Եզդիները և Արցախյան ազատամարտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եզդիներ (ինքնանվանումը՝ էզիդ), ազգություն, որն ապրում է Իրաքում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում (Կրասնոդարի երկրամաս)։ Ընդհանուր թիվը՝ 200 000-ից ավելի, Հայաստանում՝ շուրջ 55 000 (2003)։

Մասնակցություն պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եզդի ազատամարտիկները Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Բաղրամյանի, Ապարանի, Արագածի, Թալինի, Աշտարակի և այլ շրջանների կամավորական ջոկատների, ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումների կազմերում մասնակցել են Հայաստանի Հանրապետության Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Գորիսի (Խնձորեսկ, Շուռնուխ), Վայքի (Բարձունի), ԼՂՀ Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Աղդամի, Լաչինի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ղարաբաղյան պատերազմում եզդի ազատամարտիկներից զոհվել են Ու. Ասոյանը, Օ. Ավդալյանը, Մ. Բաքիրյանը, Հ. Գալոյանը, Տ. Գելոյանը, Բ. Գուլոյանը, Զ. Թամոյանը, Ռ. Թամոյանը, Ս. Թամոյանը, Բ. Խուդոյանը, Լ. Կոտիևը, Թ. Համզոյանը, Յու. Համզոյանը, Գ. Հաջոյանը, Թ. Հաջոյանը, Ն. Հաջոյանը, Հ. Հուսեյանը, Ա. Միրզոյանը, Ա. Մհոյանը, Ա. Մստոյանը, Ա. Նաբոյանը, Ն. Շամոյանը, Բ. Զատոյանը, Ռ. Պոլոյանը, Ս. Ռասոյանը, Գ. Սադոյանը, Յա. Սադոյանը, Հ. Սուլթանյանը, Ա. Ուսուբյանը, Ռ. Ուսուբյանը, Գ. Քալաշյանը[1][2]։

Հանրահավաքներ տեղի ունեցան Հայաստանի մի շարք բնակավայրերում․ Կոտայքի մարզի Զովունի գյուղում հանրահավաքի մասնակցիները ցանկություն հայտնեցին մասնակցել Արցախյան ազատամարտին։ Գյուղի սովխոզի տնօրեն Մանուկ Սիմոնյանը և գյուղսովետի նախագահ Վահան Ալեքսանյանը գյուղի ակումբը տրամադրեցին Արցախյան հերոսամարտին նվիրված միջոցառումների կազմակերպման համար (1988-1994 թթ)։ Ազիզ Թամոյանը մշակույթի տանը կազմակերպում էր բազմաթիվ հանրահավաքներ։ Հանրահավաքներին մասնակցում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Արշակ Փոլադյանը, Երջանիկ Աբգարյանը, Վահան Զատիկյանը և ուրիշներ[3]։

Զովունիից հետո հանրահավաքներ տեղի ունեցան Արտաշատում, Արմավիրում, Արարատյան դաշտի եզդիաբնակ գյուղերում, Երևանի պետական համալսարանում։ Ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպատող կազմ-կոմիտե, որում ընդգրկվեցին շարժման ակտիվիստները։ Կազմ-կոմիտեի նախագահ ընտրվեց Ազիզ Թամոյանը։ Այդ կառույցին կից ստեղծվեց ռազմական շտաբ, որի պետ ընտրվեց Քյարամ Ավդոյանը, իսկ հրամանատար՝ Ազիզ Թամոյանը։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքում հիմնադրվեց Հայաստանի եզդիների ռազմական շտաբ[4]։ Ռազմական շտաբի անդամները՝ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ և պրոֆեսոր Գ․ Ասատրյանի աջակցությամբ բազմիցս եղան Ղարաբաղյան ռազմաճակատների գրեթե բոլոր հատվածներում՝ Ստեփանակերտում, Լաչինում, Մարտակերտում, Երասխավանում, Ոսկեպարում, Մեղրիում։

«Եզդիների ազգային միության» նախագահությունը՝ Ազիզ Թամոյանի աջակցությամբ դրամական միջոցների հանգանականություն սկսեց՝ հավաքելով 6 մլն ռուբլի, որը հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի «Օգնության հիմնադրամ»-ին։

Արցախյան հերոսամարտում նահատակվեց 3 տասնյակից ավել եզդի ազատամարտիկ։ Նրանցից 3-ը՝ Իսմայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանը և Գագիկ Հաջոյանը թաղված են Եռաբլուրում՝ Արցախյան ազատամարտի հերոսների կողքին։

