Jump to content

Թաքնված մայրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Թաքնված մայր» ժանրի լուսանկար (19-րդ դարի երկրորդ կես)

«Թաքնված մայր» կամ «ծպտված մայր» (անգլ.՝ «The Hidden Mother»), ժամանակակից եզրույթ[1]՝ նշանակելու վաղ լուսանկարչության ժանր (ենթաժանր), որը ծագել է դրա ստեղծման պահից և անհետացել 1920-ական թվականներին. այն է թե՝ երեխայի լուսանկարը մոր մոտ, որը թաքնված է վարագույրի կամ այլ առարկայի հետևում։ Ժամանակակից արվեստաբանների կարծիքով՝ այդպիսի ժանրի ի հայտ գալը պայմանավորված էր լուսանկարչական գործընթացի տեխնիկական կողմի անկատարությամբ և Վիկտորյական դարաշրջանի բրիտանացիների՝ մահվան և մարդու սոցիալական կարգավիճակի մասին հատուկ պատկերացումներով։

Այս տեսակի լուսանկարներում մայրը (կամ ավելի հազվադեպ՝ մեկ այլ չափահաս անձ) երկար լուսակայման ժամանակ երեխային պահում է կայուն դիրքում, քանի որ նրա մարմնի ցանկացած շարժում կարող էր առաջացնել պատկերի աղավաղում։ Ընդ որում, այդ դարաշրջանում մորից սպասում էին, որ նա պետք է թաքցնի կադրում իր լինելու ցանկացած նշան։ Նկարներում պատկերված մայրերից ոմանք ծածկված են ծաղկավոր չթով և բազկաթոռ են ձևանում, մյուսները թաքնված են բազմոցի հետևում, որպեսզի երևան միայն ձեռքերը՝ երեխային ցույց տալով որպես մարիոնետ, մյուսների գլուխները թեքված են տեսախցիկից, չորրորդներն այնպես են հարդարում իրենց մազերը, որ ընկնեն դեմքին՝ դրանք վարագույրի պես ծածկելով, որոշ լուսանկարներում մայրերի դեմքերը ամբողջությամբ քերված էին, մի կին պարզապես ծածկված էր սպիտակ սավանով[2]։

Այս ժանրի ֆենոմենի ուսումնասիրությանն են նվիրված լուսանկարչական արվեստի բրիտանացի և ամերիկացի պատմաբանների աշխատանքներ, «թաքնված մայրերի» լուսանկարներին նվիրված ցուցահանդեսներ են անցկացվել, անգլալեզու խոշոր լրատվամիջոցներ հրավիրել են ընթերցողների լայն հանրության հետաքրքրությունը դրա վրա՝ նման լուսանկարների շուկա առաջ բերելով։

Ժանրի գոյության խնդրի ձևակերպման և դրա ուսումնասիրության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող և ֆոտոլրագրող Բելլա Բաթերստը գրել է, որ տվյալ ժանրը գոյություն է ունեցել լուսանկարչության ի հայտ գալու ժամանակներից մինչև 1920-ական թվականներ[3]։ 2010-ական թվականներին աճող հետաքրքրություն է ձևավորվել այսպիսի լուսանկարների նկատմամբ, ինչպես նաև դրանց գնման-վաճառքի շուկա։ Վերջին մի քանի տարիներին դիլերները առցանց խանութների կայքերում (նաև eBay-ում) այս լուսանկարների համար սահմանել են 5-ից 20 դոլլար արժեք։ Որոշ նմուշներ վաճառվել են հարյուր դոլլարով։ Լավ վիճակում գտնվող պատկերներ հազվադեպ են հանդիպել։ Որոշ լուսանկարներ պահպանվել են պաշտպանիչ թաղանթներում կամ շրջանակներում, որոշները պահվել են նույնիսկ հագուստի գրպաններում, այդ իսկ պատճառով շատ են տուժել[4]։ Հավաքորդ Լինդա Նագլերը սակայն գրել է, որ այն ժամանակներում, երբ արվել են նման լուսանկարներ, «դրանք համարվում էին որպես բրևիարիումներ»։ Նա դրա վկայությունն է համարել մասնավորապես պատկերների զգալի մասի փոքրությունը և 19-րդ դարի կեսին կաշվե, արույրե, թավշե կամ գուտապերչե պատյաններում դագերոտիպիաներով կնքումը։ Նրա կարծիքով՝ դա ցույց է տալիս, որ դրանք հոգևոր մեծ արժեք են ունեցել տերերի համար[5]։

Լի Մարքսի և Ջոն Կ. Դեպրե Կրտսերի գիրքը. ժանրի ուսումնասիրության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջովաննի Բելինի. Տիրամայրը նորածնի հետ, 1470—1475
Այգում, ոչ թե ստուդիայում «թաքնված մոր» հազվադեպ լուսանկար։ Լինդա Նագլերի հավաքածու, № 0375, 12,5 х 8 սմ

2000-ական թվականներին «թաքնված մայրերի» լուսանկարները գրավել են ֆոտոարվեստի պատմաբան Լի Մարքսի ուշադրությունը։ 1991 թվականի ամռանը Մարքսը ճանաչման է հասել որպես ֆոտորավեստի դիլեր և խորհրդատու, ստեղծել է մասնավոր Lee Marks Fine Art պատկերասրահը, դարձել է Լուսանկարների արտ-դիլերների միջազգային միավորման հիմնադիրներից մեկը և որոշ ժամանակ կատարել է դրա նախագահի պարտականությունները։ Ամուսնու՝ լրագրող Ջոն Կ. Դեպրե Կրտսերի հետ նա Ինդիանա նահանգի հյուսիսում մտել է անտիկվար իրերի խանութ։ Այնտեղ նա տեսել է բազկաթոռին կիսապառկած երեխայի լուսանկար։ Նրա թմբլիկ այտերը համապատասխանում էին աթոռի հետևում գտնվող կնոջ լիքը կազմվածքին։ Այդ մարմինը, ըստ Մարքսի, կարող էր պատկանել միայն երեխայի մորը, սակայն նրա գլուխը կտրված էր պարանոցի մակարդակից։ Դիմանկարը Մարքսի մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Մասնավորապես՝ «Ինչու՞ է մայրը զուտ ֆոն երեխայի համար», «Ինչու՞ է կնոջ դեմքը ջնջված լուսանկարից»։ Մարքսի հիշողության մեջ հայտնվել են «Մադոննան նորածնի հետ» պատկերները, որոնք կտրուկ տարբերվում էին այս լուսանկարից։ Նա գնել է անսովոր լուսանկարը և սկսել փնտրել նմանատիպ այլ նկարներ[6]։

