Հնդկաստանի փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արթհա · Կամա
Մոկշա · Սամսարա
Յոգա · Յանտրա · Բհակտի · Մայա
Պուջա · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադ Գիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Հնդկաստանի փիլիսոփայություն կամ փիլիսոփայական միտքը Հնդկաստանում, ծագել է մ․թ․ա․ 3-2 -րդ դարերում, ինչի մասին վկայություններ հանդիպում են վեդաներում, ուր արտահայտվել է վեդայական կրոնական աշխարհայացքը՝ միախառնված աշխարհի, մարդու, բարոյական կյանքի փիլիսոփայական պատկերացումներին։

Հին Հնդկաստանի փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգվեդայում (կրոնական հիմների ժողովածու) տեղ են գտել կեցության հիմքի, աշխարհի ծագման ու օրինաչափությունների, սոցիալական տարբերությունների պատճառների մասին խորհրդածությունները, արտահայտվել է իրականության պարզամիտ դիցաբանական բացատրությունների անբավարար լինելը։

Ուպանիշադներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական մտքի առավել բարձր մակարդակ են նշանավորում ուպանիշադները, ուր արտացոլվել են փիլիսոփայության գիտակցության առաջին տարրերը, և սկսել են ձևավորվել առաջին փիլիսոփայական ուսմունքները։ Այստեղ դիցաբանական-կրոնական աշխարհայացքը կորցնում է տիրապետող դիրքերը, ծագում են հասարակական գիտակցության այլ ձևեր (ժամանակագրություն, տրամաբանություն, քերականություն, աստղաբաշխություն և այլն)։ Գիտելիքի հատուկ բաժին է դառնում փիլիսոփայությունը։

Հին հնդկական փիլիսոփայության մեջ գերակշռում է բարոյա–հոգեբանական ուղղվածությունը, և այդ պատճառով դրսևորվում է փիլիսոփայության կախվածությունը կրոնա-իդեալիստական և ուղղակի կրոնական մտքից։ Ընդունվում է մարդու հոգեկանի բարդ կառուցվածքը, տարբերակվում են նրա զանազան բաղադրիչները (գիտակցություն, կամք, հիշողություն, զգայություններ և այլն)։

Ուպանիշադներում հիշատակվում են մատերիալիզմին, աթեիզմին հակվող ուսմունքներ։ Միաժամանակ փնտրվում է բնության երևույթների անվերջ բազմազանության միասնությունը։ Այդպիսի նախահիմք էր համարվում կամ սնունդը, կամ կենդանի շունչը, կամ չորս (երբեմն հինգ), այլևս չտրոհվող տարրերի հաջորդականությունը՝ ջուր, հող, հուր, օդ և եթեր (ակաշա), կամ վերացական մատերիան (պրակրիտի)։

Բրահման[խմբագրել | խմբագրել կոդը]

կեցության առավել ընդհանուր նախահիմքի սկզբնապատճառի դերում աստիճանաբար հանդես է գալիս Բրահման–Ատմանը, որը հնդկական իդեալիզմի հիմքն է և օգտագործվել է մի շարք իդեալիստական փիլիսոփայական համակարգերում ու հինդուիզմում։ Այդ հասկացությունը ստացել է տարբեր իմաստներ (նախատարր, ստեղծագործ ոգի և այլն), ինչպես նաև Բրահմանը դարձել է վեդայական պանթեոնի գլխավոր աստվածությունը։ Տարածված է եղել նաև «դհարմա» հասկացությունը, որը իմաստով մոտ է լոգոսին։ Ուպանիշադներում թեև չկա զուտ տրամաբանական խնդիրների քննարկում, սակայն նկատելի է, որ մտածողներին հայտնի էին անալոգիայի, նպատակամղված գիտափորձի և այլ տրամաբանական հնարքներ։ Սոցիալական հայացքները սուղ են, գլխավորը վառնային (կաստայական) բաժանման անխուսափելիության ընդունումն է։

Արտհաշաստրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետվեդայական (կամ էպիկական) շրջանի (մինչև մ․թ․ա․ 3-2 դարերը) փիլիսոփայության վերաբերյալ տեղեկություններ պարունակում են «Մահաբհարաթա» և «Ռամայանա» էպոսները, ինչպես նաև կրոնա–իրավական և հասարակական-քաղաքական օրենսգրքերը (Մանուի օրենքներ, Արտհաշաստրա)։ Այս շրջանը բնորոշվում է բրահմայականության տիրապետությամբ։ «Մահաբհարաթայի» փիլիսոփայական գաղափարները հիմնականում Ուպանիշադներում գերիշխող հայացքների զարգացումն ու շարունակությունն են։ Արտհաշաստրայում հիմնական փիլիսոփայական ուղղություններ են հիշատակվում սանքհյան և յոգան, որոնք արտահայտում են աշխարհի կրոնա-իդեալիստական բացատրությունը։

