Կալվետի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալվետի տուն
Տեսակբնակելի շենք
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունDreta de l'Eixample?
ՀասցեCasp, 48
Ճարտարապետական ոճմոդեռն
Մասն էԲարսելոնայի մոդեռնիստական կառույցների ցանկ
ԲնակիչVíctor Maria d'Imbert Manero? և Anna Solà Galí?
Հիմնադրված է1898
Բացված1900
ՃարտարապետԱնտոնիո Գաուդի
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն
Քարտեզ
Քարտեզ

Կալվետի տուն (կատ.՝ Casa Calvet), մասնավոր բնակելի տուն, որ կառուցվել է 1898-1900 թվականներին Բարսելոնայում ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով։ Տան պատվիրատուն տեքստիլ ֆաբրիկատեր Պերե Մարտիր Կալվետ-ի-Կարբոնելի (կատ.՝ Pere Màrtir Calvet i Carbonell) այրին էր։ Շենքը Կատալոնիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից է։ Այն գտնվում է Կասպի 48 (կատ.՝ Carrer de Casp) հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվետի տունը ստեղծվել է որպես շահավետ տուն. այսպես էին կոչվում բազմաբնակարան բնակելի շենքերը, որոնք կառուցվում էին վարձակալության տալու նպատակով։ Նրա նախագծումը բնորոշ է նմանատիպ տներին, քանի որ նկուղն ու ստորին հարկը առևտրական նպատակով էին օգտագործվում, ավելի վերևում տան սեփականատերերի տարածքն էր, իսկ վերին հարկերի բնակարանները տրվում էին վարձակալությամբ։

1899 և 1906 թվականների ընթացքում արվեստի գործերի ամենամյա մրցանակը տրվել է մոդեռն նախագծերին, այդ թվում` Կալվետի տանը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվետի տունը Գաուդիի առավել ավանդական նախագծերից է, չնայած հենց այս կառույցի համար է 1900 թվականին ճարտարապետն արժանացել Բարսելոնայի քաղաքապետարանի` լավագույն շինության համար նախատեսված մրցանակին։ Ի տարբերություն նախորդ աշխատանքների` Կալվետի տան ստեղծման ժամանակ Գաուդին խուսափել է գոթիկայի և միջնադարյան ակնարկի դրսևորումներից` օգտագործելով բարոկկոյի տարրեր, որոնք արդեն կիրառել էր Սագրադա Ֆամիլիայի ձևավորման ժամանակ։ Բարոկկո ոճը ակնհայտորեն նկատելի է Կալվետի տան գլխավոր ճակատի ու նախասրահի ձևավորման մեջ։ Շենքի երկրորդ ճակատը, որ նայում է թաղամասին, առավել բնորոշ է Գաուդիին, չնայած երկու ճակատներն էլ զարմանալիորեն համաչափ են։ Այդքան զուսպ արտաքին ձևավորումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ համալիրը պետք է ներդաշնակություն կազմեր հարակից շինությունների հետ, որոնք ավանդական ոճով էին կառուցված։

Ինչպես մեծ ճարտարապետի մյուս գործերում, այնպես էլ Կալվետի տան դեկորացիաներում կարևոր է ամեն մի մանրուք։ Նա բծախնդրորեն նախագծում ու մշակում է արտաքին ու ներքին ձևավորման ամեն դետալ։ Այսպիսի «մանրուքների» օրինակ են մուտքի դռների մուրճիկները, որոնք հարվածում են փայտոջիլների պատկերներին։ Գլխավոր մուտքի երկու կողմերում կան նախկինում տեքստիլ արդյունաբերության մեջ կիրառվող սարքեր, որոնք խորհրդանշում են տան սեփականատիրոջ մասնագիտությունը։ Տան մշակման մեջ կիրառվել է տանտերերի ազգանվան առաջին տառը, իսկ շենքի դուրս եկած հատվածներում` բույսերով զարդանախշ, որ խորհրդանշել է նրանց հետաքրքրվածությունը բուսաբանությամբ։ Շենքի գլխավոր ճակատը պսակված է երկու սրբերի պատկերներով։ Դրանք տանտիրոջ հովանավոր սուրբ Պետրոսն ու քաղաքի հովանավոր սրբի պատկերներն են։ Վերին հարկերի դեկորում Գաուդին կիրառել է հյուրընկալության խորհրդանիշը` նոճին, ինչպես նաև ձիթենի, առատության եղջյուրներ և Կատալոնիայի զինանշանը։ Ակնհայտ է, որ պատշգամբների բազրիքները և տան ձևավորման մեջ կիրառված երկաթյա այլ դետալներ ճարտարապետի նախագծով պատրաստել են քաղաքի լավագույն մասնագետները։

Իր գեղարվեստական որակով առանձնացող կաղնեփայտե կահույքը ստեղծվել է ճարտարապետի էսքիզներով։ Դրա մի մասը չի պահպանվել, սակայն պահպանված որոշ մասեր հավաքված են նույն շենքում, ուր ռեստորան է գործում։ Հաջողվել է պահպանել ձևավորման մի շարք այլ տարրեր ևս, օրինակ` միջնորմների տախտակադրվագները, գրասենյակային վաճառասեղանը, դռների բռնակները, նախասրահի վերելակը, որ փայտի ու երկաթի համադրման փայլուն օրինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. (Lahuerta 2001, p. 9.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Весь Гауди. Издательство Editorial Escudo de Oro, S.A. Barcelona. ISBN 84-378-2269-6