Jump to content

Կարելիայի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարելիաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարելիա
Կարելիայի Հանրապետություն
ռուս.՝ Респу́блика Каре́лия,
կարել.՝ Karjalan Tazavalda,
ֆիններեն՝ Karjalan tasavalta,
վեպս.՝ Karjalan Tazovaldkund
Կարելիայի Հանրապետության դրոշ Զինանշան


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասն էՀյուսիս-արևմտյան դաշնային շրջան և Կարելիա
ՀիմնAnthem of the Republic of Karelia?
ԿարգավիճակՀանրապետություն
Մտնում էՌուսաստան
ՎարչկենտրոնՊետրոզավոդսկ
Օրենսդրական մարմինLegislative Assembly of the Republic of Karelia?
Հիմնական լեզուռուսերեն
Պաշտոնական լեզուներռուսերեն
Բնակչություն (2010)
643 548 (68 տեղ)
Տարածք172400  (20 տեղ)
Հիմնադրված է16 հուլիսի 1956 թ. թ.
Սահմանակցում էԼենինգրադի մարզ, Վոլոգդայի մարզ, Արխանգելսկի մարզ, Մուրմանսկի մարզ, Հյուսիսային Օստրոբոտնիա, Կաինուու, Հյուսիսային Կարելիա, Հարավային Կարելիա և Լապլանդիա
Ժամային գոտիUTC+3
ՓոխարինեցԿարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ISO 3166-2 կոդRU-KR
Ավտոմոբիլային կոդ10
gov.karelia.ru

Կարելիայի Հանրապետություն, Կարելիա, Ռուսաստանի դաշնային սուբյեկտ։ 1920 թվականի հունիսի 8-ին ստեղծված Կարելական աշխատանքային կոմունան (ինքնավար մարզային միավորումը) 1923 թվականի հուլիսի 25-ին վերակազմվել է Կարելական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետության։ Արևելքից ողողվում է Սպիտակ ծովով, հարավից՝ Լադոգա և Օնեգա լճերով, արևմուտքից սահմանակից է Ֆինլանդիային։ Տարածությունը 172,4 հազար կմ2 է, բնակչությունը՝ 736 հազար (1979)։ Ունի 15 շրջան, 12 քաղաք, 45 քաղաքատիպ ավան։ Մայրաքաղաքը՝ Պետրոզավոդսկ։

Անվանումն առաջացել է կարել ժողովրդի անունից[1]։

Պետական կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելական ԻԽՍՀ-ն սոցիալիստական համաժողովրդական պետություն էր, խորհրդային ինքնավար հանրապետություն։ Պետական իշխանության բարձրագույն մարմինը՝ միապալատ Գերագույն խորհուրդը, կազմում է հանրապետության կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում Գերագույն դատարան։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդում Կարելական ԻԽՍՀ ներկայացնում էին 11 դեպուտատ։ Պետական իշխանության տեղական մարմինները ժողովրդական դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական խորհուրդներն էին։ Կարելական ԻԽՍՀ դատախազին նշանակում էր ԽՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով։

Մակերևույթը բլրավետ հարթավայր է՝ ցայտուն արտահայտված սառցադաշտային հետքերով։ Մակերևույթի առավել բարձրադիր մասը արևմուտքում և հյուսիս-արևմուտքում Մանսելկյա լեռն է (578 մ) և Արևմտա-Կարելական բարձրությունը (417 մ)։ Սպիտակ ծովի ափերին շատ են ծոցերն ու ծովախորշերը։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր, երկաթ, փայլար։ Կարելիայում ձմեռը երկարատև է, համեմատաբար մեղմ, ամառը՝ զով, օդի հարաբերական խոնավությունը՝ բարձր։ Հույիսի միջին ջերմաստիճանը 