2005 թվականին Փարիզում անգլերենով լույս է ընծայվել Լի Մարքսի և Ջոն Կ. Դեպրե Կրտսերի ոչ մեծ «Անտեսանելի ներկայություն» գիրքը (անգլ.՝ «The Hidden Presence»), որում արծարծվում էր վաղ լուսանկարչության շրջանում հատուկ ժանրի առկայության խնդիրը երեխայի և կնոջ պատկերման մեջ, որը գրկել է նրան, բայց թաքնվել դիտողից՝ նրա կողքին կանգնած։ Հետազոտողները հավաքել են նման պատկերների մի ամբողջ հավաքածու (ստեղծման համար պահանջվել է տասնհինգ տարի[7]) և բացատրել «թաքնված մայր» երևույթը։ Նրանց կարծիքով՝ 19-րդ դարում լուսանկարման սարքերի երկարատև լուսակայման պատճառով նկարահանման ժամանակ մայրը պահում էր երեխային կամ հետ էր պահում ավելի մեծ երեխային, որ չշարժվի։ Մարքսն ու Դեպրեն նաև փորձել են ստեղծել այն տարբերակների դասակարգումը, որոնք լուսանկարիչն օգտագործել է կադրում կնոջ առկայության փաստը թաքցնելու համար. նա կարող էր թաքնված լինել վարագույրի հետևում կամ նստել աթոռին, ծածկված լինել ծածկոցով, իսկ երբեմն էլ էկրանից դուրս էր գտնվում, ինչի մասին վկայում է ձեռքը, որը հայտնվում է լուսանկարի շրջանակի հետևից և դիպչում երեխային[8]։ Որոշ դեպքերում լուսանկարիչները վերացրել են նկարում արդեն գոյություն ունեցող մեծահասակների անցանկալի պատկերը՝ նրա դեմքը տարրալուծելով սենյակի մուգ ֆոնին կամ նույնիսկ քերելով այն դանակի շեղբով[7]։ Մարքսն ու Դեպրեն մի շարք հարցեր են ուղղել այս ժանրի ապագա հետազոտողներին և դրանց հետ կապված մի շարք վարկածներ առաջ քաշել[7].

  • Արդյո՞ք այս ժանրին էին պատկանում նորածին երեխայի ամենավաղ լուսանկարները։
  • Այսպիսի լուսանկարներ եղե՞լ են արդյոք մահացած կամ հիվանդ երեխաների դեպքում, որոնք չեն հասել մինչև չափահասության տարիք։ Հավանաբար այդ դեպքում դրանք միջոց են ծառայել ծնողների համար՝ որպես նրանց գոյության ապացույց։
  • Ինչու՞ է լուսանկարում մայրը (կամ հայրը) թաքնված, այլ ոչ թե իր երեխային հպարտությամբ ու քնքշանքով գրկում պահելով լուսանկարված։
  • Ինչպե՞ս է այդ ժանրն արտացոլում 19-րդ դարում կանանց դերը։
  • Ինչու՞ համակցված նկարահանման տեխնիկա ունեցող լուսանկարիչներն ուշադրություն չեն դարձնում ծնողների անարվեստ քողարկմանը։
  • Արդյո՞ք լուսանկարներում թաքնված անձինք եղել են երեխաների մայրերը կամ դրանք եղել են դայակները, բուժքույրերը, հայրերը, ծառաները, ստուդիայի օգնականները։

Մարքսն իր լուսանկարների հավաքածուի ցուցահանդես է կազմակերպել Կոլումբոսի արվեստի թանգարանում[4]։

Լինդա Նագլերի գիրք և ժանրի լուսանկարների խոշորագույն հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
«Թաքնված մայր». ձևևավորման օրինակներ
«Թաքնված մոր» լուսանկարի օրինակ լուսանկարչական ստուդիայի անվան նուրբ գեղազարդմամբ, 1890-ական թվականներ
«Թաքնված մոր» լուսանկար ոսկեզօծ շրջանակով, 1860-ական թվականներ
Լինդա Նագլերի հավաքածու ցուցադրությունը Վենետիկում, 2013 թվական
Լինդա Նագլերի «Թաքնված մայրը» գրքի բացվածք

Հավաքորդ և արխիվիստ Լինդա Նագլերը (ծնվել է 2013 թվականին Ստոկհոլմում։ Ապրում և աշխատում է Միլանում։ Ճանաչման է հասել որպես լուսանկարիչ, որն աշխատում է հնաոճ լուսանկարների ոճով) 2013 թվականին հրապարարակել է «թաքնված մայրերի» լուսանկարների իր սեփական հավաքածուն[9]։ Առաջին անգամ այդ թեմային նա ուշադրություն է դարձրել, երբ eBay-ում հայտարարություն է տեսել լուսանկարի վաճառքի մասին[2][10] «զվարճալի փոքրիկը թաքնված մոր հետ» գրությամբ[10]։ Տասը տարի է անցել՝ ստեղծելու հավաքածուն և վերլուծելու լուսանկարները, ևս հինգ ամիս՝ 2013 թվականին 55-րդ Վենետիկի բիենալեի ցուցադրությանը նախապատրաստվելու համար, որտեղ նա դարձել է գեղարվեստի քննադատ Մասիմիլիանո Ջիոնիի «Հանրագիտական ամրոց» (իտալ.՝ «Il Palazzo Enciclopedico») ցուցադրության մաս։ Ցուցահանդեսում ներկայացվել է 997 լուսանկար։ Ցուցասեղանն զբաղեցրել է ինը մետր երկարություն և մեկուկես մետր բարձրություն (լուսանկարները զետեղված են եղել մեկը մյուսի վրա մի քանի շարքով)։ Դրանք պատրաստվել էին հատուկ ցուցադրության համար։ Ներկայացված են դագերոտիպիաներ, ամբրոտիպիաներ, ֆեռոտիպեր, ալբումինային տպագրությամբ և ավելի ուշ պոլարոիդներ, որոնց մեծ մասն ստեղծվել էր 1840-ականներից մինչև 1920-ական թվականներ։ Կազմակերպիչները հաշվարկել էին, որ լուսանկարները մեկ գծով շարելու դեպքում այն կզբաղեցներ 57 մետր[11]։ Ցուցադրության գրացուցակը (անգլ.՝ «The Hidden Mother») լույս է ընծայել Mack հրատարակչությունը, պարունակում է «թաքնված մայրերի» այդ ժամանակ ամենաընդարձակ ժողովածուն՝ 1002 լուսանկար, որտեղ նկարված են 1930 երեխաներ և նրանց մայրերը[12]։ Նագլերը հրատարակման մեջ ներառել է նաև գիտական որոշ հոդվածներ՝ փորձելով մեկնաբանել ժանրը, իսկ գրքում այն երբեմն անվանվել է նաև «ենթաժանր»[13]։

