Jump to content

Կյանք մահից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյանք մահից հետո կամ հանդերձյալ կյանք, կրոնափիլիսոփայական գաղափար՝ մահից հետո մարդու գիտակից կյանքի շարունակության մասին։ Մեծամասամբ նման պատկերացումների հիմքում հոգու անմահության հավատն է, որը հատուկ է շատ կրոնական և կրոնափիլիսոփայական ուսմունքների։ Հանդերձյալ կյանքի մասին պատկերացումները տարբեր կրոններում տարբեր են։ Հուդայականության և քրիստոնեության մեջ այն արտահայտվում է մահացածներից հարություն առնելու հավատով, համաձայն որի՝ ապագայում մահացած մարդիկ հարություն են առնելու Աստծո շնորհիվ։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հանդերձյալ կյանքի մասին տարատեսակ պատկերացումների՝ մահից հետո շարունակում է ապրել անհատի բուն էությունը, որը կարող է նրա ինչ-որ մասնիկը լինել կամ ամբողջ հոգին։ Այն տալիս է անձնային նույնականություն կամ նիրվանա։ Հանդերձյալ կյանքի հակադարձը մահից հետո մոռացման հավատն է։ Մի շարք տեսություններ պնդում են, որ մահից հետո գոյությունը հոգևոր ոլորտն է ընդգրկում, իսկ համաձայն հայտնի տեսությունների մի ստվար զանգվածի էլ՝ անհատը կարող է վերածնվել և նորից սկսել կյանքի բոլորաշրջանը՝ մոռանալով իր նախկին կյանքի մասին։

Այդպիսի վերածնունդները կարող են կատարվել այնքան, մինչև մարդը հասնի հոգևոր ոլորտի մակարդակին և գնա այլ աշխարհ։ Հանդերձյալ կյանքի մասին հիմնական պատկերացումները ծագում են կրոններից, էզոթերիզմից և մետաֆիզիկայից։ Ըստ մի շարք հավատների համակարգերի՝ այդ թվում աբրահամիզմի՝ մահից հետո մարդիկ՝ իրենց կյանքում կատարած արարքներին համապատասխան, գոյության նոր մակարդակի են անցնում՝ դատվելով Աստծո դատաստանի կողմից։ Հնդկական կրոններում՝ վերածննդի մասին ուսմունքների մեջ, շարունակական կյանքի բնույթը ուղղակիորեն որոշվում է ապրած կյանքում կատարած արարքներով։

Տարբեր մետաֆիզիկական մոդելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեիստները հավատում են անդրշիրիմյան կյանքին։ Որոշ ոչ թեիստական կրոնների ներկայացուցիչներ նույնպես հավատում են հանդերձյալ կյանքին, բայց այն նրանց համար ունի ոչ աստվածային բնույթ։ Սադդուկեի հրեական փիլիսոփայական դպրոցը հավատացել է Աստծո գոյությանը, բայց ոչ հանդերձյալ կյանքին[1]։ Բազմաթիվ կրոններ՝ անկախ նրանից, հավատում են այլ աշխարհում հոգու գոյությանը (ինչպես քրիստոնեությունը կամ իսլամը) թե վերածննդին (ինչպես բուդդայականությունը և հինդուիզմը), համարում են, որ անդրշիրիմյան կյանքում մարդու կարգավիճակը պարգև է կամ պատիժ՝ կախված նրա ապրած կյանքից։

Վերամարմնավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերամարմնավորումը (կոչվում է նաև վերածնունդ կամ հոգիների տեղափոխում) կրոնական կամ կրոնափիլիսոփայական հայացքների համակարգ է, համաձայն որի՝ գոյի մի մասը յուրաքանչյուր մահից հետո նոր կյանք է սկսում՝ այլ ֆիզիկական մարմնի մեջ։ Այն Սամսարայի վարդապետության մի մասն է և բուդդայականության, հինդուիզմի, ջայնիզմի ու սիկհականության հիմնական աքսիոման[2]։ Վերամարմնավորման գաղափարը հանդիպում է բազմաթիվ հին մշակույթներում։ Իրենց ուսմունքներում վերածննդի մասին խոսել են այնպիսի հույն իմաստասերներ, ինչպիսիք են Պյութագորասը, Սոկրատեսը և Պլատոնը[3]։ Այն նաև սպիրիտիզմի, թեոսոֆիայի, էկկանկարի, սաենթոլոգիայի ընդհանուր հավատն է։ Վերամարմնավորմանը հավատում են նաև Ավստրալիայի, Արևելյան Ասիայի, Սիբիրի, Հարավային Ամերիկայի ցեղային համայնքներում[4]։

Քրիստոնեությունը, հուդայականությունը և իսլամը չեն հավատում վերամարմնավորմանը՝ բացառությամբ այդ կրոնների մեջ առանձին խմբերի, որոնք են կաբալան, կաթարները, ալավիները, դրուզները և ռոզենկրեյցերը[5]։ Ըստ ռոզենկրեյցների՝ մահից հետո մարդը վերանայում է իր կյանքը՝ նախքան անդրշիրիմյան աշխարհ մուտք գործելը և արծաթե թելի կտրվելը, ինչին հաջորդում է դատաստանը, որն էլ վերջնական որոշում է կայացնում նրա կյանքի վերաբերյալ։

Դրախտ և դժոխք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկինքը, դրախտը, յոթ երկինքները, մաքուր հողերը, Թիենը, Ջաննաթը, Վալհալլան կամ ամառային երկիրը ընդհանուր կրոնական, տիեզերական կամ անդրանցիկ վայր է, որտեղ ապրում են աստվածներ, հրեշտակներ, ջիներ, սրբեր կամ հարգված նախնիներ։ Համաձայն որոշ կրոնական հավատալիքների՝ երկնային էակները կարող են իջնել երկիր կամ մարմնավորվել, իսկ երկրային էակները կարող են բարձրանալ երկինք՝ մահից հետո, բացառիկ դեպքերում՝ կենդանի ժամանակ։

Երկինքը հաճախ նկարագրվում է որպես ամենասուրբ վայր՝ դրախտ, ի տարբերություն դժոխքի կամ ենթաշխարհի։ Դրախտը հասանելի է մարդկանց միայն այն դեպքում, եթե վերջիններս կյանքի ընթացքում ցուցաբերել են աստվածայնություն, բարություն, բարեպաշտություն, համապատասխանում են հավատքի և այլ առաքինությունների, ուղղափառության չափանիշներին։ Դրախտում կարող են հայտնվել նաև ուղղակի Աստծո կամքով։ Ոմանք հավատում են, որ ապագա աշխարհում դրախտը կարող է գոյություն ունենալ Երկրի վրա[6]։ Դժոխքը, ըստ տարբեր կրոնական և ժողովրդական ավանդազրույցների, անդրշիրմյան կյանքում պատժի և տանջանքների վայրն է[7]։

Գծային պատմությամբ կրոնները դժոխքը պատկերում են որպես հավերժական հանգրվան, իսկ շրջափուլային պատմությամբ կրոններում այն ժամանակավոր բնույթ է կրում և ընդգրկում է վերամարմնավորումների միջև ընկած ժամանակահատվածը։ Սովորաբար, այս ավանդություններում դժոխքը Երկրի մակերևույթի տակ է կամ այլ աշխարհում և հաճախ մուտքեր է ներառում երկրից։ Անդրշիրիմյան կյանքի վայրերից է նաև քավարանը։

Ավանդազրույցները, որոնք դժոխքը չեն դիտարկում որպես պատժի կամ պարգևատրման վայր, պարզապես այն բնութագրում են որպես մեռելների կացարան, գերեզման, չեզոք վայր (օրինակ՝ Շեոլ կամ Հադես), որը գտնվում է Երկրի մակերևույթի տակ[8]։

Հին եգիպտական դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրշիրիմյան կյանքը կարևոր դեր է խաղացել հին եգիպտական դիցաբանության մեջ, որի հավատքի համակարգը գրավոր պատմության ամենավաղ օրինակներից է։ Երբ մարմինը մահանում էր, հոգու մասերը, որոնք հայտնի են որպես կա (մարմնի նմանակ) և բա (անհատականություն), տեղափոխվում էին մահացածների թագավորություն։ Մինչ հոգին ապրում էր Իալույի դաշտերում, Օսիրիսը աշխատանք էր պահանջում՝ իր տրամադրած պաշտպանության դիմաց։ Գերեզմաններում տեղադրված էին արձաններ՝ մահացածներին փոխարինելու համար[8]։

