Կաստաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաստաներ (պորտ.՝ casta-տոհմ, սերունդ, լատ.՝ castus-մաքուր, սանսկրիտ. համարժեքը՝ ջատի), իրար հետ սահմանափակ հաղորդակցմամբ, անփոփոխ մասնագիտությամբ և ընդհանուր առասպելական նախահայր ունեցող մարդկանց ներամուսնական խմբեր։ Կաստաների համակարգի ձևավորման վրա մեծապես ազդել է աշխատանքի հասարակական բաժանումը։ Կաստայական բաժանման առանձին նշաններ եղել են Հին Եգիպտոսում, Իրանում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր։ Սակայն կաստաների համակարգը առավելապես զարգացել և պահպանվել է Հնդկաստանում։ Կաստաներ գոյություն են ունեցել դեռևս Հին Հնդկաստանում և օրինականացվել են կրոնի կողմից։ Միջնադարյան Հնդկաստանում կաստաները դարձել են ֆեոդալական հասարակության հիերարխիական կառուցվածքի հիմքը՝ փոխարինելով վարնաներին։ Կաստայական հիերարխիայի վերին աստիճանին գտնվել են հոգևոր և աշխարհիկ ֆեոդալների կաստաներ, նրանցից ցած՝ համայնքների լիիրավ անդամների ռազմա-երկրագործական կաստաներ և քաղաքային առևտրա-վաշխառուական կաստաներ, ավելի ցած՝ արհեստավորների և համայնքների ոչ լիիրավ անդամների կաստաներ, ամենացածում՝ կիսաստրուկ-կիսաճորտերի կաստաներ, որոնք, բացի երկրագործությունից, զբաղվել են «անմաքուր» մասնագիտություններով (ավլողներ, կաշեգործներ, կոշկակարներ և այլն) և կոչվել են «անձեռնմխելիներ»։ Կաստաների գլուխ կանգնած էին կաստայական խորհուրդները, որոնք վերահսկել են կաստաների անդամների տնտեսական և հասարակական գործունեությունը, հետևել կաստայական օրենքների կատարմանը և իրագործել արդարադատությունը։ Անգլիական գաղութարարները ձգտել են պահպանել կաստայական կարգը Հնդկաստանում՝ աշխատավորների շահագործումն ուժեղացնելու և ազգային-ազատագրական շարժումը պառակտելու համար։ Սակայն կապիտալիստական հարաբերությունների զարգացումը երկրում խախտել է կաստաների հասարակական-տնտեասական հիմքը։ Հնդկական հանրապետության սահմանադրությունը (1950) ճանաչել է կաստաների իրավահավասարությունը։ Միջոցառումներ են ձեռնարկվում «անձեռնմխելիների» դրությունը բարելավելու համար։ Սակայն կաստայական տարբերությունները պահպանվում են և խոչընդոտում երկրի տնտեսական, հասարակական և մշակութային առաջընթացը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png