Jump to content

Հանդբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանդբոլ
Տեսակթիմային մարզաձև և գնդակով խաղ
Տարբերվում էHandball?
ՊորտալՊորտալ:Հանդբոլ
 Handball Վիքիպահեստում
Օլիմպիական խաղեր 2012, Հանդբոլ, կանայք։ Ռուսաստան-Անգոլա

Հանդբոլ կամ ձեռքի գնդակ (անգլ.՝ handball, hand - ձեռք և անգլ.՝ ball - գնդակ), թիմային սպորտային խաղ գնդակով, օլիմպիական խաղերի խաղային մարզաձև, որով զբաղվում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք առանց տարիքային սահմանափակումների։ Խաղում են 7 հոգանոց թիմերով։ Խաղի նպատակն է գնդակը հնարավորինս շատ նետել մրցակցի դարպասը[1]։

Հնագույն խաղի՝ ձեռքի գնդակի մասին հիշատակումներ կան Հոմերոսի «Ոդիսական»-ում և հին հռոմեական բժիշկ Գալենի բանաստեղծություններում։ Միջնադարում նմանատիպ խաղին իր բանաստեղծությունները նվիրել է Վալտեր ֆոն դեր Ֆոգելվայդեն։ Հանդբոլն իր ներկայիս ձևով հորինել են դանիացի ֆուտբոլիստները 19-20-րդ դարերում՝ որպես ձմռանը ֆուտբոլին փոխարինող։ Հանդբոլի և ֆուտբոլի տարբերությունն այն է, որ հանդբոլը խաղում են ձեռքով, և յուրաքանչյուր թիմ կազմված է վեց խաղացողից և դարպասապահից։

Միջազգային սպորտային համակարգում խաղը գրանցված է հանդբոլ (ձեռքի գնդակ) անվանումով՝ սկսած 1898 թվականից, երբ դանիական Օրդրուպի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հոլհեր Նիլսենն այդ խաղը ներկայացրեց կանանց խմբերի միջոցով։ Իմաստն այն է, որ թիմակիցները միմյանց փոխանցելով գնդակը պետք է այն հասցնեին դարպասին և նետեին դրա մեջ։

Վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունները հիմք են հանդիսանում ձեռքի գնդակի ծննդյան ամսաթիվը ավելի վաղ ժամանակներին վերագրելու համար։ 1890 թվականին Չեխիայում տարածվել էր գնդակով խաղի հայտնի ազգային տարբերակը «խազենա» անվանումով (նետել)[2]։ Սպորտաձևի կիրառությունը դադարեցվել էր գնդակի չկարգավորված տեղափոխության և այն առանց պայքարի խառը խմբերով նետելու պատճառով։ 1917 թվականին Բեռլինից ինչ-որ մեկը երկու խաղերից ստեղծեց նոր խաղ կանանց համար, որն ուներ ձեռքի գնդակ անվանումը։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ խաղը միջազգային ճանաչում կունենա։

1918 թվականին միջազգային սպորտի ցուցակում արդեն կար երկու հակառակ հոսանքների խաղ՝ չեխական խազենան (արևելքում) և գերմանական հանդբոլը (հյուսիսում և արևմուտքում)։ Արդեն 1920 թվականին Բեռլինում սկսվեցին գավաթի համար առաջին խաղերը և հանդբոլի Գերմանիայի առաջնությունը։ Իսկ 1923 թվականին նրանք ներկայացրին մրցակցության նոր կանոնները․ գնդակի չափերը նվազեցնելու, «երեք վայրկյան» և «երեք քայլ» կանոնների ստեղծումը մեծապես նպաստեցին խաղի տեխնիկայի բարելավմանը։ 1925 թվականին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումը Գերմանիայի և Ավստրիայի միջև, որտեղ Գերմանիան 5:6 հաշվով պարտվեց։

