Լեզվաբանություն
Լեզվաբանություն, գիտություն[1], որի ուսումնասիրության առարկան լեզուն է[2], լեզվի կառուցվածքը, բովանդակությունը և լեզուն՝ համատեքստի մեջ[3]: Լեզվի ուսումնասիրության ոլորտում կատարված առաջին քայլերն իրականացվել են դեռևս մ. թ. ա. 4-րդ դարում, երբ հնդիկ քերականագետ Պանինին իր «Ատադհյայի» («Astādhyāyl» – «Ութնամատյան») աշխատանքում նկարագրեց սանսկրիտ լեզուն[4][5][6]:
Լեզվաբանները սովորաբար վերլուծում են մարդկային լեզուն՝ ուսումնասիրելով արտասանության և նշանակության միջև կապը[7]: Հնչյունաբանությունը ուսումնասիրում է խոսքի և լեզվի հնչյունները և նրանց ձայնային և արտասանական հատկությունները: Լեզվի բովանդակության ուսումնասիրությունը մյուս կողմից զբաղվում է այն հարցով, թե ինչպես են լեզուները կոդավորում առարկաների, հատկությունների և աշխարհի այլ երևույթների միջև եղած հարաբերությունները՝ իմաստ հաղորդելու, վերլուծելու և տալու, ինչպես նաև երկիմաստությունը գտնելու և վերացնելու համար[8]: Մինչդեռ իմաստաբանության ուսումնասիրությունը զբաղվում է ճշմարիտ հետևություններով, գործաբանությունը զբաղվում է այն հարցով, թե ինչպես է իրավիճակային համատեքստը ազդում իմաստի վրա[9]:
Քերականությունը կանոնների համակարգ է, որը կառավարում է տվյալ լեզվում արտահայտությունների գործածությունը: Այս կաննոները վերաբերում են ինչպես արտասանությանը[10], այնպես էլ նշանակությանը և ընդգրկում բաղադրիչ կազմող կանոնների ենթահամակարգեր, որոնք վերաբերում են հնչույթաբանությանը (հնչյունային համակարգերի կազմակերպումը), ձևաբանությանը (բառերի կազմությունը և կառուցվածքը) և շարահյուսությանը (բառակապակցությունների և նախադասությունների կազմությունը)[11]: Ժամանակակից տեսությունները, որոնք զբաղվում են քերականության սկզբունքներով, գործում են Նոամ Չոմսկու սերող լեզվաբանության շրջանակներում[12]:
20-րդ դարի սկզբում Ֆերդինանդ դը Սոսյուրը իր՝ կառուցվածքային լեզվաբանության ձևակերպման մեջ տարբերություն դրեց լեզվի և խոսքի միջև: Ըստ նրա՝ խոսքը հենց մարդկանց կողմից լեզվի արտաբերումն է, իսկ լեզուն վերացական երևույթ է, որը սահմանում է կանոնների համակարգ, որը կառավարում է լեզվի գործածությունը[13]: Այս տարբերակումը նման է Նոամ Չոմսկու՝ փոխակերպական կամ սերող քերականության տեսության մեջ լեզվական ունակության և գործածման միջև տարբերակմանը: Ըստ Չոմսկու՝ ունակությունը անհատի՝ լեզուն օգտագործելու բնածին կարողությունը և պոտենցիալն է (լեզու), այնինչ գործածումը այն եղանակն է, որով անհատները, խմբերը և համայնքները գործածում լեզուն (խոսք)[14]:
Խոսքի ուսումնասիրությունով (որը դրսևորվում է մշակութային դիսկուրսներում և բարբառներում) զբաղվում է հանրալեզվաբանությունը, որն ուսումնասիրում է որևէ լեզվական համայնքի ներսում լեզվաբանական հայեցակետերի բարդ համակարգերը: Այն նաև ուսումնասիրում է տեքստերի և զրույցների կառուցվածքը: Սա արվում է լեզվաբանական տվյալների հավաքագրման կամ էլ կորպուսային լեզվաբանության միջոցով, որը վերցնում է բնական միջավայրում ծագող խոսքը և ուսումնասիրում է քերականական և այլ հատկությունների տարբերակները[15]:
Ոճաբանությունը նաև զբաղվում է լեզվական տարբեր համայնքների գրավոր կամ բանավոր դիսկուրսի ուսումնասիրությամբ, տարբեր ժանրերի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների խմբագրական կամ պատմողական ձևաչափերի ուսումնասիրությամբ[16]: 1960-ականներին Ժակ Դերիդան ևս տարբերակում դրեց բանավոր և գրավոր խոսքի միջև՝ առաջարկելով, որ գրավոր խոսքն ինքնին ուսումնասիրվի որպես հաղորդակցության լեզվաբանական միջոց[17]: Հնագրությունը հետևաբար գիտաճյուղ է, որը ուսումնասիրում է գրերի (որպես նշաններ) զարգացումը լեզվում[18]: Լեզվի ձևական ուսումնասիրությունը նաև հանգեցրել է այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են՝ հոգելեզվաբանությունը, որն ուսումնաիրում է լեզվի գործառույթներն ու արտահայտումը մտքում, նյարդալեզվաբանությունը, որը ուսումնասիրում է ուղեղում կատարվող լեզվական գործընթացները, կենսալեզվաբանությունը, որն ուսումնասիրում է լեզվի կենսաբանական զարգացումը և լեզվի ձեռքբերումը, որն ուսումնասիրում է, թե ինչպես են երեխաները և մեծահասակները ձեռք բերում լեզվական գիտելիքներ:
Լեզվաբանությունը նաև զբաղվում է լեզվի վրա ազդող հասարակական, պատմական և քաղաքական այն գործոնների ուսումնասիրությամբ, որոնք սահմանում են լեզվաբանական և լեզվական համատեքստը[19]: Պատմական և զարգացումային լեզվաբանության ենթաճյուղերը շեշտը դնում են նաև այն բանի վրա, թե ինչպես են լեզուները զարգանում և փոփոխվում ժամանակի ընթացքում:
Փաստագրական լեզվաբանությունը միավորում է մարդաբանական հետազոտությունը լեզվաբանականի հետ՝ նկարագրելու համար լեզուներն ու դրանց քերականությունը: Բառարանագրությունը զբաղվում է այն բառերի գրանցմամբ, որոնք կազմում են լեզվի բառապաշարը: Լեզվի բառապաշարը կազմող բառերը գրանցվում են բառարաններում: Համակարգչային լեզվաբանությունը զբաղվում է բնական լեզվի մոդելավորմամբ: Թարգմանության ընթացքում օգտագործվում են լեզվակիրների ունեցած հատուկ գիտելիքները, ինչպես նաև լեզվական կրթությունը՝ օտար լեզվի ուսուցումը: Մասնագետներն աշխատում են կառավարության հետ՝ կրթության ոլորտում իրականացնելու համար նոր նախագծեր, որոնք հիմնված են լեզվաբանական հետազոտությունների վրա:
Լեզվաբանության հետ են առնչվում նաև նշանագիտությունը, գրաքննադատությունը, թարգմանությունը և լոգոպեդիան:
Եզրույթ
Մինչև 20-րդ դարը բանասիրություն տերմինը, որը ստեղծվել էր 1716 թվականին,[20] հիմնականում վերաբերում էր լեզվի գիտությանը, որը այն ժամանակ դեռևս միայն պատմական բնույթ էր կրում[21][22]։ [23] Երբ Ֆերդինանդ դը Սոսյուրը սկսեց պնդել, որ լեզուն պետք է լինի նաև լեզվի համաժամանակյա ուսումնասիրություն, բանասիրություն տերմինը սկսեց վերաբերել միայն լեզվի քերականության, պատմության և ոճական հնարքների ուսումնասիրությանը[24]։ [25]
Չնայած «լեզվաբան» տերմինը որպես «լեզուն ուսումնասիրող անձ» ստեղծվել է 1641 թվականին, «լեզվաբանություն» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1847 թվականին: Այդ ժամանակվանից լեզվաբանություն տերմինն օգտագործվում է «լեզվի գիտություն» նշանակությամբ[26]։ [27]
Շեղումներ և ընդհանրություններ
Չնայած լեզվաբանական որոշ տեսություններ կենտրոնանում են լեզվում առկա տարբեր շեղումների վրա, որոնք առաջանում են հասարակության տարբեր խմբերում, մյուս տեսությունները շեշտը դնում են մարդկային բոլոր լեզուներին բնորոշ ընդհանուր հատկանիշների վրա: Շեղումների տեսությունը հետևաբար մշակում է հայտնի լեզուների, օրինակ անգլերենի և ֆրանսերենի, տարբեր գործածությունները ամբողջ աշխարհում, ինչպես նաև փոքր բարբառները և տարածաշրջանային վերափոխումները: Շեղումների տեսությունը ուշադրություն է դարձնում մշակութային փուլերին, որոնց ենթարկվել է որևէ լեզու: Ներքևում նշված են այդ փուլերից մի քանիսը:
Փիջին
Որևէ լեզվի փիջին փուլը այն փուլն է, որի ընթացքում հաղորդակցումն իրականացվում է քերականական պարզեցված կաղապարների միջոցով: Այդպիսի հաղորդակցում իրականանումէ երկու կամ ավելի խմբերի միջև, որոնք չունեն ոչ մի ընդհանուր լեզու: Այս պարագայում խոսողներն օգտագործում են տարբեր լեզուների տարրեր:
Կրեոլ
Կրեոլը լեզվի այն փուլն է, որի ժամանակ տարբեր լեզուների միախառնումից զարգանում է մեկ այլ բնական լեզու: Այն տեղի է ունենում լեզվի փիջին փուլից հետո: Կրեոլ փուլում առաջացած լեզուն ամբողջական է և կարող է օգտագործվել որևէ համայնքում և դառնալ դրա մայրենի լեզուն:
Բարբառ
Բարբառը լեզվի տարբերակ է, որը բնորոշ է լեզվակիրների որոշակի խմբի[28]։ Այն մարդիկ, ովքեր խոսում են տվյալ լեզվի որևէ բարբառով, սովորաբար կաված են միմյանց հետ հասարակական ինքնությամբ: Սա հենց այն է, ինչը տարբերակում է բարբառը լեզվի մակարդակից կամ դիսկուրսից, որոնց դեպքում մշակութային ինքնությունը ոչ մի դեր չի խաղում: Բարբառները լեզվի տարբերակներ են, որոնք ունեն իրենց քերականական և հնչյունաբանական օրենքները, լեզվաբանական և ոճական առանձնահատկությունները, սակայն չունեն լեզվի պաշտոնական կարգավիճակ: Բարբառները լեզվի կարգավիճակ են ստանում միայն հասարակական և քաղաքական դրդապատճառներով: Բարբառների (ինչպես նաև լեզուների) միջև տարբերակումը հիմնված է քերականական, շարահյուսական կանոնների և ոճական առանձնահատկությունների վրա:
Համընդհանուր քերականությունը հաշվի է առնում բոլոր լեզուների և բարբառների միջև եղած կառուցվածքային նմանությունները, ինչպես նաև նորածինների գիտակցության մեջ եղած բնածին լեզվական կարողությունները: Այս միտքը հիմնված է սերող քերականության տեսության և լեզվաբանության ձևական դպրոցների վրա, որոնց հետևորդներն են Նոամ Չոմսկին և այլք[29]։
Տրամասություն
Դիսկուրսը կամ տրամասությունը լեզուն է հասարակական գործադրման մեջ, և այն բազմաշերտ գաղափար է: Որպես հասարակական երևույթ՝ դիսկուրսը արտահայտում է տարբեր գաղափարախոսություններ գրավոր և բանավոր խոսքի միջոցով: Դիսկուրսի վերլուծությամբ կարելի է ուսումնասիրել կամ բացահայտել այս գաղափարախոսությունները: Այն ազդում է ժանրի վրա, որը ընտրվում է տարբեր իրավիճակներին համապատասխան: Դիսկուրսը նաև ազդում է լեզվի տեքստի վրա հնչյունաբանական կամ էլ բառաքերականական մակարդակով: Որևէ դիսկուրս դառնում է լեզվի տարբերակ, երբ այն օգտագործվում է այս կերպ որևէ հատուկ նպատակով, և անվանվում է լեզվի ոճ կամ մակարդակ[30]։ Կարող են լինել նորաբանություններ, որոնք ի հայտ է գալիս որևէ ոլորտում մասնագիտացում ունեցող համայնքի փորձառության արդյունքում: Լեզվի մակարդակները և տրամասությունները, հետևաբար, միմյանցից տարբերվում են բառապաշարով և երբեմն նաև ոճով: Օրինակ՝ բժիշկները իրենց հաղորդակցության ընթացքում օգտագործում են բժշկության ոլորտին պատկանող բառապաշար և տերմիններ (բժշկական դիսկուրս):
Ստանդարտ լեզու
Երբ որևէ բարբառ փաստագրվում է իր քերականության լեզվաբանական հատկանիշների հիման վրա, որոնք առաջացել են տվյալ համայնքում, այն ձեռք է բերում քաղաքական և ազգային ճանաչում: Սա այն փուլն է, երբ լեզուն համարվում է ստանդարտ տարբերակ, որի քերականական օրենքները զարգացել, ուղղվել և կայունացել են: Անգլերենը և ֆրանսերենը, օրինակ, հասել են այն փուլին, որ համարվում են ստանդարտ լեզուներ:
Որևէ լեզվի ընդհանուր հատկանիշների ուսումնասիրությունն ընդգրկում է հետևյալ գաղափարները.