Անդրշիրիմյան կյանքում պարգևատրում ստանալը դժվար փորձություն էր, որը պահանջում էր անպիղծ սիրտ և «Մեռյալների գրքի» կախարդությունները, գաղտնաբառերը և բանաձևերը կարդալու կարողություն։ Մահացածի սիրտը կշռում էին Երկու Ճշմարտությունների սրահում՝ կշեռի մյուս նժարին դնելով Շուի ճշմարտության և արդարության փետուրը, որը վերցված էր աստվածուհի Մաատի գլխաշորից[9]։ Եթե փետուրն ավելի թեթև լիներ, մահացածը կարող էր անցնել առաջ, հակառակ դեպքում՝ նրան կխժռեր դև Ամմիթը[10]։

Եգիպտացիները հավատացել են նաև, որ մումիավորումը և սարկոֆագի (հին եգիպտական «դագաղ»՝ զարդարված սիմվոլներով, նախշերով, նկարներով և հիերոգլիֆներով) մեջ տեղադրումը անդրշիրիմյան կյանք ունենալու միակ եղանակն է։ Ըստ նրանց՝ եթե մարմինը պատշաճ կերպով բալզամով պատված և թաղված լիներ մաստաբայի մեջ, մահացածները կկարողանային ապրել Յալուի դաշտերում և ուղեկցել արևին իր ամենօրյա ճանապարհորդության ընթացքում։ Անդրշիրիմյան կյանքի վտանգավոր լինելու պատճառով՝ «Մեռյալների գիրքը» դրվում էր դագաղում՝ մարմնի, սննդի, թանկարժեք իրերի և «հմայությունների» հետ։ Եգիպտացիները նաև բերանի բացման ծիսակատարություն էին կատարում[11][12]։

Հին եգիպտական քաղաքակրթության կորիզը կրոնն էր, իսկ մահից հետո վերածննդի հանդեպ հավատը՝ նրանց թաղման սովորույթների շարժիչ ուժը։ Մահը համարվում էր պարզապես ժամանակավոր ընդհատում և ոչ թե կյանքի ամբողջական դադար։ Եգիպտացիները հավատում էին, որ հավերժական կյանքը կարող էր ապահովվել աստվածապաշտության, մումիայի միջոցով ֆիզիկական կազմվածքի պահպանման և քանդակների ու թաղման այլ սարքավորումների տրամադրման շնորհիվ։ Համարվում էր, որ յուրաքանչյուր մարդ բաղկացած էր ֆիզիկական մարմնից, կայից, բայից և ակհից։ Անունը և ստվերը նույնպես կենդանի էակներ էին։ Անդրշիրիմյան կյանքից հաճույք ստանալու համար այս բոլոր տարրերը պետք է պաշտպանված լինեին վնասներից[13]։

Հին հունական և հռոմեական կրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն աստված Հադեսը հունական դիցաբանությունում հայտնի է որպես ստորգետնյա աշխարհի թագավոր, մի վայր, որտեղ հոգիներն են ապրում՝ մահից հետո։ Հույն աստված Հերմեսը՝ աստվածների ավետաբերը, մեռած մարդու հոգին տանում էր ստորգետնյա աշխարհ (երբեմն կոչվում էր Հադես կամ Հադեսի տուն)։ Հերմեսը հոգիները թողնում էր Ստիքս գետի ափին՝ կյանքի ու մահվան միջև։

Ըստ ավանդության՝ եթե հոգին ոսկի ունենար, հայտնի լաստանավորդ Քարոնը այն գետով տեղափոխելու էր Հադես։ Դրա համար հուղարկավորությունից հետո հարազատները մետաղադրամ էին դնում մահացածի լեզվի տակ։ Հադես տեղափոխվելուց հետո հոգին, դատվելով Էակոսի, Ռադամանտուսի և Մինոս թագավորի կողմից, ուղարկվելու էր Էլիզիումի, Տարտարոսի, Ասֆոդելյան կամ պատժի դաշտեր։ Ելիսեյան դաշտերը նրանց համար էին, որոնք ապրել էին մաքուր կյանքով։ Այնտեղ կանաչ դաշտեր, հովիտներ և լեռներ էին, բոլորը խաղաղ էին և գոհ, արևը միշտ փայլում էր։ Տարտարոսն այն մարդկանց համար էր, որոնք հայհոյում էին աստվածներին կամ պարզապես ապստամբ և գիտակցաբար չար էին։