1926 թվականին հանդբոլի միջազգային ճանաչումը նոր շունչ տվեց սպորտի զարգացմանը։ Հանդբոլի ակումբներ բացվեցին Լուքսեմբուրգում, Շվեյցարիայում, Իսպանիայում և մի շարք այլ երկրներում։ 1928 թվականին Ամստերդամում ստեղծվեց Հանդբոլի միջազգային սիրողական ֆեդերացիան (ՀՄՍՖ), որը գործեց մինչև 1944 թվականը։ Դրա մեջ մտնում էր 11 երկիր, որոնք զբաղվում էին հանդբոլով։ 1936 թվականին խաղն առաջին անգամ կցվեց օլիմպիական խաղերին։ Կայացավ 11-րդ ամառային օլիմպիադան, որտեղ հաղթանակ տարավ Գերմանիան[3]։

Սպորտաձևը նոր վերելք ապրեց, երբ 1946 թվականին ստեղծվեց Հանբոլի միջազգային ֆեդերացիան (ՀՄՖ)։ Այն միավորում է ազգային 70, այդ թվում՝ ԽՍՀՄ (1958 թվականից) ֆեդերացիաները[4]։ Ֆեդերացիան հավանություն է տվել աշխարհի գավաթի վերափոխմանն ուղղված գործողությունների ծրագրին։ Վերջինս նախատեսված էր 11x11 ձևաչափով հանդբոլի աշխարհի առաջնության անցկացման համար և՛ կանանց, և՛ տղամարդկանց մասնակցությամբ։ 1949 թվականին Բուդապեշտում անցկացվեց կանանց մասնակցությամբ աշխարհի առաջնությունը, որտեղ առաջատարը Հունգարիայի հավաքականն էր։

Ընդհանուր առմամբ, 11 × 11 ձևաչափով անցկացվել է տղամարդկանց յոթ և կանանց երեք ձեռքի գնդակի առաջնություն։ 1966 թվականին անցկացվեց տվյալ ձևաչափով յոթերորդ և վերջին աշխարհի առաջնությունը։ Դրանով հիմք դրվեց 7x7 ձևաչափային հանդբոլի զարգացմանը։ 1954 թվականին առաջին անգամ այս ձևաչափով տղամարդկանց առաջնություն սկսեց Շվեդիան և հաղթանակ տարավ։ Կանայք անցկացրին 7 × 7 ձևաչափով հանդբոլի առաջին առաջնությունը 1957 թվականին Հարավսլավիայում։ Առաջին տեղը նվաճեց Չեխոսլովակիայի թիմը։

Խաղի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդբոլի խաղադաշտ

Խաղը տեղի է ունենում 40x20 մ չափերով ուղղանկյունաձև փակ վայրում։ Տարածքի շուրջն անպայման պետք է լինի անվտանգության գոտի կողմնային գծերի երկայնքով մոտ 1մ և դարպասի գծից առնվազն 2մ հեռավորությամբ։ Դաշտի երկար գծերը կոչվում են կողային գծեր, իսկ կարճ գծերը՝ դարպասի սյուների ներսում՝ դարպասի գծեր, դարպասի սյուներից դուրս՝ արտաքին դարպասային գծեր։

Յուրաքանչյուր դարպաս ունի հատկացված տարածք։ Դրանից 6 մ հեռավորությամբ ներս կանգնած է դարպասապահը, իսկ դուրս գտնվում է խաղացողներին հատկացված տարածքի սկզբնակետը (նրանք չեն կարող տրորել այդ գիծը)։ Դարպասի սահմանից դուրս՝ 3 մ հեռավորության վրա, գտնվում է ազատ նետումների գիծը (կամ 9 մ գիծը)։ Այս գիծը պատկերվում է կետագծերով, որոնց միջև հեռավորությունը 15 սմ է։ 6 մ գծից 7 մ հեռավորության վրա՝ դարպասի կենտրոնին զուգահեռ 7 մ գիծն է 3 մ երկարությամբ[5]։

Դարպասների գծի կենտրոնում տեղադրվում են դարպասները։ Դրանք պետք է առավելագույն չափով ամրացված լինեն հատակին։ Ընդունված չափսեր՝ 3 մ լայնություն, 2 մ բարձրություն։ Դարպասներին պետք է ամրացված լինեն ցանցեր։

Հանդբոլի գնդակ

Հանդբոլի գնդակը պատրաստվում է կաշվից կամ սինթետիկ նյութից։ Այն պետք է լինի կլոր։ Չպետք է լինի փայլուն կամ սայթաքուն։ Կա ընդունված 3 չափս.

