Դիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիլեր (արժեթղթերի շուկայում), արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից է, որը կատարում է արժեթղթերի գործարքներ իր անունից և իր հաշվին` եկամուտ ստանալով առքուվաճառքի գների տարբերությունից։

Դիլեր (դիստրիբյուտոր, վաճառող), ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը զբաղվում է ընկերության արտադրանքի մեծածախ առևտրով և վաճառում է այն մանրածախ առևտրով (օրինակ, մեքենաների վաճառքով զբաղվող դիլեր)։

Ֆոնդային շուկայի դիլերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլերային առևտրի առանձնահատկություններից համարվում են լրացուցիչ պարտավորությունները, որոնք իր վրա է վերցնում դիլերը՝ գնի հրապարակային հայտարարությամբ և (կամ) այդ գներով գործարքների կատարմամբ որոշակի ժամանակահատվածում։ Դա դիլերներին թույլ է տալիս դառնալ շուկա ստեղծողներ։ Դիլերային գործունեությունը համարվում է գործունեության արտոնագրված տեսակ։ Առանց արտոնագրման անձը չի կարող լինել շուկայի մասնակից։

Գոյություն ունեն դիլերային գործունեության 2 արտոնագրման հիմնական տեսակներ.

  • գործարքներ կորպորատիվ արժեթղթերով,
  • գործարքներ պետական արժեթղթերով։

Գործարքների իրականացման կատարումը երաշխավորելու համար դիլերը պետք է ունենա բավարար սեփական կապիտալ, նվազագույն արժեք, որը սահմանված է օրենքով։ Դիլերը կարող է համետեղել իր գործունեությունը արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեության հետ։

Իրենց վրա պատասխանատվություն վերցնելով արժեթղթերի գնանշման համար՝ դիլերները ձևավորում են ֆոնդային շուկայի լրացուցիչ իրացվելիություն։ Հայտարարելով հանրային գնանշում՝ դիլերը կարող է տեղեկացնել նաև այլ էական պայմանների մասին, որոնք կարևոր են վաճառքի պայմանագրերի կնքման համար՝ արժեթղթերի գնորդների (վաճառողների) քանակը, գների հայտարարման ժամկետները և այլն։ Շուկայի մասնակիցը, իմանալով պայմանագրի պայմանները, գնահատում է դրանք, այնուհետև, եթե դրանք իրեն գոհացնում են, կնքում է գործարք դիլերի հետ՝ առաջարկված պայմաններով։ Դիլերը պարտավոր է իրականացնել այդ գործարքը։

Հայտարարելով արժեթղթերի գնանշումը՝ դիլերը, որպես կանոն, տիրապետում է էմիտենտների մասին տեղեկությունների։ Միաժամանակ, այդ տեղեկությունը միշտ չէ, որ հասանելի է շուկայի մասնակիցների լայն շրջանում։ Այդ պատճառով դիլերները պարտավոր են բացահայտել էմիտենտների մասին տեղեկություն և խորհուրդ տալ հաճախորդներին այս կամ այն արժեթուղթը ձեռք բերելու ժամանակ։

Ըստ օրենքի՝ դիլերը պարտավոր է.

  • գործել բացառապես հանուն հաճախորդների շահերի,
  • սեփական հաճախորդներին ապահովել գործարքների կնքման լավագույն պայմաններով,
  • հաճախորդներին հասցնել բոլոր կարևոր տեղեկությունները շուկայի իրավիճակի, էմիտենտների, գների առաջարկի և պահանջարկի, ռիսկերի և այլնի մասին,
  • կանխել գների շահարկումը և չտրամադրել դիտավորյալ աղավաղված տեղեկություն էմիտենտների, արժեթղթերի, գների փոփոխության դինամիկայի և այլնի մասին,
  • իրականցնել արժեթղթերի առք ու վաճառքի գործարքներ՝ հաճախորդներին դիլերային գործունեության հետ հարաբերություններում առաջնային կարգի պահպանման հանձնարարությամբ, եթե դիլերը համատեղում է իր գործունեությունը բրոքերային գործունեության հետ։

Իր գործունեության իրականացումից հետո դիլերը կարող է ստանալ եկամուտ հետևյալ ձևերով.

  1. Սպրեդ (հայտարարված գնի առքի ու վաճառքի տարբերությունը),
  2. վճարներ խորհրդակցությունների և տեղեկատվության տրամադրման համար,
  3. միջնորդավճարներ։