Լեո Մորերայի տուն
![]() | |
Տեսակ | բնակելի շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Էշամպլե[1] |
Վայր | Պասեո դե Գրասիա |
Հասցե | Passeig de Gràcia, 35 |
Փողոց | Պասեո դե Գրասիա |
Ճարտարապետական ոճ | կատալոնյան մոդեռնիզմ և մոդեռն |
Մասն է | list of Modernista buildings in Barcelona? |
Հիմնադրված է | 1905 |
Բացված | 1902 |
Ճարտարապետ | Լյուիս Դոմենեկ ի Մոնտաներ |
Իրադարձություններ | Ռեֆորմ |
Ժառանգության կարգավիճակ | Cultural Asset of Local Interest? |
![]() | |
![]() | |
Լեո Մորերայի տուն (կատ.՝ Casa Lleó i Morera), վեցհարկանի բնակելի շենք Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում, կատալոնյան մոդեռնի գլուխգործոցներից: Կառուցվել է 1902-1905 թվականներին Լյուիս Դոմենեկ ի Մոնտաների նախագծով: Գտնվում է Էշամպլե թաղամասում` Պասեչ դե Գրասիա 34 հասցեում: Նշանավոր Բալիոյի և Ամալյեի տների հետ կազմում է Բարսելոնայի ադամանդը, այսպես կոչված «Անհամաձայնության թաղամասի» մի մասը (թաղամասն այդպես է կոչվել այն կազմող մոդեռն շինությունների ոճային անհամապատասխանության պատճառով):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ և 20-րդ դարերում Բարսելոնան արդյունաբերական հեղափոխության ֆոնին միջնադարյան ամրոցից սկսում է վերածվել ապահով բուրժուական քաղաքի: Արագ հարստացող արդյունաբերողները միջոցներ չէին խնայում շինությունների կառուցման հարցում` միմյանց հետ մրցելով շքեղությամբ ու ճոխությամբ: Կարճ ժամանակաընթացքում Բարսելոնան վերածվում է տաղանդավոր ճարտարապետների, քանդակագործների, զարդարվեստի ներկայացուցիչների ինքնադրսևորման մրցասպարեզի: Ոչնչով աչքի չընկնող Casa Rocamora անունը կրող բնակելի տունը, որ կառուցվել էր 1864 թվականին, պատկանում էր ֆաբրիկանտ Մորերոյի ընտանիքին: 1902 թվականին ընտանիքի հայրը` Անտոնիո Մորերա ի Բուսոն, շենքի վերակառուցումը հանձնարարում է Լուիս Դոմենեկ ի Մոնտաներին, ով այդ ժամանակ կատալոնյան մոդեռնի ամենաակնառու դեմքերից էր և մրցակցում էր Անտոնիո Գաուդիի հետ: Պատվիրատուին վիճակված չէր ապրել մինչև իր պատվերի ավարտը: 1906 թվականին աշխատանքն ընդունում է նրա որդին` Ալբերտ Լեո ի Մորերան[2]: Տան սեփականատիրոջ անունը հավերժացնելու համար Մոնտաները շենքը ձևավորում է զարդապատկերով, ուր պատկերված էին առյուծներ (Lleó) ու թթենիներ (Morera):
Լեո Մորերայի տան կորացված ճակատը աչքի է ընկնում շքեղությամբ ու ձևերի բարդությամբ, քանդակային զարդապատկերներով ու զինանշանային ու բուսական մոտիվներով: Ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը անկյունային ապակեպատ ռոտոնդան է և նրա ձևերն ընդգծող շքեղ աշտարակը տան անկյունում: Շենքի առաջին հարկը գոտևորված է վարդագույն մարմարյա սյունաշարով: Ուշադրություն են գրավում պատշգամբները, որոնք եզրագծված են քարե ցանցկեն տարաձև բազրիքներով, մեծ կլորավուն պատուհանները, որոնք բաժանված են որմնասյուներով, հինգերորդ հարկի բաց շքապատշգամբները:
Լեո Մորերայի տան ճակատի և ինտերիերի քանդակային ձևավորման աշխատանքները կատարել է քանդակագործ Էուսեբի Արնաուն[3]: Առաջին հարկի պատուհանները զարդարել են ծաղիկներով երկու կանանց կերպարները, որոնք, սակայն, չեն պահպանվել: Երրորդ հարկի լայն պատշգամբների եզրերին Արնաուն տեղադրել է չորս աղջիկների քանդակներ, որոնք խորհրդանշում են տեխնիկական առաջընթացը, ինչպես այն պատկերացնում էին 20-րդ դարի սկզբին: Նրանցից յուրաքանչյուրը ձեռքերում բռնել է տեխնիկայի նորագույն ձեռքբերումների արդյունք հանդիսացող առարկաներ` լուսանկարչական ապարատ, հեռախոս, ֆոնոգրաֆ և շիկացման լամպ[4]:
Պակաս շքեղ չէ տան ներքին հարդարումը` աստիճաններ, նախշազարդ առաստաղներ, վիտրաժային ձևավորում, խճանկարային պաննո: Սակայն այդ ճոխ ինտերիերը տեսնել չի կարելի. տունը Նունես ի Նավարո ընտանիքի մասնավոր սեփականությունն է:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ (Lahuerta 2001, p. 9.) Other buildings such as Casa Calvet and Casa Trinxet were awarded the same prize between 1899 and 1906
- ↑ Illustration of the entrance.
- ↑ Permanyer, Lluís (2006). Gaudí y el modernismo. Barcelona: La Vanguardia. ISBN 978-84-931284-3-2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեո Մորերայի տուն կատեգորիայում։ |