Բառապաշար
Բառապաշարը բառերի և տերմինների հավաքածու է, որը պահվում է խոսողի մտքում: Բառապաշարը կազմված է բառերից և կախյալ ձևույթներից, որոնք բառերի մաս են կազմում և չեն կարող առանձին հանդես գալ, ինչպես օրինակ՝ ածանցները: Որոշ դեպքերում բարդ բառերը և որոշ ասացվածքներ և բառակապակցություններ նույնպես բառապաշարի մաս են համարվում: Բառարաններում այբբենական կարգով փորձում են ընդգրկել որևէ լեզվի բառապաշարը, սակայն կախյալ ձևույթները սովորաբար չեն ընդգրկվում: Բառարանագրությունը, որ սերտ կապված է իմաստաբանության ոլորտի հետ, գիտություն է, որը դասակարգում է տվյալ լեզվի բառապաշարը բառարաններում և հանրագիտարաններում: Բառապաշարում ավելացած նոր բառերը կոչվում են նորաբանություններ:
Համարվում է, որ խոսողի լեզվական ունակությունները կախված են նրա բառապաշարից, այսինքն բառերի քանակությունից, որ նա գիտի: Սակայն լեզվաբանները սա առասպել են համարում: Շտ լեզվաբաններ կարծում են, որ մարդու լեզվական ունակությունները կախված են քերականության իմացությունից: Նույնիսկ շատ փոքր բառապաշարով քերականությանը տիրապետելու դեպքում հնարավոր է կազմել անսահման թվով նախադասություններ:
Հարաբերականություն
Ըստ Սեպիր-Ուորֆի վարկածի (լեզվաբանական հարաբերականություն) լեզվի կառուցվածքը ազդում է մարդու աշխարհայացքի վրա: Ունիվերսալիստները հավատում են, որ ընդհանրություններ կան ինչպես մարդկանց ընկալման մեջ, այնպես էլ լեզվում, այնինչ հարաբերականության տեսության կողմնակիցներն այն կարծիքին են, որ մարդիկ և լեզուները տարբեր են: Չնայած լեզվաբանական հարաբերականության տեսությունը մշակել են ամերիկացի լեզվաբաններ Էդուարդ Սեպիրը և Բենջամին Լի Ուորֆը, Սեպիր-Ուորֆի վարկած տերմինը առաջադրել է Սեպիրի աշակերտը՝ Հարի Հոիջերը: 20-րդ դարի գերմանացի լեզվաբան Լեո Վայսգերբերը նույպես շատ աշխատություններ ունի լեզվաբանական հարաբերականության վերաբերյալ: Այս տեսության կողմնակիցները տարբերությունը տեսնում են ճանաչողության մակարդակի և իմաստային ոլորտի մեջ: 1980- ականներին ճանաչողական լեզվաբանության ի հայտ գալուն պես մեծացավ լեզվաբանական հարաբերականության նկատմամբ հետաքրքրությունը: Տարբեր մտածողներ, ինչպիսին է օրինակ Ջորջ Լակոֆֆը, պնդում են, որ լեզուն արտացոլում է մշակութային տարբեր այլաբանություններ, այնինչ Ժակ Դերիդայի աշխատությունները սերտ կապված են լեզվաբանության եջ հարաբերականության շարժման հետ:
Կառույցներ
Լեզվական կառույցը նշանակության և ձևի զուգադրումն է: Նշանակության և ձևի ցանկացած զուգադրում Սոսյուրական նշան է: Օրինակ՝ «կատու» նշանակությունը ամբողջ աշխարհում արտահայտվում է հնչյունային տարբեր կաղապարներով (բանավոր խոսք), ձեռքերի և դեմքի տարբեր արտահայտություններով (նշանային լեզու) և գրավոր նշաններով (գրավոր լեզու):
Լեզվաբանները, ովքեր կենտրոնանում են կառույցների վրա, փորձում են հասկանալ որևէ լեզվի կաննոները, որոնք կիրառում են տվյալ լեզվի լեզվակիրները (հաճախ անգիտակցաբար): Լեզվական բոլոր կառույցները կարելի է բաժանել մասերի, որոնք միավորվում են՝ համաձայն կանոնների, վերլուծության տարբեր մակարդակների միջոցով: Օրինակ՝ «տասներորդ» բառը կարելի է վերլուծել երկու տարբեր մակարդակներով: Բառի ներքին կառուցվածքի մակարդակով (ձևաբանություն)՝ «տասներորդ» բառը կազմված է թիվ և կարգ ցույց տվող լեզվական բառաձևերից: Հնչյունական կառուցվածքի տեսանկյունից (հնչյունաբանություն)՝ կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ «տասը» բառի «ը» ձայնավորը «տասներորդ» բառը կազմելիս զեղչվում է: Չնայած որ լեզվակիրները ճիշտ են օգտագործում այս կանոնները, նրանք ոչ միշտ են հասկանում դրանց էությունը:
Լեզվաբանությունը կազմված է բազմաթիվ ճյուղերից, որոնք զբաղվում են լեզվի կառուցվածքի առանձին մասերի ուսումնասիրությամբ: Այն տեսությունը, որը լուսաբանում է այս ամենը, առաջադրել է Նոամ Չոմսկին,և այն կոչվում է սերող տեսություն կամ էլ համընդհանուր քերականություն: Լեզվաբանության ճյուղերից որոշները շեշտը դնում են ձևի վրա, իսկ մյուսները՝ նշանակության: Դրանք տարբերվում են մինյանցից նաև ուսումնասիրության տիրույթներով՝ հնչյուն, բառ, բառակապակցություն, դիսկուրս:
Քերականություն
Ենթաճյուղերը, որոնք շեշտը դնում են լեզվի քերականական ուսումնասիրության վրա, ներառում են հետևյալը.
- Հնչյունաբանություն, խոսքի հնչյունների արտաբերման և ընկալման ֆիզիկական հատկանիշների ուսումնասիրությունը;
- Հնչույթաբանություն, հնչյունների ուսումնասիրությունը՝ որպես խոսողի մտքում առաջացող վերացական երևույթներ, որոնք օգնում են տարբերակել իմաստներ (հնչույթներ);
- Ձևաբանություն, ձևույթների կամ բառերի ներքին կառուցվածքի ուսումնասիրությունը;
- Շարահյուսություն, ուսումնասիրում է, թե ինչպես են բառերը միավորվում՝ կազմելու համար քերականական բառակապակցություններ և նախադասություններ;
- Իմաստաբանություն, բառերի իմաստների և կայուն բառակապակցությունների ուսումնասիրությունը;
- Գործաբանություն, ուսումնասիրում է, թե ինչպես են ասույթները գործածվում հաղորդակցման ընթացքում, ինչպես նաև համատեքստի և արտալեզվական գործոնների ազդեցությունը իմաստի վրա;
- Դիսկուրս-վերլուծություն, ուսումնասիրում է լեզվի գործածումը տեքստերում (բանավոր, գրավոր, նշանային խոսք)
- Ոճաբանություն, ուսումնասիրում է լեզվական գործոնները (ճարտասանություն, առոգանություն, շեշտ), որոնք դիսկուրսը դնում են համատեքստում;
- Նշանագիտություն, նշանների և իմաստավորման գործընթացի՝ ցուցման, նշանակության, նմանության, համաբանության, սիմվոլիզմի, փոխաբերության ևն, ուսումնասիրությունը:
Ոճ
Ոճաբանությունը ուսումնասիրում է տեքստերի մեկնաբանությունը լեզվական և հնչերանգային ոճերի տեսակետից: Ոճաբանական վերլուծությունը հանգեցնում է բարբառների և լեզվի մակարդակների նկարագրության ուսումնասիրությանը: Ոճական առանձնահատկությունների շարքին են պատկանում ճարտասանությունը,[31] առոգանությունը, շեշտը, երգիծանքը, հեգնանքը, երկխոսությունը և այլն: Ոճաբանական վերլուծությունը կարող է ներառել նաև լեզվի ուսումնասիրությունը գրականության կանոնական աշխատություններում, ժանրային գրականության մեջ, լուրերում, գովազդներում և հաղորդակցման այլ ձևերում: Այսպիսով, ոճաբանությունը տեքստի մեկնաբանումն է:
Մոտեցումներ
Տեսական
Լեզվաբանության ոլորտում քննարկման կարևոր թեմա է այն, թե ինչպես է պետք լեզուն սահմանել և հասկանալ: Որոշ լեզվաբաններ կիրառում են «լեզու» տերմինը որպես մարդու ուղեղում բնածին մի կաղապար, որը թույլ է տալիս մարդկանց ձեռնարկել լեզվական վարքագիծ: Համարվում է, որ «համընդհանուր քերականությունն» է օգնում երեխաներին լեզուներ սովորել և տարբերել ցանկացած լեզվում քերականորեն ճիշտ ձևակերպված նախադասությունները: Այս տեսակետի հետևորդները, ովքեր պատկանում են լեզվաբանության այն դպրոցին, որը հիմնված է Նոամ Չոմսկու սերող տեսության վրա, առանձնապես չեն դիտարկում լեզուն որպես մի բան, որն առաջացել և զարգացել է հաղորդակցման նպատակով: Նրանք լեզուն ավելի շատ դիտարկում են որպես մարդու մտքերը ձևավորող գործընթաց:
Գործնական
Լեզվաբանների մեկ այլ խումբ «լեզու» տերմինը դիտարկում է որպես հաղորդակցային համակարգ, որը զարգացել է աջակցելու համար համատեղ գործունեությանը: Քերականության այսպիսի տեսությունները, որոնք կոչվում են «գործնական», լեզուն դիտարկում են որպես մի գործիք, որը զարգացել և հարմարեցվել է այն կիրառողների հաղորդակցային պահանջներին[32]։
Մեթոդաբանություն
Լեզվաբանությունը հիմնականում նկարագրողական բնույթ ունի: Լեզվաբանները նկարագրում և բացատրում են լեզվի հատկությունները՝ առանց սուբյեկտիվ դատողություններ անելու այն մասին, թե հատկություններից և գործածություններից որն է լավ, և որը՝ վատ: Սա այսպես է բոլոր գիտությունների դեպքում. կենդանաբանն ուսումնասիրում է կենդանական աշխարհը՝ առանց իր սեփական կարծիքը հայտնելու կենդանական տեսակների առավելությունների և թերությունների վերաբերյալ:
Լեզվաբանական կանոնակարգումը, մյուս կողմից, ընտրություն է կատարում լեզվական գործածությունների միջև՝ հաճախ օժանդակելով լեզվի որևէ բարբառի կամ էլ ակրոլեկտի: Սրա նպատակը լեզվական ստանդարտ կամ նորմ հաստատելն է, որի արդյունքում հաղորդակցումը ավելի հեշտ կդառնա: Սակայն, մյուս կողմից, լեզվական կանոնակարգումը կարող է լինել լեզվի որևէ բարբառի կրողների՝ այլ բարբառների վրա ազդեցություն գործելու արդյունք (լեզվաբանական իմպերիալիզմ): Լեզվաբանական կանոնակարգման ծայրահեղ օրինակ կարող է լինել գրաքննիչների վարքը, ովքեր փորձում են ոչնչացնել որոշ բառեր և կառույցներ՝ համարելով դրանք վնասաբեր հասարակության համար: Սակայն, լեզվաբանական կանոնակարգումը կարելի է ճիշտ օգտագործել լեզվի ուսուցման դեպքում, որը թույլ կտա լեզուն սովորողներին տարբերել ճիշտ և սխալ կառույցները:
Մարդաբանություն
Որևէ լեզու նկարագրելու նպատակը կարող է լինել տվյալ համայնքի մասին մշակութային գիտելիքներ ստանալը: Լեզուներն ուսումնասիրելու ընթացքում մարդաբանության մեթոդների կիրառումը օգնում է լեզվաբանական հատկանիշների միջոցով բացահայտել որևէ համայնքի մշակութային հատկանիշները: Սա նաև կարևոր գործիք է վտանգված լեզուների փաստագրման համար: Սակայն այժմ լեզվաբանական հետազոտությունների մեջ մարդաբանության մեթոդներն օգտագործվում են հասկանալու համար ճանաչողական, պատմական և հանրալեզվաբանական գործընթացները, որոնց միջով անցնում են լեզուները զարգանալիս և փոփոխվելիս: Ընդհանուր մարդաբանական հետազոտության մեջ օգտագործվում են լեզվաբանական մեթոդները՝ ավելի լավ հասկանալու համար որևէ մշակույթ: Մարդաբանական հետազոտությունների միջոցով հնարավոր է լինում բացահայտել լեզվի գործածության հիմքում ընկած շեղումներն ու հարաբերականությունները:
Աղբյուրներ
Ժամանակակից լեզվաբանների մեծ մասն աշխատում են այն ենթադրությամբ, որ բանավոր խոսքն ու նշանների լեզուն ավելի էական են քան գրավորը: Սա այն պատճառով է, որ
- Խոսքը հատուկ է բոլոր մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն ընկալել և արտաբերել այն, մինչդեռ շատ մշակույթներ և համայնքներ չունեն գրավոր հաղորդակցության միջոց;
- Կան բանավոր խոսքին բնորոշ հատկանիշներ, որոնք բնորոշ չեն գրավորին, այդ թվում՝ հնչյունաբանական կանոնները, հնչյունային փոփոխությունները և խոսի մեջ պատահող սխալները;
- Բոլոր բնական գրային համակարգերը արտացոլում են բանավոր խոսքը (կամ է նշանների լեզուն);
- Խոսքը զարգացել է շատ ավելի վաղ, քան մարդիկ հայտնագործել են գիրը;
- Մարդիկ ավելի շուտ և հեշտ են սովորել խոսել և կիրառել բանավոր լեզուն, քան գրավորը:
Այնուհանդերձ, լեզվաբանները համաձայն են, որ գրավոր խոսքի ուսումնասիրությունը ևս կարևոր է: Գրավոր խոսքն ավելի հարմար է կորպուսային լեզվաբանության և մաթեմատիկական լեզվաբանության ոլորտներում հետազոտություն կատարելու համար: Դժվար է ստեղծել և գտնել բանավոր խոսքի մեծ զանգվածներ, այդ պատճառով դրանք հիմնականում գրի են առնվում: Ավելին, լեզվաբանները որպես լեզվաբանական հետազոտության արդյունավետ աղբյուր են սկսել օգտագործել տեքստի վրա հիմնված դիսկուրսը, որը հանդիպում է համակարգչի միջնորդությամբ իրականացվող հաղորդակցության մեջ:
Գրային համակարգերի, գրաֆեմաների ուսումնասիրությունը ինքնին լեզվաբանության առանձին ճյուղ է:
Վերլուծություն
Մինչև 20-րդ դարը լեզվաբանները վերլուծում էին լեզուն տարաժամանակյա ուսումնասիրության միջոցով, որը շեշտը դնում էր պատմության վրա: Սա նշանակում է, որ լեզվաբանները լեզվաբանական հատկանիշներն ուսումնասիրում էին այն տեսանկյունից, թե դրանք ինչպես են փոփոխվել և զարգացել ժամանակի ընթացքում: Սակայն 20-րդ դարում՝ Սոսյուրական լեզվաբանության զարգացման հետ մեկտեղ, շեշտը սկսեց դրվել լեզուների միաժամանակյա մոտեցման վրա, որտեղ ուսումնասիրվում և համեմատվում են տարբեր լեզուների տարբերակները, որոնք գոյություն ունեն տվյալ ժամանակահատվածում:
Լեզվաբական վերլուծության շարահարական մակարդակը ենթադրում է նախադասության շարահյուսական կառուցվածքում բառերի դիրքի ուսումնասիրությունը: Շարահարական մակարդակը կենտրոնանում է այն վերլուծությունների վրա, որոնք հիմված են տվյալ տեքսում առկա հարացույցերի և գաղափարների վրա:
Պատմություն
Վաղ շրջանի քերականագետներ
Լեզուները կանոնավոր կերպով սկսել են ուսումնասիրվել մ.թ.ա. 5-րդ դարում Հնդկաստանում, երբ հայտնի քերականագետ Պանինին ձևակերպեց Սանսկրիտ լեզվի ձևաբանության 3959 կանոնները: Պանինիի՝ Սանսկրիտի հնչյունների համակարգված դասակարգումը ձայնավորների և բաղաձայնների, ինչպես նաև բառերի դասակարգումը գոյականների, ածականների, բայերի և այլն, լեզվի ուսումնասիրության առաջին փորձերն էին պատմության ընթացքում: Միջին Ասիայում 760 թվականին Սիբաուեյհին իր աշխատության մեջ մանրամասն նկարագրել է արաբերեն լեզուն: Նա առաջինն էր, ով տարբերակել է հնչյունը և հնչույթը (լեզվական համակարգի մաիվորներ): Արևմուտքում լեզուների ուսումնասիրության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է ավելի ուշ քան արևելքում, սակայն դասական լեզուների քերականագետները լեզուների ուսումնասիրության համար չէին օգտագործում այն նույն մեթոդները, որոնք օգտագործում էին հնդիկ լեզվաբանները, և, հետևաբար, նրանք չէին հանգում նույն եզրակացություններին, ինչ վերջիններս: Արևմուտքում լեզուների հանդեպ հետքարքրությունը փիլիսոփայության մաս էր կազմում, այլ ոչ քերականական նկարագրի: Իմաստաբանության տեսության մեջ առաջին բացահայտումներն արել է Պլատոնը՝ իր Կրատիլոս աշխատության մեջ, որտեղ նա պնդում է, որ բառերը նշանակում են հասկացություններ, որոնք հավիտենական են և գոյություն ունեն գաղափարների աշխարհում: Այս աշխատությունն առաջինն է, որտեղ բառերի ծագումնաբանությունն օգտագործվում է բառի նշանակության պատմությունը ցույց տալու համար: Մոտ մ. թ. ա. 280 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդները Ալեքսանդրիայում հիմնադրեցին կրթական հաստատություն՝ Ալեքսանդրիայի Մուսեյոնը, որտեղ բանասերները ուսումնասիրում էին հին տեքստեր և հունարեն էին սովորեցնում այլ լեզուներով խոսող մարդկանց: Չնայած այս դպրոցն առաջինն էր, որտեղ «քերականություն» բառն օգտագործվում էր ներկայիս իմաստով, այդ բառն առաջին անգամ օգտագործել է Պլատոնը «գրի արվեստ» նշանակությամբ, որը նաև Ալեքսանդրյան դպրոցի ամենակարևոր աշխատություններից մեկի՝ Դիոնիսիոս Թրակացու աշխատության վերնագիրն է[33]։ Միջնադարում լեզուների ուսումնասիրությունը ընդգրկվում էր բանասիրության մեջ (հին լեզուների և տեքստերի ուսումնասիրություն)[34]։
Համեմատական բանասիրություն
18-րդ դարում Ուիլիամ Ջոնսը առաջին անգամ կիրառեց համեմատական մեթոդը, որով զարկ տրվեց համեմատական լեզվաբանության զարգացմանը[35]։ Լեոնարդ Բլումֆիլդը վերագրել է «աշխարհի առաջին գիտական լեզվաբանական աշխատությունը» Յակոբ Գրիմին, ով գրել է «Գերմաներենի Քերականություն» (Deutsche Grammatik) աշխատությունը[36]։ Նրանից հետո նմանատիպ աշխատություններ են գրել նաև այլ հեղինակներ: Լեզուների գիտական ուսումնասիրությունը էլ ավելի է զարգացել Վիլհելմ Հումբոլդտի շնորհիվ:
Կառուցվածքաբանություն
20-րդ դասակզբին Սոսյուրը առաջ բերեց մի գաղափար, ըստ որի՝ լեզուն փոխկապակցված միավորների կայուն համակարգ է, որը սահմանվում է այդ միավորների միջև հակադրության միջոցով: Լեզվի միաժամանակյա և տարժամանակյա ուսումնասիրության միջև տարբերություն դնելով՝ Սոսյուրը սկիզբ դրեց ժամանակակից լեզվաբանությանը: Նա ներմուծեց նաև լեզվի վերլուծության այլ տեսանկյուններ, որոնք մինչ օրս էլ կարևոր դեր են խաղում լեզվաբանական տեսություններում: Օրինակ՝ հարացույցի և շարակարգի, խոսքի և լեզվի միջև տարբերակումները[37]։ Սոսյուրը լեզուն սահմանեց որպես վերացական մի երևույթ, որից ձևավորվում է խոսքը: Սոսյուրի՝ լեզվի կառուցվածքային մոտեցման սահմանումից հետո էական ներդրումներ են կատարել նաև Լեոնարդ Բումֆիլդը, Չարլզ Հոքեթը, Լուի Ելմսլևը, Էմիլ Բենվենիստը և Ռոման Յակոբսոնը[38][39]։
Սերող լեզվաբանություն
20-րդ դարի երկրորդ կեսին Նոամ Չոմսկու աշխատանքից հետո լեզվաբանության մեջ իշխող էր սերողական ուսմունքը: Չնայած այս ուսմունքը ձևավորել է Չոմսկին՝ բացատրելու համար, թե ինչպես են մարդիկ ձեռք բերում լեզու, և որոնք են այդ ձեռքբերման կենսաբանական սահմանափակումները, գործնականում սերողական ուսմունքը հիմնականում օգտագործվել է բնական լեզուներում հատուկ երևույթները մեկնաբանելու համար: Այս տեսությունը ըստ բնույթի մոդուլային և ֆորմալիստական է: Չոմսկին զարգացրել է լեզվի սերողական ուսմունքը՝ հիմնվելով Հարիս Զելլիգի աշխատանքի վրա: Համաձայն այս տեսության՝ լեզվի ամենահասարակ ձևը շարահյուսական կանոնների համակարգ է, որը համընդհանուր է բոլոր մարդկանց համար և ընկած է մարդկային բոլոր լեզուների քերականությունների հիմքում: Կանոնների այս համակարգը կոչվում է համընդհանուր քերականություն: Այն նկարագրելը Նոամ Չոմսկու համար լեզվաբանության հիմնական նպատակն է: Այդ պատճառով առանձին լեզուների քերականությունները կարևոր են լեզվաբանների համար միայն այն դեպքում, եթե դրանք թույլ են տալիս տարբերակել դրանց հիմքում ընկած համընդհանուր քերականության կանոնները[40][41]։
Գործառական քերականություն
Լեզվի գործառական տեսությունները ենթադրում են, որ եթե լեզուն հաղորդակցման համար գործիք է, ուրեմն խելամիտ կլինի դրա կառուցվածքներն ուսումնասիրել՝ հիմնվելով դրանց գործառույթների վրա: Քերականության գործառական տեսությունները տարբերվում են ձևական տեսություններից նրանով, որ վերջիններս փնտրում են եղանակներ՝ սահմանելու և նկարագրելու համար լեզվի տարբեր միավորները, և թե դրանք, որպես ձևական կանոնների համակարգեր, ինչպես են կապված միմյանց հետ, այնինչ քերականության գործառական տեսությունները սահմանում են լեզվի գործառույթները, այնուհետև կապում են դրանք լեզվական այն միավորների հետ, որոնք կատարում են այդ գործառույթները: Այլ կերպ ասած՝ քերականության գործառական տեսությունները շեշտը դնում են նրա վրա, թե ինչպես են լեզուները գործածվում, այլ ոչ թե լեզվական մաիվորների միջև ձևական հարաբերությունների վրա[42]։ Գործառական տեսությունները լեզուն նկարագրում են՝ հիմվելով լեզվի տարբեր մակարդակներում գոյություն ունեցող գործառույթների վրա.
- Հնչույթաբանական գործառույթ. հնչույթի գործառույթն է բառերը տարբերակելն է;
- Իմաստաբանական գործառույթ. (գործողությունը կատարող, հասցեատեր ևն) նկարագրում է գործողությունը կատարողների դերը;
- Շարահյուսական գործառույթներ. (օրինակ՝ ենթակա, ստորոգյալ), սահմանում է լեզվական արտահայտության ներկայացման տարբեր տեսանկյունները;
- Գործաբանական գործառույթներ (թեմա և ռեմա, ստորոգյալ), սահմանում է բաղադրիչների տեղեկատվական կարգավիճակը, որը որոշվում է բառային փոխազդեցության գործաբանական կոնտեքստով:
Ճանաչողական լեզվաբանություն
1970–1980s-ական թվականներին առաջացավ ճանաչողական լեզվաբանությունը՝ ի հակադրություն սերող քերականության: Դրա հիմնադիրները տեսաբաններ Ռոնալդ Լանգակերը և Ջորջ Լակոֆֆն են: Ճանաչողական լեզվաբանությունը ենթադրում է, որ լեզուն հասարակ նպատակային ճանաչողական գործընթացներից բխող հատկանիշ է: Հակառակ լեզվաբանության սերողական ուսմունքի՝ ճանաչողական լեզվաբանությունը ոչ-մոդուլային է և գործառական: Ճանաչողական լեզվաբանության մեջ կարևոր զարգացումներ են ճանաչողական քերականությունը, կառուցվածքային իմաստաբանությունը և կոնցեպտուալ փոխաբերությունը, որոնք բոլորը հիմնված են այն գաղափարի վրա, որ մարմնավորված իմացությանյունից ստացված արտահայտությունների վրա հիմնված ձև-գործառույթ համապատասխանությունները փոխարինում են լեզվի հիմնական տարրերին:
Ճանաչողական լեզվաբանությունը լեզուն մեկնաբանում է գաղափարների միջոցով (երբեմն համընդհանուր և երբեմն առանձին լեզվին հատուկ), որոնք ընկած են դրա ձևի հիմքում: Այսպիսով, այն սերտ կապված է իմաստաբանության հետ, սակայն տարբերվում է հոգելեզվաբանությունից, որը գործածում է ճանաչողական լեզվաբանության էմպիրիկ բացահայտումները՝ բացատրելու համար բանավոր և գրավոր խոսքի ընկալման, ձեռքբերման, պահպանման և արտաբերման հիմքում ընկած գործառույթները: Ի տարբերություն սերողական տեսության՝ ճանաչողական լեզվաբանությունը հերքում է այն փաստը, որ մտքում առկա է ինչ-որ անկախ լեզվական ընդունակություն: Այն ըմբռնում է քերականությունը գաղափարակազմության տեսանկյունից և պնդում է, որ լեզվական գիտելիքներն առաջանում են լեզվի գործածության շնորհիվ[43]։ Այս համոզման արդյունքում ճանաչողական լեզվաբանությունը երբեմն համարվում է գործառական մոտեցում, սակայն այն տարբերվում է գործառական այլ մոտեցումներից նրանով, որ այն զբաղվում է այն հարցով, թե ինչպես է միտքը լեզվի միջոցով ստեղծում իմաստ, այլ ոչ թե լեզվի գործածությամբ՝ որպես հաղորդակցման միջոց:
Հետազոտության ոլորտ
Պատմական լեզվաբանություն
Պատմական լեզվաբանությունն ուսումնասիրում է առանձին լեզուների պատմությունը, ինչպես նաև լեզվի փոփոխության ընդհանուր հատկանիշները: Լեզվի փոփոխության և զարգացման ուսումնասիրությունը նաև կոչվում է «տարժամանակյա լեզվաբանություն» (որևէ առանձին լեզվի զարգացման և փոփոխման ուսումնասիրությունը), որը տարբերվում է «համաժամանակյա լեզվաբանությունից» (երկու և ավելի լեզուների համեմատական ուսումնասիրությունը տվյալ ժամանակահատվածում): 19-րդ դարում պատմական լեզվաբանությունը լեզվաբանության առաջին և ամեզարգացած ենթաճյուղերից էր: Սակայն 20-րդ դարի առաջին կեսին պատմական լեզվաբանությունից անցում կատարվեց համաժամանակյա լեզվաբանությանը: Այդ ժամանակ հայտնի են Սոսյուրի և Նոամ Չոմսկու աշխատությունները:
Էկոլեզվաբանություն
Էկոլեզվաբանությունն ուսումնասիրում է լեզվի դերը մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի կյանքի պահպանման գործընթացներում: Հիմնական նպատակն է զարգացնել լեզվաբանական տեսություններ, որոնք դիտարկում են մարդկանց ոչ միայն որպես հասարակության, այլ նաև ավելի մեծ էկոհամակարգերի մաս, որոնց վրա հիմնված է կյանքը: Էկոլեզվաբանության երկրորդ նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարող է լեզվաբանությունն ազդել էկոլոգիական խնդիրների, ինչպես օրինակ կլիմայական փոփոխությունների և կենսաբազմազանության նվազման վրա[44]։
Հանրալեզվաբանություն
Հանրալեզվաբանությունը ուսումնասիրում է լեզուն ձևավարող հասարակական երևույթները: Լեզվաբանության այս ճյուղը կենտրոնանում է լեզվաբանության միաժամանակյա մոտեցման վրա, և ուսումնասիրում է լեզվի կամ լեզուների տարբերակների դրսևորումը տվյալ ժամանակահատվածում: Լեզվի շեղումների և տարբերակների՝ բարբառների, լեզվական մակարդակների և հատկալեզուների ուսումնասիրությունը կատարվում է ոճի ուսումնասիրության և դիսկուրսի վերլուծության միջոցով: Հանրալեզվաբանները հետազոտում են լեզվի ոճերը և դիսկուրսը, ինչպես նաև տեսական գործոնները, որոնք կան լեզվի և հասարակության միջև:
Զարգացումային լեզվաբանություն
Զարգացումային լեզվաբանությունը ուսումնասիրում է անհատների լեզվական կարողությունների զարգացումը, մասնավորապես մանկության տարիներին լեզվի ձեռքբերման գործընթացը: Զարգացումային լեզվաբանության հիմնախնդիրներից են, թե երեխաները ինչպես են սովորում տարբեր լեզուներ, թե ինչպես են մեծահասակները սովորում օտար լեզու, և թե ինչ է լեզվի ձեռքբերման գործընթացը իրենից ներկայացնում:
Նյարդալեզվաբանություն
Նյարդալեզվաբանությունը ուսումնասիրում է մարդու ուղեղի այն կառուցվածքները, որոնք ընկած են լեզուների քերականության և, առհասարակ , հաղորդակցության հիմքում: Նյարդալեզվաբանության մեջ ներգրավված են տարբեր ոլորտների մասնագետներ: Այստեղ ինֆորմացիայի մեծ մասը ստացվում է հոգելեզվաբանության և տեսական լեզվաբանության ոլորտներում կատարված աշխատանքներից: Նյարդալեզվաբանությունն ուսումնասիրում է, թե ինչպես է ուղեղը իրականացնում գործընթացներ, որոնք անհրաժեշտ են լեզուն արտաբերելու և հասկանալու համար: Նյարդալեզվաբանները ուսումնասիրում են ֆիզիոլոգիական մեխանիզմները, որոնց միջոցով ուղեղը մշակում է լեզվական ինֆորմացիան, և գնահատում են լեզվաբանական և հոգելեզվաբանական տեսությունները՝ կիրառելով աֆազիոլոգիա, նեյրովիզուալիզացիա, Էլեկտրոֆիզիոլոգիա և համակարգչային մոդելավորում: Նյարդալեզվաբանության ուսումնասիրած ուղեղի կառուցվածքներից լեզվի արտաբերման գործընթացում կարևոր դեր ունի ուղեղիկը[45]։
Կիրառական լեզվաբանություն
Լեզվաբաններին ընդհանուր առմամբ հետաքրքրում են ընդհանրությունները և շեղումները ինչպես առանձին լեզուների ներսում, այնպես էլ տարբեր լեզուների միջև: Կիրառական լեզվաբանությունը վերցնում է այս հետազոտությունների արդյունքները և «կիրառում է դրանք այլ ոլորտներում»: Լեզվաբանական հետազոտությունները կիրառվում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լեզվական կրթությունը, բառարանագրությունը, թարգմանությունը, լեզվի պլանավորումը: «Կիրառական լեզվաբանություն» տերմինը երբեմն սխալ է համարվում[46]։ Կիրառական լեզվաբանները իրականում փորձում են հասկանալի դարձնել և նախագծել լուծումներ լեզվաբանական խնդիրների համար: Ավելին, նրանք հիմնականում կիրառում են տարբեր ոլորտներից, օրինակ հասարակագիտությունից և մարդաբանությունից ստացված գիտելիքները:
Ներկայումս, կիրառական լեզվաբանության շատ ոլորտներում օգտագործվում են համակարգիչներ: Խոսքի սինթեզի և խոսքի ճանաչման գործընթացում գործածվում են հնչյունային և հնչույթային գիտելիքները՝ համակարգիչներին ձայնային միջերեսով ապահովելու համար: Կիրառական լեզվաբանության առաջատար ոլորտներից են մաթեմատիկական լեզվաբանությունը՝ մեքենայական և համակարգչային թարգմանության և բնական լեզվի մշակման մեջ: Այս ոլորտները ազդեցություն են ունեցել շարահյուսության և իմաստաբանության տեսությունների վրա:
Լեզվական վերլուծությունը կիրառական լեզվաբանության ենթաճյուղ է, որը օգտագործվում է պարզելու համար ապաստարան փնտրող մարդկանց ազգությունը, եթե վերջիններս չունեն համապատասխան փաստաթղթեր[47]։ Սա հիմնականում իրականացվում է ներգաղթի նախարարությունում որևէ լինգվա ֆրանկայի կամ էլ թարգմանիչի միջոցով հարցազրույցի տեսքով: Հարցազրույցի ձայնագրությունները այնուհետև ենթարկվում են լեզվական վերլուծության, որի արդյունքում խոսողի լեզվական հատկանիշների միջոցով պարզվում է նրա ազգությունը:
Միջճյուղային ոլորտներ
Լեզվաբանության լայն գիտաճյուղի մեջ առկա են բազմաթիվ փոխկապակցված ենթաճյուղեր, որոնք կենտրոնանում են լեզվի ավելի մանրակրկիտ նկարագրության վրա:
Նշանագիտություն
Նշանագիտությունը ուսումնասիրում է նշանային գործընթացները, առանձին նշանները և նշանային համակարգերը՝ ներառյալ նշանակության ձևավորման և ըմբռնման գործընթացները: Լեզվաբանության հետ առնչություն ունեցող նշանագիտական ենթաճյուղեր են գրաքննադատությունը, դիսկուրս-անալիզը, տեքստի լեզվաբանությունը և լեզվի փիլիսոփայությունը: Նշանագիտությունը, լեզվաբանական հարացույցի մեջ, լեզվի և մշակույթի միջև փոխհարաբերությունների ուսումնասիրությունն է: Պատմականորեն, մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը նանների ուսումնասիրության վրա մեծ ազդեցություն են ունեցել Էդուարդ Սապիրի և Ֆերդինանդ դը Սոսյուրի կառուցվածքային տեսությունները, սակայն հետագայում այս ոլորտի վրա ազդեցություն են ունեցել նաև Ժակ Դերիդայի, Միխայիլ Բախտինի, Միշել Ֆուկոյի և այլոց հետ-մոդեռն և հետ-կառուցվածքային աշխատանքները[48]։ Այս տեսությունները շեշտում են լեզվական շեղումների դերը և դրանց սուբյեկտիվ գործածումը՝ կախված հասարակական և մշակութային գործոններից:
Փաստագրական լեզվաբանություն
Լեզվաբանության սկզբնավորումից ի վեր լեզվաբանները շահագրգռված են եղել այն լեզուների նկարագրությամբ և վերլուծությամբ, որոնք նախկինում չեն փաստագրվել: 1900 – ականների սկզբին սրանով սկսեցին զբաղվել բազմաթիվ լեզվաբաններ, այդ թվում Ֆրանց Բոասը: Լեզվաբանության այս ճյուղի կտրուկ զարգացումը որոշ չափով կարելի է բացատրել այդ ժամանակաշրջանում շատ լեզուների և ժողովուրդների անհետացումով: Լեզվի նկարագրության այս մոտեցուման շնորհիվ զարգացան հանրալեզվաբանությունը, մարդաբանական լեզվաբանությունը և լեզվաբանական մարդաբանությունը, որոնք ուսումնասիրում են լեզվի, մշակույթի և հասարակության միջև կապերը:
Փաստագրական լեզվաբանությունը շեշտը դնում է արագ անհետացող լեզուների փաստագրման վրա: Լեզվի նկարագրությունը շատ ջանքեր է պահանջում և ժամանակատար է: Լեզուն փաստագրելու համար անհրաժեշտ է հավաքագրել տվյալ լեզվի մասին բավականաչափ տվյալներ, այդ լեզվով տեքստեր և ձայնագրություններ, որոնք հետագայում օգտագործվում են հետազոտություններ կատարելու նպատակով[49]։
Թարգմանություն
Թարգմանության ենթաճյուղն ընդգրկում է գրավոր և բանավոր տեքստերի թվային, տպագրած և բանավոր թարգմանությունները: Բառացիորեն թարգմանել նշանակում է իմաստը մի լեզվից մյուսը փոխարկել: Թարգմանիչները կարող են աշխատանքի անցնել տարբեր կազմակերպություններում՝ տուր-գործակալություններում, դեսպանատներում և այլն: Նրանք ապահովում են հաղորդակցում երկու և ավելի կողմերի միջև, ովքեր չեն տիրապետում միմյանց լեզուներին: Թարգմանիչները աշխատում են նաև համակարգչային լեզվաբանության ոլորտում: Թարգմանություն կատարվում է նաև հրատարակչություններում, որտեղ թարգմանվում են գրականության տարբեր գործեր՝ դրանք ավելի մեծ լսարանի հասանելի դարձնելու համար: Ակադեմիական թարգմանիչներն այն մարդիկ են, ովքեր թարգմանության հետ մեկտեղ մասնագիտանում են նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են օրինակ՝ իրավաբանություն, տնտեսագիտություն, տեխնիկական գիտություններ են:
Կենսալեզվաբանություն
Կենսալեզվաբանությունն ուսումնասիրում է լեզվի կենսաբանական հատկանիշները և դրա զարգացումը: Այն միջճյուղային ոլորտ է և ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ լեզվաբանություն, կենսաբանություն, նյարդաբանություն, հոգեբանություն, մաթեմատիկա և այլն:
Կլինիկական լեզվաբանություն
Կլինիկական լեզվաբանությունը լեզվաբանական տեսությունների կիրառումն է լոգոպեդիայի ոլորտում: Ախտաբաններն աշխատում են շտկել հաղորդակցային և լեզվական խանգարումները[50]։
Զարգացումային լեզվաբանություն
Զարգացումային լեզվաբանությունը ուսումնասրում է մարդու զարգացման պատմության մեջ լեզվական ունակության առաջացումը, ինչպես նաև տարբեր լեզուների մեջ մշակութային զարգացումը: Այն նաև ուսումնասիրում է հնագույն համայնքների տեղաշարժման հետևանքով ամբողջ աշխարհում լեզուների տարածումը[51]։
Դատա-փորձագիտական լեզվաբանություն
Դատա-փորձագիտական լեզվաբանությունը լեզվաբանական վերլուծության կիրառումն է դատական փորձագիտության ոլորտում: Դատական վերլուծությունը հետազոտում է իրավական համատեքստում կիրառվող ոճը, լեզուն, բառապաշարը և լեզվաբանական և քերականական այլ հատկանիշներ՝ դատարանում վկայություն տալու համար:
Լեզվաբանության նպատակ
Լեզվաբանության նպատակն է լուսաբանել մարդկային լեզվի ծագման գործընթացը, գտնել լեզվի զարգացման ներքին օրենքները, ցույց տալ նրա տեղն ու դերը հասարակական կյանքում և տալ այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել յուրաքանչյուր լեզվի ու լեզվական երեևույթի հետազոտության բնագավառում[52]։
Լեզվաբանությունը՝ որպես հասարակական գիտություն
Լեզուն հասարակական երևույթ է, ուստի լեզվաբանությունը հասարակական գիտություն է։ Լեզվաբանությունը, ըստ այս տեսակետի դառնում է էմպիրիկ, փաստագրական գիտություն. նրա ուսումնասիրման առարկան այսպիսով դառնում է լեզուների ձևը, մինչդեռ այդ ձևերն առանց բովանդակության ոչինչ չեն ասում մեզ։ Միայն լեզվի ձևի ու բովանդակության միասնական ուսումնասիրությունը կարող է լինել իսկական գիտություն։ Սրան հետևում է, որ լեզվաբանությունը չի կարող առանց լեզվի փիլիսոփայության։ Լեզվի ուսումնասիրությունը պետք է կատարվի և՛ կոնկրետ նյութի քննությամբ ու հետազոտությամբ, և՛ դրա փիլիսոփայական մեկնաբանությամբ։
Լեզվաբանությունը՝ որպես պատմական գիտություն
Եթե լեզվաբանությունը ուսումնասիրում է մարդկային լեզուն, ապա նշանակում է, թե նա միաժամանակ նաև պատմական գիտություն է։ Լեզուն քարացած երևույթ չէ. նա հարատև փոփոխվող ու զարգացող է։ Լեզվաբանությունն ուսումնասիրում է այդ պատմականորեն զարգացող երևույթն իր բոլոր մանրամասներով ու բազմազնությամբ, իր բոլոր վիճակներով ու դրսևորումներով, իր զարգացման ընթացքի մեջ, ինչը ցույց է տալիս լեզվաբանության պատմական բնույթը։
Աղբյուրներ
- Է. Բ. Աղայան, Լեզվաբանության ներածություն
Ծանոթագրություններ
- ↑ Crystal, David (1990). Linguistics. Penguin Books. ISBN 9780140135312.
