Ատման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Ատման (սանսկր․ आत्मन्, ātman - շնչառություն, ոգի, բարձրագույն ես, ինքնություն (самость)), հնդկական փիլիսոփայության հիմնական հասկացություններից մեկը, հինդուիզմի կրոնական հիմնական հասկացություն, ընդհանուր առմամբ հասկացվում է որպես համընդգրկուն ոգի, մաքուր գիտակցություն, ինքնագիտակցություն։ Ատմանի մասին հասկացության աղբյուրները հանգում են «Ռիգվեդաներին», որտեղ այն նշանակում է շնչառություն՝ որպես կենսական ուժ, մարմնավորված բոլոր էակներում (միջինացված պատկերացում պրամանաների կենսական ուժերի մասին), ինչպես նաև ողջ տիեզերքին կենդանություն հաղորդող ոգի (այս իմաստով ատմանը մոտենում է Պուրուշա (հին հնդկերեն՝ पुरुष, puruṣa) աստվածային ոգու կոնցեպցիային)։

Ատխարվավեդայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատխարվավեդայի (սանսկր. अथर्ववेद) փիլիսոփայական հիմունքներում ատմանը հասկացվում է որպես անձնական «ես», որը մարդու մեջ Բրահմանի (ամեն ինչի նախաստեղծողի) անդրադարձն է[1]։

Ուպանիշադներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատմանի մասին ուսմունքը կոնցեպտուալիզմի տեսանկյունով ձևավորվել է Ուպանիշադներում, որտեղ ատմանը դիտվում է որպես հոգևոր առանցք, որը արմատավորված է բոլոր գիտակից էակների մեջ։

Մի կողմից ատմանը ներկայանում է որպես ներքին «ես», այսինքն անհատական, սուբյեկտիվ է, մյուս կողմից՝ որպես այդպիսին համընկնում է կեցության հետ, այսինքն գերագույն Բրահմանի հետ։ Բրահմանի և ատմանի նույնականացումը, որն ընդհանուր առմամբ ներկայանում է որպես սուբյեկտի և օբյեկտի համընկում, գիտակցության և ողջ աշխարհի արարման ըմբռնում, սովորաբար իրականացվում է մի քանի միջանկյալ աստիճաններով։ Միկրոկոսմոսի և մակրոկոսմոսի միասնության հասնում են հակադիր ատրիբուտների միաժամանակյա համադրման շնորհիվ, այսինքն, վերջին հաշվով նրանց փոխադարձաբար հանելու շնորհիվ։

«Սա է ատմանը իմ սրտում – բրնձի կամ գարու հատիկից փոքր… Սա է ատմանը իմ սրտում – ամբողջ երկրագնդից մեծ…»
- «Չխանդոգյա–ուպանիշադա», III. 14.3

Հակադիր բնութագրերի փոխադարձ լարվածությունը նախադրյալներ է ստեղծում աբսոլյուտի ապոֆատիկ նկարագրության համար, որը բարձրագույն իրականության բնույթին առավել համարժեք մոտեցում է համարվում։

Նա, այդ ատմանը, ո՛չ սա է, ո՛չ էլ՝ սա, նա հասանելի չէ, քանի որ անհասանելի է, անքանդելի է, քանի որ չքանդվող է...[2]։
- Բրահաարանյակա–ուպանիշադա

Իրականության օնտոլոգիական մակարդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատմանը ադեկվատ ըմբռնել խոսքային գիտելիքների միջոցով սկզբունքորեն հնարավոր չէ, քանի որ երկրային կապերի և հարաբերությունների ոլորտից դուրս է։ Ատմանի միասնականությունը, որպես հավերժ և իրականության փոփոխությունների չենթարկվող, հակադրվում է ոչ միայն աշխարհի տարատեսակությամբ, այլև անհատի հոգեկան հատկությունների բազմատեսակությամբ (քանի որ ըստ հնդկական օրթոդոքսալ ավանդույթի, հոգեկանը նույնպես բնական աշխարհի բաղկացուցիչ մաս է կազմում)։

Որոշակի շերտերի կամ վիճակների նկատմամբ աշխարհի օնտոլոգիական պատկերի համապատասխանության չորս հաջորդական մակարդակներ արտահայտում են մարդու հոգեկանի աստիճանական վերելքը բազմատեսակից դեպի միասնական (տես՝ «Мандукья-упанишада»)։

