Ամալյեի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ամալյեի տուն
Casa Amatller - Barcelona 2014.jpg
Տեսակշենք և հուշարձան
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
ՏեղագրությունԲարսելոնա[1]
ՎայրԷշամպլե[1]
ՓողոցՊասեո դե Գրասիա
Ճարտարապետական ոճկատալոնյան մոդեռնիզմ և մոդեռն
Մասն էlist of Modernista buildings in Barcelona?
Հիմնադրված է1898
Բացված1900
ՃարտարապետԺոզեպ Պուչ ի Կադաֆալկ
ՊատվիրողAntoni Amatller?
Ժառանգության կարգավիճակԿատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն և Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Պաշտոնական կայք

Ամալյեի տուն (կատ.՝ Casa Amatller), շինություն Բարսելոնայում` նեոգոթիկայի ու մոդեռնի ոճերով։ Ներկայիս տեսքը կառույցն ստացել է 1898-1900 թվականների միջակայքում ճարտարապետ Ժոզեպ Պուչ-ի-Կադաֆալկի նախագծով (կատ.՝ osep Puig i Cadafalch):

Ամալյեի տունը գտնվում է Էշամպլե շրջանի (կատ.՝ Eixample) Պասեչ դե Գրասիա փողոցում (կատ.՝ Passeig de Gràcia), Բալիոյի և Լեո Մորերայի տների հարևանությամբ և նրանց հետ համարվում է «Անհամաձայնության թաղամասի» մաս (թաղամասն այդպես է կոչվել այն կազմող մոդեռն շինությունների ոճային անհամապատասխանության պատճառով)։

Տունը կառուցվել է 1875 թվականին, իսկ 1898 թվականին այն գնել է հրուշակագործ Անտոնիո Ամալյեն` տան վերակառուցումը հանձնարարելով ճարտարապետ Պուչ-ի-Կադաֆալկին։ Աշխատանքի ընթացքում, որին մասնակցել է նկարիչների ու կիրառական արվեստի վարպետների մի ողջ խումբ, վերանայվել է տան ողջ նախագիծն ու գեղարվեստական ձևավորումը։ Տան ճակատային հատվածն ունի աստիճանաձև անսովոր տեսք, որ հոլանդական գոթիկայի գործ է հիշեցնում, իսկ վերին հարկերի պատուհանների ձևավորման մեջ նկատելի են իսպանական գոթիկայի դրսևորումները[2]։ Չորրորդ հարկի` սյունաշարով պատշգամբը զարդարված է ցանցկեն խոյակներով։ Ճակատային մասի նուրբ վարդագույնը ակնարկ է տան սեփականատիրոջ մասնագիտության։ Ճակատային հատվածի քանդակային ձևավորումը հիմնականում իրականացրել է Էուսեբի Արնաու-ի-Մասկորտը (կատ.՝ Eusebi Arnau i Mascort): Գլխավոր մուտքը զարդարված է աստվածաշնչյան թեմաներով քանդակներով, մասնավորապես` վիշապի հետ կռվող սուրբ Գևորգի պատկերով, և միջնադարյան լեգենդների սյուժեներով։ Ավելի վերև տեղադրված այլաբանական կերպարները խորհրդանշում են երաժշտությունը, ճարտարապետությունն ու քանդակագործությունը։ Մուտքի մոտ տեղադրված է նաև տան սեփականատիրոջ այլաբանական կերպարը։

Շենքն ունի երկու մուտք, որոնցից ավելի բարձրը նախատեսված է եղել կառքերի մուտքի համար։ Մուտքի դռների միջև տեղադրված է Ամալյեի տոհմական վահանը։ Տան նախասրահն ու աստիճանները բնորոշ են կատալոնյան մոդեռնին. օգտագործված է քար (սյուներ), փայտ (առաստաղ), կռած երկաթ (լամպեր), գունավոր սալիկներ (պատեր)[2]։ Տան ներքին բակը ծածկված է վիտրաժով։

1976 թվականին արքայական հրամանով Ամալյեի տունը հռչակվել է ազգային նշանակության հուշարձան։ Տան վերին հարկերում տեղակայված է Իսպանական արվեստի Ամալյե ինստիտուտը (կատ.՝  Institut Amatller d’Art Hispànic), որն ունի իսպանական արվեստին վերաբերող ընդարձակ գրադարան[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Хомбург Эльке։ «Барселона. Путеводитель»։ Վերցված է 2015-08-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]