Քաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաման

Քաման, քամանի, ժողովրդական լարային աղեղնային նվագարան: Տարածված է Սև ծովի ափերին ապրող, Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի, Օրդուի և Ջենիկի շրջաններից գաղթած համշենահայերի կենցաղում, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի երկրներում: Լինում են մեծ, միջին և փոքր (պիկոլո) չափերի, 3-4 լարով քամանիներ:

Իրանը նեղուղղանկյուն է, փայտյա ծածկով և կարճ կոթով։ Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում։ Նվագարանը բռնում են ձախ ձեռքով, ուղղաձիգ, իսկ աջում՝ աղեղը: Քառալար քամանին որոշ վայրերում անվանում են քամանչա: Կատարում են նվագարանային, համեմատաբար զարգացած հանկարծաբանական բնույթի ստեղծագործություններ և պարեղանակներ: Երեք, իսկ ավելի հաճախ՝ չորս մետաղյա լարերը թեև հաստատուն լարվածք չունեն, բայց ամենից հաճախ լարվում են կվարտաներով։ Քամանի առանձնահատկությունը տակից անցնող ձայնադարձիչ լարերն են, որոնք լարվում են հիմնականներին ունիսոն կամ նրանցից օկտավա բարձր։ Եռալար քամանին թմբուկի ուղեկցությամբ, հարսանիքների համար է, իսկ առանց թմբուկի՝ նաև շուրջպարերի: Նվագահարը կանգնում է շրջանի մեջտեղում, նվագարանը ուսից թոկով կախած՝ ուղղաձիգ դիրքով և, պարողների հետ պարելով, ոգևորում նրանց՝ պարի ռիթմն ու չափն ապահովելով: Քամանը հայ աշուղների սիրած նվագարաններից է եղել, բայց ներկայումս համեմատաբար սակավ է գործածվում։ Քամանիի տարատեսակներն այսօր իրենց հաստատուն տեղն են զբաղեցնում Հայաստանի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլում (գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյան, քամանի նվագողներն են՝ Մխիթար Քեթցյանը, Ռաֆիկ Հակոբյանը)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդական նվագարաններ։ Երևան: «Կոմիտաս»։ 2008։ ISBN 978-99941-853-2-0 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png