Գիրքը և ցուցադրությունը գրավել են անգլալեզու այնպիսի խոշոր հրատարակչությունների ուշադրությունը, ինչպիսիք են Վաշինգտոն Փոստը[14], The Daily Telegraph[2], Daily Mail[15], The Independent[10], The Guardian[3], իտալական La Repubblica[16], շվեդական Dagens Nyheter[17]։ BBC ալիքը ևս իր հեռուստադիտողների ուշադրությունն է հրավիրել այս ժանրի վրա[18]։ Ռուսերենով լույս են տեսել հոդվածներ մեդիալրատվականներում[19][20] և գիտահանրամատչելի հանդեսներում[21]։

Լորա Նարսոնի աշխատանքներ «թաքնված մոր» թեմայով

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին ամերիկացի լուսանկարիչ Լորա Նարոսոնը, որն իր աշխատանքները ցուցադրել էր և ազգային, ինչպես նաև միջազգային մակարդակով, այդ թվում Բրոնքսի արվեստի թանգարանում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Հյուսթոնի Գեղեցիկ արվեստների թանգարանում, հրապարակում է «Թաքնված մայրը» գիրքը։ Այն լուսանկարների պատմության թեմայով էսսեի, հուշագրության և բելետրիստիկայի հիբրիդ էր։ Գրքի մտահղացումը ծնվել էր Եթովպիայից չորսամյա Գադիսսա անունով սևամորթ աղջկա որդեգրման դատական գործընթացի ժամանակ, որը ձգվել է յոթ ամիս[22]։ Այդ ժամանակ «թաքնված մայր» ժանրի լուսանկարների հետ Լարսոնին ծանոթացրել է լուսանկարիչ ընկերը։ Գրքի հեղինակի խոսքերով՝ ինքն այդ լուսանկարներում տեսել է «դստեր հանդեպ կապվածության իր աճող զգացումը»։ Հարցազրույցի ժամանակ Լարսոնն ասել է, որ գրքում խորհրդածել է լուսանկարչի և նկարվող օբյեկտի, օբյեկտի և դիտողի միջև կապերի մասին, ինչպես նաև շոշափել է լուսանկարի ստեղծման և դրա համար կեցվածք ընդունելու մայրական տեսանկյունը։ Գիրքն ստեղծելիս հեղինակը հանդիպել է Լի Մարքսի և Ջոն Կ. Դեպրե Կրտսերի հետ։ Նրանք թույլ են տվել աշխատել իրենց լուսանկարչական հավաքածուի հետ, ինչպես նաև այդտեղից տվել են աշխատանքներ՝ գրքում հրապարակելու և Լարսոնի կազմակերպված «Թաքնված մայրը» լուսանկարների ցուցահանդեսին ներկայացնելու համար[23][4]։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Blue Sky գեղարվեստի պատկերասրահում, Պալմերի արվեստի թանգարանում, Ալլենի գեղարվեստի թանգարանում, Օհայոյի համալսարանի Քենեդի արվեստի թանգարանում[24]։ Լարսոնը ծանոթացել է Լինդա Նագլերի հավաքածուին, և ինքն ստեղծել է լուսանկարների իր հավաքածուն, որն առնչվում էր այդ ժանրին[23][4]։

Լորա Լարսոնը հարցազրույց է տվել փորձարարական լուսանկարների հնդկական The Kitab կայքին, որտեղ ասել է, որ իր արվեստում ոգեշնչվել է ֆեմինիստական իդեալներով։ Իր լուսանկարներում փորձել է փոխանցել կնոջ բարդ ապրումները՝ առանց պատկերելու հենց կանանց («տիկնիկների տներում տիկնիկները բացակայում են, որպեսզի կենտրոնանանք այդ փոքրիկ տարածությունների և պատմությունների վրա, որոնք ենթադրվում են այդ պստլիկ սենյակներում»)։ «Թաքնված մայրը» գրքում, ըստ Լարսոնի խոսքերի, բացակայող կնոջ խնդիրը դրվում է բառացիորեն[22]։

Արտաքին մեդիաֆայլեր
Ժանրի արտացոլումը ժամանակակից արվեստում
Պատկերներ
Ջենիֆեր Կոմբ. Թաքնված մայրը,
Մեգան Ջեյքոբս. «Թաքնված մայրը» շարքից լուսանկարներ, 2017
Սամանտա Ռիքներ. «Թաքնված մայրը» շարքից լուսանկարներ
Տեսաֆայլեր
Ջոշուա Էրկման. Թաքնված մայրը, 2019


«Թաքնված մայրեր» ժամանակակից գիտական ուսումնասիրություններում և արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ լուսանկարների գոյության խնդրին անդրադարձել են պատմության դոկտոր, ավստրալիացի գիտնական և գրող Ռոն Սուտերնը իր «Կաղնին Կույս լեռան վրա, 1850-1900» (2015) գրքում[25] և Դե Պոլի համալսարանում փիլիսոփայության պորֆեսոր Փիթեր Հ. Սթիվսը «Գեղեցիկ, վառ և շլացուցիչ. ֆենոմենոլոգիական էսթետիկա և արվեստի կյանք» (2017)[26]։

Լինդա Նագլերն ստեղծել է «թաքնված մայրերի» լուսանկարների իր սեփական ստուդիան, որտեղ կիրառել է 19-րդ դարի երկրորդ կեսի տեխնոլոգիաներ և սարքավորումներ։ Բնորդի դերում հանդես է եկել նրա ընկերոջ փոքրիկ դուստրը, որն էլ նկարահանումների ժամանակ որպես օգնական է հանդես եկել։ Հավաքորդը մտածել է այն մասին, որ ներառի այն իր ցուցահանդեսի նմուշներում և վավերական պատկերների հանդեսում՝ որպես խաղ դիտողների և ընթերցողների համար։ Աղջկա հայրը վերջին պահին հետ է պահել Նագլերին այդ քայլից՝ բացատրելով, որ ինքը չի կարող հանդուրժել սեփական դստեր պատկերը «այդքան մահացածների մեջ»[27]։

Մոնտանայի համալսարանի արվեստի դոցենտ Ջենիֆեր Կոմբը (ավարտել է Էվերգրինի պետական քոլեջի բակալավրը և մագիստրատուրան, ապա Մոնպիլիերի Վերմոնտի նրբագեղ արվեստների քոլեջի մագիստրատուրան։ Սովորել է նաև Բոգոտայի Պապական Քսավիերի համալսարանում։ 2016 թվականին ստացել է Մոնտանա նահանգի տարվա լավագույն մանկավարժ մրցանակը) 2017 թվականին ստեղծել է լուսանկար, որտեղ իր դստեր հետ հանդես է եկել որպես «թաքնված մայր»։ 2019 թվականին լուսանկարը ներկայացվել է Միջին Արևմուտքի լուսանկարների կենտրոնի «Կանանց պատմություններ» ցուցահանդեսին (Հիմնադրվել է 2008 թվականին Ուիչիտո քաղաքում, հիմնադիր՝ Լինդա Ք. Ռոբինսոն)[28]։

