Jump to content

Արժեթղթերի շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժեթղթերի շուկա (անգլ.՝ security market, stock market), ցանկացած երկրի ընդհանուր շուկայի, ինչպես նաև ֆինանսական շուկայի բաղկացուցիչ մասը որտեղ գնվում և վաճառվում են կազմակերպությունների, ֆինանսական ինստիտուտների, պետության կողմից թողարկված արժեթղթերի բոլոր տեսակները (կարճաժամկետ և երկարաժամկետ)։ Զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում արժեթղթերի շուկան կատարվող գործարքների ծավալով և դրանում շրջանառվող ֆինանսական գործիքների բազմազանությամբ ամենածավալունն է ֆինանսական շուկայում։

Արժեթղթերի շուկայի գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեթղթերը, որոնցով կատարվում են գործառնություններ, ներառում են սովորական և արտոնյալ բաժնետոմսերը, պարտատոմսերը և այլն։ Արժեթղթերի շուկայի գործունեությունը թույլ է տալիս կարգավորել և բարձրացնել մի շարք տնտեսական գործընթացների արդյունավետությունը և առաջին հերթին՝ ժամանակավորապես ազատ ֆինանսական ռեսուրսների ներդրման գործընթացը։

Դասակարգման ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն արժեթղթերի շուկայի դասակարգման բազում ձևեր.

  • Արժեթղթերի շարժի հատկությամբ (առաջնային, երկրորդային)։
  • Արժեթղթերի տեսքով (պարտատոմսերի շուկա, ֆոնդային շուկա, արտադրության ֆինանսական գործիքների շուկա)։
  • Կազմակերպման ձևով (կազմակերպված և անկազմակերպ, բորսային և արտաբորսային)։
  • Տեղակայման ձևով (միջազգային, ազգային և տեղական)։
  • Ըստ էմիտենտների (կազմակերպությունների արժեթղթերի շուկա, պետության արժեթղթերի շուկա և այլն)։
  • Ըստ ժամկետի (կարճաժամկետ, երկարաժամկետ և անժամկետ)։
  • Գործարքների ձևով (դրամավարկային, ժամկետային գործարքներ)։
  • Մասնաճյուղային սկզբունքով։
  • Այլ սկզբունքներով։

Ըստ արժեթղթերի շարժի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջնային շուկա (անգլ.՝ primary market), շուկա, որտեղ տեղի է ունենում թողարկված արժեթղթերի առաջնային իրացումը։ Իրացումը կարող է լինել հանրայնորեն կամ փակ՝ առանց անսահմանափակ թվով անձնաց լայն առաջարկության։ Առաջնային իրացման գործընթացը կարող է իրականացվել ֆոնդային բորսայի կամ որևէ այլ միջոցով։
  • Երկրորդային շուկա (անգլ.՝ secondary market), շուկա, որտեղ գործարքնր են կատարվում արդեն թողարկված և առաջնային իրացման գործընթացն անցած արժեթղթերի հետ։ Երկրորդային շուկայում է իրականցվում արժեթղթերի հետ գործարքների հիմնական շրջանառությունը։ Հենց երկրորդային շուկայի հետ է ծանոթ սկսնակ ներդրողը, քանզի երկրորդային շուկան, առաջին հերթին, ներկայացված է բորսայի միջոցով։
  • Երրորդային շուկա, այստեղ գործարքն իրականցվում է այն արժեթղթերի հետ, որպես կանոն բորսայում չգրանցված, որոնք չեն անցել լիսթինգի գործընթացը[1]։ Այն նաև անվանում են արտաբորսային շուկա կամ OTC (անգլ.՝ over the counter market)[2]։ Երրորդային շուկան ավանդապես օգտագործվել է միջազգային ներդրողների միջև արժեթղթերի խոշոր բլոկների հարթակ։ Համացանցի զարգացմամբ այն հասանելի դարձավ մասնավոր ներդրողների համար։
  • Չորրորդային շուկա (անգլ.՝ fourth market), արժեթղթերի խոշոր բլոկների առևտրի էլեկտրոնային համակարգերն են, որ գտնվում են հաստատութենական ներդրողների միջև։ Չորրորդային շուկայի ամենահայտնի համակարգերն են InstiNet-ը, POSIT-ը, Crossing Network-ը։