Ասֆոդելյան դաշտերը նախատեսված էին բազմաբնույթ մարդկային հոգիների համար․ նրանց, ում մեղքերը հավասար էին իրենց բարությանը, որոնք անվճռական էին եղել իրենց կյանքում կամ դատապարտված չէին։ Պատժի դաշտերը այն մարդկանց համար էին, որոնք հաճախ էին մեղանչել, բայց ոչ այնքան, որ գնային Տարտարոս։ Տարտարոսում հոգին պատժել են լավայում այրելով կամ ծխի վրա ձգելով։ Հունական լեգենդների որոշ հերոսներին թույլատրվել է այցելել ստորգետնյա աշխարհ։ Հռոմեացիները նույնպես ունեին հանդերձյալ կյանքի մասին հավատալիքների նման համակարգ, որտեղ Հադեսին համարժեք էր Պլուտոնը։ Հերակլեսի քաջագործությունների մասին առասպելում նրա առաջադրանքներից մեկը ստորերկրյա աշխարհ գնալն էր և Կերբերոսին՝ երեքգլխանի պահապան շանը բռնելը։

«Սկիպիոնի երազը» գրքի մեջ Ցիցերոնը նկարագրել է, թե ինչպես է հոգին ճամփորդում մոլորակի վերևում՝ հեռվից նայելով փոքրիկ աշխարհին[14]։

Վերգիլիոսի «Էնեական» 4-րդ գրքում Էնեասը գնում է ստորգետնյա աշխարհ՝ տեսնելու իր հորը։ Ստիքսի գետի մոտ նա տեսնում է նրանց հոգիները, ովքեր արժանի ձևով չեն թաղվել, և սպասում են գետի մոտ, մինչև որևէ մեկը թաղի նրանց։ Ներքևում բացի մահացածներից, նրան նաև ցույց են տալիս վշտի դաշտերը, այն վայրը, որտեղ ապրում են անարդարացիորեն դատապարտված մարդիկ և նրանք, որոնք ինքնասպան են եղել և այժմ զղջում են դրա համար, այդ թվում՝ Էնեասի նախկին սիրեկանը, Տարտարոսի (որտեղ ապրում են տիտանները և օլիմպիացիների հզոր թշնամիները) ռազմիկները և ստվերները, որտեղ նա լսում է բանտարկյալների հառաչանքները, տեսնում Պլուտոնի պալատը և Էլիզիումի դաշտերը, որտեղ ապրում են աստվածային և խիզախ հերոսների ժառանգները։ Նա տեսնում է մոռացության գետը՝ Լեթան, որից մահացածները ջուր են խմում, որ մոռանան իրենց կյանքը և սկսեն ամեն ինչ նորից։ Վերջապես, Էնեասի հայրը նրան ցույց է տալիս Հռոմի բոլոր ապագա հերոսներին, որոնք կապրեն, եթե նա կատարի իր առաքելությունը քաղաքի հիմքում։

Սկանդինավյան դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդդիի բանաստեղծություններն ու արձակ գործերը սկանդինավյան դիցաբանության մեջ հանդերձյալ կյանքի մասին տեղեկատվության ամենահին աղբյուրներն են, որոնցում տարբերակվում են մի քանի թագավորությունների նկարագրություններ։ Առավել հայտնի են՝