  1. Տրամագիծ՝ 50-52 սմ, կշիռ՝ 290-330 գ, նախատեսված է 8-12 տարեկան տղաների և 8-14 տարեկան աղջիկների համար։
  2. Տրամագիծ՝ 54-56 սմ, կշիռ՝ 325-375 գ, նախատեսված է 14 տարեկանից բարձր աղջիկների և 12-16 տարեկան տղաների համար։
  3. Տրամագիծ՝ 58-60 սմ, կշիռ՝ 425-475 գ, նախատեսված է 16 տարեկանից բարձր տղաների համար։
Հանդբոլի գնդակի տրամագիծը և քաշը՝ ըստ սեռի և տարիքի

Թիմը կազմված է 14 անդամից, որից միաժամանակ կարող են խաղադաշտ դուրս գալ միայն յոթը, իսկ մնացած յոթ խաղացողները համարվում են պահեստային խաղացողներ։ Խաղադաշտի յոթ խաղացողներից մեկը դարպասապահն է։ Խաղի սկզբից յուրաքանչյուր թիմում պետք է լինի հինգից ավելի մարդ։ Խաղի ընթացքում պահեստային խաղացողը շատ հեշտ կարող է մտնել խաղի մեջ, երբ այն խաղացողը, որին կփոխարինի, կհայտնվի խաղադաշտից դուրս։

Խաղացողների դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դարպասապահ
  • Անկյունային կամ ծայրային - խաղում են աջ կամ ձախ կողմում։ Որպես կանոն՝ խիզախ, ճարպիկ և արագընթաց խաղացողներ են։
  • Կենտրոնի խաղացող - խաղում է դաշտի կենտրոնում, կատարում է հիմնական հարձակումները և ծայրահեղ դեպքերում ակնթարթորեն գծում է խաղապլան։ Նրա համար կարևոր է հստակ հարվածներ տալը և խաղադաշտը ամբողջությամբ տեսադաշտում պահելը։
  • Կիսամեջ - խաղում են կենտրոնի խաղացողի և անկյունային խաղացողների մեջտեղում։ Ըստ խաղի կանոների՝ նրանք պետք է կարողանան ուժգին հարվածներ տալ։
  • Գծային - այս խաղացողը կամ խաղացողները խաղում են 6 մ գծի վրա, ինչի համար անվանվում են գծային խաղացողներ։ Նրանց հիմնական պարտականությունն է խանգարել հակառակորդի խաղը, և հակառակորդի դարպասին հասցնել գնդակները։

Խաղն անցկացվում է երկու իրավահավասար մրցավարների հսկողության ներքո։ Անհամաձայնությունների դեպքում քննարկումից հետո ընդունվում են համատեղ որոշումներ։ Եթե երկու մրցավարները նկատել են նույն խախտումը, սակայն նշանակել են տարբեր պատիժներ, ապա դրանցից ընդունվում է ամենախիստը։

Մրցավարներ

Խաղի տևողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր խաղակես 16 տարեկանից բարձր խաղացողների համար տևում է 30 րոպե՝ 15 րոպեանոց ընդմիջումով։ 8-12 տարեկանների համար խաղի յուրաքանչյուր խաղակեսը տևում է 20 րոպե, 12-16 տարեկանների համար՝ 25 րոպե։ Ընդմիջումից հետո խաղադաշտերը փոխվում են։ Եթե անհրաժեշտ է պարզել հաղթողին, լրացուցիչ ժամանակ է ավելացվում։ Եթե առաջին լրացուցիչ ժամանակը չի բացահայտում հաղթողին, ապա 5 րոպեից հետո նույն պայմաններում երկրորդ լրացուցիչ ժամանակն է ավելացվում։ Եթե երկրորդ լրացուցիչ ժամանակն է ավարտվում ոչ-ոքի, ապա կատարվում են 7 մետրանոց հարվածներ։

Ժամանակի հաշվարկը չի դադարեցվում խաղի կարճաժամկետ ընդհատման դեպքում (օրինակ՝ եթե գնդակը դուրս է գալիս կողային գծից)։ Ավելի տևական դադարի անհրաժեշտության դեպքում մրցավարները կարող են վայրկյանաչափ օգտագործել։ Մասնավորապես, դա հարկավոր է խաղացողի հեռացման, մրցավարների խորհրդակցության ժամանակ։