  1. Առաջին փուլում ատմանը, որը կոչվում է Վայշվանարա, մարմնական թաղանթի մեջ է գտնվում և զգայարանների միջոցով («բերաններ») ընկալում է («կուլ է տալիս») ֆիզիկական մասնիկները։ Կոսմոլոգիական տեսանկյունով ատմանը կոչվում է Վիրատ կամ Աստծո մարմին, որը ձևավորվել է նյութական տիեզերքի միջոցով, հոգեկան իմաստով նրան համապատասխանում է արթմնի վիճակը։
  2. Երկրորդ փուլում Ատմանը, որը կոչվում է Տայջասա, մարմնավորում է հոգեկան կյանքի ամբողջ բազմազանությունը, ներկայանալով որպես սուբյեկտ, որն ընկալում է նուրբ մասնիկները՝ տարատեսակ տպավորությունները, գաղափարները և այլն։ Կոսմոլոգիայի տեսանկյունով ատմանը Խիռանյագարբխա է («ոսկե սաղմ»), այսինքն բոլոր հոգիների համախումբ, իսկ անհատական գիտակցության մեջ նրան համապատասխանում է երազատեսությամբ քունը։
  3. Երրորդ փուլում ատմանը, որը կոչվում է Պրաջնյա, զգում է միայն երանություն (անանդա)։ Կոսմոլոգիական տեսանկյունով ատմանը Իշվարան է՝ ամենակարող և ամենատես Աստվածը, իսկ հոգեբանական տեսանկյունով ատմանը կապված է առանց երազատեսության խորը քնի վիճակի հետ։
  4. Չորրորդ փուլում ատմանը գտնվում է մի վիճակում, որը կոչվում է տուրիյա, երբ վերականգնվում է նրա նախնական միատարր վիճակը, որտեղ համընկնում են նրա տիեզերական և հոգեբանական ասպեկտները, իսկ ինքը լիովին թոթափել է ավիդյայի (սանսկր․ avidyā, գիտելիքի պակասություն, չիմացություն) սահմանափակումները։ Սա գիտակցության մի վիճակ է, երբ բացակայում է օբյեկտիվ-սուբյեկտիվ բաժանումը։ Սա մաքուր գիտակցության տիրույթն է[3]։

Ատմանների հնգյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի և հոգեկանի անցողիկ և փոփոխական վիճակներից Ատմանի՝ որպես մաքուր կեցություն և գիտակցություն տարբերությունը անդրադարձել է ատմանների հնգյակի ուսմունքի վրա, ասես՝ մեկը մյուսի մեջ ներդրվելով (տես «Տայտիրիյա–ուպանիշադա»)։

  1. աննամայա ատման (սանսկր․ annamaya, կազմված սնունդից), այսինքն՝ ֆիզիկական մարմինը
  2. պրանամայա ատման (կազմված կենսական ուժերից), որը ձևավորվում է հինգ պրանայի և հինգ գործողության օրգաններից։ Այն մարմնի մեջ մտնում է բեղմնավորումից հետո և ապահովում է առանձին էակի կյանքը
  3. մանոմայա ատման (կազմված բանականությունից), ձևավորվում է մանասով, կասկածելու ընդունակությամբ (վիմարշա) և հինգ զգայարաններով (ինդրիի– սանսկր․ indriya – ուժ, հզորություն)։ Այն արտաքին օբյեկտների նկատմամբ ցանկություն է ծնում և դրանով սանսարայի կապ է հաստատում հոգու տարբեր մարմնավորումների միջև։
  4. վիջնյանամայա ատման (կազմված գիտելիքներից) ձևավորվում է բուդդհիի (սանսկր․ buddhi - արթնացում, զարթոնք) որոշումներ կայացնելու ընդունակության և նույն հինգ զգայարանների միասնությունից
  5. անանդամայա ատման (կազմված երանությունից), սա մենտալ վիճակների համախումբ է, որոնք առաջանում են առանց երազատեսության խորը քնի ժամանակ և բնութագրվում են խորագույն հանդարտությամբ։

Հետագա վեդանտայի տրադիցիան (Վիդյարանյա և այլք) առավել հետևողականորեն մեկնաբանել է այս կոնցեպցիան, որպես պատկերացում հինգ քողարկողների մասին (պանչա կոշա), որոնք միայն քողարկում են իրական ատմանը։

Ըստ վեդանտայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատմանի մասին Ուպանիշադների պատկերացումները զարգացում են ստացել հետագա օրթոդոքսալ կրոնա–փիլիսոփայական դպրոցների կողմից, հատկապես՝ վեդանտայի։ Հատկապես նրանում են հստակ ձևակերպում ստացել Ատմանի՝ որպես մաքուր գիտակցութան և անհատի հոգեբանական բնութագրերի տարբերակման գնոսեոլոգիական հիմքերը։ Այստեղ՝ որպես անհրաժեշտ գործընթաց, հանդես է գալիս «հերքումը», որով հանում է ատմանի վրայից այն ամենը ինչը այն չի հանդիսանում, սա հանգեցնում է իլյուզիայի դադարեցմանը, ասես վերջանում է աճպարարի ձեռքում օձ թվացող պարանի հետ աճպարարությունը և մոտիկից պարզվում է նրա իրական բնույթը։