  • Վալհալլա (հին սկանդինավյան լեզվով՝«Սպանվածների, այսինքն՝ ընտրյալների սրահ»), ճակատամարտում զոհված զինվորների կեսը միանում է Օդին աստծուն, որն Ասգարդում ղեկավարում է Վալհալլա կոչվող վեհաշուք դահլիճը։
  • Fólkvangr (հին սկանդինավյան լեզվով՝ «Ռազմական դաշտ»), ճակատամարտում զոհված զինվորների մյուս կեսը մեծ մարգագետնում միանում է աստվածուհի Ֆրեյին, որը հայտնի է Ֆոլկվանգր անվամբ։
  • Հել (հին սկանդինավյան լեզվով՝ «Փակ դահլիճ»), այս մենաստանը նման է Հադեսին։ Այնտեղ կա Ասֆոդելյան մարգագետինների նման մի վայր, և մարդիկ, որոնք ո՛չ բարի են եղել, ոչ՛ էլ չար, մահից հետո տեղափոխվում են այնտեղ և միանում իրենց սիրելիներին։
  • Նիֆլհել (հին սկանդինավյան լեզվով՝ «Մութ» կամ «մշուշոտ Հել»), այս թագավորությունը հունական Տարտարոսի համարժեքն է։ Սա Հելից ավելի խորը և վատթար մակարդակ է, և նրանք, ովքեր խախտում են երդումները և այլ նողկալի արարքներ են կատարում, ուղարկվում են այնտեղ՝ իրենց նմանների մեջ լինելու և դաժան պատիժներ կրելու համար։

Աբրահամյան կրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահայի հավատքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բահայի ուսմունքի՝ հանդերձյալ կյանքի բնույթը դուրս է կենդանի մարդկանց գիտակցության սահմաններից, ինչպես դեռ չծնված պտղի համար խորթ է արգանդից դուրս գտնվող աշխարհը։ Բահայի համաձայն՝ հոգին անմահ է և մահից հետո շարունակում է զարգանալ՝ մինչև Աստծո ներկայությանը հասնելը։ Հանդերձյալ կյանքում հոգիները պահում են իրենց անհատականությունն ու գիտակցությունը, կարող են շփվել կյանքի ընթացքում իրենց մտերիմ եղած հոգիների (օրինակ՝ իրենց ամուսինների) հետ[15]։

Բահայի գրերում նշվում է նաև հանդերձյալ կյանքում հոգիների միջև տարբերության մասին։ Հոգիները հանդերձյալ աշխարհում գնահատում և վերլուծում են իրենց ապրած կյանքը և հասկանում իրենց արաքների հետևանքները։ Կյանքի ընթացքում Աստծուն երկրպագած հոգիներն ուրախանում են, իսկ մոլորության մեջ ապրածները՝ ափսոսում բաց թողնված հնարավորությունների համար։ Այնտեղ հոգիները կարող են գնահատել միմյանց ձեռբերումները, եթե հասել են նույն մակարդակին[15]։

Քրիստոնեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիական հանգանակը և ժամանակակից գործածման մեջ անգլերեն տարբերակները ներառում են հետևյալ արտահայտությունը. «Սպասում ենք մահացածների հարությանը և հաջորդ դարի կյանքին»։

Երբ սադդուկեյը Հիսուսին հարցրել է մահացածների հարության վերաբերյալ, նա պատասխանել է, որ հարություն առնողները լինելու են երկնքի հրեշտակների նման։ Հիսուսը նաև հաղորդել է, որ կգա ժամանակ, երբ մահացածները կլսեն Աստծո Որդու ձայնը, և բոլորը դուրս կգան դագաղներից, բարի գործ կատարածները՝ հարություն առնելու, չարագործները՝ դատապարտվելու համար։

Ենոքի գրքում Շոելը նկարագրվում է որպես չորս մասի բաժանված տարածք՝ չորս տիպի մահացածների համար։ Դրանք էին դրախտում հարության սպասող հավատարիմ սրբերը, իրենց մրցանակին սպասող բարեգործները, արդեն պատժված չարագործները, որոնք հարություն չեն առնի Դատաստանի օրը և իրենց պատժին սպասող չարագործները։ Ենոքի գիրքը անվավեր է համարվում քրիստոնեական և հուդայական դավանանքների մեծամասնության կողմից։

Երկրորդ Մակավեյան գիրքը հստակ տեղեկություն է տալիս մահացածների, հարության ու դատի սպասողների մասին, ինչպես նաև ուղորդում է մահացածներից մեղքը մաքրելու համար ճիշտ աղոթքներ ասելու և զոհաբերություններ անելու հարցում։

