Jump to content

Հարրի Հուդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Հուդինի
Harry Houdini
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1874(1874-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 31, 1926(1926-10-31)[1][2][3][…] (52 տարեկան)
Մահվան վայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ԳերեզմանMachpelah Cemetery
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  ԱՄՆ
Ազգությունհրեա
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասան, կատարող, օդաչու, փիլիսոփա, կինոպրոդյուսեր, պատմաբան, ձեռնածու-աճպարար, կասկադյոր, կինոռեժիսոր, escape artist, աճպարար և սցենարիստ
ԱմուսինԲեսս Հուդինի
Ծնողներհայր՝ Ռաբբի Սամուել Մայեր Վայս[4], մայր՝ Սեսիլիա Շտայներ[4]
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Harry Houdini Վիքիպահեստում

Հարրի Հուդինի (անգլ.՝ Harry Houdini, իսկական անուն-ազգանունը՝ Էրիկ Վայս [Erik Weisz], մարտի 24, 1874(1874-03-24)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 31, 1926(1926-10-31)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), հանրահայտ[5] ամերիկացի իլյուզիոնիստ, մոգ, հիպնոսի վարպետ, հայտնի է որպես խաբեբա բժիշկների բացահայտող և բարդ փախուստների ու ազատումների հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես վկայում են փաստաթղթերը, ապագա աճպարարը ծնվել է Բուդապեշտում րաբբիի ընտանիքում, չնայած որ ինքը՝ Հուդինին, համարում էր, որ ծնվել է ամերիկյան նահանգներից մեկում՝ Վիսկոնսինում։ Նրա ծնողները արտագաղթել էին ԱՄՆ 1878 թվականի հուլիսի 3-ին, երբ Էրիկը 4 տարեկան էր։ Սկզբում ընտանիքը հաստատվել էր Էփլթոն քաղաքում (Վիսկոնսին նահանգ), որտեղ նրա հայրը՝ Մեյեր Սեմյուել Վայսը (1829-1892), ստացել էր Zion Reform Jewish Congregation հեղափոխական սինագոգի րաբբիի պաշտոնը։ 1887 թ. Հուդինին՝ հոր հետ միասին, տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ շուտով նրանց են միացել արտիստի մայրը՝ Սեսիլիա Շտայները (1841-1913) և նրա 6 եղբայրներն ու քույրերը։

Հարրին դեռ 10 տարեկանից հանրայնորեն թղթախաղի աճպարարություններն է ցույց տվել։ 1892 թվականին վերցնում է Հուդինի մականունը՝ ի պատիվ ֆրանսիացի աճպապարար Ժան Էժեն-Ռոբրե Հուդենի։ Հետագայում ազգանվանը ավելացավ նաև Հարրի անունը՝ Հարրի Քելլարի պատվին, չնայած որ բարեկամների փաստարկների համաձայն՝ դեռ մանկուց ընկերները նրան Էրի (Ehrie) կամ Հարրի (Harry) էին անվանում։ Սկզբնապես շրջագայում էր ԱՄՆ-ում եղբոր հետ միասին։ Վաղ շրջանի գործունեության մեջ գերակշռում էին ձեռնաշղթաներից և ջրամբարներից ինքնազատումները։ Գովազդային նպատակներով նա կատարում էր տպավորիչ հնարքներ, որոնք կարող էին հաստատել ականատեսների ամբոխները։ Այդպես, նա մի անգամ կախվել էր երկնաքերի ամենավերին եզրից, բայց հաջողությամբ ազատվեց։ Մեկ ուրիշ անգամ հազարավոր մարդկանց աչքի առաջ անցել էր պատի միջով։ 1903 թվականին ձեռնաշղթաներով և 30 կիլոգրամանոց գնդով դրան միացրած՝ նետվել էր Թեմզա գետի վրա գտնվող կամրջից, սակայն մի քանի րոպե անց ազատվել և թափահարելով ձեռնաշղթաները՝ դուրս եկել ջրից։

1900 թվականի Եվրոպայի շրջագայության ժամանակ Հուդինին ապշեցրեց Լոնդոնը «Կենդանի փղի անհետացումը» համարով, որը կրկին ցուցադրվեց նյու-յորքյան ձիարշավարաններից մեկում, 1918 թվականին։ 1908 թվականին հյուրախաղերով մեկնել է Ռուսաստան՝ ցուցադրելով Պետրոպավլովյան ամրոցի Բուտիրյան բանտի մահապարտյալների խուցից ինքնազատման համարը։ Ահա այսպես են նկարագրում այդ հնարքը «Հին ժամանակների կախարդներից մինչև մեր օրերի իլյուզիոնիստները»[6] գրքի հեղինակները.

