Չնայած ներկայիս շինությունը թվագրվում է 20-րդ դարին, հիվանդանոցը հիմնադրվել է դեռևս 1401 թվականին միջնադարյան բարսելոնյան վեց բուժարանների միավորման արդյունքում[3]: 1991 թվականին Կատալոնիայի կառավարության կողմից պարգևատրվել է Սուրբ Գևորգի խաչով: Հիվանդանոցը գործել է մինչև 2009 թվականը, ինչից հետո վերածվել է ՄԱԿ-ին կից մշակութային կենտրոնի ու թանգարանի:
Հիվանդանոցային համալիրը կառուցվել է 1901-1930 թվականներին Բարսելոնայի Էլ Գինարդո (El Guinardó) շրջանում և բացվել Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի ներկայությամբ: Սան Պաու հիվանդանոցային համալիրի կառուցման ծախսերը կտակել էր ֆինանսիստ Պաու Գիլը (Paú Gil): Նրա կամքով հիվանդանոցը պետք է կոչվեր իր անունով և համապատասխաներ ժամանակի ճարտարապետական ու տեխնոլոգիական լավագույն պահանջներին: Համարվում է, որ Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների մոդեռն ոճով նախագիծը առաջ էր անցել իր ժամանակից: Ճարտարապետը հիվանդանոցը բաժանել էր բաժանմունքների, որոնք իրար էին կապված ստորգետնյա միջանցքներով: 2003 թվականին հին մասնաշենքերից հյուսիս կառուցվել են նորերը: