Տնտեսագիտական գաղափարները միջնադարյան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմական նախադրյալներ տնտեսագիտական նոր գաղափարների ձևավորման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում ստրկատիրական հասարակությանն աստիճանաբար փոխարինեց ֆեոդալիզմը, որը մեծ տեղ գրավեց համաշխարհային պատմության մեջ, անմասն չթողնելով նաև Հայաստանը։ Ֆեոդալիզմի յուրահատկություններից էր արտադրող ուժերի զարգացման խթանումը և իր ճկունության շնորհիվ աշխատուժի վերարտադրման երևույթը։ Ֆեոդալական հասարակության մեջ տնտեսական և քաղաքական իշխանությունը պատկանում էր մեկ մարդու՝ ֆեոդալին։ Շահագործվողը ճորտ կախյալ գյուղացին էր, ով ֆեոդալին էր տալիս իր աշխատածի հավելյալ արդյունքը, ունենալով ընդ որում սեփական աշխատանքային գործիքները, իրենց գոյությունն ապահովող փոքրիկ տնտեսությունը։ Միջնադարյան ֆեոդալիզմն այն արտադրաեղանակն էր, որի տնտեսական հիմքը հողի նկատմամբ ֆեոդալի մենաշնորհն էր։ Գյուղացիները կազմում էին ճորտատիրության տնտեսական բազան։ Միաժամանակ, տնտեսությունների ստրուկները կցվել էին հողին և վերածվել անձնապես ազատ արտադրողի՝ հողագործի։ Հայաստանում ֆեոդալիզմը տիրապետող դարձավ III-IV դարերում։ Այն ձևավորվեց ստրկատիրական տնտեսությունների, ցեղատոհմային կացութաձևի, գյուղական համայնքների քայքայման հիման վրա։ Վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանն այստեղ համընկավ Արշակունյաց թագավորության և մարզպանության գոյության հետ։ Եկամտի գլխավոր աղբյուր էր դարձել չճորտացված գյուղացու տնտեսությունը։ Միջնադարյան Հայաստանում տնտեսական կյանքը բարելավվեց Տրդատ Գ-ի և նրա որդի Խոսրով Կոտակի գահակալության տարիներին։ Ըստ Փավստոս Բուզանդի, Խոսրով Բ Կոտակի թագավորության շրջանում բնորոշ էին «խաղաղությունը և շինարարությունը, մարդաշատությունը և առողջությունը, պտղաբերությունը, առատությունը, գործի հաջողությունը»։ Միջնադարը նշանակալի էր շինարարական լայն գործունեությամբ, անտառատնկման աշխատանքներով, որոնք արդյունքում կենդանիներով լցվում և որսատեղի էին դառնում։ Միջնադարյան Հայաստանում ֆեոդալական հարաբերությունների գործընթացը պասսիվացավ արաբական արշավանքների բացասական ազդեցությունների պատճառով, որոնք դրսևորվեցին նաև տնտեսական կյանքի բոլոր ոլորտների վրա։ Շուտով հողը և ընդերքը համարվեցին պետական սեփականություն։ Արաբական տիրաետության շրջանում ուժեղացան հարկային ճնշումները։ Հայաստանը զարգացած ֆեոդալիզմին անցավ IX-րդ դարի երկրորդ կեսից, երբ ի դեմս Բագրատունիների, հայ ազատագրական պայքարն իր արդյունքները տվեց։ Երկրին սպասվում էին բնակչության աճ, արտադրության գործիքների կատարելագործում, տնտեսական կյանքի աշխուժացում, որը հիմնովին քայքայվեց հետագայում՝ թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ XIII-րդ դարի 1-ին կես։ Մոնղոլները ջանում էին երկրի տնտեսական կյանքը համապատասխանեցնել իրենց քոչվորական պարզունակ այմաններին, զարգացնելով միայն անասնապահությունը։ Ֆեոդալական ավագանու հիմնական կորիզը նախարարներն էին։ Հիմնական և տիրապետող ձևը նախարարական հողատիրությունն էր։ Հողային տիրույթի չափով էր որոշվում նախարարների ուժն ու իշխանությունը։ Ոստանիկները[1] իրենց ծառայության դիմաց արքունի կալվածքներից ստանում էին տիրույթներ` որպես «պարգևականք»։ Միջնադարում ֆեոդալական հողատիրության ձևերից էր նաև եկեղեցական կալվածատիրությունը։ Եկեղեցուն հարկատու էին դարձել 150 հազար բնակիչներ, ովքեր բնակվում էին նախկին հեթանոսական տաճարներին պատկանող գյուղերում։

Արշակունյաց թագավորության վերջին շրջանում արդեն եկեղեցին իր ձեռքում կենտրոնացրեց հողային հսկայական տարածքներ, վանքապատկան գյուղեր, անասունների հոտեր։ Չբավարարվելով թագավորի ու նախարարների կողմից եկեղեցուն պարբերաբար տրվող հողային տիրույթներով, հոգևորականությունն իր կալվածքները, նվիրատվություններից զատ, ընդարձակում էր նաև բռնագրավումների միջոցով[2]։