Փակված բանտախցում, հագած բանտարկյալի հագուստ՝ նա 2 րոպե անց դուրս եկավ, բացեց հարևան բանտախցերի դռները և պարզապես փոխեց բանտարկյալների տեղերը։ Հետո մտավ հանդերձարան և 15 րոպե անց, ինչ բանտարկվել էր, հայտնվեց պահակակետում՝ կրկին հագած իր առօրյա հագուստը։

Տարիքի հետ հնարքները ավելի ու ավելի բարդ էին տրվում Հուդինիին։ Նույնիսկ հաջող ելույթներից հետո նա մի անգամ չէ, որ հայտնվել է հիվանդանոցում։ 1910 թվականից նա սկսել է նկարահանվել ֆիլմերում։ Նույն թվականին նա բեմադրեց հրանոթից վայրկյանների ընթացքում ազատման համարը։ Հետաքրքրվելով օդանավերով՝ նա ձեռք բերեց բիպլան և առաջին անգամ պատմության մեջ թռավ Ավստրալիայի վրայով։ Նա նաև ծանոթացավ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի հետ։ Շշուկներ հայտնվեցին, որ Հուդինին կապված է ամերիկյան հատուկ ստորաբաժանումների և Սքոթլենդ-Յարդի հետ։

Հուդինին ձեռնադրվեց որպես մասոն 1923 թ. հուլիսի 17-ին նյու-յորքյան «St. Cecile» № 568-ում։ Շատ արագ (31 հուլիսի 1923 թվականի) ձեռնադրվեց որպես ենթավարպետ, իսկ օգոստոսի 21-ին դարձավ վարպետ-մասոն։ Իր գործունեության վերջին տասնամյակում Հուդինին թողարկել է մի շարք գրքեր, որոնք բացահայտում են նրա գործունեության գաղտնիքները։ Նա լրջորեն անհանգստացած էր նրանով, որ շատ իլյուզիոնիստներ իրենց գործունեությունը քողարկում էին սպիրիտիզմի վարագույրի ներքո։ Քաղաքացիական կոնստեբլի ուղակցությամբ՝ Հուդինին սկսեց գաղտնի այցելել նման նիստեր՝ խաբեբաներին բացահայտելու համար։ Վերջինը դարձավ նրա հարաբերությունների խզումը իր վաղեմի ընկեր Արթուր Կոնան Դոյլի հետ, որը նույնպես սպիրիտիզմի կրքոտ հետևորդներից մեկն էր։

Հուդինիի մահվան պայմանները գաղտնի են։ Մոնրեալում հյուրախաղերի ժամանակ նա հանգստանում էր իր հանդերձարանում, երբ նրա մոտ մտան քոլեջի 3 ուսանողներ. նրանցից մեկը բռնցքամարտի չեմպիոն էր։ Նա հարցրեց Հուդինին՝ իսկապես նա կարող է փորի մի քանի ուժեղ հարվածի դիմակայել՝ ոչինչ չզգալով։ Հուդինին, խորացած իր մտքերի մեջ, թեքվեց, և ուսանողը հանկարծակիորեն նրան 2 կամ 3 հարված հասցրեց։ Հուդինին հազիվ նրան կանգնեցրեց. «Սպասե՛ք, ես պիտի պատրաստվեմ», որից հետո լարեց մկանները և ասաց. «Հիմա կարող եք հարվածել»։ Ուսանողը մի քանի անգամ հարվածեց և իր վրա զգաց Հուդինիի երկաթե մկանների ուժը։ Երբ ուսանողները հեռացան, Հուդինին միայն տրորեց այդ մասը, որ վնասվել էր առաջին անսպասելի հարվածներից։

Աճպարարի մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուդինին մոր՝ Սեսիլիա Շտայների և կնոջ՝ Բեսսի հետ

Մի քանի օր Հուդինին, ինչպես միշտ, ուշադրություն չէր դարձնում ցավին, բայց այդ հարվածները հիմք դարձան կույր աղիքի պատռվելուն, որի հետևանքով զարգացավ պերիտոնիտ հիվանդությունը։ 1926 թվականին հակաբիոտիկներ չկային և ապրել հնարավոր էր միայն հրաշքի շնորհիվ, սակայն Հուդինին կրկին բոլորին զարմացրեց. ահա Հուդինին՝ մահվանը հաղթողը, որ չի ենթարկվում ոչ մի երկրային օրենքի։ Սակայն 9 օր անց՝ 1926 թվականի հուլիսի 31-ին՝ Հելոուինի տոնակատարության նախօրեին, Հարրի Հուդինին մահացավ Դետրոյթում։ Նա թողել է կնոջը գաղտնի կոդ՝ առանց որի հնարավոր չէր կապվել իրական ոգիների հետ։ Նա դա արել էր նրա համար, որ խաբեբաները չկարողանային կապվել Հուդինիի ոգու հետ[7]։

Հուդինին Է.Լ. Դոկտորոուի «Ռեգթայմ»-ի գլխավոր հերոսներից մեկն է։ 1999 թվականին նրա կենսագրության հիման վրա բեմադրվել է մյուզիքլ, իսկ 2007-ին ԱՄՆ-ում էկրաններին բարձրացավ «Մահացու համար» ֆիլմը, որում Հուդինիի դերը կատարեց Գայ Փիրսը, իսկ սիրուհու դերը՝ Քեթրին Զետա-Ջոնսը։ 2014 թ. նկարահանվել է «Հուդինի» մինի-սերիալը՝ կազմված 3 սերիայից, որում Հուդինիի դերը խաղում է Էդրիեն Բրոուդին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
  5. «Вести. Ru: DreamWorks-ը նկարահանում է Հուդինիի և Արթուր Կոնան Դոյլի մասին ֆիլմ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Հին ժամանակների կախարդներից մինչև մեր օրերի իլյուզիոնիստները» , էջ 126
  7. Հարրի Հուդինի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Հուդինի» հոդվածին։