Լա Ռամբլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Ռամբլա
Երկիր Իսպանիա
Գտնվում էՀին քաղաք և Բարսելոնայի գոթական թաղամաս
Երկարություն1,2 կմ

Լա Ռամբլա (կատ.՝ La Rambla, իսպ.՝ La Rambla), եռաթև հետիոտնային փողոց Բարսելոնայի կենտրոնում, Իսպանիայում։ Երկարությունը կազմում է 1,2 կիլոմետր[1]։ Հանդիսանում է Գոթական (արևելյան կողմում) և Ռավալ (արևմտյան կողմում) թաղամասերի սահմանը[2][3]։ Միացնում է Պլասա դե Կատալունիան Պորտալ դե լա Պաու հրապարակին։ Մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների և տեղացիների շրջանում։

Իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան Լա Ռամբլայի վերաբերյալ մի առիթով ասել է. «աշխարհում միակ փողոցը, որ կուզենայի երբեք չվերջանար»[4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Ռամբլայի քարտեզ
Պոլիոռամա թատրոն
Լիսեո օպերային թատրոն
Կատալենես աղբյուր

Լա Ռամբլայի հյուսիսային ծայրին տեղակայված է Պլասա դե Կատալունիան՝ մի ընդարձակ հրապարակ Բարսելոնայում, որն ընդհանուր առմամբ համարվում է քաղաքի կենտրոնն ու այն վայրը, որտեղ միանում են հին քաղաքն ու 19-րդ դարում կառուցված Էշամպլեն[2]։

Լա Ռամբլայի արևելյան կողմում ընկած է Գոթական թաղամասը՝ Barri Gòtic, որը Բարսելոնայի հին քաղաքի կենտրոնն է։ Այն ունի լաբիրինթոսանման փողոցներ, փոքրիկ հրապարակներ, որոնցից շատերը միանում են Ռամբլային։ Այդ հրապարակներից մեկը Բարսելոնայի թագավորական հրապարակն է, 19-րդ դարի հրապարակ՝ բարձր արմավենիներով և փողոցային լապտերներով, որոնք ձևավորել է հանրահայտ ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Հրապարակից ոչ հեռու կարելի է տեսնել Սուրբ Էուլալիայի տաճարը և Սանտ Ժաոմ հրապարակը, որտեղ տեղակայված են Կատալունյայի կառավարական շենքերն ու Բարսելոնայի քաղաքային խորհուրդը[2]։ Ռամբլայից արևմուտք տարածվում է Ռավալ թաղամասը։ Սկզբում այստեղ եղել են տարբեր կրոնական և բժշկական հաստատություններ, ավելի ուշ դարձել է արդյունաբերական թաղամաս՝ գործարաններով և բանավաններով, իսկ դեպի նավահանգստի կողմը ձգվող տարածքում շատ են եղել գիշերային ժամանցի վայրերն ու կաբարեները։ Ռավալում են գտնվում նաև մի շարք կարևոր շինություններ, ինչպիսին է Գուելի պալատը[2]։

Ռամբլայի հարավային ծայրին Պորտ Վելլ նավահանգիստն է, իսկ հյուսիսային կողմում տարածվում է Էշամպլե շրջանը։

Լա Ռամբլան կազմված է մի քանի կարճ հատվածներից։ Նրանցից յուրաքանչյուրն ունի անվանում, ահա թե ինչու է փողոցը կրում նաև Լես Ռամբլաս տարբերակը։ Հատվածներն են Ռամբլա դե Կանալետես, Ռամբլա դելս Էստուդիս, Ռամբլա դե Սանտ Ժուսեպ կամ Ռամբլա դե լես Ֆլորս, Ռամբլա դելս Կապուչինս և Ռամբլա դե Սանտա Մոնիկա[2][3]։

Ռամբլա դե Կանալետես[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալենես (կատ.՝ Canaletes) պուրակը գտնվում է Կատալոնիայի հրապարակի մոտ։ Իր անվանումը ստացել է 19-րդ դարի աղբյուր-շատրվանից։ Այն մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում, քանի որ նրա վրա փոքրիկ վահանակի վրա գրված է. «նա, որ կխմի այս աղբյուրից, կսիրահարվի Բարսելոնային և նորից կվերադառնա այստեղ»։ Բացի դրանից շատրվանը նաև Բարսելոնա ֆուտբոլային ակումբի երկրպագուների հավաքատեղին է[2][5][6]։

Ռամբլա դելս Էստուդիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստուդիս (կատ.՝ Rambla dels Estudis) պուրակն այսպես է կոչվել, քանի որ նախկինում այստեղ տեղակայված է եղել համալսարան, որը Ֆիլիպ V թագավորի կողմից փակվել և տեղափոխվել է Սերվերա քաղաք։ Այսօր պուրակում թռչունների շուկան է։ Ճարտարապետ Ժուզեպա Ժուլիի նախագծով 1680 թվականին այստեղ կառուցվել է Վիֆլեմյան Աստվածամոր եկեղեցին։ Պոլիոռամա թատրոնը ևս գտնվում է Ռամբլայի այս հատվածում։