Նյու Մեքսիկոյի Honors College համալսարանի արվեստի պրոֆեսոր և հայտնի լուսանկարիչ Մեգան Ջեյքոբսն ստեղծել է «Թաքնված մայրերի» լուսանկարների շարք։ Իրադարձություններն այդտեղ տեղի են ունենում ներկա ժամանակներում։ Մայրերը փաթաթված են ծաղիկներ նկարված անկողնային պարագաներով, ինչը լուսանկարչի կարծիքով համահունչ է կանացիության և տնային տարածքի ավանդական պատկերացումներին[29]։ Մեգան Ջեյքոբսի լուսանկարների շարքը ցուցադրվել է մի շարք ցուցահանդեսներում և արժանացել լրատվամիջոցների լուսաբանմանը[30][31]։ Նախագծի ստեղծման պատճառ է դարձել լուսանկարչի ծանոթությունը մոր հետ, որը կորցրել էր իր երեխաներից մեկին։ «Նրան լուսանկարելուց առաջ ես չգիտեի նրան կամ որ նրա երեխաներից մեկը մահացել է»,- խոստովանել է Ջեյքոբսը։ Լուսանկարչուհին նաև իր կադրերում ներառել է սեփական կենսագրության տարրեր։ Անկողնային պարագաների մի մասը ժամանակին պատկանել էին նրա տատիկին, և Ջեյքոբսի սեփական երեխաները հաճախ են եղել նկարահանման հրապարակում[32]։

Այսպիսի լուսանկարների շարք է ստեղծել նաև Միննեապոլիսի արվեստի և դիզայնի քոլեջի շրջանավարտ Սամանտա Ռիքները, որն իր լուսանկարները ներկայացրել է միջազգային ցուցահանդեսների Վայմարում, Էրֆուրտում և Էռլանգենում[33]։

2019 թվականին միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ռեժիսոր Ջոշուա Էրկմանը նկարահանել է կարճամետրաժ գեղավեստական «Թաքնված մայրը» սարսափ ֆիլմը։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ վերջերս այրիացած մայրը ընկերոջից նվեր է ստանում «թաքնված մայր» ժանրի մի հին լուսանկար, որում բանտարկված է չար ոգի, որը երեխաներին առևանգում է նկարի տերերից[34]։

Լուսանկարչության ժամանակակից պատմաբանները ժանրի առաջացման և զարգացման հիմնախնդիրների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանրի ձևավորման պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թաքնված մայրը» շան հետ (CUSIAC Artist Photographe ստուդիա), Լինդա Նագլերի հավաքածուից (№ 0722, 10 х 6 սմ)
«Թաքնված մայր» Լինդա Նագլերի հավաքածուից (№ 0981, 15 х 10,5 սմ)

Գեղարվեստական քննադատ և Իտալիայի լուսանկարչության CAMERA կենտրոնի համակարգող Ֆրանչեսկո Ձանոտը ուշադրություն է դարձրել, որ լուսանկարչության գյուտը և դրա լայն կիրառումը թույլ են տվել ցածր դասի ներկայացուցիչներին ունենալ այն արտոնությունը, որը նախկինում հասանելի էր միայն քչերին՝ ստեղծել և պահպանել իրենց ընտանիքի անդամների պատկերները[35]։ Շատ հետազոտողներ համաձայնվել են այն կարծիքի հետ, որ «թաքնված մայր» ժանրի լուսանկարների հայտնվելու հիմնական պատճառը տեսախցիկի առաջ երեխաների պահվածքն է եղել[36][35][3][37]։ 19-րդ դարում լուսանկարելիս լուսակայման տևողությունը կազմել է տասից մինչև երեսուն վայրկյան (Բելլա Բաթերսը գրել է, որ այդքան ժամանակ պահանջվում էր թաց կոլոդիոն պրոցեսի, իսկ լուսանկարների ստեղծման ավելի վաղ տարբերակների դեպքում նշանակալիորեն ավելի շատ ժամանակ է պահանջվել, այնպես, որ նույնիսկ հասուն մարդու համար դժվար փորձություն էր[3])։ Մեծահասակներ մոդելներին նկարելու համար գլխի, մեջքի հենարանը լուսանկարչի ստուդիայի սարքավորումների պարտադիր տարրն էր՝ բարձր ուղղահայաց ձողի վրա տեղադրված բարձրությունը կարգավորվող գլխի ամրացուցիչ։ Փոքր երեխաների հետ «թաքնված մոր» լուսանկարներում գլխակալը հաճախ օգտագործվում էր երեխային իր ծնկներին պահող կնոջ գլուխը կայունացնելու համար։ Այս դեպքում կտորով ծածկված սարքի գլխի կողքին երբեմն երևում են երկու ատամիկ, որոնք սովորաբար ֆիքսում են գլուխը։ Երբեմն գլխի հենարանի փայտյա հիմքը երևում է ներքևում՝ «թաքնված մոր» ոտքերի հետևում՝ թողնելով երրորդ ոտքի տպավորություն[36]։

Բելլա Բաթերսը գրել է, որ լուսաբռնկումը վախեցրել է երեխաներին, շատ փոքր երեխաներն անընդհատ լաց են եղել, թարթել են աչքերը, սկսել են կրծոտել իրենց մատները, քնել են և թուք թափել։ 19-րդ դարի կեսին ծնողներն ստիպված էին իրենց դեռահաս աղջիկներին հագցնել կրինոլին, ծածկակառքով տանել մոտակա լուսանկարչական սրահ, որը կարող էր գտնվել քաղաքի մյուս ծայրին, սակայն ամենահիմնական խնդիրը մնում էր լուսակայման տևողականությունը։ Փաստացի երեխային լուսանկարելու միակ եղանակը համարվում էր մոր ներկայությունը, որ պահում էր նրան (կամ էլ երեխայի՝ փոքր քանակությամբ լաուդանում ընդունելը, որն ապահովում էր երեխային քնկոտ տրամադրություն)[3]։ Ջոն Դեպրեի և Լի Մարքսի գրկում առկա լուսանկարներից մեկում լուսանկարիչը «ազատություն է տվել» երեխային՝ խաղալու լուսանկարման ժամանակ։ Տղան, որն աղջկա զգեստով է, ինչն ընդունված էր մինչև չորս կամ հինգ տարեկան երեխաների դեպքում, ուշադրություն չդարձնելով դեպի իրեն ուղղված տեսախցիկին, իր խաղալիք հրացանն ուղղել է խաղալիքի ուղղությամբ, որը ծանր ու հաստ կտորի տակ է, որի ներքո թաքնված է հասուն մարդու կերպարանք[38]։ Առանձին լուսանկարներում լաթապատված անձնավորությունը ձեռքերում պահում է շնիկ, որի վարքը ևս անկանխատեսելի է[39][40]։ Լինդա Նագլերի հավաքածուում կա «թաքնված մոր» լուսանկար կատուներով և անգամ տիկնիկներով[41]։

Լինդա Նագլերի հավաքածուից լուսանկար, № 0252, 10 х 6 սմ

Պատմաբան Մարկ Օստերմանը, որը Նյու Յորք նահանգի Ռոչեստերի իր ստուդիայում նախաձեռնել է հին մեթոդներով լուսանկարների վերստեղծմանը, գրել է.

Այնտեղ կային շատ լուսանկարներ, որոնք հատուկ մասնագիտացած էին նորածինների և ծեր մարդկանց համար… Ծեր մարդիկ կարող են թույլ ու դյուրաբորբոք լինել, նրանց հետ նույնքան դժվար էր աշխատելը, ինչ նորածինների։ Լուսանկարիչները պետք է լավ լուսավորված տարածք ու մեծ համբերություն ունենային։ Նրանց անհրաժեշտ էր 18-30 վայրկյան, որպեսզի ստանային լավ նեգատիվ։ Այդ լուսանկարիչները եղել են կանայք։ 1860-ական թվականներին լուսանկարչությունը դարձել է այն քիչ մասնագիտություններից մեկը, որը միջին դասի կանանց համար համարվում էր ընդունելի… Ինչպես մասնագիտության արական սեռի ներկայացուցիչները, կանայք նույնպես հմուտ են եղել երեխային լուսանկարահանմանը նախապատրաստելու հարցում։ Որոշ [լուսանկարիչներ] օգտագործում էին կենդանիների՝ նրանց ուշադրությունը գրավելու համար (կապիկներ կամ թռչուններ, որոնք անընդհատ գտնվում էին ստուդիայում), մյուսները դիմել են հանգստացնող թերապիայի։ Լուսանկարչական ամսագրերից մեկը ենթադրել է, որ ափիոնի չափաբաժինները «կկանխեն բնորդների ուշադրությունը շեղումը»… Լուսանկարներում հազվադեպ են երևում ժպտացող երեխաներ։ Երեխայի ժպիտը չափազանց դժվար էր գրավել այն ժամանակվա լուսակայման դանդաղ արագությամբ…
- Բելլա Բաթերս. Լեդին անհետանում է. վիկտորյական լուսանկարչության թաքնված մայրերը[3]

Եղել է նաև ենթադրություն, որ հասարակական կարծիքի տեսանկյունից նման լուսանկարների դարաշրջանում կինը ուշադրության արժանի չէր համարվում նույնիսկ սեփական երեխայի համեմատ[19]։ Չիկագոյի Դե Փոլի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Փիթեր Հ. Սթիվսը «թաքնված մոր» լուսանկարների հետ կապված պնդում է, որ «կապիտալիզմը կույր է մայրերի կատարած աշխատանքի հանդեպ» (անգլ.՝ «capitalism is blind to the work that mothers»), քանի որ [մարդիկ] քողարկում են այս աշխատանքը՝ չանվանելով այն «աշխատանք»[37]։ Լորա Լարսոնը համաձայն չի եղել այս տեսակետի հետ։ Նրա խոսքերով՝ նման լուսանկարները «բանաստեղծորեն ցույց են տալիս մայրության փորձը. ինչպես մայրերը պետք է հավասարակշռեն կապվածությունը [մորը] և անկախությունը [նրանից] երեխա մեծացնելու ժամանակ»[4]։

Նյու Յորքի Քաղաքային համալսարանի լուսանկարչության պատմության և ժամանակակից արվեստի պրոֆեսոր Ջեֆրի Բատչենը ուշադրություն է հրավիրել մոր զոհաբերության վրա, որը պատրաստ է անտեսանելի դառնալ հանուն իր երեխայի[42]։ Նա դա անվանել է «համեստության և ինքնանվաստացման արարք»[43]։ Ֆրանչեսկո Ձանոտը հանգել է մի բանաձևի. օբյեկտի բացառումը կադրից, ով էլ որ այն լինի, իրականում հանգեցնում է կադրում մնացածի նշանակության ընկալման բարձրացմանը. որքան քիչ անհատներ լինեն կադրում, այնքան մեծ է նրանց նշանակությունը դիտողի հայացքում[44]։

«Թաքնված մոր» վաղ լուսանկարներում երեխան հաճախ կրում է մկրտության ծեսի համար նախատեսված զգեստ։ Լի Մարքսը ենթադրել է, որ ընտանիքի կյանքում այս կարևոր իրադարձությունը կարող է լինել լուսանկարչական ստուդիա այցելելու և այս տեսակի նկարներ անելու պատճառ[45]։ Լինդա Նագլերը կարծում է, որ որպես շատ երիտասարդ արվեստի ձև՝ լուսանկարչությունը առաջացել է շատ կոնկրետ կանոններով։ Նրա կարծիքով՝ «թաքնված մայրերը» լուսանկարներ են, որոնք պետք է ուղարկվեին աշխարհով մեկ՝ հարազատներին ու ընկերներին՝ ծանոթացնելու ընտանիքի նոր անդամին։ «Թվում է, թե մայրերը ձգտում էին սերտ հարաբերություններ ստեղծել երեխայի և դիտողի միջև, այլ ոչ թե իրենց և երեխայի միջև»,- պնդում է հետազոտողը[2]։ Ենթադրություն կա, որ կանայք ամաչում էին այն նմանությունից, որ երեխային գրկին մոր լուսանկարը ուներ «Մադոննայի և երեխայի» պատկերագրության հետ, և այդ պատճառով հրաժարվել են մասնակցել նման նկարահանումների[16]։

Նյու Յորքի գեղարվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի նոր թանգարանի և Միլանի Նիկոլա Տրուսարդիի հիմնադրամի տնօրեն Մասիմիլիանո Ջիոնին «թաքնված մոր» լուսանկարների կապակցությամբ գրել է «մումիա դարձնելու» երկկողմանի գործընթացի մասին. մի կողմից՝ խոսքը երեխաների դեմքերի մասին է, որոնք լուսանկարչության շնորհիվ «անմահ» են դառնում, մյուս կողմից՝ տեսախցիկը ֆիքսում է մոր թաքնված ու անշարժ կերպարանքը, որը «մումիայի է վերածվում, ասես փորձարկելով մահը, պատրաստվում է դառնալ դիակ»։ Մեջբերելով արվեստի տեսաբան և պատմաբան, պրոֆեսոր Ուիլյամ Ջ. Տ. Միտչելին ՝ Ջիոնին, նշում է, որ նույնիսկ այսօր «մենք դեռ պատկերներին վերագրում ենք գերբնական ուժ», առաջարկել է, որ թերահավատները փորձեն պատռել իրենց մոր լուսանկարը[46]։ Նրա կարծիքով՝ Նագլերի «թաքնված մայր» հավաքածուն «սիրո գործընթաց է՝ վարժանք պահպանելու… պատկերագրական տիեզերքը, պահպանելու պատկերները, որոնք այլապես դատապարտված կլինեին»[47]։