Կտակարանի հեղինակը Լուկայի միջոցով պատմում է Լազարի ու մի հարուստի մասին և նկարագրում է մարդկանց անդրաշխարհում, որոնք սպասում են հարության՝ սփոփանքի կամ տանջանքների մեջ։ Անկեղծության գրքի հեղինակը գրում է Աստծո և նրա հրեշտակների մասին, որոնք ժամանակների ավարտի էպիկական պայքարում, երբ բոլոր հոգիները դատապարտելի կլինեն, կռվելու են Սատանայի ու նրա դևերի դեմ։ Հիշատակում կա անցյալ մարգարեների ուրվականների և վերափոխման մասին։

Պողոսի և Ֆեկլի ոչ կանոնադրական գործերում խոսվում է մահացածների համար այն աղոթքների մասին, որոնց շնորհիվ նրանք կարող են «հայտնվել երանելի վիճակում»։

Հիպողիտոս Հռոմեացին ընդհատակյա աշխարհը (Հադեսը) պատկերում է որպես մի վայր, որտեղ տեղափոխված բարեպաշտ մեռելները Աբրահամի գրկում սպասում են իրենց հարությանը, ուրախանում են իրենց ապագա կյանքի համար, իսկ անբարեպաշտները տանջվում են «չհանգչող կրակների լճի» տեսքից, որտեղ նրանց վիճակված է ընկնել։

Գրիգոր I պապը, գրելով «քավարանի կրակի» մասին, կրկնել է մեկ դար առաջ Գրիգոր Նյուսացու առաջադրած հայեցակարգը, ըստ որի, մարդկանց հոգիները մահից հետո քավում են իրենց մեղքերը, «մաքրվում են»։

«Քավարան» բառն (լատին․՝ purgatorium, «մաքրման տեղ») առաջին անգամ օգտագործվել է մահից հետո փրկվածների «ցավոտ մաքրագործումը» նկարագրելու համար։ Ածականական ձևով (purgatorius - a -um, մաքուր) օգտագործվել է ոչ կրոնական գրականության մեջ, ինչպես նաև այնպիսի քրիստոնյաների կողմից, ինչպիսիք են Օգոստինոս Երանելին և Գրիգոր I պապը։

Լուսավորության դարաշրջանում թեոլոգներն ու իմաստասերները ներկայացրել են զանազան փիլիսոփայություններ ու համոզմունքներ։ Ականավոր թեոլոգ Էմանուել Սվեդենբորգը գրել է մոտ 18 թեոլոգիական աշխատություն, որոնց մեջ նկարագրել է հանդերձյալ կյանքը։ Նրա գործերում պատկերված դրախտում ժամանակ և տարածություն գոյություն չունի, բոլոր հրեշտակներն ամուսնացած են, դաստիարակում են իրենց երեխաներին։ Նկարագրված է նաև մահից հետո հոգիների աշխարհում արթնանալու գործընթացը (դրախտի և դժոխքի ճանապարհին գտնվող վայրը, որտեղ մարդիկ արթնանում են մահից հետո)։ Հետաքրքրական է, որ նրա գործերում մարդիկ ազատ են ընտրել դժոխքի և դրախտի միջև՝ ի տարբերություն տարածված պատկերացումների, որ Աստված է որոշում մահացածների ուր գնալը։ Ըստ նրա՝ դժոխքը հավերժ է (այնտեղից ցանկության դեպքում հնարավոր է դուրս գալ, բայց անհնար է ցանկանալ այդ), և բոլոր հրեշտակներն ու սատանաները նախկինում հասարակ մահկանացուներ են եղել։

