Տանտրիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տանտրիզմ.(սանսկրերեն տանտրա-հիմք, հանգույց, գիտելիք, հմայություն և այլն), հին հնդկերենով կրոնափիլիսոփայական ուսմունք և հոգևոր կատարելության հասնելու գործնական միջոցների էզոտերիկական (< հունարեն ёошхерьиод — ներքին, գաղտնի, թաքուն) համակարգ։ Հենվում է մակրո և միկրո կոսմոսների զուգահեռականության, տիեզերքում բևեռական ուժերի և միստիկական ստեղծարար էներգիայի (շակտի կամ երբեմն կունդալինի-շակտի) գոյության գաղափարների վրա։ Ենթադրվում է, որ միասնական բարձրագույն իրողությունը ունի երկու ասպեկտ-սկզբնապատճառ՝ արական և իգական (ներկայացվում են որպես Շիվա և Շակտի, համապատասխանաբար օժտված գիտակցությամբ ու պասսիվությամբ և էներգիայով ու ակտիվությամբ)։ Ըստ տանտրիզմի, հոգեկան և ֆիզիոլոգիական կատարյալ ինքնաղեկավարմամբ (հատկապես Յոգայի միջոցով), ծիսակատարումներով, օրինակ, երկրպագությամբ (պուջա), սրբազան բառերի և հնչյունների (մանտրա) արտասանությամբ և այլն կարելի է մարմնի մեջ «արթնացնել» կունդալինի-շակտին և, երբ իրար կմիանան արական և իգական սկզբնապատճառները, մարդը ձեռք կբերի գերգիտակցական վիճակ և կիրագործի նախասկզբնական միասնությունը։ Տանտրիզմը առաջ է եկել կանացի աստվածությունների (օրինակ, «Մեծ մոր» երկրպագության) պաշտամունքներից, իսկ ժամանակի ընթացքում Փոխազդելով այլ կրոնական և փիլիսոփայական ուսմունքների հետ, բաժանվել է բուդդայական (վաջրայանա) և հինդուիստական (որում տարբերակվում են Վիշնուական Տանտրիզմներ, Շիվայական Տանտրիզմներ և Շակտիական Տանտրիզմներ) ուղղությունների։ Շակտիական Տանտրիզմն առանձնանում է խիստ էգոտերիկական բնույթով, ինչը առավել ցայտուն է արտահայտված «ձախ ձեռքի ճանապարհի» հետևորդների՝ վամաչարիների մոտ, որոնք իրենց ծիսակատարումների մեջ մեծ տեղ են հատկացնում նաև զգայական բավականություններին։ Տանտրիզմի փիլիսոփայական հայացքները, հոգեկան կենտրոնացման միջոցները, ծեսերը, աղոթքները և այլն այլաբանորեն շարադրված են մեծ հեղինակություն վայելող սրբազան տեքստերում՝ տանտրաներում (այստեղից էլ՝ Տանտրիզմ անվանումը)։ Հինդուիստական տանտրաները բաժանվում են Վիշնու-սամհիտաների, Շիվա-ագամաների և Շակտի-տանտրաների։ Վերջինիցս կարելի է նշել Կուլարնավա է Կուլաչուդամանի և Շարադատիլակա տանտրաները, իսկ բուդդայական տանտրաներից՝ Տատհագուտագուհյակա և Կալաչակրա տանտրաները։ Տանտրիզմին բնորոշ է նաև կաստայական բաժանումների նվազագույն արտահայտվածությունը։ Տանտրիզմը մեծ ազդեցություն է գործել հնդկական փիլիսոփայության զարգացման վրա։ Տարածված է Հնդկաստանում, Նեպալում, Բութանում և հատկապես Տիբեթում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 569 CC-BY-SA-icon-80x15.png