Լուսանկարի ստեղծման տեխնոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Harper’s Bazaar», Մեծ Բրիտանիա, 1888։ «Թաքնված մայր» լուսանկարների ստեղծման տեխնոլոգիա
Ծնողները նկարվում են իրենց վախճանված դստեր հետ. հետմահու լուսանկար ժանրի նկար

Բրիտանական Harper's Bazaar ամսագիրը 1888 թվականին նկարազարդման մեջ պատկերել է «թաքնված մայր» ժանրի լուսանկարներ ստեղծելու տեխնոլոգիան։ Դրանց մեջ մայրը նախ նստում է աթոռին, այնուհետև լուսանկարիչը շոր է գցում նրա վրա, որից հետո երեխային նստեցնում են նրա ծնկներին[3][4]։

Գոյություն ունի «թաքնված մայր» լուսանկարների հատուկ խումբ, որը հատվում է «հետմահու լուսանկարչություն» ժանրի հետ։ Քանի որ շատ երեխաներ մահանում էին մանկության տարիներին, ծնողների համար նրանց մասին միակ հիշեցումը երեխայի հետմահու արված լուսանկարներն էին։ Այս դեպքում կադրում նկարահանված մայրերը աննկատ հենարան էին լինում իրենց երեխաներին, որպեսզի նրանք կարողանան այնպիսի տեսք ունենալ, ասես երեխան պարզապես խորը քնի մեջ է ընկղմված[3]։ Մարքսը և Դեպրեն նշել են, որ «թաքնված մայր» լուսանկարներում երեխայի մաշկի երանգը ամենից հաճախ գունատ է լինում մոր կերպարի ուրվագծի համեմատ, որը մուգ է և կտորի մեջ փաթաթված, ինչպես մահվան տեսիլքը[48]։ «Humanities and Social Sciences» ամսագրում ընդհանրական հոդվածի հեղինակները, հիմնվելով իրենց հետազոտության վրա, կարծում էին, որ «թաքնված մայրերի» լուսանկարներում սովորաբար պատկերված են ողջ երեխաներ, սակայն «այս տեխնիկան նաև կիրառելի է եղել մահացած երեխաների անշունչ մարմինները լուսանկարելիս»։ Այս լուսանկարներում երեխաները կենդանի տեսք ունեն այն պատճառով, որ լուսանկարիչները հաճախ նրանց այտերը վարդագույն են ներկել[49]։

Սարսափի զգացումը, որ այցելում է դիտողներին՝ նայելով «թաքնված մայրերի» լուսանկարները, ըստ արվեստի պատմաբանների, բխում է հենց այն ժամանակվա լուսանկարչական գործընթացի առանձնահատկություններից։ Մինչև ժելատինե չոր թիթեղները լայնորեն հասանելի են դարձել, լուսանկարիչների մեծ մասն օգտագործել է թաց կոլոդիոն գործընթաց։ Սա թույլ է տվել շատ ավելի կարճ լուսակայման ընթացք, քան կալոտիպերը կամ դագերոտիպերը՝ վայրկյաններ, ոչ թե րոպեներ։ Թեև ստացված պատկերները կարող են լինել համեմատաբար լավ որակի, դրանք ուրվականային տեսք են ունեցել։ Սպիտակ գույնը նման է եղել բեժի, իսկ ետևում գտնվող լաթապատված կանանց մուգ կերպարանքներն ստիպել են մտածել, որ երեխան գտնվում է պատրանքի և իրականության աշխարհների միջև[3]։

Ինչպիսին կարող է լինել լուսանկարում թաքնված անձը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինդա Նագլերի հավաքածուից սևամորթ երեխայի լուսանկար (№ 0283, 11,5 х 8 սմ)

Ըստ Մարքսի և Դեպրեի՝ որոշ լուսանկարներում կնոջ և երեխայի զգեստների կտրվածքի և գույնի մանրակրկիտ համապատասխանությունը ցույց է տալիս, որ լուսանկարում պատկերված կերպարները մայր և երեխա են։ Մերձավոր արյունակիցների հագուստի նման համապատասխանությունը նրանք թվագրել են ժամանակագրական լայն ընդմիջումով՝ 1840-ականներից մինչև 1920-ական թվականներ[50]։

Երբ Լինդա Նագլերը փորձել է ինքն ստեղծել «թաքնված մայր» լուսանկար՝ օգտագործելով ժամանակին համապատասխան ամենատարածված լուսանկարչական սարքավորումները, նա նկատել է, որ նկարահանման ժամանակ իրավիճակ է ստեղծվում, երբ տեսախցիկի առջև, բայց երեխայի թիկունքում, որպես հետնամաս գտնվում է վարագուրված անձը, ինչպես մյուս կողմից տեսախցիկի վրա թեքված լուսանկարիչն է, որի գլուխը թաքնված է սև կտորի տակ։ Երեխան այսպիսով շրջապատված է «ուրվականներով», ուստի պետք է լինի ինչ-որ երրորդ մարդ, որը կարող է շեղել երեխայի ուշադրությունը, որպեսզի նա չվախենա։ Այս խնդիրը կարող է վստահվել միայն ամենամոտ մարդուն՝ երեխայի մորը[51]։

Մարքսն ու Դեպրեն նշել են, որ այս տեսակի լուսանկարներում կանանց պահվածքն զգալիորեն տարբերվում է 19-րդ դարին բնորոշ զուսպ պահվածքից։ Նրանց կարծիքով՝ դրա պատճառները երեխայի հետ կապված իրարանցումն էր, որը կնոջն ստիպում էր մոռանալ մոտակայքում առկա օտար տղամարդու՝ լուսանկարչի առկայության և բուն նկարահանման իրավիճակի մասին, որը պահանջում էր ինքնաբուխ արձագանք երեխայի անկանխատեսելի պահվածքին[52]։ Լուսանկարներից մեկում կինն իր մարմինը ծածկել է կտորով, որը բռնել է երկու ձեռքերով, բայց նայում է դրա միջով, ինչն ըստ Մարքսի «հստակ արտահայտում է իր երեխայի հետ պատկերում ընդգրկվելու ցանկությունը»։ Կնոջ հայացքը գամված է լուսանկարչի օբյեկտիվին[53]։

