Կալվածատիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալվածատիրություն, գյուղական տնտեսությունների կազմակերպչական ձև, սկզբնավորված զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (9-13-րդ դարեր)։ 9-րդ դարից հետո սահմանափակ տարածում է ունեցել Հարավարևմտյան Եվրոպայում, ուր խոշոր ավատատերերն իրենց տիրույթները վերածելով կալվածքի՝ հողին ամրացրին ենթակա գյուղացիությանը։

16-18-րդ դարերում լայնորեն տարածվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

Հայաստանում կալվածատիրությունը սկսում է ձևավորվել 9-րդ դարի վերջից։ Բագրատունիների թագավորության շրջանում (885 թվականից) գյուղական համայնքների հողերի բռնագրավման, գնումների, նվիրատվությունների շնորհիվ Հայաստանում աճում է ֆեոդալական խոշոր հողատիրություն, ձևավորվում ֆեոդալական կալվածքը։ Հիմնականում գնումների ու նվիրատվությունների ճանապարհով առաջանում է վանական (հոգևոր) կալվածատիրությունը, և Հայաստանի գրեթե բոլոր վանքերը դառնում են կալվածատեր։

Կիլիկիայի հայկական պետությունում կալվածատիրությունը ձևավորվել է 11-րդ դարի վերջից, իսկ Զաքարյան Հայաստանում 12-13-րդ դարերում իշխում էր խոշոր կալվածատիրությունը։ Զաքարյաններն իրենց զորապետներին ու ենթակա ֆեոդալներին շնորհում էին գավառներ, հողատիրույթներ, որոնք հետզհետե վերածվում էին կալվածքների, դառնում անձեռնմխելի և անօտարելի սեփականություն։ Հայկական պետականության անկումից հետո կալվածատերական առանձին բեկորներ պահպանվեցին Հայաստանի որոշ շրջաններում (Սյունիք, Գուգարք, Արցախ, Տուրուբերան, Սասուն, Ռշտունիք), Կիլիկիայում, Համշենում և այլուր։

Համեմատաբար բարվոք վիճակում էր եկեղեցական կալվածատիրությունը, որը կարողացավ օտար տիրապետության պայմաններում զգալիորեն պահպանել իր կալվածքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 183