Ըստ կազմակերպան ձևի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արժեթղթերի կազմակերպված շուկա արժեթղթերի շրջանառությունը շուկայի լիցենզավորված արհեստավարժ միջնորդների միջև, շուկայի այլ մասնակիցների հանձնարարությամբ, հիմնված հաստատուն կանոնների վրա։
  • Արժեթղթերի անկազմակերպ շուկա արժեթղթերի շրջանառությունը՝ առանց շուկայի բոլոր մասնակիցների կողմից միևնույն կանոնների պահպանման։ Քանի որ ոչ բոլոր արժեթղթերն են իրենց ծագումով սկիզբ առնում դրամական կապիտալից, ուստի արժեթղթերի շուկան էլ ամբողջովին վերցված, չի կարելի վերագրել ֆինանսական շուկային։ Շուկայի այն հատվածում, որտեղ արժեթղթերի շուկան որպես կապիտալ հիմնվում է դրամի վրա, կոչվում է ֆոնդային շուկա և իր այս որակով է ֆինանսական շուկայի բաղկացուցիչ մաս կազմում։ Այդ արժեթղթերի շուկայում վաճառվում են գլխավորապես ձեռնարկության սեփականության մեջ մասնակցության փայերը։ Դա սեփական կապիտալի շուկան է, նրա հիմնական ինստիտուտը ֆոնդային բորսան է։

Շուկայի մոդելները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված բանկային կամ ոչ բանկային ֆինանսական միջնորդների բնույթից՝ պատմականորեն գոյություն ունեն ֆոնդային շուկայի երեք պայմանական մոդելներ.

  • Ոչ բանկային մոդել (ԱՄՆ), որպես միջնորդ հանդես են գալիս արժեթղթերի ոչ բանկային ընկերությունները։
  • Բանկային մոդել (Գերմանիա), որպես միջնորդ հանդես են գալիս բանկերը։
  • Խառը մոդել (Ճապոնիա), միջնորդ են դառնում թե՛ բանկերը, թե՛ ոչ բանկային կազմակերպությունները։

Արժեթղթերի շուկայի կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեթղթերի շուկայի կարգավորման հիմնական առաջադրանքը մասնակիցների ֆինանսական անվտանգության ապահովումն ու գործընթացի ստանդարտացումն է։ Մասնավորապես՝ պաշտպանել ներդրողներին, ապահովել շուկայի անխափան և արդյունավետ աշխատանք, նվազագույնի հասցնել տնտեսության վրա ոչ ցանկալի ազդեցությունները, ապահովել մրցակցությունը, վերացնել անբարեխիղճ պրակտիկան։ Շուկան առավել հաճախ կարգավորող կազմակերպությունները ուշադրություն են դարձնում այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ֆինանսական տեղեկատվության բացահայտումը և ներքին առևտուրը[3]։

Կարգավորման միջազգային կազմակերպությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեթղթերի շուկայի միասնական ստանդարտների մշակման նպատակով ստեղծվել են միջազգային կազմակերպություններ։

  • Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպություն. միավորում է արժեթղթերի շուկայի կարգավորման ազգային կազմակերպությունները։
  • Միջազգային ֆոնդային շուկաների մասնակիցների ասոցիացիա (ISMA). ասոցիացիայի կազմի մեջ մտնում են եվրապարտատոմսերի շուկայի խոշոր բանկ-անդամները։ ISMA-ի ղեկավարության ներքո է գտնվում TRAX համակարգը։ Վերջինս օնլայն համակարգ է, որը թույլ է տալիս իրական ժամանակում համակարգել և հաստատել դիլերների միջև տեղի ունեցող գործարքները։
  • Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիա (ISDA), ինքնակարգավորվող կազմակերպություն, որ զբաղվում է արտաբորսային շուկաներով։

Կարգավորման ազգային կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա

  • Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորման ծառայություն (Financial Services Authority, FSA)
  • Արժեթղթերի և ֆյուչերսների ինքնակարգավորվող կազմակերպություն (Securities and Futures Authority, SFA)

Ռուսաստանի Դաշնություն

  • Ֆինանսական շուկաների գծով Ռուսաստանի Բանկի ծառայություն

ԱՄՆ

  • Բորսաների և արժեթղթերի հանձնաժողով (The United States Securities and Exchange Commission, SEC)։
  • Դաշնային պահուստային համակարգ։
  • Ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողով (Commodity Futures Trading Commission, CFTC), որ կարգավորում է առևտուրը ֆյուչերսների և օպցիոնների միջև։
  • Արժեթղթերի դիլերների ազգային ասոցիացիա (National Association of Securities Dealers, NASD), մինչ 2007 թվականը։
  • Ֆինանսական արդյունաբերության կարգավորող մարմին] (Financial Industry Regulatory Authority, FINRA)։ Կազմավորվել է 2007 թվականին NASD-ի և Նյու Յորքի ֆոնդային բորսայի կարգավորող մասնաճյուղի միավորման արդյունքում (New York Stock Exchange, NYSE)։