Եզդիական առանձին ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Ազիզ Թամոյանը հանդիպեց ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին՝ եզդիական առանձին ջոկատ ստեղծելու առաջարկով, սակայն Վազգեն Սարգսյանը չի համաձայնվում՝ նշելով․

Ես, իհարկե, հասկանում և հարգում եմ Ձեր առաջարկությունը, սակայն, խնդրում եմ ինձ ճիշտ և առողջ հասկանաք, որ ես սկզբունքորեն չեմ կարող համաձայնել Ձեր առաջարկությանը, մեկ կարևորագույն հանգամանք ի նկատի ունենալով և հաշվի առնելով․ Աստված մի արասցե, հանկարծ մեկ եզդի գերի ընկնի կամ զոհվի, ոչ միայն Ադրբեջանում, այլև ողջ աշխարհում, այդ ամենն այլ կերպ կմեկնաբանվի։ Կասեն, որ հայերն ու հայ պետականությունը դիտավորյալ են այդպես վարվել[4]։

Հանդիպումից հետո Թամոյանը Երևանում հրավիրեց Եզդիական ռազմական շտաբի և Եզդիների ազգային միության համատեղ արտահերթ նիստեր։

Կամավորական ջոկատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվաշենի եզդիական ջոկատի հրամանատարն էր Սուրիկ Դավթյանը (Արաբո)։ Այդ ջոկատում կռվում էին տասնյակ եզդի կամավորներ։ Եզդիական մյուս կամավորական ջոկատը գտնվում էր Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպարի և Սարագյուղի անտառներում։ Ջոկատում աչքի ընկան Ալո (Ալիխան) և Քյարամ Ահմադի Թամոյանները, Օմար Ավդալյանը ու Սահիդ Թամոյանը։ Ոսկեպարում եզդիական ջոկատի հետ համագործակցում էր նաև Սարագյուղի բնակիչ, ազգությամբ հայ Պավլիկ Սառուկյանը։

Արծվաշենից հետո եզդիական ջոկատներից մեկը Սուրիկե Տաֆուրի (Արաբո) գլխավորությամբ ուղարկվում է մասնակցելու Տավուշի պաշտպանությանը։ Սուրիկեն այնուհետև նշանակվում է եզդիական ռազմական շտաբի ղեկավար։

Եզդի ժողովրդի ազգային հերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին «Եզդիների ազգային միության» նախագահությունը սահմանեց «Եզդի ժողովրդի ազգային հերոս» պատվավոր կոչում, որով առաջինը պարգևատրվեց Ազիզ Թամոյանը[2]։ Հետագայում այս կոչմանն արժանացան նաև Հայաստանի ազգային ռադիոյով եզդիների համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր Հասան Թամոյանը, Արցախյան ազատամարտի ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ Մշիրե Խուդեդան (Մշիր Նադոյան), ինչպես նաև Սուտո Բեգ Ամարյանը։ Որոշման մեջ ասվում էր․

Հաշվի առնելով եզդի ժողովրդի արժանավոր զավակ Մշիր Խուդոյի Նադոյանի հայրենանվեր աշխատանքը, այն մեծ ծառայությունը, որ նա ցուցաբերել է Արցախյան հերոսամարտում, նրան շնորհել Ազգային հերոսի պատվավոր կոչում և պարգևատրել «Ոսկե մեդալով»։ Մշիր Նադոյանը, իրոք, ժողովրդի հպարտությունն է, որի մասին լեգենդներ են հյուսվել, որը բոլորի համար իր սխրանքներով օրինակ է դարձել։

Հասան Թամոյանը երկար տարիներ մասնակցում էր շարժմանը, հավաքներում և մարտերում իր հաղորդումներով ոգևորում էր եզդի ժողովրդին և լուսաբանում էր եզդի կամավորների գործունեությունը։

Վիրավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմերազմում վիրավորվել են Ուսուբե Աթերը, Մշիրը Խուդեդան, Ալիկ Թամոյանը, Ասյա Խատոյանը, Թոսուն Ասոյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազիզ Թամոյան (2001). Մենք եզդի ենք. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 Ազիզ Թամոյան (2002). Եզդի ժողովրդի սխրանքը. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Վկայագիր, Մ․ Սիմոնյան, Վ․ Ալեքսանյան, հուլիսի 21, 2002։
  4. 4,0 4,1 Ազիզ Թամոյան, Հասան Թամոյան (2010). Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում. Երևան: Սպիկա.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։