Հայ քաղաքային ժողովրդական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական միջնադարյան քաղաքներում զարգացած էր ժողովրդական երաժշտությունը, սակայն, արդի կենցաղավարող երաժշտության մեջ (գրառված հայ քաղաքային երգերը և գործիքային Եղանակներն անհամեմատ քիչ են) դժվար է առանձնացնել հատկապես հնագույն ժամանակներից պահպանված տարրերը։ Քաղաքային երաժշտությունը սերում է գյուղականից և աշուղականից, բնորոշ են նաև սազանդարների երաժշտության որոշ տարրեր և այլն։ Հիմնական ժանրերն են՝ սիրո քնարային, կենցաղային (օրոր, սեղանի, զվարճական), մենապարի ու զուգապարի և այլն։ Առանձնանում են քնար, այն երգերը, որոնք արտահայտում են կարեկցանք և նորովի անդրադարձ գյուղ, երգի սոցիալական թեմային։ Մեծ բաժին են կազմում ազգային հայրենասիրական երգերը, որոնք սկզբնավորվել են 1860-ական թվականներից։

Ազատագրական թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրական թեման արտացոլվել է ինչպես քնարական, այնպես էլ քայլերգային և մարտաշունչ երգերում։ Հայրենասիրական երգերը մեծապես նպաստել են ժողովրդի ազգային գիտակցության ձևավորմանը։ Ընդհանուր առմամբ (գյուղականի համեմատությամբ) քաղաքային երգերն ավելի մտերմիկ են, հուզական, նաև առանձնանում են կոմպոզիցիոն որոշ հատկանիշներով (մեղեդին զարգանում է ավելի պարզ միջոցներով, ռիթմական կազմը և ձևային կառույցները նույնպես հստակ են)։ Համեմատաբար հին երգերում ու պարեղանակներում դյուրին է ընկալվում դրանց տեղային պատկանելությունը՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Վանի, Թիֆլիսի, Ղարաբաղի և այլն։

Գյուղացիական երաժշտությունից խիստ տարբերվում են գրական լեզվով բնագրերը, որոնց հեղինակները մեծ մասամբ պրոֆեսիոնալ բանաստեղծներ են։ Հայ քաղաքային ժողովրդական երգերի բնորոշ նմուշներից են սիրո քնարական՝ «Լուսնակ գիշեր, բոլորովին քուն չունեմ», «Սարերի հովին մեռնիմ», «Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրուհիս, քեզ համար» և «Աղջիկ, դուն սիրուն», օրորոցային՝ «Քուն Եղիր, պալաս», գյուղ.՝ «Մաճկալ ես, բեզարած ես», սոցիալական՝ «Արագն եկավ լափին տալով», հայրենասիր-ազատագր.՝ «Մայր Արաքսի ափերով», «Արևն ելավ, զեյթունցիներ» և թեմատիկ այլ երգեր։

Միջնադարյան նվագարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանթուր

Միջնադարյան նվագարանների մասին տեղեկանում ենք մանրանկարչությունից, պատմական հիշատակություններից և հին գրություններից, այդ նվագարաններից շատերը վերացել են, մի մասն էլ վերափոխվել է։ Քաղաքային ժողովրդական անսամբլների լարային նվագարանները Մերձավոր Արևելքում տարածվածների տեղային տարբերակներն են՝ քամանչա, քաման, ուդ, թառ, սազ, չոնգուր, քանոն, սանթուր, փողայինները՝ շվի, դուդուկ, զուռնա, հարվածայինները՝ դհոլ, դափ, նաղարա (այժմ չի գործածվում)։ Նվագարանային մենանվագ կամ անսամբլային երաժշտությունը, բազմատեսակ մենապարերից ու ծիսական եղանակներից բացի, ընդգրկում է ծավալուն իմպրովիզացիոն դանդաղ, տարաբնույթ պիեսներից կազմված պոպուրիներ (սովորաբար ռիթմավորված կրկնակներով)։ Անսամբլում լայնորեն կիրառվում են դամը և իմպրովիզացիան։ Շարունակվում է հին նվագարանները վերագտնելու, նորացնելու և նվագարանային «ընտանիքներ» ստեղծելու աշխատանքը։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուդուկի կրկնակի լեզվակավոր եղեգնյա մունդշտուկը (ղամիշ[1])
Դուդուկի նվագ SERGO.TEL.-ի կատարմամբ

Քաղաքային ժողովրդական նվագարանային անսամբլները (լարային, փողային կամ խառը) հաճախ առաջնորդվում են պրոֆեսիոնալ բազմաձայն կոմպոզիցիայի կանոններով։ Առանձնահատուկ նշանակություն ունի հարվածային գործիքը, որի նվագամասը տարբերակվում (վարիացիաներ) և ինքնուրույն զարգացվում է։ Քաղաքային նվագարանային երաժշտության բնագավառում հայտնի են վիրտոտզ կատարողներ, որոնց համբավը տարածվել է նաև արտերկրում (Սաշա Օգանեզաշվիլի, Լևոն Կարախան և ուրիշներ)։

ժողովրդականից պրոֆեսիոնալ երաժշտություն է փոխանցվել գործիքների խմբավորման արվեստը (լարային, փողային, հարվածային), ինչպես նաև երաժշտական գազացման տարբեր սկզբունքներ (պարային, երգային, ասերգային-իմպրովիզացիոն), նրա զարգացման ու ծավալման բազմաթիվ միջոցներն ու հնարքները (տարբերակում, կրկնողություն և այլն)։ Հայ գեղջկական, ինչպես և քաղաքային ժողովրդական երաժշտությունը հիմնարար նշանակություն ունեն ազգային պրոֆեսիոնալ (կոմպոզիտոր) արվեստի զարգացման մեջ։

