Մայա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայա (այլ կիրառումներ)
| Մայաներ | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ընդհանուր քանակ | |||||||||||||||
|
~ 7 մլն | |||||||||||||||
| Բնակեցում | |||||||||||||||
|
| |||||||||||||||
| Լեզու(ներ) | |||||||||||||||
| մայաների լեզու, իսպաներեն, անգլերեն | |||||||||||||||
| Հավատք(ներ) | |||||||||||||||
| կաթոլիկություն, բողոքականություն, մայաների կրոն |

Մայա, հնդկացի ժողովուրդ Մեքսիկայում (Յուկատան թերակղզի, 340 հազար, 1979 թվականի տվյալներով) և Բելիզում (13 հազար)։ Լեզուն պատկանում է մայա-կիչե լեզվաընտանիքին (տես Մայա-Սոկե լեզուներ)։ Որոշ մասը գիտի նաև իսպաներեն։ Կրոնը ձևականորեն կաթոլիկությունն է, բայց իրականում պահպանվում են մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ։ Այժմյան մայաների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Մայաները հարավարևելյան Մեքսիկայում, Հոնդուրասում և Գվատեմալայում եղած՝ Ամերիկայի հին քաղաքակրթություններից մեկի ստեղծողներն են։ Հնագույն մայաները մշակել են եգիպտացորեն, լոբի, դդում, լոլիկ, արմատապտուղներ, բամբակ, պահել՝ հնդկահավեր և շներ (միսն օգտագործել են սննդի համար), զբաղվել են նաև որսորդությամբ, ձկնորսությամբ և մեղվաբուծությամբ։ Մեր թվարկության I հազարամյակում մայաները կառուցել են քարակերտ շինություններով քաղաքներ (հայտնի է 100-ից ավելի քաղաք), որոնցից խոշորներն էին Տիկալը, Կոպանը, Չիչեն Իցան, Ուշմալը։ IX դ․ դրանց մեծ մասը կործանվել է տոլտեկների և հնդկացի այլ ցեղերի ներխուժման հետևանքով։ X դ․ Յուկատանում առաջացել է նոր՝ մայատոլտեկյան պետություն, որը հետագայում տրոհվել է քաղաք-պետությունների։ Հասարակության տիրապետող խավը եղել են զինվորական ավագանին ու քրմերը, զարգացել է ստրկությունը։ Մայաները պաշտել են հատկապես անձրևի և քամու աստվածությունը։ Նրանք ստեղծել են իրենց նշանագրերը (Մայա գիր), գիտելիքներ են ունեցել մաթեմատիկայի, բժշկության, աստղագիտության բնագավառներում, թողել ճարտարապետական հոյակերտ կոթողներ (բուրգեր, տաճարներ և այլն)։ Մայաների քաջարի դիմադրության հետևանքով Յուկատանի նվաճումը (1527-ից) իսպանացիների կողմից տևական է եղել։
Հայտնագործությունները և սովորությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայաները հանրությանը հայտնի էին շոկոլադի գյուտով։ Նրանք են առաջինը հայտնագործել շոկոլադն ու փոխանցել ացտեկներին։
- Նաև մայաներն են առաջինը հայտնաբերել ծխախոտը։ Ծխախոտի տերևներից պատրաստված քսուկներով բուժում էին հիվանդներին և վիրավորներին։
- Եվրոպացիներից առաջինը Ռոդրիգո դե Չերեզն էր, որ սովորեց մայաներից ծխելը։ Հոգևորականները տեսան թե ինչպես է նրա բերանից ծուխ դուրս գալիս և մտածեցին թե նա շփվում է սատանայի հետ, այնուհետև նրան նետեցին բանտ։
- Մարդկային զոհաբերությունները տարածված են եղել ամբողջ աշխարհում։ Սակայն մայաները մարդկային զոհաբերությունները կատարել են լոկ արտակարգ դեպքերում, դա ամենօրյա բնույթ չի ունեցել։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 199)։ |