Սյուտադելի զբոսայգի
Սյուտադելի զբոսայգի
կատ.՝ Parc de la Ciutadella | |
---|---|
![]() | |
Տեսակ | քաղաքային զբոսայգի և Jardín histórico? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բարսելոնա[1] |
Տեղագրություն | Sant Pere, Santa Caterina i la Ribera?[1] |
Հիմնվել է | 1877 |
Ճարտարապետական ոճ | կատալոնյան մոդեռնիզմ |
ԲԾՄ | 6 մետր |
Կոորդինատներ: 41°23′17.199600100008″ հս․ լ. 2°11′15.061200100001″ ավ. ե. / 41.38811100002777721° հս․. լ. 2.18751700002777794° ավ. ե. | |
Սյուտադելի զբոսայգի կամ Բարսելոնայի միջնաբերդի զբոսայգի (կատ.՝ Parc de la Ciutadella), գտնվում է Հին քաղաքի հյուսիսարևելյան մասում: Զբոսայգին բացվել է 19-րդ դարի կեսին և մի քանի տասնամյակ շարունակ եղել է քաղաքի միակ կանաչ հատվածը: Զբոսայգու տարածքում տեղակայված են մի քանի թանգարաններ, Բարսելոնայի կենդանաբանական այգին, արհեստական լիճ, ինչպես նաև Կատալոնիայի խորհրդարանը[2]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1714 թվականին` Իսպանական ժառանգության համար պատերազմում, որը շարունակվել է 13 տարի, Բարսելոնան գրավվել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի կողմից: Քաղաքը պահելու նպատակով վերջինս հրամայում է Բարսելոնայի կենտրոնում ամրոց կառուցել, որից թնդանոթները պետք է ուղղված լինեին Բարսելոնայի աղքատ թաղամասերի բնակելի տներին: Այն ժամանակ դա Եվրոպայի ամենամեծ ամրոցներից էր:
Ամրոցի կառուցման ընթացքում (1716-1729) քանդվում են բնակելի թաղամասեր, իսկ շինարարությունը ֆինանսապես ապահովելու համար իսպանական իշխանությունները մտցնում են հատուկ հարկ` El Cadestre: Այդ ժամանակից ի վեր ամրոցը մշտապես հիշեցրել է Կատալոնիայի բնակիչներին իրենց պարտությունն այդ պատերազմում, որի արդյունքում կատալոնացիները զրկվեցին ազգային ինքնիշխանությունից:
Միջնաբերդը գոյատևել է մոտ 150 տարի և միայն 19-րդ դարի կեսին, երբ ամրոցը կորցրել է ռազմական նշանակությունը, Իսպանիայի կենտրոնական իշխանությունները համաձայնել են 1869 թվականին այն քանդել: Ամրոցի շինություններից պահպանվել են մի քանիսը, որոնց թվում` Կատալոնիայի ներկայիս խորհրդարանի նստավայրը (բարոկկո ոճով այդ շենքը կառուցվել է 1716-1748 թվականներին), ինչպես նաև կապելան և նահանգապետային պալատը[3]:
1888 թվականին, երբ Բարսելոնայում կազմակերպվում է առաջին Համաշխարհային ցուցահանդեսը, միջնաբերդի զբոսայգին ընտրվել է որպես դրա անցկացման գլխավոր վայր: Ցուցահանդեսի կազմակերպման համար զբոսայգին Ժուզեպե Ֆոնտսերի նախագծով զգալիորեն վերաձևվել է անգլիական ոճով և զարդարվել շատ տաղավարներով: Զբոսայգու մուտքի մոտ տեղադրել են Ժուզեպե Վիլասեկայի նախագծած կամարը: Այգու ջահերը ստեղծվել են Պերե Ֆալկես ի Ուրպի էսքիզներով: 1892 թվականին Միջնաբերդի զբոսայգին կրկին վերաձևվել է, որպեսզի այնտեղ տեղավորեն Բարսելոնայի կենդանաբանական այգին:
Լանդշաֆտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբոսայգու լանդշաֆտի հիմքը մեծ լիճն է և կենտրոնական երեք ծառուղիները` լորենու, բարդու և ծփու: Ջրավազաններից մեկում տեղադրված է կատալոնացի քանդակագործ Ժուզեպ Լյիմոնայի «Հուսահատություն» (Desconsol) քանդակը: Քանդակագործի` քաղաքին նվիրած քանդակը դարձել է Բարսելոնայի խորհրդանիշերից մեկը:
Այգու հյուսիսային անկյունում գտնվում է Cascada շատրվանը` կառուցված դասական ոճով և զարդարված բրոնզե քանդակախմբով: Առաջին անգամ այն բացվել է 1881 թվականին` առանց քանդակային էքսպոզիցիայի, սակայն հետագա վեց տարիների ընթացքում ստացել է ներկայիս տեսքը և ցուցադրվել Համաշխարհային ցուցահանդեսում: Շատրվանի կոմպոզիցիայի շուրջ աշխատել են կատալոնացի ճարտարապետ Ժուզեպ Ֆոնսերեն (Josep Fontserè), քանդակագործներ Ռոսենդե Նոբասը (Rossend Nobas), Վենանսի Վալմիտժանան (Venanci Vallmitjana) և այն ժամանակներում քիչ հայտնի Անտոնիո Գաուդին:
Պիկասոյի հրապարակի երկայնքով գտնվում են Համաշխարհային ցուցահանդեսի համար կառուցված մի շարք շինություններ` Երեք դրակոնների ամրոցը, Ձմեռային այգին (կատ.՝ Hivernacle), Արմավենիների ծաղկաջերմոցը (կատ.՝ Umbracle):
Պլասա դե Արմաս հրապարակում` նախկին զինանոցի շենքում, տեղակայված է Կատալոնիայի խորհրդարանը: Զբոսայգու տարածքում գտնվում է Երկրաբանության թանգարանը (Բարսելոնայի ամենահին թանգարանն է) և Կենդանաբանական թանգարանը (գտնվում է Համաշխարհային ցուցահանդեսի նախկին սրճարան-ռեստորանում` Երեք դրակոնների ամրոցում):
Զբոսայգու տարածքի մոտ մեկ երրորդը գտնվում է Բարսելոնայի կենդանաբանական այգում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|