Ռոբերտա Նայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտա Նայ
Ծնվել էմայիսի 13, 1938(1938-05-13)[1]
ԾննդավայրNew Cordell
Մահացել էմարտի 16, 2017(2017-03-16)[2] (78 տարեկան)
Մահվան վայրDrexel Hill, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Գերմանիա
ԿրթությունՕկլահոմայի համալսարան
Մասնագիտությունօպերային երգչուհի

Ռոբերտա Նայ (մայիսի 13, 1938(1938-05-13)[1], New Cordell - մարտի 16, 2017(2017-03-16)[2], Drexel Hill, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դրամատիկ սոպրանո, որն օպերային կարիերա է ծավալել ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ հանդես գալով 1960-ական թվականների կեսերից մինչև 1980-ականների սկիզբը։ Ուժեղ ու պարզ հնչերանգով երգչուհին հայտնի է դարձել հիմնականում Վագներյան ստեղծագործությունների իր մեկնաբանություններով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օկլահոմա նահանգի Քորդել քաղաքում[3] և կրթություն ստացել Օկլահոմայի համալսարանում Էլիզաբեթ Պարհեմի, Ջուդի Բունդս Քոուլմենի ու Էվա Թըրների ղեկավարությամբ։ Տեղափոխվել է Գերմանիա և կարճ ժամանակ ուսանել Մաքս Լորենցի մոտ, որից հետո՝ 1964 թվականին պրոֆեսիոնալ օպերային դեբյուտ է կատարել Հագեն քաղաքի թատրոնում՝ կատարելով Էլիսաբեթի դերերգը Վագների «Տանհոյզեր» օպերայում։ 1966 թվականին անդամագրվել է Ֆրայբուրգի թատրոնին ու երեք տարի երգել այնտեղ։

1969 թվականին միացել է Գրացի օպերային ու երեք համերգաշրջան հանդես եկել այնտեղ, կատարելով այնպիսի դերեր, ինչպիսիք են՝ Լեոնորը Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայից և գլխավոր դերերը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» ու Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերաներում։ 1972-73 թվականից երգել է Քյոլնի օպերային թատրոնում և Ցյուրիխի օպերային թատրոնում։ 1974 թվականը անկյունաքարային նշանակություն է ունեցել Նայի կարիերայում․ Բայրոյթի թատրոնում նա վերջին պահին փոխարինել է մի հիվանդ երգչուհու՝ կատարելով Բրունհիլդայի դերը Վագների «Նիբելունգի մատանին» շարքում։ Կատարումը բարձր է գնահատվել և՛ հանդիսատեսի, և՛ քննադատների կողմից, և օպերային երգչուհու նրա հեղինակությունը նշանակալիորեն բարձրացել է, որի արդյունքում հետագա տարիների ընթացքում պայմանագրեր է կնքել գլխավոր օպերային թատրոնների հետ։ Նույն 1974 թվականին «Նիբելունգի մատանին» շարքը կատարել է Լիոնի ազգային օպերային թատրոնում և Նեապոլի Սան Կառլո օպերային թատրոնում։

1975 թվականին ԱՄՆ-ում դեբյուտը կատարել է Դալլասի օպերային թատրոնում՝ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայից Իզոլդայի դերերգով։ Հաջորդ տարի դեբյուտով հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում «Վալկիրիա» օպերայից Բրունհիլդայի դերերգով, ինչպես նաև Մետրեպելիտեն օպերայում՝ Շտրաուսի «Էլեկտրա» օպերայից Քրիսոթեմիսի դերերգով։ Հետագա մի քանի տարիների ընթացքում գլխավոր դերեր է կատարել աշխարհի այնպիսի առաջատար օպերային թատրոններում, ինչպիսիք են՝ Վիեննայի պետական օպերան, Համբուրգի օպերային թատրոնը, Բավարիայի պետական օպերան, Շտուտգարտի պետական թատրոնը, Բեռլինի գերմանական օպերան, Մանհայմի ազգային թատրոնը, Ստրասբուրգի Ռեյնյան ազգային օպերան, Բրյուսելի «Լա Մոննե» օպերան, Պարմայի «Տեատրո Ռեջիոն», Լիսաբոնի «Սան Կարլուշ» օպերան, Ուեյլսի ազգային օպերան, Ստոկհոլմի Թագավորական օպերան, Մոնրեալի օպերան, Կոլոն թատրոնը և Չիկագոյի լիրիկական օպերան։

1976 թվականին պրոդյուսեր Պատրիս Շերոյի հետ ընդհարումների պատճառով հանկարծակի հեռացել է բեմադրությունից[4]։ 1982 թվականին ընդգրկվել է Օկլահոմայի փառքի սրահում[5]։

Թեև հայտնի էր Վագներյան դերերգերով, Նայը կարող էր կատարել դրամատիկ սոպրանո երգացանկի մի ամբողջական գամմա։ Նրա կարիերայում ի թիվս այլոց կարևոր տեղ են զբաղեցրել Սենտան «Թռչող հոլանդացի» օպերայից, Էլզան «Լոհենգրինից», Զիգլինդը և մի քանի այլ Վալկիրաներ «Վալկիրիա» օպերայից, Դոննա Աննան Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից, Էլետտրան Մոցարտի «Իդոմենեոս, Կրետեի արքա» օպերայից, Մարշալինը Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերայից, Լիզան Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայից, Լեոնորը և՛ «Ճակատագրի ուժը», և՛ «Տրուբադուր» օպերաներից։

Հիվանդությունների պատճառով կարիերան մի քանի անգամ ընդհատվել է․ 1981-1984 թվականներին՝ վիրուսային թոքաբորբի պատճառով, 1991 թվականին՝ ցանցաթաղանթի անջատման պատճառով, իսկ 2000 թվականին՝ հաստ աղիքի քաղցկեղի պատճառով[4]։ Վախճանվել է 2017 թվականի մարտի 16-ին՝ ծննդյան 79-րդ տարեդարձից երեք օր հետո։ 24 տարվա իր զուգընկերուհի Դեբորա Կարները նրանից երկար է ապրել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tamino-klassikforum.de/index.php?page=Thread&postID=600629
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.philly.com/philly/obituaries/Roberta-Knie-leading-Wagnerian-soprano-and-Philadelphia-voice-teacher.html
  3. «Cordell's Roberta Knie Debuts At Met Opera». The Lawton Constitution. 1976 թ․ փետրվարի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  4. 4,0 4,1 Stearns, David Patrick (2004 թ․ օգոստոսի 22). «Her song cut short, now she's the diva living down the block». philly.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «8 Oklahomans Inducted In State's Hall of Fame». The Oklahoman. 1982 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  6. Stearns, David Patrick (2017 թ․ մարտի 28). «Roberta Knie, leading Wagnerian soprano and Philadelphia voice teacher». Philadelphia Inquirer. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]