Ըստ միմանսայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմանսայում Պրաբհակարա Միշրան ատմանը կապում է «ես»-ի մասին պատկերացման հետ, սակայն այն կարելի է ասել՝ բացահայտվում է որպես ճանաչողության գործողության արդյունք, ինչպես օրինակ, լուսամփոփի լույսը լուսավորում և բացահայտում է լուսավորող օբյեկտը և ինքն իրեն նույնպես։ Այս դեպքում պետք է ենթադրել, որ գիտակցությունը կարող է մեկ այլ գիտակցությամբ տարվել, սա էլ մեկ ուրիշ գիտակցությամբ և այպես շարունակ։ Այլընտանքային տեսակետը, որի համաձայն գիտակցության առկայությունն ինքնին կարիք չունի որևէ գիտելիքի միջոցով ճշտման, Շանկարան փոխառել է միմանսակ Կումարիլա Բհատտայից։ Սակայն վերջինիս ուսմունքում շեշտը դրվում է այն բանի վրա, որ ըմբռնման ամեն մի գործողություն տալիս է իր գիտելիքը և այն հաստատվելու կարիք չունի ուրիշ պրամանաների տվյալներով, որոնք օժտված են սեփական առանձնահատուկ օբյեկտներով և ֆունկցիաներով։

Ըստ ադվայտայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադվայտա վեդանտայի համակարգում, նպատակը տիեզերքի երևույթի խաբուսիկ պատկերացման դադարեցումն է, որը, երբեք էլ չի առաջացել Ատմանից, բայց որի վրա դրվել է այն տեսանելի դարձնելու խնդիրը (վիվարտա)։

Ատմանը ադվայտայում մաքուր գիտակցությունն է (չայտանյա, ջնյանա), որը զուրկ է մասերից կամ որևէ ատրիբուտներից։ Այս գիտակցությունը իրական է, այն կազմում է անձնական ես-ի մասին պատկերացումների հիմքը, քանի որ գիտակիցներից և ոչ մեկը չի կարող բացառել իր գիտակցության մասին փաստը։ Այս գիտակցությունը կախված չէ ոչ փորձի օբյեկտների առկայությունից, ոչ դատողության կամ ընկալման միջոցներից։ Ամեն անգամ, երբ անհրաժեշտ է լինում այդ գիտակցության հիմքի մասին կազմել որևէ պատկերացում, սուբյեկտը հարկադրված է լինում կիրառել հենց իրեն։ Հենց այդ է պատճառը, որ ադվայտայի տեսանկյունից Ատմանը չի կարող դառնալ իր սեփական օբյեկտը, հենվել ինքն իր վրա։

Չէ՞ որ թեժ կրակն ինքն իրեն չի այրում, և հնարամիտ դերասանը չի կարող ինքն իր ուսի վրա բարձրանալ։
- Շանկարա, «Բրահմա–սուտրաների» մեկնաբանություններ III. 3.54

Ատմանը ներկայանում է որպես ճանաչողության բոլոր գործընթացների վկա։

Ադվայտայում ընդգծվում է, որ որևէ անհրաժեշտություն չկա ճանաչողության նոր գործողությունների դիմել բոլորի կողմից ճանաչված «ես կամ» ընկալման ըմբռնման համար։ Ընկալման և ռեֆլեքսիայի անսահման հետընթացը կանգ է առնում շնորհիվ այն բանի, որ նրա հիմքում ընկած է միակ հավաստի իրականությունը՝ ինքնաակներև և «ինքնալուսավորվող» Ատմանը։ Ադվայտան հոգեբանական ֆենոմենների տակ փնտրում է անծանոթ օնտոլոգիական հիմք։ Այս իմաստով Ատմանը ոչ հեռակա գիտելիք է։ Այդպիսի Ատմանը միասնական է և միակը, իսկ անհատական հոգիների բազմազանությունը (կեղծ է), ինչպես և անձնավորված Իշվարա ամենաստեղծ Աստծու գոյությունը, բացատրվում է ավիդյայում Ատմանի թվացյալ անդրադարձմամբ կամ նրա վրա ժամանակավոր կեղծ բնութագրեր դնելով։

Այլ օրթոդոքսալ համակարգերը չեն կիսել ադվայտայի ծայրահեղական հայացքները։ Սակայն նրանք շարունակել են կարևորել բարձրագույն հոգևոր սկզբունքների և անցողիկ հոգեբանական բնութագրերի միջև սահմանափակումները։ Ինքը, Ատմանը մի քանի գծեր է ձեռք բերել, որոնք մոտեցրել են նրան կենդանի հոգու մարմնավորման պատկերացումների հետ։

