Լաբիրինթոսի վրա ճշգրտորեն կրկնում են նրա ձևը, այս երևույթի պատճառները մինչ այժմ քննարկվում են գիտական հանրությունում:
Տիտոնիուս և Իուս կիրճեր [խմբագրել]
Իուսը սկսվում է Աուդեմանս խառնարանի հյուսիսային ծայրից և ձգվում է դեպի արևելք: Տիտոնուս կիրճը գտնվում է ավելի հյուսիս և ուղղահայաց Իուսին: Իուսի մեջ (ավելի մոտ հարավային պատին) անցնում են Գերյոն լեռները: Իուսի հատակը կազմված է կիրճի պատերի փլուզումներից գոյացած նյութից: Ենթադրվում է, որ առաջ կիրճը եղել է ավելի նեղ և խորը, և ժամանակի ընթացքում պատերի փլուզումների հետևանքով խորությունը լցվել է իսկ պատերը հեռացել միմյանցից: Կիրճի հատակը չունի խառնարանների և էրոզիայի հետքեր: Իուսի պատերը (հիմնականում հարավային կողմը) կտրատված են կարճ հովիտներով, որոնք դասավորված են միջօրեականների ուղղությամբ: Այս հովիտները հիշեցնում են երկրային Կոլորադո սարահարթի ձևավորումները Գրանդ-Կոնյոնի մոտ, որոնք առաջացել են ստորերկրյա ջրերի դուրս գալու հետևանքով և հետագա էրոզիայով:
Տիտոնիուս կիրճը նման է Իուսին, սակայն կան տարբերություններ: Մասնավորապես պատերի վրա չկան այդ քանակի հովիտներ, իսկ հատակի որոշ հատվածներ ունեն քամու էրոզիայի հետքեր (ենթադրաբար էրոզիայի է ենթարկվել նստած հրաբխային մոխիրը):
Տիտոնիուս և Իուս կիրճերի միջև ընկած տարածքը ծածկված է լավայով և նստվածքներով, որոնք կապված են Թարսիս նահանգի ընդլայնման հետ:
Մելաս, Օֆիր և Կանդոր կիրճեր [խմբագրել]
Մարիների հովիտների մյուս մասը կազմված է երեք կիրճերից (հյուսիսից հարավ)` Մելաս, Օֆիր և Կանդոր: Մելասը դա Իուսի արևելյան շարունակությունն է, Կանդորը շարունակում է Տիտոնիուսին, Օֆիրը ունի օվալի ձև և ընկած է Կանդորի մեջ: Բոլոր երեք կիրճերը միանում են իրար:
Այս կիրճերի հատակը ունի զգալի բարձրությունների տարբերություններ:
Մելասի հատակը ծածկված է, ինչպես ենթադրվում է, քամու էրոզիայի ենթարկված հրաբխային մոխրով: Բացի այդ, այն կազմված է նաև փլուզված պատերի նյութից: Մելասի պատերի երկայնքով սփռված է փլուզված ապարների շերտը:
Մելասի տարածքում է գտնվում Մարսի վրա ամենացածր կետը, 11 կմ-ով ցածր հովտի շրջապատող մակերևույթից:
Մելասի և Կանդորի միջև հատակը ունի ակոսավոր մակերես: Սա կարող է բացատրվել սառույցի և հեղուկների շարժման հետ կապված բերածոներով և այլ գոյացություններով: Այստեղ կա նաև շատ հրաբխային ծագման նյութեր, ընդ որում նաև քամու էրոզիայի հետքերով: Հանդիպում են նաև պիկեր, որոնք ունեն նույն կազմությունը ինչպես և կիրճերի պատերը:
Կոպրատ կիրճ [խմբագրել]
Ավելի արևելք կիրճերի համակարգը անցնում է Կոպրատ կիրճի, որը շատ նման է Իուս և Տիտոնիուս կիրճերին: Կոպրատի առանձնահատկությունն է արևելյան մասում բերածոների առկայությունը, ինչպես նաև քամու ազդեցությունը: Բացի այդ Կոպրատի պատերում, ինչպես և Իուսի մոտ, կան շերտավոր նստվածքներ, ընդ որում Կոպրատի մոտ դրանք ավելի ցայտուն են: Այս նստվածքները նախորդել են Մարիների հովիտների առաջացմանը և ենթադրվում է, որ նրանք ունեն նստվածքային ծագում: Mars Global Surveyor-ի տվյալների ստանալուց հետո, առաջ են քաշվել վարկածներ, որ շերտավորությունը առաջացել է հրաբխային ծագման հոսքերի կամ հեղուկ կամ սառած ջրի զանգվածների տակ գտնվելիս: Առաջ են քաշվել նաև քամու բերածոներից առաջացած շերտերի մասին վարկածներ, սակայն դժվար թե քամու բերածոները լինեն գերակշռող այս շերտերում: Բացի այդ, նկատվում է, որ վերին շերտերը զգալիորեն բարակ են ներքևի շերտերից, որը կարող է բացատրվել նրանց տարբեր ծագումով:
Շերտավորություն է հայտնաբերվել նաև Կոպրատ կիրճի հատակին: Երկրագնդի վրա այսպիսի կառույցներ առաջանում են նստվածքային ապարներից, որոնք աստիճանաբար հավաքվում են մեծ ջրամբարների հատակին: Ենթադրվում է, որ նույնությամբ և Մարսի վրա շերտավոր կառույցները առաջացել են հնում գոյություն ունեցած լճերի և ծովերի հատակին: Սակայն հետազոտողները կոչ են անում զգուշությամբ մոտենալ այս վարկածին, քանզի շերտավոր կառույցները կարող էին առաջանալ նաև բոլորովին այլ գործընթացների հետևանքով: Այնուամենայնիվ, իրենց ձևավորման ընթացվքում ջրի և բրածո մնացորդների հնարավոր առկայության պատճառով հենց այս վայրերն են, որ առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Մարսի վրա կյանքի որոնման ընթացքում:
Շերտավոր կառույցների հետազոտությունները թույլ կտան հասկանալ Մարսի վաղ երկրաբանական պատմությունը:
Էոս և Գանգես կիրճեր [խմբագրել]
Ավելի արևելք տեղակայված են Էոս և Գանգես կիրճերը: Էոսի արևելյան մասում կան բծեր և ակոսներ, որոնք ենթադրաբար առաջացել են հեղուկի հոսքերի արդյունքում: Գանգեսը հանդիսանում է Էոսի «ճյուղավորումը»: Գանգեսի հատակը հիմնականում կազմված է բերածո նստվածքներից, որոնց նյութերը նույնացվում են պատերի քանդված նյութի հետ:
Քրիսե հարթավայր [խմբագրել]
Մարիների հովիտների ամենաարևելյան մասում է գտնվում Քրիսե հարթավայրը, որտեղ վայրէջք է կատարել Վիկինգ-1 իջեցվող սարքը: Քրիսե հարթավայրը տեղակայված է ընդամենը մեկ կիլոմետր ավելի բարձր քան Մարիների հովիտների ամենացածր կետը: Այստեղ տեղանքը քաոտիկ է, որը հիշեցնում է Վաշինգտոն նահանգի արևելյան մասի տեղանքը: Երկրի վրա այս կառուցվածքը առաջացել է պլեյստոցենում, հավանաբար, աղետային ջրհեղեղների հետևանքով: Քրիսեյում, ինչպես և Վաշինգտոնում, կան արցունքանման «կղզիներ», երկարավուն հոսանքներ, հարթ մակերևույթներ տարբեր բարձրությունների վրա:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գ. Ա. Բուրբա (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները։ Նաուկա, 85։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Մարս մոլորակի 1:20 000 000 մասշտաբի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
- ↑ (1992) Երկրային խմբի մոլորակների և նրանց արբանյակների ատլաս։ МИИГАиК հրատարակչութոյւն, 208։
Տես նաև [խմբագրել]
- Ագատոդեմոն, «ջրանցք», հայտնաբերված Պերսիվալ Լոուելի կողմից: Այժմ նույնացվում է հովիտների արևմտյան մասի հետ:
- Հյուսիսային խորխորատ, խոշոր կիրճ Մարսի հյուսիսային բևեռային գլխարկի շրջանում:
Գրականություն [խմբագրել]
- Պիտեր Կատերմոլ (2001)։ Մարս` գաղտնիքը բացվում է։ Տերրա հրատարակչություն։
- Նիկ Հոֆման (2000)։ Սպիտակ Մարսը` Մարսի մակերևույթի և մթնոլորտի նոր մոդելը հիմնված CO2-ի վրա։ Ակադեմիկ Պրեսս։
- Հովարդ, Կոչել և Հոլտ. Կոլորադոյի սարահարթի չորային առանձնահատկությունները. Մոլորակների երկրաբանության համեմատական ձեռնարկ; ՆԱՍԱ; 1988:
- Ուայթբեք, Տանակա և Սքոթ; Մարիների հովիտներ շրջանի աշխարհագրական քարտեզը, Մարս; USGS I-2010; 1991:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Մարիների հովիտների լուսանկարներ Google.Mars-ում
- Մարիներների հովիտների վրայով թռիչքի համակարգչային մոդելավորում
|
||||||||||||||||||||||||||