Յուրաքանչյուր թիմ մեկ անգամ իրավունք ունի 1 րոպեով դադարեցնել խաղը, որի ժամանակ կանգնում է նաև խաղի հիմնական ժամանակը։ Դա կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ թիմը գնդակով է։

Մրցավարի ժեստերը
  • Խաղացողն իրավունք ունի նետել, բռնել, խլել և կանգնեցնել գնդակը ձեռքերի, գլխի, ազդրերի և մարմնի օգնությամբ։
  • Խաղացողը կարող է գնդակն իր ձեռքում պահել 3 վայրկյանից ոչ շատ, ընդ որում, գնդակը ձեռքին կարող է կատարել 3 քայլից ոչ ավելի, որից հետո գնդակը պետք է փոխանցի խաղացողներից մեկին, նետի դարպասը կամ պարզապես նետի հատակին։
  • Յուրաքանչյուր թիմի դարպասապահը կարող է դիպչել կամ հատել դարպասի համար սահմանված տարածքը։
  • Խլել գնդակը կարելի է ձեռքի բաց ափով։ Կարելի է հետևից վերահսկել խաղացողին բաց ձեռքերով։
  • Չի թույլատրվում գնդակը խլել առանց տեսանելի հարձակման փորձի։
  • Գոլը հաշվվում է այն դեպքում, երբ գնդակն ամբողջությամբ անցել է դարպասի համար սահմանված տարածքը և հայտնվել դարպասի ներսում, ընդ որում, եթե հարձակվող թիմը կանոնները չի խախտել, և մրցավարը խաղը դադարեցնելու հրահանգ չի տվել։
  • Խաղում հաղթում է այն թիմը, որն ավելի շատ գնդակ է նետել հակառակորդի դարպասը։ Ոչ-ոքին թույլատրվում է, սակայն հաղթողին որոշելու համար կարելի է նշանակել լրացուցիչ խաղաժամանակ կամ 7 մետրանոց հարվածների շարք (կախված է մրցույթի տեսակից)։

Դարպասապահի գործողությունները կարգավորվում են հատուկ կանոններով.

  • Դարպասապահը միակ խաղացողն է, ով կարող է դիպչել դարպասի սահմանին (6մ գծին)։
  • Դարպասապահը հարվածը կասեցնելու նպատակով գնդակին կարող է դիպչել իր մարմնի յուրաքանչյուր հատվածով։
  • Դարպասապահը կարող է գնդակը փոխանցել իր ցանկացած վայրը առանց քայլերի քանակի վերահսկման։
  • Դարպասապահը կարող է դուրս գալ իրեն հատկացված տարածքից առանց գնդակի։ Նա այդ ժամանակ համարվում է սովորական խաղացող։
  • Դարպասապահը չի կարող դուրս գալ իրեն հատկացված տարածքից գնդակը ձեռքին։
  • Դարպասապահը չի կարող վերադառնալ հատկացված տարածք գնդակը ձեռքին։
  • Դարպասապահը չի կարող դիպչել գնդակին, եթե այն գտնվում է իրեն հատկացված տարածքից դուրս։

Կա տուգանքի 3 հիմնական ձև․

  • նախազգուշացում,
  • խաղադաշտից 2 րոպեով հեռացում,
  • որակազրկում (մինչև խաղի ավարտը)։

Այդ տուգանքները կարող են նշանակվել ինչպես խաղացողներին, այնպես էլ թիմի պաշտոնական ներկայացուցիչներին։

յոթ մետր հարված

Նախազգուշացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախազգուշացում տրվում է հակառակորդի նկատմամբ որևէ խախտում կատարելու դեպքում (տրվում է մրցավարի կողմից), օրինակ՝ 3 մ հեռավորությունը նետումի ժամանակ խախտելու համար։ Նախազգուշացումն ուղեկցվում է դեղին քարտով[6] ։