Ռամանուջիի վիշիշտա-ադվայտայում, որը շատ հարցերում հարում էր սանկխյայի գաղափարներին, որոշ ատմաններ արդեն սկսում են ստանալ կասկածի (սանշայա) և գործողության հատկանիշներ, նրանք ատոմային չափեր ունեն և տարբեր են իրարից։ Մադհիի դվայտա-վեդանտայի համաձայն բազմաձև հոգիներն ի սկզբանե նախակողմնորոշված են դեպի փրկություն, կործանում կամ սանսարայով հավերժ կապվածություն։ Մարմնավորված ատմանների տարբերությունների ընդունումը հանգեցնում է այդ համակարգերում առանձին հոգիների վերևում կանգնած՝ բարձրագույն Ատմանի գոյությունը կանոնակարգելու անհրաժեշտություն։ Այն ատմանը, որն օժտված է բազմաթիվ լավ որակներով, դառնում է պաշտամունքի առարկա որպես անձնավորված Աստված (Վիշնու կամ Կրիշնա

Ըստ նյայա վայշեշիկայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյայա վայշեշիկայում Ատմանը կամ անհատական հոգին ընդամենը մեկն է ինը սուբստանցիաներից (դրավյա)՝ կանգնելով նյութական տարրի, տարածության, ժամանակի և ակաշայի շարքում։ Այստեղ գիտակցությունը դիտվում է ատմանի անցումային հատկություններից մեկը, որն ի հայտ է գալիս մանասի (բանականություն) հետ նրա միավորումից։ Այդպիսի ատմանը, որի գոյությունն անմիջականորեն չի ընկալվում, բայց ապացույցների հատուկ համակարգի շնորհիվ դուրս է բերվում զգայական նշաններից, կարող է օբյեկտ ծառայել այլ գիտակցության համար։

Ըստ սանկխյայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիկական սանկխյայում Ատմանը դիտարկվում է որպես մաքուր և ոչ ակտիվ գիտակցություն։ Այնուամենայնիվ այն համարվում է գայթակղության առարկա, որն ընկալում է արտաքին աշխարհի օբյեկտները։ Դասական սանկխյայում Ատմանի հասկացությունն աստիճանաբար դուրս է մղվում Պուրուշի հասկացությամբ։

Ըստ բուդդայականության[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական ես-ը՝ վերցրած իր ֆենոմենալ տեսանկյունով որպես որոշակի հոգեբանական վիճակների հոսք (սանտանա), բուդդայականությունում դիտվում է ինչպես գոյության էլեմենտներից մեկը։ Բուդդայականության տեսանկյունով Ատմանի մասին պատկերացումը միայն նպաստում է կեղծ կապվածությունների և նույնականացումների ամրապնդմանը, որոնք խոչընդոտում են ազատագրմանը։ Այդ կեղծ կոնցեպցիաներից ազատվելն էլ հենց իր արտահայտությունն է գտել բուդայական անատտա դոկտրինում (Ատմանի բացակայություն)։ Միևնույն ժամանակ հետագա բուդդայական մահայանա (սանսկր․ महायान, mahāyāna, «մեծ մարտակառք») դպրոցները (մասնավորապես, վիջնյանա-վադա՝ գիտակցության մասին ուսմունք) ըստ էության մի շարք զիջումների են գնացել Ատմանի մասին օրթոդոքսալ պատկերացումներին («մաքուր գիտակցություն» կոնցեպցիա՝ ճիտտա-մատրա, միասնական «գիտակցության բնակավայր»՝ ալայավիջնյանա և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шохин В. К. Брахман․ Новая философская энциклопедия ISBN 978-5-244-01115-9.
  2. «Брихадараньяка-упанишада», III. 9.26
  3. АТМАН Новая философская энциклопедия

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шанкара. «Атмабодха», пер. А.Я.Сыркина. – В кн.: Идеологические течения современной Индии. М., 1965;
  • Narahari H.G. Atman in Pre-Upanisadic Vedic Literature. Madras, 1944;
  • Gьnther H. Das Seelen-Problem im дlteren Buddhismus. Konstanz, 1949;
  • Sarasvati H. The Ego and the Self. – «Adyar Library Bulletin» (Madras), 1955, 19;
  • Horsch P. Le principe d'individuation dans la philosophie indienne. – «Asiatische Studien», X, Ζ., 1956;
  • Van Gelder J.M. Der Ātman in der Grossen-Wald-Geheimlehre. La Haye, 1957;
  • Troy Wilson Organ. The Self in Indian Philosophy. The Hague, 1964;
  • Damnodaran Edavana. Critique of Self. Bombay, 1966;
  • Biardeau M. L’ātman dans le commentaire de Śabarasv̄amin. – Mйlanges а L.Renou. P., 1968;
  • Hoang-Sy-Quy. Le Moi qui me dйpasse selon le Vedānta. Saigon, 1971;
  • Hulin M. Le principe de l’ego dans la pensйe indienne classique. La notion d'ahamkāra. P., 1978