14-16 °C է, փետրվարինը՝ -9 °C-ից -13 °C։ Տարեկան տեղումները հարավ-արևմուտքում 600 մմ են, հյուսիսում՝ 400- 500 մմ։ Վեգետացիոն շրջանը 70-125 օր է։ Նշանավոր են Կեմ, Վիգ, Կերետ, Վոդլա, Սունա, Շույա գետերը, որոնք կարճ են, ջրառատ, ունեն զգալի անկում։ Գետերն օգտագործվում են հիդրոէներգիայի ստացման և լաստառաքման համար։ Կարելիան ունի 40 հազար լիճ, որոնց թվում Լադոգան և Օնեգան։ Հողերը պոդզոլային, ճահճա-պոդզոլային և ճահճային են։ Հանրապետության տարածքի 50%-ը անտառածածկ է, 18%-ը՝ ճահճապատ, որտեղ տորֆի պաշարները կազմում են 4 միլիարդ տոննա։ Կենդանական աշխարհը բազմազան է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնիկները կարելներն են, բնակվում են նաև ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ, ֆիններ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 4,2 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 78%։ Խոշոր քաղաքներն են Պետրոզավոդսկը, Սորտավալան, Կեմը, Կոնդոպոգան, Բելոմորսկը, Սեգեժան, Մեդվեժիեգորսկը։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելիայի տերիտորիայում մարդու բնակության հնագույն հետքերը վերաբերում են մոտավորապես մ. թ. ա. 6-րդ հազարամյակին։ Ժայռապատկերները վկայում են, որ մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակներում այստեղի բնակիչները հիմնականում զբաղվել են ձկնորսությամբ և որսորդությամբ։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակի կեսին սկզբնավորվել են երկաթե գործիքների արտադրությունը, անասնապահությունն ու հողագործությունը։ Մ. թ. 1-ին հազարամյակի վերջին Կարելական պարանոցը և հյուսիսային Մերձլադոգյան շրջանները բնակեցված են եղել կարելներով, որոնց մի մասը մ. թ. 2-րդ հազարամյակի սկզբին տեղաշարժվել է դեպի Սպիտակ ծովի ափերը։ 9-րդ դարից մինչև 11-րդ դարի սկիզբը Կարելիայի տերիտորիան Կիևյան Ռուսիայի կազմում էր, իսկ նրա մասնատումից հետո՝ 11-րդ դարին ենթարկվեց Նովգորոդին։ 11-15-րդ դարերում տեղի ունեցավ անցումը նախնադարյան համայնական հասարակարգից ֆեոդալական հարաբերյոթյունների (այդ ժամանակ հիմնականում ձևավորվեց կարելական ազգությունը)։ 12-13-րդ դարերում Կարելիայի վարչական կենտրոնը դարձավ Կորելա (Պրիօզյորսկ) քաղաքը։ 13-րդ դարում շվեդները զավթեցին Կարելիայի մի մասը և կառուցեցին Վիբորգ ամրոցը (1293)։ Վիբորգի և Սայմա լճի շրջանում ապրող կարելները կտրվեցին Կարելիայի հիմնական տերիտորիայից։ Վերջինս 1478 թվականին, նովգորոդյան հողերի հետ, մտավ Ռուսական պետության կազմի մեջ։ 1617 թվականին Ռուսաստանը հարկադրված Շվեդիային թողեց Կարելական պարանոցը, 1721 թվականի Նիշտադյան հաշտության պայմանագրով ետ ստացավ։ 13-րդ դարում Կարելիայի զգալի մասը մտավ Պետերբուրգի, ապա Նովգորոդի նահանգի մեջ, 1784 թվականին ստեղծված Օլոնեցի նահանգը (կենտրոնը՝ Պետրոզավոդսկ) 1796 թվականին վերացվեց, վերականգնվեց 1801 թվականին։ Կարելիայի մնացած տերիտորիան մտավ Վիբորգի և Արխանգելսկի նահանգների մեջ։ 18-րդ դարի 2-րդ կեսից Կարելիայում զարգացան կապիտալիստական հարաբերությունները։ 1861 