Համակարգված դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատերիալիստական միտքը այդ շրջանի աղբյուրներում ներկայացված է բազմակողմանի, թեկուզև ոչ ամբողջական, ինչպես իդեալիստականը։ Փիլիսոփայական սուտրաների (ասույթներ, ասացվածներ) շրջանում (մինչև մ․թ․ 3-4 դարեր) հնդկական փիլիսոփայությունը հանդես է գալիս համակարգված փիլիսոփայական դպրոցների ձևով՝ լոկայաթա (Չարվակա), ջայնիզմ, բհագավատա, վաղ սանքհյա, աջիկվա, բուդդայականություն։

Ուղղափառ դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում ձևավորվում են փիլիսոփայական վեց ուղղափառ համակարգերը՝ (նյայա, վայշեշիկա, սանքհյա, յոգա, միմանսա, վեդանտա)։ Այդ դպրոցներից և համակարգերից յուրաքանչյուրը ձգտում է ընդգրկել փիլիսոփայության ողջ պրոբլեմատիկան, բայց միաժամանակ դրանց հատուկ է պրոբլեմների քննարկման խիստ որոշակի ուղղվածություն.

  1. Չարվակա դպրոցը տարբերվում է ընդգծված մատերիալիստական բնույթով՝ ժխտելով Աստվածը և հոգին, կեցության վերջնական հիմքը համարում է չորս (կամ հինգ) հիմնատարրերը։
  2. Բուդդայականության բոլոր դպրոցները մերժում են սուբստանցայնությունը, ընդգծում նրա փոփոխական բնույթը։
  3. Ջայնիզմի դպրոցն ամեն ինչին վերագրում է ոգի և այդ պատճառով պահանջում է պահպանել չգործելու սկզբունքը։
  4. Վայշեշիկայի դպրոցում կենտրոնականը աշխարհի ատոմիստական կառուցվածքի մասին ուսմունքն է։ Որպես թեիստական ուսմունք՝ մարդու ազատագրումը տեսնում է հոգին ամեն նյութականից անջատելու և այն մտածողության միջոց դարձնելու մեջ։
  5. Նյայա դպրոցը ուշադրություն է դարձնում տրամաբանության և իմացաբանության պրոբլեմներին։ Հնգանդամ սիլոգիզմի միջոցով մտածողության ձևերի մասին ուսմունք է։
  6. Սանքհյա դպրոցում հիմնական կատեգորիան մատերիան (պրակրիտ) է, որի հետ մեկտեղ ընդունվում է նրանից անկախ հոգիների բազմության գոյությունը։ Հիմնված է «կշռադատության» վրա, քարոզում է աթեիստական պլյուրալիզմ (բազմակարծություն)։ Ըստ որի՝ թվացյալ է, որ առաջնային նյութը կապված է այսպես կոչված ոգու–հոգու հետ։ Ազատության կարելի է հասնել՝ հաղթահարելով այդ պատրանքը։
  7. Յոգայի դպրոցը մշակում է առավելապես «վերանալու» ուղիների և միջոցների մասին հոգեբանական խնդիրները։
  8. Միմանսա դպրոցի նպատակն է արդարացնել և բացատրել վերացական ծիսակատարությունը, սակայն այդ առնչությամբ զարգացած փիլիսոփայական համակարգն ունի ռացիոնալ բնույթ։
  9. Վեդանտայի դպրոցը հայտնի է որպես առավել ազդեցիկ օբյեկտիվ իդեալիզմի համակարգ։

Ջայնիզմը և Բուդդիզմը թեիստական ուսմունքներ չեն։ Ջայնիզմն ընդունում է հավերժ հոգևոր արժեքները և նյութական էությունները, բուդդիզմը մերժում է անփոփոխ սուբստանցիայի կեցությունը։ Անհատականությունը և աշխարհաճանաչողությունը ծնվում են օրինաչափորեն ծնվող կարճատև գործոնների փոխազդեցության շնորհիվ – դհարմա։ Նիրվանայի կարելի է հասնել, եթե ընդունենք, որ չկա անփոփոխ անհատ, այլ գոյություն ունի միայն փոխազդող դհարմաների հոսք։ Վաղ շրջանի բուդդիզմի պլյուարիզմին, թերավադայի պլյուարիզմին հակադրվում է մախայանայի պանթեիզմը։ Համաձայն Նագարջունայի (I-II դարեր) առաջին ուսմունքի, դհարմաները իրական կեցությամբ օժտված չեն, դրանք անցողիկ են։ Իրական է միայն անսահման «դատարկությունը»։ Սանսարան և նիրվանան խոշոր իմաստով նույնն են։ Հետագայում, Ասանգայի և Վասուբանդհուի «գիտակցության միակության» մասին ուսմունքներում (I—IV դդ․) բուդդիզմը մոտենում է վեդանտային այն հարցում, որ հոգևորը որպես վերջնական կեցություն ընկալվում է յոգայի միջոցով, իսկ արտաքին աշխարհը՝ գիտակցության արտապատկերն է։

