Գլխահարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գլխահարկ, հարկատեսակ, արևելքի շատ երկրներում և միջնադարյան Հայաստանում։ Գլխահարկի միավորը մարդն էր, շունչը, այդ պատճառով հայ մատենագրության մեջ այն անվանվել է նաև «հարկ ըստ գլխոյ» և «մարդահարկ»։ Հայաստանում տարածում է գտել արաբ, տիրապետության շրջանում՝ սկսած 725 թվականից։ Գանձվել է ոչ մուսուլման հպատակներից՝ 15—60 տարիքի արական սեռի աշխատունակներից։ Բացառություն էին կազմում հաշմանդամները, կանայք, անչափահաս երեխաները, աղքատներն ու մուրացկանները։ Գլխահաարկը վերցվել է միանվագ (իսլամական, լուսնային (հիջրա) տարին բոլորելիս), իբր այլադավանների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար։ Արաբները գլխահարկ համարել են հաղթողի իրավունքով վերցվող պատերազմական ավար։ Արաբական խալիֆայությունում Գլխահարկի ենթակա հպատակները բաժանվել են երեք կարգի՝ հարուստներ, միջակ կարողության անձինք և սեփական աշխատանքով ապրող կարիքավորներ, որոնցից գանձվել է համապատասխանաբար 12, 8 և 4 դիրհեմ։ Սակայն Գլխարկի չափերը կայուն չէին, դրանք իրականում որոշվում Էին տեղական իշխանությունների հայեցողությամբ։ Արաբները Գլխահարկ մտցնելու սկզբնական շրջանում, դրամավճարին զուգընթաց, գանձել են նաև բնամթերքով։ Հետագայում, դրամական շրջանառության ընդլայնմամբ, նախապատվությունը տրվել է դրամավճարին։ Գլխահարկը հայ իրականության մեջ գոյատևել է նաև թուրք-պարսկական տիրապետության ընթացքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 96 CC-BY-SA-icon-80x15.png