Պրոֆեսիոնալ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտաս

Պրոֆեսիոնալ երաժշտությունը թարտերարվեստի նախադրյալները թաքնված են ժողովրդական ծիսական երգերի թատերականացված կատարման մեջ, իսկ բազմաձայնության տարրերը՝ ժողովրդական գործիքային արվեստում։

Կոմպոզիտորային ստեղծագործությունը սնվում է ժողովրդական երգից, օգտագործում է նրա ինքնատիպ հնչերանգը, ճկուն ռիթմը, հարուստ լադերը, նաև ժողովրդական երգը ենթարկում է վերջնական ու կայուն մշակման (չի բացառվում նաև նույն երգի այլ հեղինակի մշակումը)։ Սովորաբար, ժողովրդի մեջ նախ տարածվում են պրոֆեսիոնալ արվեստի այն գործերը, որոնք հորինված են ժողովրդական երգի ոգով ու ոճով, այնուհետև բանավոր անցնում են սերնդեսերունդ և տարբերակվում։

Ժողովուրդը պրոֆեսիոնալ երգը «սեփականում» է 2 ձևով՝ կամ ամբողջությամբ, այսինքն՝ թե՝ մեղեդին, թե՝ տեքստը (օր.՝ «Անուշ» օպերայի բազմաթիվ երգեր՝ «Համբարձում յայլա», «Ամպի տակից», Կ. Զաքարյանի «Սեղանի երգը», Ա. Տիգրանյանի «Սև աչերեն», Դ. Ղազարյանի «Ուռի» և այլն), կամ իր մեղեդիների համար «ընտրում» է որևէ հայտնի բանաստեղծություն (օր.՝ Ավետիք Իսահակյան, «Մաճկալ ես», «Սիրեցի յարս տարան», Ղ. Աղայան, «Մանիր, մանիր, իմ ճախարակ» և այլն)։

Հայկական ժողովրդական երաժշտությունը տարբերվում է արևելյան այլ ժողովուրդների երաժշտությունից. ինչպես Կոմիտասն է նշում «...բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը», որին համակարծիք են նաև այլազգի երաժշտագետները։ Գաղափարահուզական բովանդակությամբ և երաժշտաոճական հատկանիշներով հայկական ժողովրդական երաժշտությունը աշխարհի բազմազգ բանահյուսությունը լրացրել ու բազմազանել է ազգային վառ նկարագիր ունեցող ամբողջ, ու բարձրարժեք ստեղծագործություններով։

Հայկական ժողովրդական երաժշտությունը ժողովրղի կյանքի և մշակույթի պատմությունն է ու նրա բանավոր տարեգրությունը, ուստի կարևոր սկզբնաղբյուր է հայագիտության համար։

Ճանաչված երգիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական երգի և նվագի զարգացմանն ու տարածմանը նպաստել են ճանաչված երգիչներ Արմենակ Շահմուրադյանը, Արմենակ Տեր-Աբրահամյանը, Արաքսյա Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Շարա Տալյանը, Հովհաննես Բադալյանը, Հայրիկ Մուրադյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Թովմաս Պողոսյանը, Ներսիկ Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Մրրո), դուդուկահարներ Կարապետ Եղոյանը, Մարգար Մարգարյանը, Լևոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանը, Գևորգի Մինասովը, Գևորգ Դաբաղյանը, շվիահարներ, սրնգահարներ Իլյա Մինասյանը, Եղիշե Մարգարյանը, Նորայր Ժամհարյանը, Նորայր Քարտաշյանը, Լևոն Թևանյանը, թառահարներ, սազահարներ Աղամալ Մելիք-Աղամալյանը, Սամսոն Կարապետյանը, Բալա Մելիքովը, Վարդան Բունին, Սերգեյ Սերգեևը, Սողոմոն Սեյրանյանը, Հովհաննես Դարրբինյանը, Արտեմ Խաչատուրը, քամանչահարներ, քամանահարներ Սաշա Օգանեզաշվիլին, Լևոն Կարախանը, Գուրգեն Միրզոյանը, Արտեմ Մեջինյանը, Հրաչյա Ավետիքյանը, Վլադիմիր Գրիգորյանը, բամբիռահարներ Ռոբերտ Սարգսյանը, Խաչիկ Գասպարյանը, Արմեն Մնացականյանը, ուդահարներ Ուդի Սարգիսը, Սողոմոն Ալթունյանը, Ուդի Հրանտը, Ստեփան Մամոյանը, Ալբերտ Ղազարյանը, քանոնահարներ Գարեգին Խանիկյանը, Զավեն Տերմենջյանը, Խաչատուր Ավետիսյանը, Անժելա Աթաբեկյանը, Հասմիկ Լեյլոյանը, Ծովինար Հովհաննիսյանը, դհոլահարներ Հրաչիկ Աբգարյանը, ՀԵնրիկ Ավոյանը, Գագիկ Հախվերդյանը, Արագ Օրդինյանը, սանթուրահարներ Պետրոս Հովակիմյանը, Սարգիս Պետրոսյանը, նաև «Սինանան նվագախումբը», ՀՀ ազգային նվագարանների պետական, «Տկզար», «Վահագն», «Մրրո» նվագախմբերը, ՀՀ Հեռուստառադիոյի ժողովրդական գործիքների, Հայկական ժողովրդական երգի-պարի, Հայաստանի գուսան, և ժողովրդական երգի պետական, «Սայաթ-Նովա» աշուղ, երգի, «Շողակն», «Նարեկացի» և այլ անսամբլները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]