- ↑ Halliday, Michael A.K.; Jonathan Webster (2006). On Language and Linguistics. Continuum International Publishing Group. էջ vii. ISBN 0-8264-8824-2.
- ↑ Martinet, André (1960). Elements of General Linguistics. Studies in General Linguistics, vol. i. Translated by Elisabeth Palmer Rubbert. London: Faber. էջ 15.
- ↑ Rens Bod (2014). A New History of the Humanities: The Search for Principles and Patterns from Antiquity to the Present. Oxford University Press. ISBN 0199665214.
- ↑ Sanskrit Literature The Imperial Gazetteer of India, v. 2 (1909), p. 263.
- ↑ S.C. Vasu (Tr.) (1996). The Ashtadhyayi of Panini (2 Vols.). Vedic Books. ISBN 9788120804098.
- ↑ Jakobson, Roman (1937). Six Lectures on Sound and Meaning. MIT Press, Cambridge, Massachusetts. ISBN 0262600102.
- ↑ Sharada Narayanan (2010). Vakyapadiya: Sphota, Jati, and Dravya.
- ↑ Chierchia, Gennaro; Sally McConnell-Ginet (2000). Meaning and Grammar: An Introduction to Semantics. MIT Press, Cambridge, Massachusetts. ISBN 9780262531641.
{{cite book}}
: Unknown parameter|lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (օգնություն) - ↑ All references in this article to the study of sound should be taken to include the manual and non-manual signs used in sign languages.
- ↑ Adrian Akmajian; Richard A. Demers; Ann K. Farmer; Robert M. Harnish (2010). Linguistics (6th ed.). The MIT Press. ISBN 0-262-51370-6. Վերցված է 25 July 2012-ին.
- ↑ Syntax: A Generative Introduction (Second Edition), 2013. Andrew Carnie. Blackwell Publishing.
- ↑ de Saussure, F. (1986). Course in general linguistics (3rd ed.). (R. Harris, Trans.). Chicago: Open Court Publishing Company. (Original work published 1972). p. 9-10, 15.
- ↑ Chomsky, Noam. (1965). Aspects of the Theory of Syntax. Cambridge, MA: MIT Press.
- ↑ Raymond Mougeon; Terry Nadasdi (1998). Sociolinguistic Discontinuity in Minority Language Communities. Linguistic Society of America. էջեր 40–55. JSTOR 417564.
{{cite book}}
: Unknown parameter|lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (օգնություն) - ↑ "Stylistics" by Joybrato Mukherjee. Chapter 49. Encyclopedia of Linguistics.
- ↑ Writing and Difference by Jacques Derrida, 1967, and Of Grammatology
- ↑ Chapter 1, section 1.1 in Elmer H. Antonsen (2002). Trends in Linguistics: Runes and Germanic Linguistics (6th ed.). Mouton de Gruyter. ISBN 3-11-017462-6.
- ↑ «Mobile Menu». benjamins.com. Վերցված է 2018-07-07-ին.
- ↑ Online Etymological Dictionary Definition of Philology
- ↑ Nichols, Stephen G. (1990). «Introduction: Philology in a Manuscript Culture». Speculum. 65 (1): 1–10. doi:10.2307/2864468. JSTOR 2864468.
- ↑ McMahon, A. M. S. (1994). Understanding Language Change. Cambridge University Press. էջ 19. ISBN 0-521-44665-1.
- ↑ McMahon, A. M. S. (1994). Understanding Language Change. Cambridge University Press. էջ 9. ISBN 0-521-44665-1.
- ↑ A. Morpurgo Davies Hist. Linguistics (1998) 4 I. 22.
- ↑ Online Etymological Dictionary of Philology
- ↑ Online Etymological Dictionary Definition of Linguist
- ↑ «Linguist». The American Heritage Dictionary of the English Language. Houghton Mifflin Harcourt. 2000. ISBN 978-0-395-82517-4.
{{cite encyclopedia}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - ↑ Oxford English dictionary.
- ↑ Trudgill, P. (1994). Dialects. Ebooks Online Routledge. Florence, KY.
- ↑ Helen Leckie-Tarry, Language and Context: a Functional Linguistic Theory of Register, Continuum International Publishing Group, 1995, p. 6. 1-85567-272-3
- ↑ IA Richards (1965). The Philosophy of Rhetoric. Oxford University Press (New York).
- ↑ Isac, Daniela; Charles Reiss (2013). I-language: An Introduction to Linguistics as Cognitive Science, 2nd edition. Oxford University Press. ISBN 978-0199660179.
- ↑ Seuren, Pieter A. M. (1998). Western linguistics: An historical introduction. Wiley-blackwell. էջեր 2–24. ISBN 0-631-20891-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - ↑ Bloomfield 1983, էջ. 308 .
- ↑ Bloomfield 1983, էջ. 310 .
- ↑ Bloomfield 1983, էջ. 311 .
- ↑ Clarke, David S. (1990). Sources of Semiotic: Readings with Commentary from Antiquity to the Present. Carbondale: Southern Illinois University Press. էջեր 143–144. ISBN 9780809316144.
- ↑ Holquist 1981, էջեր. xvii–xviii .Կաղապար:Citation not found
- ↑ de Saussure, Ferdinand. Course in General Linguistics. New York: McGraw Hill. ISBN 0-8022-1493-2.
- ↑ Chomsky, Noam (1956). «Three Models for the Description of Language». IRE Transactions on Information Theory. 2 (2): 113 123. doi:10.1109/TIT.1956.1056813.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - ↑ Chomsky, Noam (1957). Syntactic Structures. The Hague: Mouton.
- ↑ Nichols, Johanna (1984). «Functional Theories of Grammar». Annual Review of Anthropology. 13: 97–117. doi:10.1146/annurev.an.13.100184.000525. «[Functional grammar] analyzes grammatical structure, as do formal and structural grammar; but it also analyses the entire communicative situation: the purpose of the speech event, its participants, its discourse context. Functionalists maintain that the communicative situation motivates, constrains, explains, or otherwise determines grammatical structure, and that a structural or formal approach is not merely limited to an artificially restricted data base, but is inadequate as a structural account. Functional grammar, then, differs from formulae and structural grammar in that it purports not to model but to explain; and the explanation is grounded in the communicative situation.»
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - ↑ Croft, William; D. Alan Cruse (2004). Cognitive Linguistics. Cambridge: Cambridge University Press. էջ 1.
{{cite book}}
: Unknown parameter|lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (օգնություն) - ↑ «Ecolinguistics Association».
- ↑ Mariën, Peter; Manto, Mario (2017-10-25). «Cerebellum as a Master-Piece for Linguistic Predictability». Cerebellum (London, England). doi:10.1007/s12311-017-0894-1. ISSN 1473-4230. PMID 29071518.
- ↑ Barbara Seidlhofer (2003). Controversies in Applied Linguistics (pp. 288). Oxford University Press. ISBN 0194374440.
- ↑ Eades, Diana (2005). «Applied Linguistics and Language Analysis in Asylum Seeker Cases» (PDF). Applied Linguistics. 26 (4): 503–526. doi:10.1093/applin/ami021.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - ↑ Miller, Paul Allen (1998). «The Classical Roots of Post-Structuralism: Lacan, Derrida and Foucault». International Journal of the Classical Tradition. Springer. 5 (2): 204–225. doi:10.1007/bf02688423. JSTOR 30222818.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - ↑ Himmelman, Nikolaus "Language documentation: What is it and what is it good for?" in P. Gippert, Jost, Nikolaus P Himmelmann & Ulrike Mosel. (2006) Essentials of Language documentation. Mouton de Gruyter, Berlin & New York.
- ↑ Chaika, Elaine Ostrach. 1990. Understanding Psychotic Speech: Between Freud and Chomsky. Chas. Thomas Publishers.
- ↑ Croft, William (October 2008). «Evolutionary Linguistics». Annual Review of Anthropology. Annual Reviews. 37: 219–234. doi:10.1146/annurev.anthro.37.081407.085156.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - ↑ Է.Բ.Աղայան, Լեզվաբանության ներածություն
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի 28-րդ շաբաթվա հոդված։ |