Վանքերը, եկեղեցին պետությանը կամ իշխանին հարկ չէին վճարում, չնայած հավելյալ արդյունք էին ստանում իրենց տիրույթում ապրող գյուղացիներից։ Եկեղեցական հողերն օտարելի չէին, ենթակա չէին նվիրելու, կամ վաճառելու համար։ Եկեղեցական հողատիրությունը նման էր աշխարհիկ հայրենական-ժառանգական և պարգևական հողատիրության ձևերին։ Միջնադարում զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ընդարձակվեցին մշակելի հողատարածությունները, ջրանցքների ու ջրամբարների վերականգնման ու կառուցման մի փուլ սկսվեց։ Ոռոգումը խիստ հրատապ էր չորային կլիմա ունեցող Հայաստանի համար և զարկ տվեց բերքատվության բարձրացմանը։ Հացահատիկային տնտեսության զարգացումը հանգեցրեց նրան, որ ֆեոդալներն սկսեցին զբաղվել արտաքին առևտրով՝ մեծ քանակությամբ ցորեն արտահանելով այլ երկրներ։ Միջնադարյան Հայաստանի տնտեսական կյանքում կարևոր էր արհեստների դերը, որոնք մի կողմից կապված էին գյուղատնտեսական հումքի վերամշակման, մյուս կողմից՝ հանքահանության, մետաղամշակության զարգացման հետ, ինչպես նաև քարի, անտառանյութի կիրառման։ Արհեստագործությունն աստիճանաբար վերածվեց արտադրության ընդհանուր բնագավառի։ Արհեստագործությունն աստիճանաբար կյանքի կոչեցին ակտիվ առևտուրը, ներքին շուկան զարգացավ։ Առաջացավ վաճառականների դաս՝ իր առևտրական կապիտալով։

Տնտեսական գաղափարների գործադրումը միջնադարյան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկահավաքություն Միջնադարյան Հայաստանում խիստ էր դրված հարկահավաքության գործընթացը։ Գյուղացին, որպես համայնքի անդամ պարտավոր էր իր տնտեսությունում արտադրված արդյունքը հարկերի տեսքով փոխանցել հողատիրոջը, որես հողից օգտվելու վարձ (ռենտա)։ Գյուղական համայնքը հողատերերին հանձնվող հարկահավաք մի օղակ էր։

Բնատնտեսություն Միջնադարյան ֆեոդալական տնտեսության վարման գաղափարներում իր ուրույն տեղն ունի բնատնտեսության առկայությունը։ Գյուղացին հազիվ իր և ընտանիքի պահանջներն էր կարողանում բավարարել արտադրանքի իրեն մնացած մասով։ Պարզ վերարտադրությունն էր տնտեսության զարգացման ընթացքը, իսկ հավելյալ ստացված արդյունքը իրացվում էր բնեղենով։

Գյուղացու ստացած արտադրանքը նշված շրջանում ապրանքային բնույթ չուներ, գերակշռում էր փակ բնատնտեսությունը։ Գյուղացու ընտանիքը հացահատիկն աղալու կամ ձավար ստանալու նպատակով օգտագործում էր երկանքը, սանդը, աղորիքը, ջրաղացքարը, մանում էր բուրդը, բամբակը, մազը, ներկում թելը, գործում էր կտորեղեն, պատրաստում հագուստ, ոտնաման

:

Հողի պետականացում VII-IX դարերում, երբ Հայաստանում տիրապետողն արաբական խալիֆայությունն էր, արաբները կիրառեցին հողը պետականացնելու և ժառանգական իրավունքները վերացնելու քաղաքականություն։ Հողի համար գանձվում էր խարաջ (հողահարկ), ըստ արաբների կոչվում էր «խարաջային հողատիրություն»։ Մուսուլման վերաբնակիչների համար ստեղծվել էր հողային պետական ֆոնդ՝ «կատայյի»։

Հողատիրության նոր ձև «Հայրենիք» էր անվանվում հողատիրության նոր ձևը։ Ժառանգական խոշոր հողատիրության հիման վրա արմատավորվեց հողատիրության «հայրենիք» ձևը, որն իր նմանությունն ուներ ռուսական «վոտչինային»։ Նախկին սեպուհներն ինքնուրույն ֆեոդալ էին դարձել և կոչվում էին գահակալ իշխաններ։ Նրանց տիրապետության տակ էին պայմանական տիրույթներ, որոնք անվանվել են պարգևականք, արքայատուրք։ Պարգև ստացողը, սակայն, իրավունք չուներ գործարք կատարելու հողի հետ առանց պարգևողի համաձայնության։

Աշխատանքի ձևեր Միջնադարում այգեգործության մեջ տիրապետում էր կոռային աշխատանքը։ Կար նաև վարձու աշխատանք, երբ ֆեոդալը պահում էր հատուկ այգեգործներ և այգեպաններ։ Վարձատրությունը կախված էր ստացված բերքից և հաստատուն չէր։