Արժեթղթերի շուկայի գործառույթները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեթղթերի շուկան կատարում է մի քանի գործառույթներ՝

  1. Ներդրումային գործառույթ, որտեղ ձևավորվում են ընդլայնված վերարտադրության և ԳՏԱ համար անհրաժեշտ ներդրումների հիմնադրամները,
  2. Առևտրային գործառույթ, որտեղ տնտեսական սուբյեկտների գործունեության արդյունքում ստացվում է շահույթ,
  3. Գնային գործառույթ, որտեղ ձևավորվում են շուկայական գները,
  4. Կարգավորող գործառույթ, որտեղ կարգավորվում են ներդրողների միջև ձևավորվող տնտեսական հարաբերությունները,
  5. Սեփականության փոխանցում արժեթղթերի փաթեթի կիրառման օգնությամբ,
  6. Ռիսկերի վերաբաշխում կամ հեջավորում ֆինանսական կապիտալի գնման-վաճառման միջոցով,
  7. Վենչուրային կապիտալի ձգողության գործառույթ, որտեղ սուբյեկտները կատարում են բարձր ռիսկի գործարքներ՝ առավելագույն շահույթ ստանալու համար,
  8. Վերաբաշխման գործառույթ՝ անհատ սուբյեկտների ազատ դրամական կապիտալներն ու պետական բյուջեի միջոցները զետեղելու համար,
  9. Տեղեկատվական գործառույթ, որտեղ շուկայի մասնակիցները որոշակի տեղեկություն են ստանում տնտեսության ընթացիկ կոնյուկտուրայի վերաբերյալ։

Ֆոնդային բորսան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնդային բորսան (անգլ.՝ stock exchange)՝ արժեթղթերի շուկայի որոշակի ձևով կազմակերպված և կանոնավոր գործող շուկայական ենթակառուցվածքի տարր է, որտեղ կատարվում են այդ արժեթղթերի առք ու վաճառքի միջնորդավորված գործարքները, դրանց բորսայական փոխարժեքի հիման վրա, որը տատանվում է՝ կախված առաջարկի և պահանջարկի հարաբերությունից։ Գրանցված բորսայական տեղեկագրերում և հանդեսներում։

Բորսայի ղեկավարող մարմինը
[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորսայի ղեկավարող մարմինը, որպես կանոն, բորսայի կոմիտեն է։ Ներկայումս բորսաների աշխատանքում լայնորեն կիրառվում են համակարգչային ցանցեր և կապի ժամանակակից միջոցներ, որոնք թույլ են տալիս կատարել տեղեկատվության օպերատիվ փոխանակում և բարձրացնել բորսայական գործառնությունների արդյունավետությունը։ Ֆոնդային բորսայի հիմնական գործառույթներն են. արժեթղթերի վաճառելու միջոցով բնակչության և կազմակերպությունների ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքագրումը, արժեթղթերի շուկայական արժեքի սահմանումը (գնանշումը), դրամական կապիտալի արդյունավետ վերաբաշխումը տարբեր տնտեսավարող սուբյեկտների, ճյուղերի և օբյեկտների միջև։ Ֆոնդային բորսան արժեթղթերի երկրորդային շուկա է, որտեղ շրջանառություն են կատարում նախկինում թողարկված արժեթղթերը։ Ֆոնդային բորսաները շուկայական տնտեսական պայմաններում շատ կարևոր դեր են կատարում, կապելով խնայողությունների տիրոջը ապագա ներդրողրի (ինվիտորի) հետ։ Դրանց շնորհիվ արտադրությունն ապահովվում է կապիտալով, կատարվում է կապիտալի ռացիոնալ բաշխումը տարբեր ճյուղերի ու ռեգիոնների միջև, թողարկվում են նոր բաժնետոմսեր։ Անգնահատելի է նաև ֆոնդային բորսաների դերը նաև մասնավոր խնայողությունները, տնտեսական աճի երկարաժամկետ ֆինանասավորում տրամադրելու հարցում։ Կապիտալ ներդրումների շահութաբերության բորսայական գնահատումները կողմնորոշում են հասարակության ինվեստիցիոն ռեսուրսների վերաբաշխումը։ Ֆոնդային միջնորդը բորսայում կարող է գործառնական եկամուտ ստանալ՝ գործելով երկու եղանակով։ Նախ, ժամանակավորապես դառնալով իր հաշվին գնված արժեթղթերի տեր, շահույթ ստանալ դրանց գնման ու վաճառքի կուրսերի տարբերությունից։ Այս եղանակով գործող միջնորդը գործարքներ է կնքում իր անունից, իր հաշվին, իր ռիսկով, ունի ակտիվների իր պորտֆելը և կոչվում է դիլեր (dealer) կամ վաճառամիջնորդ։