Կաթոլիկ եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենցո Սկուպոլիի «Հոգևոր հայհոյանք» գրքում ասվում է, որ մահվան պահին «խորամանկը» հարձակման չորս փորձ է անում։ Ըստ հանդերձյալ կյանքի վերաբերյալ կաթոլիկ հայեցակարգի՝ մահանալուց հետո հոգիները կանգնում են Աստծո Դատաստանի առաջ. ապաշխարած և անմեղ մարդիկ դրախտ են գնում, իսկ իրենց գործած մեղքերի համար չզղջացողները ընկնում են դժոխք։ 1990-ական թվականներին կաթոլիկ եկեղեցու Կատեխիզիսը դժոխքը դիտարկել է որպես մեղսագործի՝ Աստծուց ինքնահրաժարման վայր, այլ ոչ թե պատժարան։ Ի տարբերություն քրիստոնեական այլ դավանանքների՝ կաթոլիկ եկեղեցին հավատում է, որ երանության մեջ մեռնող, բայց ծանր մեղք կրող հոգիները ընկնում են քավարան, որտեղ իրենց մեղքերը քավելուց հետո անցնում են դրախտ։

Չնայած տարածված կարծիքի, Միջին դարերի աստվածաբանների կողմից ստեղծված «լիմբոս» տերմինը իրականում երբեք չի ճանաչվել կաթոլիկ եկեղեցու դոգմա, այլ եղել է Եկեղեցու ներսում տարածված աստվածաբանական թեորիա։ Լիմբոսի համաձայն՝ չմկրտված, բայց անմեղ հոգիները, ինչպիսիք են նորածինների, բարերարների հոգիները, որոնք ապրել են երկրի վրա մինչև Հիսուս Քրիստոսի ծնունդը, կամ նրանք, ովքեր մահացել են մինչ մկրտությունը, ոչ՛ դրախտ են ընկնում, ոչ՛ էլ դժոխք։ Այդ հոգիները արժանի չեն Երանության տեսիլքին և ոչ մի պատժի չեն ենթարկվում, քանզի մեղք չեն գործել, բայց չմկրտվելու պատճառով կրում են նախածին մեղքը։ Այդպես նրանք հայտնվում են բնական, բայց ոչ գերբնական երջանկության մեջ՝ մինչև ժամանակների ավարտը։ Այլ քրիստոնեական դավանանքներում այն նկարագրված է որպես միջանկյալ տեղ կամ բանտարկվածության կարգավիճակ՝ մոռացության ու քամահրանքի մեջ[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вениамин (Пушкарь) Священная Библейская история Ветхого Завета.
  2. нп3 Buddhism After Patriarchy: A Feminist History, Analysis, and Reconstruction of Buddhism. — State University of New York Press, 1993. — С. 148. — ISBN 978-1-4384-0513-1
  3. Charles Taliaferro, Paul Draper, Philip L. Quinn A Companion to Philosophy of Religion. — John Wiley and Sons, 2010. — С. 640.
  4. Gananath Obeyesekere Imagining Karma: Ethical Transformation in Amerindian, Buddhist, and Greek Rebirth. — University of California Press, 2002. — С. 15.
  5. Hitti, Philip K Origins of the Druze People and Religion, with Extracts from their Sacred Writings. — Columbia University Oriental Studies. — С. 13–14. — ISBN 0-86356-690-1
  6. «Рай». Правмир. 31 октября, 2015.
  7. «Ад». Азбука Веры.
  8. 8,0 8,1 Richard P. Taylor Death and the afterlife: A Cultural Encyclopedia. — ABC-CLIO, 2000. — ISBN 0-87436-939-8
  9. Bard, Katheryn Encyclopedia of the Archaeology of Ancient Egypt. — Routledge, 1999.
  10. Kathryn Demeritt Ptah's Travels: Kingdoms of Ancient Egypt. — 2005. — С. 82.
  11. Glennys Howarth, Oliver Leaman Encyclopedia of death and dying. — 2001. — С. 238.
  12. Natalie Lunis Tut's Deadly Tomb. — 2010. — С. 11.
  13. Fergus Fleming, Alan Lothian Ancient Egypt's Myths and Beliefs. — 2011. — С. 96.
  14. N. Sabir Heaven Hell Or. — 2010. — С. 147.
  15. 15,0 15,1 Smith, Peter A concise encyclopedia of the Bahá'í Faith. — Oxford: Oneworld Publications, 2000. — С. 96–97, 118–19, 135–36, 322–23. — ISBN 978-1-85168-184-6
  16. «"limbo – definition of limbo by the Free Online Dictionary, Thesaurus and Encyclopedia"». The Free Online Dictionary.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանք մահից հետո» հոդվածին։