Բոլոնիայի համալսարանի շրջանավարտ, լուսանկարչական արվեստի պատմաբան և La Repubblica թերթի լրագրող Միկելե Սմարջասին գրել է, որ երբեմն հայրերը կարող էին նաև հանդես գալ որպես «թաքնված մայրեր», ինչը կռահվում է տաբատներից և կոշիկներից, որոնք հագած են այս կերպարները[16]։ Լուսանկարներից մեկում, որտեղ պատկերն արված է մի փոքր առանց կիզակետի, Մարքսին և Դեպրեին հաջողվել է տեսնել նաև թաքնված տղամարդու, որը ձեռքով բռնել է երեխային։ Նրանք նման եզրակացություն են արել գլխարկի, բաճկոնի ու վերնաշապիկի հազիվ նկատելի եզրի հիման վրա։ Ըստ նրանց՝ դա կարող է լինել լուսանկարչի օգնականը կամ երեխայի հայրը[54]։ Միկելե Սմարջասին առաջ է քաշել ենթադրություն, որ նման երեխաների մայրերը մահացել են ծննդաբերության ժամանակ։ Ֆրանչեսկո Ձանոտը ենթադրել է, որ նման լուսանկարներում «թաքնված մոր» դերը կարող էին խաղալ այլ չափահաս անձին՝ տարբեր ազգականներ, ինչպես նաև բուժքույրեր, սպասավորներ և լուսանկարիչներ[51]։

«Թաքնված մայր» ժանրում հանզվադեպ են սևամորթ երեխաների լուսանկարները։ Լի Մարքսի հավաքածուի այս լուսանկարներից մեկն արել է ոմն լուսանկարիչ Ս. Չեփինը։ Վանդակավոր կիսաշրջազգեստով մի կին նստած է բազմոցի վրա՝ երեխայի կողքին, և ետևից ձեռքով բռնել է նրա գլուխը։ Լուսանկարում պատկերված միակ առարկան՝ երեխայի ձեռքի ոսկե մատանին ներկված է։ Երեխայի հետևում ֆոնային լանդշաֆտ է՝ ծառի հստակ տեսանելի ուրվագիծով։ Ելնելով երեխայի հագուստի ոճից՝ Մարքսը լուսանկարը թվագրել է 1860-ականներին։ Թեպետ Մարքսը լուսանկարը ձեռք է բերել Տեխասում, նա ենթադրել է, որ լուսանկարն արվել է ԱՄՆ հյուիսում։ Նա նաև կարծել է, որ լուսանկարը կարող է նաև համընկած լինել նոր ազատագրված սևամորթ ամուսինների առաջին երեխայի ծննդյան հետ[55]։

Ժանրի ուսումնասիրության այլ խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը կապույտ փարաջայով (Բուխարա, 1998)
Հարրի Հուդինին էյսքեփոլոգիայի օրինակ է ցույց տալիս, 1899

«Թաքնված մայր» լուսանկարների մեծ մասը անանուն են եղել։ Լուսանկարչական ստուդիան, թե որտեղ են դրանք արվել, կարելի է տարբերակել անվանման նուրբ ստորագրությամբ (այն միշտ չէ, որ պահպանվել է մինչև մեր ժամանակներ), որը լուսանկարիչը հաճախ դրել է լուսանկարում՝ գովազդելով ոչ միայն լուսանկարների կատարման բարձր որակը, այլ նաև լուսանկարի իրականացման սարքավորման վաճառք[56]։

Լի Մարքսն իր գրքում ուշադրություն է հրավիրել ճշգրիտ գների հաշվարկի հնարավորության վրա, որը դրված էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ «թաքնված մայր» լուսանկարների վրա։ 1864 թվականի սեպտեմբերի 1-ից մինչ 1866 թվականի օգոստոսի 1-ը ԱՄՆ կառավարությունը նախագահ Աբրահամ Լինքոլնի հրամանին համապատասխան հարկ է սահմանել արվեստի ստեղծագործությունների համար՝ ներառյալ լուսանկարները։ Այդ հարկի գումարներն օգտագործվել են պատերազմի ծախսերը ֆինանսավորելու համար։ 25 ցենտանոց կամ ավելի փոքր լուսանկարի վրա կպցվել է 2 ցենտանոց դրոշմանիշ, մինչև 50 ցենտանոցի վրա՝ 3 ցենտ, իսկ 51 ցենտից մինչև մեկ դոլլարը՝ հինգ ցենտ։ Դարձերեսին կպցված դրոշմանիշներից ելնելով՝ Մարքսն առաջարկելէ հաշվարկել լուսանկարների մոտավոր արժեքը[57]։

Ֆրանչեսկո Ձանոտն ուշադրություն է դարձրել, որ ժամանակակից մարդը լուսանկարչական դիմանկարներում գլխավոր կերպարների՝ երեխաների վրա ուշադրությունը կենտրոնացնելու փոխարեն սկսում է փնտրել այն, ինչն իր համար տեսանելի չէ (կամ մասամբ է նկատելի)՝ թաքնված կերպարներին։ Նա նշել է, որ ի տարբերություն նկարչական արվեստի այլ ժանրերի (դիմանկար, բնանկար, նատյուրմորտ…), որոնք ներկայումս առանձնացված են, «թաքնված մայրերը» տարբերակվում են նրանով, թե նկարում ինչը պետք է բացակայեր։ Անտեսանելի դառնալու կերպարների փորձերը նա տեղադրել է «փարաջայի և էյսքեփոլոգիայի (անգլ.՝ escapology) կեսճանապարհի միջակայքում՝ 1. շղթաներից ազատագրվելու կարողություն 2. Հարրի Հուդինիի ճարպկությունը, խորամանկությունը»։ Ձանոտի կարծիքով՝ թաքնված կերպարների ժեստերը ոչ միայն ֆիքսում են լուսանկարում նրանց անտեսանելիությունը, այլև կրում են «իրենց տեսակի մեջ ներողություն անհետանալու համար՝ նշանակելով խաղային, հասարակական-քաղաքական ակցիա (անգլ.՝ «social and political action»)» բնույթ»։ Ձանոտը նաև ուշադրություն է դարձրել լատիներեն «absconditum» («թաքնված, գաղտնի») ածականի վրա, որը լավ է անդրադարձնում միջնադարի էսթետիկ պատկերացումները, նաև «թաքնված մայր» լուսանկարները[35]։

Լրագրող Քեթրին Հյուզը, շարադրելով Լինդա Նագլերի տեսակետը The Daily Telegraph-ի մեծ հոդվածում, շեշտադրում է արել 19-րդ դարում և 21-րդ դարի սկզբին նման լուսանկարների ընկալման տարբերությունների վրա. ներկայումս դրանք հաճախ ընկալվում են ծիծաղելի[2]։ Ջիոնին նաև գրել է կատակերգության մասին, սակայն մռայլ և չկանխամտածված[46]։ Քերված դեմքերը ժամանակակից դիտողին թվում են չարագույժ, այն կանայք, որոնք նախընտրել են թաքնվել մուգ ծածկոցի տակ, տհաճ նմանություն ունեն Մռայլ հնձվորի հետ, որն իր ծնկներին պահում է զոհին։ Անճոռնի ընդարմացած դիրքերը, որոնք պետք է ընդունեին երեխաները, նրանց ոչ տարբերակելի է դարձնում մեռած երեխաներից, որոնց հաճախ էին լուսանկարում այդ ժամանակներում մահից հետո[2]։ Այդ դեպքում մայրերի ձեռքերի առկայությունը ապացույց է հանդիսանում դիտողների համար, որ նկար երեխան ողջ է[2][42]։