Հնդկաստանի փիլիսոփայությունը զարգացել է որոշակի համակարգերի կամ դպրոցների շրջանակներում։ Փիլիսոփայության զարգացման հետագա շրջանում բյուրեղացել են վեց համակարգերի հիմնական դրույթները, և իրենց տարբեր ուղղվածությամբ աչքի են ընկել բուդդայականության փիլիսոփայության ուշ ձևերը։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադի Շանկարայի արձանը Մուսորե տաճարում

Հնդկաստանի միջնադարյան փիլիսոփայության ամենանշանավոր ներկայացուցիչը Շանկարան է։ XII-XVII դարերին հանդես է գալիս նավյա նյայա (նոր նյայա Navya-Nyaya) դպրոցը, մշակվում է աշխարհում միակ (մինչև 20-րդ դարի սկիզբը) հարաբերությունների ինտենսիոնալ ձևական տրամաբանության ավարտուն համակարգը։ XV-XVI-րդ դարերին հանդես են գալիս Կաբիրը և Նանակը, որոնք ձգտում էին ստեղծել սինթետիկական փիլիսոփայական-կրոնական համակարգեր։

Հինդուիստական շրջան (1000 թվականից սկսած)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդուիզմի շրջանում Հնդկաստանում բուդդիզմը թուլանում է, ջայնիզմը կորցնում է իր նշանակությունը։ Վեդանտան և նյայա-վայշեշիկան շարունակում են զարգանալ։ Այդ շրջանին բնորոշ է ռեալիստական վիշնուիստական և շիվանիստական համակարգերի սկզբնավորումը, որոնք սխոլաստիկ ձևով ձգտում էին ապացուցել, որ բրահմայական սուտրաների Բրահման հենց Վիշնու կամ Շիվա Աստվածն է։ Այդ ուսմունքներին մասամբ գերադասվում էին տանտրիզմն ու շակտիզմը։ 1000 թվականից իսլամի ազդեցությամբ ծնվեցին մի շարք մոնոթեիստական հավատամքներ (կաբիրպանտխի, սիկխիզմ

Նոր շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII-XIX -րդ դարերի սկզբին փիլիսոփայության մեջ գերակշռում են լուսավորական գաղափարները, որոնք առնչվում են կրոնա-իդեալիստական ավանդույթների հետ (Վեմանա, Ռամմոհան Ռայ, Գ․ Դերոզիա)։ XIX -րդ դարի խոշորագույն գերմանացի փիլիսոփաներից մեկը՝ Արթուր Շոպենհաուերը Ուպանիշադի ազդեցությամբ եվրոպական մտածողներից առաջինն էր, որ իրականացրեց արևմտաեվրոպական և հնդկական փիլիսոփայության սինթեզը։ XIX -րդ դարի 2-րդ կեսից փիլիսոփայության զարգացումը Հնդկաստանում ընթացել է Անգլիայի տիրապետության դեմ հնդիկ ժողովրդի մղած ազգային–ազատագրական պայքարի դրոշի ներքո։

Նոր փիլիսոփայության շրջանի մտածողներն առաջնորդվել են ազգային, կրոնակաև ու փիլիսոփայական ավանդույթների վերածնման գաղափարով։ Առաջ են եկել արդիականացված թեիզմը, պանթեիզմն ու իդեալիզմը, Ռ․ Թագորի, Մ․ Գանդիի, Ա․ Գհոշի ուսմունքները։ XX դարի գանդիականությունը (գանդիզմ) դառնում է ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը։

XIX-XX -րդ դարերի սահմանագծին փիլիսոփայական միտքը Հնդկաստանում զարգանում է Ս․ Վիվեկանանդայի ազդեցությամբ, որը ձգտում էր արթնացնել ժողովրդական զանգվածները՝ ելնելով հինդուիզմից։ XX-րդ դարի փիլիսոփայության ուշադրության կենտրոնում սոցիալ-բարոյական և ազգային պրոբլեմներն են։ Անկախության նվաճումից հետո ազգային կրոնա-իդեալիստական ավանդույթների հիման վրա ստեղծվում են այսպես կոչված ակադեմիական համակարգերը։ Նրանց են հարում նաև մի շարք կրոնա-փիլիսոփայական ուսմունքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png