Առավելագույն նախազգուշացումների քանակը մեկ խաղի ընթացքում․

  • նույն թիմի բոլոր խաղացողներին՝ 3 անգամ,
  • նույն թիմի բոլոր պաշտոնական դեմքերին՝ 1 անգամ։

Առավելագույն քանակի նախազգուշացումներ ստանալուց հետո կիրառվում են ավելի խիստ տուգանքներ՝ 2 րոպեով հեռացում դաշտից կամ որակազրկում։

Հեռացում խաղից 2 րոպեով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցավարի ժեստը՝ երկու րոպեով խաղից հեռացնել

Խաղադաշտից 2 րոպեով հեռացնում են, երբ խաղացողն իրեն վատ է դրսևորել հակառակորդ թիմի խաղացողի նկատմամբ (հրել, հարվածել կամ գնդակը նետել նրա վրա)։

Հեռացումն ուղեկցվում է մրցավարի ժեստով՝ վեր է բարձրացնում ձեռքը, ձեռքի մատներով ցույց տալիս երկու թիվը, որից խաղացողը հասկանում է, որ պետք է լքի խաղադաշտը 2 րոպեով։ Թիմն այդ երկու րոպեն խաղում է ոչ լիարժեք կազմով։ Այդ 2 րոպեն հեռացված խաղացողը անց է կացնում իր թիմի պահեստայինների նստարանին։ Եթե այս տուգանքը կիրառվել է մարզչի նկատմամբ, ապա նա նստում է պահեստայինների նստարանին, նրան փոխարինում է օգնական մարզիչը կամ պահեստային խաղացողներից որևէ մեկը։

Որակազրկում

Որակազրկում տեղի է ունենում այն ժամանակ, երբ խաղացողը կոպիտ խախտում է կատարել (հարվածել է խաղացողի գլխին, թռիչքի ժամանակ հրել է նրան կամ վիճել մրցավարի հետ)։

Որակազրկմանը հաջորդում է կարմիր քարտով խաղից և նույնիսկ խաղադաշտից հեռացումը։

Հանդբոլը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդբոլով սկսել են զբաղվել 1922 թվականից։ Հանրապետության առաջնությունները սկսել են կազմակերպվել 1956 թվականին։ 1992 թվականին հիմնադրվել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան[7]։ Նույն թվականին այն անդամագրվել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիային։

1956 թվականից կազմակերպվում են հանդբոլի հանրապետական առաջնություններ, իսկ 1957 թվականից Հայաստանի թիմերը մասնակցում են համամիութենական առաջնության և միջազգային մի շարք մրցումների։

Ղեկավար կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 - 2000 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • նախագահ՝ Լեոնիդ Գասպարյան
  • փոխնախագահ՝ Մարկ Մելիքյան
  • գլխավոր քարտուղար՝ Հարություն Մելքոնյան

2000 - 2002 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • նախագահ՝ Հարություն Մելքոնյան
  • փոխնախագահ՝ Մարկ Մելիքյան
  • գլխավոր քարտուղար՝ Արսեն Մխիթարյան

2002 - 2008 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • նախագահ՝ Սարգիս Գրիգորյան
  • փոխնախագահ՝ Հարություն Մելքոնյան
  • գլխավոր քարտուղար՝ Արսեն Մխիթարյան

2009 - 2010 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • նախագահ՝ Սարգիս Գրիգորյան
  • փոխնախագահ՝ Հարություն Մելքոնյան
  • գլխավոր քարտուղար՝ Էրիկ Արևշատյան

2010 թվականից առ այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • նախագահ՝ Սարգիս Գրիգորյան
  • փոխնախագահ՝ Արսեն Հակոբյան
  • քարտուղար՝ Աննա Մելքոնյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Barbara Schrodt (2011 թ․ հոկտեմբերի 6). «Team Handball». The Canadian Encyclopedia. Historica-Dominion Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  2. Serinex.NET, SegaAlex in. «Handball History : HAND-BALL.ORG». www.hand-ball.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. "Handball The Official Website of the 16th Asian Games". Guangzhou Asian Games. 21 August 2008. Retrieved 2 February 2009.
  4. «Member Federations». International Handball Federation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  5. «The official Handball rules (PDF)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  6. Official rules, hand signal 13
  7. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 193-194։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանդբոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 698