թվականին ճորտատիրական իրավունքի վերացումից հետո երևան եկան փայտամշակման գործարաններ, աճեց արդյունաբերական և սեզոնային բանվորների քանակը։ 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ Պետրոզավոդսկում տեղի ունեցավ գործադուլ, 1906 թվականի գարնանը ստեղծվեց սոցիալ-դեմոկրատական խմբակ, իսկ 1907 թվականին՝ ՌԽԴԲԿ կոմիտե։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Կարելիայում առաջացան խորհուրդներ։ Կարելիայում խորհրդային իշխանություն հաստատվեց 1917 թվականի նոյեմբեր - 1918 թվականի ապրիլին։ Սակայն հյուսիսային Կարելիան զավթեցին ինտերվենտները։ 1920 թվականի փետրվար-մարտին կարմիր բանակը ազատագրեց ամբողջ Կարելիան։ 1920 թվականի հունիսի 8-ին Համառուսաստանյան Կենտգործկոմի դեկրետով ստեղծվեց ինքնավար մարզ՝ Կարելական աշխատանքային կոմունա։ 1921 թվականի սեպտեմբերին ստեղծվեց ՌԿ(բ) կ-ի Կարելիայի մարզային կոմիտե։ Կարելիայի ժողովրդական տնտեսության վերականգնումը 1921-1922 թվականներին ընդհատվեց սպիտակֆինների ինտերվենցիայով։ Ինտերվենտների արտաքսումից հետո 1923 թվականի հուլիսի 25-ին Կարելական աշխատանքային կոմունան վերածվեց Կարելական ԻԽՍՀ-ի։ Մինչպատերազմյան հնգամյակների տարիներին Կարելիայում ծավալվեց ինդուստրացումը, վերակառուցվեցին փայտամշակման գործարանները, զարգացան արդյունաբերական նոր ճյուղեր։ 1933 թվականին գործարկվեց Սպիտակ-Բալթիկծովյան ջրանցքը։ Երկրորդ հնգամյակի վերջին գրեթե ավարտվեց կոլեկտիվացումը։ 1937 թվականին ընդունվեց հանրապետության սահմանադրությունը։ Կարելիայում իրականացավ կուլտուրական հեղափոխությունը։ 1940 թվականի մարտի 31-ին Կարելական ԻԽՍՀ-ն վերանվանվեց Կարելաֆիննական ԽՍՀ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945) Կարելիայի տերիտորիայի մեծ մասը գրավեցին գերմանա-ֆաշիստական և ֆինական զորքերը։ Կարելիայից ավելի քան 100 հազար մարդ մարտնչեց խորհրդային բանակի շարքերում և պարտիզանական ջոկատներում։ 1944 թվականի հունիսի 28-ին ազատագրվեց Պետրոզավոդսկը։ Կարելիայի հազարավոր աշխատավորներ արժանացան կառավարական պարգևների, 26-ին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1950 թվականին արդեն վերականգնվել էր պատերազմի հետևանքով քայքայված ժողովրդական տնտեսությունը։ 1956 թվականի հունիսի 16-ին Կարելաֆիննական ԽՍՀ վերանվանվեց Կարելական ԻԽՍՀ։ Կարելիան պարգևատրվել է Լենինի (1965), Հոկտեմբերյան հեղափոխության (1970) և [[Ժողովուրդների բարեկամության շքանշան|Ժողովուրդների բարեկամության (1972) շքանշան]]ներով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելիան ինդուստրիալ-ագրարային ինքնավար հանրապետություն է։ Առաջատար են անտառամթերման, փայտամշակման, թաղանթանյութի-թղթի, մեքենաշինության, մետաղամշակման, շինանյութերի արտադրության, էլեկտրա-էներգեաիկական և ձկնարդյունաբերության ճյուղերը։ Էլեկարաէներգեաիկ տնտեսության մեջ վճռական դեր են խաղում Սունա, Կեմ, Վիգ և մյուս գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի կասկադները։ Արդյունաբերական նշանակություն ունեցող փայտանյութի մթերումը 1977 թվականին