Գնային քաղաքականություն Միջնադարյան Հայաստանի շուկայում վաճառվող ապրանքների գները որոշում էր իշխանությունը, ովքեր առաջնորդվում էին տարվա բարեբերությամբ, ապրանքի առատության կամ պակասության հաշվառմամբ։ Գների փոփոխությունը տեղի էր ունենում քաղաքային վարչության, արհեստավորկան եղբայրության, ավագանու համաձայնությամբ։

Առևտրային քաղաքականություն Հայաստանը առևտրական ճանապարհների խաչմերուկում էր և արտաքին առևտրական զարգացած կապեր ուներ, որոնք, չնայած, խիստ կրճատվեցին արաբական արշավանքների, ապա՝ խալիֆայության տիրապետության ժամանակ։ Արտաքին առևտուրը բուռն զարգացում ապրեց Բագրատունիների թագավորության ժամանակ։ Բագրատունիները հոգում էին ճանապարհների ապահովության մասին, պշտպանում ավազակներից։ Միջազգային առևտրում Հայաստանը ներկայացնում էր սեփական արտադրանքը, սպառում նաև դրսից ներմուծվող ապրանքներ։ Առևտրից բարձր եկամուտ էին ստռանում վաճառականները, ֆեոդալները, իշխանությունները։ Վաճառվող ապրանքներից և եկամտաբեր հաստատություններից գանձվում էր բաժ[3], առևտրային քարավաններից էլ՝ մաքս։

Դրամաշրջանառություն Միջնադարյան Հայաստանում առևտրի զարգացումը նպաստեց դրամաշրջանառության զարգացմանը։ Առկա էին սասանյան արծաթյա, ոսկյա դրամներ, որոնք հայկական աղբյուրները կոչում են «դահեկան»։ Հայաստանում առավել տարածված էր արծաթյա դրախման, որի քաշը 4 գրամ էր։ Շրջանառվում էին նաև վաղբյուզանդական ոսկեդրամներ, որոնք կոչվում էին «սոլիդ», քաշը՝ 4,55 գրամ էր։ Ներքին շուկայում շրջանառվում էին պղնձյա դրամները։ Պղնձյա խոշոր դրամը կոչվում էր «դանգ», քաշը՝ 7,4 գրամ։

Գրավ Հայաստանում առևտրի և դրամաշրջանառության զարգացումն առաջ բերեց վաշխառություն, որը հարստության կուտակման միջոց էր և իր հետ երևան բերեց գրավը։ Հաճախ դիմողը կարող էր վաշխառուից դրամ վերցնել գրավ դնելով իր շարժական և անշարժ գույքը, ինչը կորցնում էր, եթե չէր հասցնում մարել պարտքը։

Հարկեր Միջնադարյան Հայաստանում գանձվում էին «հաս», «սակ», «բաժ»։ «Հաս»ը իրավամբ հասանելի տուրք էր, հողային հարկ, որը վճարում էին մանր և միջին հողատերերը։ «Սակ»ը բնակչության ստորին խավերից գանձվող գլխահարկ էր։ «Բաժ»ը վաճառելի իրի դիմաց տրվող հարկն էր։ Հարկերը գանձվում էին տարվա մեջ երեք անգամ՝ հունվարին, մայիսին, դեկտեմբերին։ Գործում էր նաև զինվորական հարկ, հարկ՝ ծանր ֆիզիկական աշխատանք կատարելու տեսքով, նաև հարկ, որը կոչվում էր մարդահարկ, կամ խաշար (աշխատուժի հավաքագրում)։ Հարկային-ֆինանսական գործակալությունը կոչվում էր մաքսապետություն։ Մաքսապետին էին ենթարկվումն հարկահավաքները, մաքսատների պաշտոնյաները, շուկաների վերակացուները։

Հողատիրության ձևերը միջնադարյան Հայաստանում՝ որպես տնտեսական գաղափարների դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական մի շարք գաղափարներ գործադրվեցին ավատատիրական հողատիրության ասպարեզում, որն ուներ հիմնական հետևյալ ձևերը՝ հայրենական, պարգևականք, գանձագին։

Հայրենական Այն հողերն են, որոնք որես ժառանգություն որդին ստանում էր հորից։ Հայրենական էին թագավորին և նրա մերձավորներին պատկանող արքունի ոստանի հողերը։ Նման հողային տիրույթներ կային Հայաստանի բոլոր վայրերում։

Պարգևականք Պարգևականքը այն հողերն էին, որ զինվորականները և պետական պաշտոնյաները ստանում էին իբրև պարգև աչքի ընկնող ծառայությունների համար։

Գանձագին Գանձագինը դրամատեր աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների կողմից գնված հողերն էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թագավորի հետ ազգակցական կապեր ունեցող և նրա ոստանում տիրույթներ ունեցող մանր ազնվականներ
  2. Հայաստանի տնտեսական պատմության ուրվագծեր։ Ուս. ձեռնարկ / Լ.Զ. Անանյան. - Երևան։ ԱԱԱԱ, 2003. - 226 էջ
  3. հողի բերքից պետության բաժինը, կամ գյուղացուց վերցվող արքունական հարկ