Կոնցեպտուալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոնցեպտուալիզմ (լատ. conceptus-միտք, հասկացություն) ընդհանուր հասկացությունների, գոյության ձևի մասին ուսմունք։ Ի տարբերություն ռեալիզմի և ծայրահեղ նոմինալիզմի, կոնցեպտուալիզմն ընդունում է, որ ընդհանուրը գոյություն ունի մարդու մտքում. այն մտածական գործունեության՝ իրերի նման հատկանիշների հիման վրա կատարված ընդհանրացման, վերացարկման արդյունք է։ Կոնցեպտուալիզմի արտահայտություն է եղել անտիկ փիլիսոփայությունում։ Միջնադարում դրսևորվել է որպես ունիվերսալների պրոբլեմի լուծման եղանակ։ Կոնցեպտուալիզմին հարել են Պիեռ Աբելարը, Յոհան Սոլսբերացին, Ուիլյամ Օկկամը։ Նոր ժամանակների փիլիսոփայության մեջ կոնցեպտուալիզմը ձեռք է բերել իմացաբանական երանգ (Ջոն Լոք, Է. Կոնդիլյակ, Կ.Ա. Հելվեցիուս
Հայ փիլիսոփայության մեջ ունիվերսալիաների հարցի կոնցեպտուալիստական ըմբռնման տարրեր կան Դավիթ Անհաղթի ուսմունքում։ Ըստ նրա, ընդհանուրի գոյության երեք եղանակներից մեկը մարդու մտքում ընդհանրացված գիտելիքի առկայությունն է։ Այս տեսակետը զարգացրել է Վահրամ Րաբունին։ Վերջինս, ունիվերսալիաների բնույթի հարցը լուծելով չափավոր նոմինալիզմի դիրքերից, պնդել է, թե ընդհանուրն ինքնին գոյություն չունի. այն էություն է ստանում մարդու մտքի մեջ և գոյատևում այնտեղ առանց ոչնչանալու։ Կոնցեպտուալիզմի տարրեր կան նաև Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու և միջնադարյան այլ հայ մտածողների հայացքներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «5-րդ հատոր»։ Հայկական սովետական հանրագիտարան։ 1979 թ. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 584 CC BY-SA icon 80x15.png