կազմել է 12377 հազար մ3, թղթինը՝ 985,7 հազար տոննա։ Փայտամշակման արդյունաբերությունը ներկայացված է իր բոլոր ենթաճյուղերով՝ անտառասղոցման, շինարարական դետալների, նրբատախտակի, կահույքի, դահուկների, թղթի-թաղանթանյութի և այլ նյութերի արտադրությամբ։ Այս ճյուղի խոշոր կենտրոններն են Պետրոզավոդսկը, Բելոմորսկը, Մեդվեժիեգորսկը, Սեգեժան և այլն։ Մեքենաշինության ճյուղերից միութենական նշանակություն ունի տրակտորաշինությունը (Պետրոզավոդսկ), զարգացած է նավաշինությանը, նավանորոգումը, թուղթ արտադրող մեքենաների արտադրությունը։ Զարգանում է ալյումինի արդյունաբերությունը (Նադվոիցկի), շինանյութերի արդյունահանումը։ Առավել զարգացած է ձկնարդյունաբերությունը։ Գյուղատնտեսության մեջ առաջատարը կաթնային անասնապահությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են հանրապետության տարածքի մոտ 1,5%-ը։ Ցանքատարածությունները 71 հազար հեկտար են, որի 84%-ը զբաղեցնում են կերային կուլտուրաները, 1,5%-ը՝ կարտոֆիլն ու բանջարեղենը։ Տրանսպորտի ճյուղերից վճռական դեր են խաղում երկաթուղայինը և ջրայինը։ Երկաթուղու երկարությունը 2 հազար կմ է (1971), միութենական կարևոր նշանակություն ունեն Սպիտակ-Բալթիկծովյան ջրանցքը, և Օնեգա-Լադոգա լճերով կատարվող նավարկությունը։ Զարգացած է նաև ավտոտրանսպորտը։ Պետրոզավոդսկը օդային գծերով կապված է Մոսկվայի, Լենինգրադի, Արխանգելսկի և այլ քաղաքների հետ։

Լուսավորություն և առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1976 ուսումնական տարում կար 582 նախադպրոցական հիմնարկ, բոլոր տեսակի 447 հանրակրթական դպրոց, 17 հատուկ միջնակարգ ուսումնական հաստատություն, 26 պրոֆտեխնիկական ուսումնարան, երկու բուհ և Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի Պետրոզավոդսկի մասնաճյուղը։ Ունի (1978) 533 մասսայական գրադարան (7,3 միլիոն կտոր գիրք և հանդես), 480 ակումբային հիմնարկ, Կարելական պետական հայրենագիտական (Պետրոզավոդսկ), Օլենեցկի շրջանային հայրենագիտական թանգարաններ, Պատմա-ճարտարապետական թանգարան-արգելանոց, Կարելական ԻԽՍՀ կերպարվեստի (Պետրոզավոդսկ), հայրենագիտական (Մեդվեժիեգորսկ) թանգարաններ։ Գործում են 4 թատրոն, պետական ֆիլհարմոնիա, 570 կինոսարքավորում, պիոներների և դպրոցականների պալատներ, պիոներների 17 տուն, մանկական այգիներ, պատանի տեխնիկների և պատանի բնախույզների կայաններ։ 1978 թվականին հանրապետությունում գործել են 116 հիվանդանոց՝ ավելի քան 11 հազար մահճակալով (14,3 մահճակալ 1000 բնակչին), 142 ամբուլատորիա և պոլիկլինիկա, կանանց 74 կոնսուլտացիա, 211 մանկամսուր։ Բնակչությանը բուժօգնություն են ցույց տվել ավելի քան 3 հազար բժիշկ (1 բժիշկ 345 բնակչին) և ավելի քան 8 հազար միջին բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում Պետրոզավոդսկի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Գործում են Մեդվեժյա գորա, Մարցիալնիե վոդի, Սորտավալա կուրորտները։