Մարքսն ու Դեպրեն նշել են, որ լուսանկարիչները չեմ փորձել կնոջ «թաքնված» կերպարը մանրամասն կոծկել, բայց նաև չեն էլ փորձել բացատրել այդ երևույթը[50]։ Լինդա Նագլերի կարծիքով՝ հարցը լուսանկարչության 19-րդ դարի և ժամանակակից ընկալումների մեջ է. վաղ լուսանկարչության դարաշրջանում մարդիկ ուղղակի չէին տեսնում այն, ինչ մարդը հիմա հեշտությամբ հայտնաբերում է։ Ժամանակի մեծ տարածությունը, որոնցով իրարից առանձնանում են այս երկու ընկալումները, կապված են մշակույթի բարդ փոփոխությունների հետ, որն ընկած է այս կերպարների մեկնաբանության հիմքում[5]։

Ջեֆրի Բատչենը, վերլուծելով թաքնված կերպարի հեշտ հայտնաբերման թեման, համեմատել է «թաքնված մայրերի» լուսանկարները խնդրի նկարագրության հետ, որը ծագել է 1967 թվականին Ավստրալիայի աբորիգենների կրակի ծեսերի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ, որին մասնակցել են զառամյալ տարիքի բնիկ ժողովուրդը։ Նրանց ավանդական հայացքների համաձայն՝ մարդու կերպարը չի կարելի ներկայացնել նրա մահից հետո։ Շատ բանավեճերից հետո, գոհացնելով աբորիգենցիներին, որոշվել է, որ ֆիլմում ներգրավված բոլոր անձինք կլինեն ֆոնի մաս, ինչը թույլ է տվել ֆիլմը թողարկել և օգտագործել կրթական նպատակներով։ Այսպիսով, աբորիգենների համայնքը համաձայնվել է, որ մարդիկ այլևս չեն դիտարկվի որպես մարդիկ[43]։ Շատ կանայք այս լուսանկարներն անելիս իրականում կարողացել են իրենց ավելի տեսանելի դարձնել, այլ ոչ թե թաքցնել իրենց ներկայությունը։ Քեթրին Հյուզը նրանց համեմատել է երեխաների հետ, «որոնք սրտառուչ հավատում են, որ եթե փակեն իրենց աչքերը, անտեսանելի կդառնան»[2]։

Մարքսն ու Դեպրեն նկատել են, որ «թաքնված մայր» կադրերից միայն մի քանիսն ունեն 19-րդ դարում տարածված ձեռքով նկարված հետնապատկերներ (Մարքսն իր գրքում մեջբերում է մի նկար, որտեղ հստակ տեսանելի ֆոնը ներկայացնում է լանդշաֆտ)[45]։

19-րդ դարի երկրորդ կեսին անհայտ լուսանկարիչների կադրեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Marks, 2016
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Hughes, 2013
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Bathurst, 2013
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gibson, 2014
  5. 5,0 5,1 Zanot, Nagler, 2013, էջ 11
  6. Marks, DePrez, 2005, էջ 23
  7. 7,0 7,1 7,2 Marks, DePrez, 2005, էջ 9
  8. Marks, DePrez, 2005, էջ 8
  9. Nagler, 2013, էջ 400 с. + 29
  10. 10,0 10,1 10,2 Mesure, 2013
  11. Nicolao F. (2013 թ․ հունիսի 21). «The Hidden Mother» (անգլերեն). Domus. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. «Linda Fregni Nagler. The Hidden Mother» (հոլանդերեն). Сadoc. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  13. Nagler, 2013, էջ 1—29
  14. The Washington Post, 2013
  15. Daily Mail, 2012
  16. 16,0 16,1 16,2 Smargiassi, 2013
  17. Dagens Nyheter, 2013
  18. «In pictures: The Hidden Mother». BBC News. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  19. 19,0 19,1 Базоева В. (28 января 2015). «Спрятанные матери». Моя планета. Российский круглосуточный познавательный телеканал. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. «Скрытая мать». Эксперт Онлайн. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  21. Скоренко, 2016, էջ 110—115
  22. 22,0 22,1 «I want my photographs to telegraph the complex experiences of women. Interview» (անգլերեն). The Kitab. 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  23. 23,0 23,1 Stirling, 2018
  24. «Hidden Mother». Laura Larson. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  25. Southern, 2015, էջ 188—189
  26. Steeves, 2017, էջ 23—24
  27. Zanot, Nagler, 2013, էջ 15
  28. «Women's stories, exhibition» (անգլերեն). Midwest Center for Photography. 2019. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  29. «The series Hidden Mothers» (անգլերեն). Megan Jacobs. 2019. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  30. Helbig, 2018, էջ 24—27
  31. Smithson, 2017
  32. Kail E. (2017 թ․ հոկտեմբերի 24). «The Overlooked Value of Motherhood Revealed in Photos» (անգլերեն). Feature Shoot. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. «The Hidden Mother» (անգլերեն). Samantha Rickner. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  34. Hidden Mother(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  35. 35,0 35,1 35,2 Zanot, Nagler, 2013, էջ 9
  36. 36,0 36,1 Marks, DePrez, 2005, էջ 17
  37. 37,0 37,1 Steeves, 2017, էջ 23
  38. Marks, DePrez, 2005, էջ 10
  39. Obermayer M. (10 Januar 2014). «Photobook. Linda Fregni Nagler. The Hidden Mother (MACK 2013)» (անգլերեն). Das Künstlerbuch. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  40. Nagler, 2013, էջ 18—19
  41. Nagler, 2013, էջ 58—59, 78—79
  42. 42,0 42,1 Batchen, 2013, էջ 4
  43. 43,0 43,1 Batchen, 2013, էջ 6
  44. Zanot, Nagler, 2013, էջ 14
  45. 45,0 45,1 Marks, DePrez, 2005, էջ 27
  46. 46,0 46,1 Gioni, 2013, էջ 2
  47. Gioni, 2013, էջ 3
  48. Marks, DePrez, 2005, էջ 12
  49. Borgo, Licata, Iorio, 2016, էջ 107
  50. 50,0 50,1 Marks, DePrez, 2005, էջ 21
  51. 51,0 51,1 Zanot, Nagler, 2013, էջ 10
  52. Marks, DePrez, 2005, էջ 25
  53. Marks, DePrez, 2005, էջ 35
  54. Marks, DePrez, 2005, էջ 15
  55. Marks, DePrez, 2005, էջ 45
  56. Marks, DePrez, 2005, էջ 33
  57. Marks, DePrez, 2005, էջ 43

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]