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է[4]։

Դիլերային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման որպես մասնագիտացված գործունեության։ Դիլերը կարող է դիլերային գործունեություն իրականացնել միայն դիլերային ընկերության կազմում կամ անունից։ Մյուս եղանակը ենթադրում է միջնորդի՝ բրոքերի (stockbroker) վարձատրության գոյացումը գործարքների գումարի որոշակի տոկոսից։ Բրոքերները (մակլեր կամ գործակալ) մի դեպքում գործում են, որպես ներդրողի գործակալ, որը գործում է որպես միջնորդ թողարկողի և գնորդների (արժեթղթերի առաջին առաջարկի դեպքում), մյուս դեպքում, ինչպես նաև արժեթղթերի երկրորդային շուկայում այդ արժեթղթերը գնողների ու վաճառողների միջև։ Բրոքերի պարտականությունների մեջ են մտնում բորսայում արժեթղթերով գործարքների կատարումը (ինչպես կանխիկ, այնպես էլ հաշվապահական գրառումների ձևով) և դրանց ճիշտ շրջանառության ապահովումը։ Բրոքերը ֆոնդային բորսայում գնում և վաճառում է արժեթղթեր՝ իր հաճախորդների անունից և նրանց հաշվին։ Իր ծառայությունների համար բրոքերը ստանում է վարձատրություն միջնորդավճարի ձևով։ Բորսայի այն մասնակիցները, որոնք մասնագիտացված են գների բարձրացման մեջ, կոչվում են «ցուլեր», իսկ գների իջեցման մեջ մասնագիտացվածները՝ «արջեր»։ Հարկ է նշել, որ բացի ֆոնդային բորսաներից, որտեղ կատարվում են արժեթղթերի առք ու վաճառքի գործարքները, գործում են նաև արտարժույթի (տարադրամային), ապրանքային (որոնք զբաղվում են հացահատիկի, մետաղների, նավթի և այլ, այսպես կոչված, բորսայական ապրանքների մեծածախ գործարքներով), աշխատանքային և ունիվերսալ (տարբեր ապրանքների) բորսաներ։ 19-20-րդ դարերի սահմանագծին ֆոնդային բորսաները դարձան ազգային ու համաշխարհային շուկաների կարևորագույն բաղադրամասը։ Երկրների տնտեսական կապերի ինտերնացիոնալիզացիայի ուժեղացումն արագացրեց արժեթղթերի միջազգային շուկայի զարգացումը (օրինակ, Լոնդոն-ի ֆոնդային բորսայում արժեթղթերի ամբողջ պտույտի կեսից ավելին ընկնում է արտասահմանյան արժեթղթերին)։ Նրա ծավալը ներկայումս 100 միլիարդ դոլարից ավելին է կազմում։ Այդ շուկայի խոշորագույն կենտրոններն են Նյու Յորք-ի, Տոկիո-յի, Լոնդոն-ի և Փարիզ-ի ֆոնդային բորսաները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. What Is a Third Market?<!
  2. Ն.Ի. Բերզոն և այլք, Ֆոնդային շուկա (խմբ. Ն.Ի. Բերզոն), Մոսկվա, ISBN 5-7755-0057-1։
  3. Ֆոնդային շուկա. Սկսնակների համար
  4. Հայաստանի ֆոնդային բորսա

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քոթանջյան Մ. Խ «Շուկայական էկոնոմիկա» Երևան, 1998 թ.
  • Թովմասյան Ռ. Ա.«Տնտեսագիտության տեսություն» Երևան, 2006 թ.
  • Խաչատրյան Գ. Հ. «Տնտեսագիտության տեսություն» Երևան, 2007 թ.