Մամուլ, ռադիո, հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում շուրջ 20 թերթ և 10 հանդես, այդ թվում՝ «Նեուվոստո Կարիյալա» («Սովետական Կարելիա», 1920 թվականից, ֆիններեն), «Լենինսկայա պրավդա» (1918 թվականից) և «Կոմսոմոլեց» (1920 թվականից) հանրապետական թերթերը և «Պունալիպպու» («Կարմիր դրոշ», 1940 թվականից, ֆիններեն), «Սևեր» (1940 թվականից) հանդեսները։ Հանրապետական ռադիոն և հեռուստատեսությունը հաղորդումները վարում են ֆիններեն և ռուսերեն, վերահաղորդումներ են տրվում Մոսկվայից։

Գիտական հիմնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունն ուներ 17 գիտական հիմնարկություն, այդ թվում ԽՍՀՄ ԳԱ Կարելական բաժանմունքը (միավորում է 4 ինստիտուտ և 2 բաժանմունք), անտառային արդյունաբերության ինստուտը, ձկնատնտեսության հյուսիսային ԳՀԻ, «Կարելքաղնախագիծ»-ը և այլն։ Պետրոզավոդսկում ցելյուլոզային մեքենաշինության ԳՀԻ-ի և «Տյաժբումմաշ» գործարանի հիման վրա ստեղծվել է «Ցելյուլոզմաշ» գիտա-արտադրական միավորումը։ Բուհերում և ԳՀԻ-ներում աշխատում է ավելի քան 1400 գիտական աշխատող։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավորը ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և զարգացել ֆիններենով ու ռուսերենով։ Համաշխարհային ճանաչում ունի կարել և ֆինն ժողովուրդների <Կալեալա> էպոսը։ Կարելիայի խորհրդային գրականության ստեղծման գործում նշանակալից տեղ է գրավում բանաստեղծ Օտ. Վիրտանենի (1889-1939) ստեղծագործությունը։ 30-ական թվականներին ձևավորվեց խորհրդային ռեալիզմը։ Խ.Տիխլիի (1872-1944) «Տերևը շրջվում է» (1934-1936) երկհատոր գիրքը, Է.Պարրասի (1884-1939) «Յումյուվաարայի բնակիչները» (1933) վեպը պատմում են գյուղացիությանը դեպի հեղափոխություն տարած ուղիների մասին։ Նախապատերազմյան տարիներին երկրամասի վերափոխումն է Թ.Գութարիի (1907-1953) պոեզիայի, Ս.Նորինի (1909-1942) ակնարկների ու պատմվածքների բովանդակությունը։ Այդ շրջանում են ստեղծագործել վիպասան Օ.Յոհանսոնը (1892-1939), դրամատուրգ Ռ.Ռուսկոն (1898-1939), Վ.Չեխովը (1901)։ Ետպատերազմյան շրջանում Կարելիայի գրականությունը համալրվել է նոր անուններով (ֆիններ Ու.Վիկստրեմ, Տ.Սումմանեն, Ֆ.Տրոֆիմով, Ա.Լինևսկի, Դ.Գուսարով, 1924, կարելներ Ա.Տիմոնեն, Պեկկա Պերաու, Ն.Լայնե և այլն)։ Վ.Մորոզովի (1932-1959), Վ.Էրվաստի (1913-1947), Գ.Կիկինովի (1923-1964) և այլ բանաստեղծների ստեղծագործություններ աչքի են ընկնում քնարականությամբ։ Խորհրդային մարդուն բազմակողմանի պատկերելու միտումն արտահայտվել է հատկապես էպիկական մեծ ժանրերում (Տիմոնենի «Հայրենի արահետներով», 1958, Գուսարովի «Մարդու արժեքը», 1963, Տրոֆիմովի «Գեղեցիկ երկիր», 1969 և այլն)։ Պատմահեղափոխական ժանրում ներդրում են Ն.Յակկոլայի (1905-1967) «Ջրբաժան» (գիրք 1-4, 1949-1966), Լինևսկու «Սպիտակ ծով» (գիրք 1-3, 1952-1965) գործերը Վիկստրեմի «Սուոմին կրակի մեջ» (1968) վեպը և այլն։ Կարելիայի գրականության մեջ հնչում են բանաստեղծների, արձակագիրների նոր ձայներ։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելիայում փայտի ճարտարապետության զարգացումը պայմանավորված է անտառային մեծ տարածություններով։ Ինչպես ռուսական հյուսիսի այլ շրջաններում, այստեղ ևս հանդիպում են ուղղանկյուն, երկլանջ տանիքով գերանաշեն եկեղեցիներ (Մուրոմի վանքի Լազարևյան եկեղեցին, 14-րդ դարի վերջ), վրանածածկ տաճարներ (Լինդօզերո, 1634, Կոսմօզերո, 1720 և այլ գյուղերում)։ 17-րդ դարի 2-րդ կեսից կառուցվել են եկեղեցիների նոր տիպեր, խորանարդաձև (Վիրմա գյուղի եկեղեցին, 1759) և բազմագմբեթ (Կիժիի երկու Օնեգա լիճը եկեղեցիները)։ 18-րդ դարից զարգացել է քարի ճարտարապետությունը (Պետրոզավոդսկի Շրջանաձև, այժմ Լենինի անվան հրապարակը՝ կառուցապատված կլասիցիզմի ոճի շենքերով, 1775, ճարտարապետ Ե.Ս.Նազարով)։ Խորհրդային կարգերի օրոք շինարարությունը լայն թափ է ստացել։ Վերակառուցվել են հին քաղաքները (Պետրոզավոդսկ, Օլոնեց, Կեմ), հիմնադրվել են նորերը (Մեդվեժիեգորսկ, Բելոմորսկ, Սեգեժա)։ 1940-1950-ական թվականներին ճարտարապետության մեջ կիրառվել են օրդերային տարրեր (Պետրոզավոդսկում՝ Կապի տունը, 1950, ճարտարապետ Ա.Անդրեև, Կարելական ԻԽՍՀ Ռուսական դրամատիկական թատրոնը, 1953-1955, ճարտարապետ Ս.Բրոդսկի, Հանրային գրադարանը, 1959, ճարտարապետ Կ.Գուտին) Փայտի ազգային ճարտարապետ զարդամոտիվներ, (Պետրոզավոդսկի ամառային կինոթատրոնը, 1949, ճարտարապետ Մ.Ստարչենկո)։ 1960-1970-ական թվականներին կառուցվել են խոշոր արտադրական և հասարակական շենքեր (Վիգօստրովի ՀԷԿ-ը, 1961, Ֆիննական դրամատիկական թատրոնը Պետրոզավոդսկում)։ 1943 թվականին հիմնվել է ԽՍՀՄ ճարտարապետների միության Կարելական ԻԽՍՀ մասնաճյուղը։

Սպիտակ ծովի և Օնեգա լճի ափերին պահպանվել են ժայռապատկերներ (կենդանիներ, որսի տեսարաններ և այլն)։ Նոր քարի դարի շրջանին են վերագրվում նաև զարդապատ խեցեղենի Մ.Ա. Իգնատևա՝ «Զաօնեժյե։ Նատյուրմորտ», լինովարագրություն (1966) կտորները, տղամարդկանց և կանանց սխեմատիկ արձանիկները։ Կարելիայի սրբանկարչությունը հայտնի է 14-15-րդ դարերից («Պողոս և Պետրոս», 15-րդ դարի սրբապատկեր, Կարելական ԻԽՍՀ կերպարվեստի թանգարան)։ 16-րդ դարի սրբանկարչության մեջ ի հայտ են եկել տեղային հատկանիշներ (պրիմիտիվ տեխնիկա, պարզ գեղանկարչական լեզու)։ Սրբանկարչությունը զարգացել է մինչև 18-րդ դարի, 19-րդ դարի վերջնականապես կորցրել գեղարվեստական արժանիքները։ 20-րդ դարին սկզբնավորվել է աշխարհիկ կերպարվեստը, որի կազմավորմանը մեծապես նպաստել է պերեդվիժնիկների հետևորդ Վ.Ն.Պոպովը, որը ղեկավարել է Պետրոզավոդսկի գեղարվեստական դպրոցը (1919-1921) և ժողովրդական ստեղծագործության տանը կից կերպարվեստի ստուդիան (բացվել է 1936 թվականին)։ 1940 թվականին ստեղծվել է հանրապետության նկարիչների միությունը։ 1950-1970-ական թվականներին գեղանկարչությունում կարևոր տեղ են գրավում բնանկարը (Ս.Խ.Յունտունեն, Բ.Ն.Պոմորցև), դիմանկարը (Ֆ.Է.Նիեմինեն), նատյուրմորտը (Լ.Ֆ.Լանկինեն, Վ.Մ.Ավդիշևա)։ 1950-ական թվականներին զարգացել է գրաֆիկան (Ա.Ֆ.Կոլցով, Զ.Ե.Լվովիչ, Ս.Ի.Գրյազև, Մ.Ա.