Հանդերձյալ աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիիստոսը դրախտի բանալին հանձնում է Պետրոս առաքյալին

«Հանդերձյալ աշխարհ», ըստ կրոնադիցաբանական պատկերացումների երևակայական աշխարհ, որտեղ մարդկանց մահվանից հետո իբր շարունակվում է նրանց կյանքը (հոգին կամ նաև մարմնապես)։ «Հանդերձյալ աշխարհ» գաղափարն առաջ է եկել դեռևս այն ժամանակ, երբ մարդն իր և շրջապատի մասին ունեցած պարզունակ պատկերացումներով կարծել է, թե մարդկային կյանքը տեղափոխվում է նաև իրական աշխարհից դուրս, որ, մասնավորապես, անմահ է նրա հոգին։ Այդ պրոցեսում մեծ դեր են կատարել նաև մարդկանց հոգեբանական ապրումները՝ հատկապես սարսափը մահվան և սերը կյանքի նկատմամբ հաճախ արտահայտել է աշխարհի կատարյալ լինելու ցանկությունը և ընդունվել է որպես երկրային կյանքի շարունակություն, սակայն առանց վերջինիս թերությունների։

Պատմական զարգացման ընթացքում մահը և «Հանդերձյալ աշխարհ» մեկնաբանվել են յուրովի։ Հին եգիպտացիների համար երկրային կյանքը միջոց էր ապագա կյանքի համար՝ այստեղից էլ մահացածների մումիացման սովորույթը և նրանց պաշտամունքը։ Հունական մշակույթի ծաղկման շրջանում անհատը դիտվում էր որպես իրական աշխարհում գործող հասարակական-քաղաքական էակ, այդ պատճառով «Հանդերձյալ աշխարհ» համարվում էր ստվերների թագավորություն։ Հին հայերի պատկերացմամբ, մարդու մահից հետո հոգին անջատվում է մարմնից և շարունակում իր կյանքը։ Իշխել է նաև «Հանդերձյալ աշխարհ»-ում մարմնապես ապրելու գաղափարը։ Այս պատճառով մահացածների համար դամբարաններ են կառուցել, նրանց հետ թաղել ստրուկներին, հարազատներին, զենք, ուտելիք և այլն։

Հասարակության սոցիալական շերտավորման հետևանքով[փա՞ստ] առանձնացել են դժոխքի և դրախտի գաղափարները։ «Հանդերձյալ աշխարհ»-ի պատկերացումը սկսել է կատարել մարդկանց սոցիալ-դասակարգային վարքի կարգավորման ու գնահատման ֆունկցիա և մարդկանց ապակողմնորոշել կյանքի իրական խնդիրներից։ Կյանքի իմաստը, մարդկության գոյության նպատակը կապվել է «Հանդերձյալ աշխարհ»-ի հետ, կյանքը համարվել է լոկ ժամանակավոր փորձություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 220