Ռամբլա դե Սանտ Ժուսեպ կամ Ռամբլա դե լես Ֆլորս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկների պուրակը (կատ.՝ Rambla de les Flors) կամ Ռամբլա դե Սանտ Ժուսեպը (կատ.՝ Rambla de Sant Josep) սկսվում է Պորտաֆեռիսա (կատ.՝ Portaferrissa) փողոցի անկյունից։ 1775 թվականին Մանուել դ'Ամատի (Պերուի փոխարքա) պատվերով այստեղ կառուցվել է պալատ՝ Palau de la Virreina, որտեղ հետագայում ապրել է նրա այրին։ Հանրահայտ Բոքուերիա շուկան (կատ.՝ Mercat de la Boqueria, հայտնի է նաև որպես ) ևս գտնվում է Ռամբլայի այս հատվածում[5]։ Տեղի Պլա դե լ'Օս հրապարակում է գտնվում Ժոան Միրոյի խճանկարը՝ մայթի վրա[7]։

Ռամբլա դելս Կապուչինս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապուչինների Ռամբլան (կատ.՝ Rambla dels Caputxins) սկսվում է Բրունո Կվադրասի տնից (կատ.՝ Casa Bruno Quadras)։ Այստեղ տեղակայված են Լիսեո օպերային թատրոնը (կատ.՝ Gran Teatre del Liceu, բացվել է 1847 թվականին[8]) և Բարսելոնայի առաջին՝ Պրիսիպալ թատրոնը (հիմնադրվել է 1568 թվականին և հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է)։

Ռամբլա դե Սանտա Մոնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի հարակից պուրակը կոչվում է Ռամբլա դե Սանտա Մոնիկա (կատ.՝ Rambla de Santa Mònica)։ Այն ավարտվում է Պորտալ դե լա Պաու հրապարակի մոտ (կատ.՝ Portal de la Pau)։Կենտրոնում կանգնեցված է Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը։ Կոթողի բարձրությունը 80 մետր է։ Համարվում է Բարսելոնայի խորհրդանիշներից մեկը։ Հեղինակը ճարտարապետ Գաետանա Բուիգաս ի Մոնրավան է։ Պորտալ դե լա Պաու зհրապարակում է գտնվում նաև նավաշինության շենքն ու մաքսատունը։

Երթևեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Ռամբլան նախատեսված է հետիոտն երթևեկության համար։ Փողոցն իրենից ներկայացնում է մեկ լայն և 2 հարակից նեղ փողոցներ։ Չնայած երկար լինելուն՝ տրանսպորտային որևէ միջոց չի թույլատրվում կիրառել կենտրոնական ճանապարհի վրա[2]։ Լա Ռամբլայի երկարությամբ անցնում է Բարսելոնայի մետրոպոլիտենի L3 գիծը՝ հետևյալ կայարաններով[9]՝

  • Կատալունյա, որն անմիջապես Պլասա դե Կատալունյայի կողքին է,
  • Լիսեո, որը տեղակայված է Լիսեո օպերային թատրոնի մոտ և սպսարկում է Լա Ռամբլայի կենտրոնական հատվածը,
  • Դրասսանես, որը գտնվում է նավահանգստի մոտ։

Երեք ավտոբուսայի երթուղիներ են սպասարկում Լա Ռամբլային օրվա ընթացքում՝ (համար 14, 59 և 91)[10][11][12][13][14][15]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոան Միրոյի խճանկար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Барселона. // Энциклопедия туризма Кирилла и Мефодия. 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «La Rambla, Barcelona». a view on cities. van ermengem bvba. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 «Guide to Barcelona Las Ramblas». www.barcelona-tourist-guide.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Lorca i Catalunya». Teatre Nacional de Catalunya. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 "La Rambla". Turisme de Barcelona. Retrieved 2013-12-03.
  6. Bryant, Sue.Barcelona p.343(չաշխատող հղում). New Holland. Retrieved 22 November 2011.
  7. "Història de la Rambla: Cronologia" (in Catalan). Amics de la Rambla. Retrieved 2013-04-28.
  8. "Gran Teatre del Liceu". Turisme de Barcelona. Retrieved 2013-12-03.
  9. "L3" (in Catalan). trenscat.com. Retrieved 2013-12-02.
  10. «Línia 14 - Poblenou / Bonanova». Transports Metropolitans de Barcelona. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  11. «Línia 59 - Pg. Marítim / R. M. Cristina». Transports Metropolitans de Barcelona. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  12. «Línia 91 - Rambla / La Bordeta». Transports Metropolitans de Barcelona. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  13. «Línia N12». Àrea Metropolitana de Barcelona. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  14. «Línia N15». Àrea Metropolitana de Barcelona. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  15. «Línia N9». Àrea Metropolitana de Barcelona. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]