Իգնատևա և ուրիշներ), 1960-1970-ական թվականներ՝ դիմաքանդակն ու ժանրային արձանագործությունը։ Ժողովրդական դեկորատիվ արվեստում գերակշռողը փայտի ակոսավոր ու ցանցկեն քանդակումն է, որ զարդարում է եկեղեցիները, տները, կահույքը, ամանեղենը։ Տարածված է նաև ասեղնագործությունը։ «Վլասի», հատված Օլոնեցկու շրջանի Ինեմա գյուղի 15-րդ դարի վերջի, 16-րդ դարի սկզբի սրբանկարից (այժմ՝ Կարելական ԻԽՍՀ կերպարվեստի թանգարանում, Պետրոզավոդսկ)։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելական ժողովրդական հարուստ ու բազմազան երգարվեստը ձևավորվել և զարգացել է հարևան ժողովուրդների հետ շփման ոլորտում։ Նրա հնագույն տարատեսակներից են ռունները (կարելա-ֆիննական էպիկական երգեր)։ Ժողովրդական երաժշտական գործիքներից են՝ կանտելե (կսմիթային), յոուխիկո և վերսիկանել (աղեղնավոր), կեչակեղևից պատրաստված հովվական եղջերափող։ Ազգային պրոֆեսիոնալ երաժշտական առաջին երկերից են՝ Գ.Ռ.Սինիսալոյի «Անտառի հսկաները» սիմֆոնիան (1948) և «Սամպո» բալետը (1959), Ռ.Ս.Պերգամենտի «Կումոխա» կոմիկական օպերան (համերգային կատարումը՝ 1949, 2-րդ խմբային բեմադրությունը 1959) և «Այնո» սիմֆոնիկ պոեմը (1937), Է.Պատլաենկոյի «Սիմֆոնիկ ռուններ» սյուիտը և այլն։ Կարելիայում գործում են՝ Կարելական ԻԽՍՀ երաժշտական թատրոնը (հիմնադրվել է 1955), Կարելական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը (հիմնադրվել է 1933), «Կանտելե» երգի ու պարի անսամբլը (հիմնադրվել է 1936), ֆիլհարմոնիան (հիմնադրվել է 1939), Լենինգրադի կոնսերվատորիայի բաժանմունքը (հիմնադրվել է 1967), երաժշտական ուսումնարանը (հիմնադրվել է 1938), 17 երաժշտական դպրոց։ 1937 թվականին հիմնադրվել է Կարելական ԻԽՍՀ կոմպոզիտորների միությունը։

1918-1920 թվականներին Կարելիայում գործել է դրամայի ռուսական ժողովրդական թատրոնը (ղեկավար՝ Ն. Վ. Պետրով)։ 1929 թվականին բացվել է ռուսական դրամատիկական թատրոնը (1955 թվականից՝ երաժշտա-դրամատիկական, 1970 թվականից՝ Կարելական ԻԽՍՀ Ռուսական դրամատիկական թատրոն)։ 1932 թվականին ստեղծվել է Կարելիայի առաջին ազգային ֆիննական դրամատիկական թատրոնը։ Բեմադրություններից են՝ Կ. Ա. Տրենյովի «Լյուբով Յարովայա» (1935), Մ. Գորկու «Եգոր Բուլչըևը և ուրիշները» (1940), Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները» (19661935 թվականին Պետրոզավոդսկում հիմնվել է Տիկնիկային թատրոն։ Թատերական գործիչներից են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ե. Ս. Տոմբերգը, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ Դ.Կ.Կարպովան, Տ.Ի.Լանկինենը, Կարելական ԻԽՍՀ ժողովրդական արտիստներ Վ. Դ. Տոմաշևսկայան, Բ. Ի. Խոտյանովը։

Հայերը Կարելիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելիայի հայ համայնքը ձևավորվել է 1980-ական թթ. վերջին 1990-ական թթ. սկզբին։ 2003 թվականի տվյալներով հանրապեաությունում բնակվում է շուրջ 2 հազար հայ, մեծ մասը՝ Պետրոզավոդսկում, որի հրապարակներից մեկում խաչքար է տեղադրված։ Պետրոզավոդսկը և Էջմիածինը քույր քաղաքներ են[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  2. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 467։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարելիայի Հանրապետություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 316