Վեդանտա
Հինդուիզմ |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Վեդանտա (սանսկրիտերեն वेदान्त, vedānta, վեդաների վերջ, վեդաների հիմնական իմաստ)[1], կամ ուտտարա միմանսա (սանսկրիտերեն उत्तरमीमांसा, uttara mīmāṃsā, երկրորդ, ուշ կամ բարձրագույն միմանսա), հնդկական վեց ուղղափառ փիլիսոփայական համակարգերից (դարշան), կրոնափիլիսոփայական ազդեցիկ և տարածված ուղղություն։ Կազմում է հինդուիզմի փիլիսոփայական հիմքը, հենվում է Վեդաներում արտահայտված բրահման–ատմանի գաղափարի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեդանտան որպես համակարգված ուսմունք, ենթադրվում է, որ ձևավորվել է հետբուդդայական շրջանում։ Ուսումնասիրությունների արդյունքում Վեդանտա–սուտրաների կազմման ստույգ թվագրում չկա։ Այն հիմնականում վերագրվում է մ․թ․ա․2–րդ դարից մինչև մ․թ․ 2–րդ դար ընկած ժամանակաշրջանում։ Որոշ գիտնականների կողմից առաջադրվում են ավելի վաղ (մ․թ․ա․ V դար) և ավելի ուշ (մ․թ․ V դար) ժամանակաշրջաններ[2]։ Ռուս գիտնականների տեսակետով վեդանտան սկիզբ է առել ոչ շուտ, քան մ․թ․ 3–4–րդ դարերում[3][4]։
Վեդանտա անվանումը նախապես վերաբերվել է վեդաներին հարող փիլիսոփայական տեքստերին (բրահմաններ[5], արանյակներ, ուպանիշադներ), որոնք չորս վեդաների բացատրող և լրացուցիչ մասն են հանդիսանում։ Հետագայում, այդ հին վեդայական տեքստերը հնդկական փիլիսոփայության օրթոդոքսալ դպրոցների հիմք ծառայեցին։
Այլ անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ էության, վեդանտան ընդհանուր անվանումն է հինդուիզմի մի շարք կրոնա–փիլիսոփայական ավանդույթների, որոնց համար նույնն են թեման, առարկան, և մասամբ հիմնարար տեքստերը և նրանց վերաբերյալ գրված մեկնաբանությունները, սակայն տարբեր են առաջարկած լուծումները։
Վեդանտան հայտնի տարբեր անուններով․
- Բրահմա–սուտրաներ
- Շարիրակա
- Վյասա–սուտրաներ
- Բադարայանա–սուտրաներ
- Ուտտարա–միմանսա
- Վեդանտա–դարշանա
Վեդանտան այլ կերպ անվանում են ուտտարա միմանսա (ուշ միմանսա), ի տարբերություն հնդկական փիլիսոփայության մյուս դպրոցի՝ պուրվա միմանսայի (առաջին միմանսա)։
Պուրվա միմանսան կենտրոնացած է վեդայական Ագնի կրակի աստծուն նվիրված զոհաբերությունների (սանսկր यज्ञ yajña յաջնա, զոհաբերման ծես) իմաստի մեկնաբանության և նրանցում կիրառվող մանտրաների վրա, որոնք ներկայացված են չորս Վեդաների սամհիթներում և բրահմաններում[6]։ Իսկ Վեդանտան հիմնականում նվիրված է արանյակների և ուպանիշադների ուսմունքների փիլիսոփայական մեկնաբանությանը։
Վեդանտան, որպես ավարտուն գիտելիք, տալիս է ինքնագիտակցության կամ տիեզերական գիտակցության վիճակ։ Ինչպես պատմականորեն, այնպես էլ այժմյան ենթատեքստում, վեդանտան հասկացվում է, որպես ամբողջությամբ տրանսցենդենտալ և հոգևոր վիճակ, և ոչ թե կոնցեպցիա, որին կարելի է հասնել պարզապես նյութական բանականության շնորհիվ։
Սկզբնաղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեդանտան, որը նշանակում է «վերջնական գիտելիք» կամ «բոլոր գտելիքների վերջ», չի սահմանափակվում այս կամ այն տեքստով։ Այն հիմնված է անփոփոխ, բացարձակ, հոգևոր օրենքների վրա, որոնք ընդհանուր են աշխարկում գործող գրեթե բոլոր կրոնների և հոգևոր ավանդույթների համար։
Վեդանտայի հեղինակություն համարվող սկզբնաղբյուրներն են՝
- Ուպանիշադները
- Բհագավադ–Գիտան
- Ուպանիշադների մեկնությանը նվիրված Բադարայանայի (II–III դդ․) «Բրահմա–սուտրաները» (կամ Վյասիի «Վեդանտա–սուտրաները»)։
Ըստ այդ տեքստերի մեկնաբանությունների (բհաշյա), ձևավորվել են Վեդանտայի առանձին ուղղություններ՝ դպրոցներ։
Դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեքստերի մեկնաբանությունների հիման վրա ձևավորված դպրոցների համար ընդհանուրը Վեդաների անառարկելի հեղինակությունն է, բրահմանի (բացարձակի)՝ բարձրագույն հոգևոր սկիզբ և աշխարհի պատճառ լինելը, ատմանի (անհատական հոգու, «ես»-ի) վերամարմնավորումների շրջապտույտից ազատագրվելու (մոկշա) ցանկալիությունը (Վեդանտան Յոգան ընդունում է որպես մոկշայի հասնելու գործնական միջոց)[7]։
Վեդանտայի դպրոցները տարազատվում են հիմնականում ըստ բրահմանի և ատմանի էության, նրանց նույնության կամ տարբերության աստիճանի, երևույթների աշխարհի և մոկշայի վերաբերյալ եղած տեսակետների։ Հիմնական դպրոցներն են՝
- Շանկարայի ադվայտա–վեդանտան, որը չտարբերակված մոնիզմ է կամ մոնոթեիզմ, ըստ որի բրահմանը միակ իրականությունն է, էության (սատ), գիտակցության (չիտ) և երանության (անանդա) միասնությունը, որից դուրս ոչինչ գոյություն չունի, աշխարհի բազմազանությունը մայա է (տեսիլք, պատրանք), որը պայմանավորված է չիմացությամբ (ավիդյա), ատմանը նույնացվում է բրահմանի հետ, ազատագրման միջոց է համարվում իմացությունը, մերժվում է աստծու գաղափարը
- Ռամա–նուջայի (XI–XII դարեր) վիշիշտա–ադվայտան տարբերակված թեիստական մոնիզմ է, ըստ որի ատմանը և նյութական աշխարհը իրական են, այլ ոչ մայա, առաջացել են բրահմանից, որն աստվածային ինտուիցիայի միջոցով ճանաչելով կարելի է ճանաչել իրերի էությունը, ատմանը նույնացվում է բրահմանի հետ, սակայն հնարավոր է նրանց տարբերակումը (վիշիշտա), ազատագրման միջոցը աստծու նկատմամբ սերն ու նվիրվածությունն է (բհակտի)
- Մադհվայի (XII–XIII դդ․) դվայտան դուալիզմ է, որում առանձնակի նշվում են հոգու և Աստծու, հոգիների, աստծու և մատերիայի, հոգու և մատերիայի, մատերիայի ձևերի միջև եղած տարբերությունները։ Տարբերակվում են ճանաչողության երեք ձև՝
Ազատագրումը հնարավոր է համարվում միայն բհակտիի ճանապարհով[7]։
- Բհասկարայի (X դ․) նույնության և տարբերության տեսությունը (բհեդա–աբհեդա)։
Վեդանտան մեծ չափով ազդել է և շարունակում է ազդել հնդկական փիլիսոփայական և կրոնական մտքի վրա։ Նորագույն ժամանակի Վեդանտայի ակնառու ներկայացուցիչներն են Ռամմոհան Ռայը, Ռամակրիշնան, Վիվեկանանդան, Գհոշը, Ռադհակրիշնանը և ուրիշներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռամակրիշնա, Հնդկաստանի փիլիսոփայություն, ռուսերեն թարգմանություն անգլերենից, հատոր 2, Մոսկվա, 1957
- Dasgupta S․, A History of Indian Philosophy, v․ 1–5, Delhi, 1975․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Vedanta Sutra and the Vedanta by Dr. Subhash C. Sharma». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2005 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ N. V. Isaeva. Shankara and Indian Philosophy. — New York: SUNY Press, 1993. — P. 36. — 285 p. — (SUNY series in religious studies). — ISBN 1438407629.
- ↑ Индийская Философия. Энциклопедия. РАН. 2009 г. Մ․ Տ․ Տիգրանյանց, Վ․ Կ․ Շոխին, էջ 16-17
- ↑ Брахманистская философия. Начальный и раннеклассический периоды. РАН. 1994 г. М. Т. Степанянц, В. К. Шохин. էջ 271
- ↑ Ghanshyamdas Birla Alive in Krishna: Living Memories of the Vedic Quest (Patterns of World Spirituality) (New York: Paragon House, 1986) p. 37. ISBN 0-913757-65-9
- ↑ "Արիական Իմաստության Գոհարներ" գրքից / հեղինակ՝ Աչարյա Վայդյանաթ Շաստրի / տպագրված է "Սարվադեշիկ Արյա Պրատինիդհի Սաբհա"-ի կողմից, "Մահարիշի Դայանան Բհավան" տպագրատուն, հասցեն՝ Ռամլիլա Գրաունդ, Նոր Դելի-1։ Տպագրոթյունը 1968 թ.
- ↑ 7,0 7,1 «Who is Ishvara?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 357)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդանտա» հոդվածին։ |
|